Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՓԵՏՐՎԱՐ 2012

 Ընտանեկան երջանկության բանալին

Երբ դեռահաս երեխադ կասկածում է քո հավատի ճշմարտացիությանը

Երբ դեռահաս երեխադ կասկածում է քո հավատի ճշմարտացիությանը

Դառնալով չափահաս՝ շատ երեխաներ որոշում են դավանել իրենց ծնողների կրոնը (2 Տիմոթեոս 3։14)։ Սակայն բոլորը չեն այդպես վարվում։ Ի՞նչ կարող ես անել, երբ դեռահաս երեխադ սկսում է կասկածել քո հավատի ճշմարտացիությանը։ Այս հոդվածում քննարկվում է, թե ինչպես են Եհովայի վկաները վարվում նման իրավիճակներում։

«Հոգնել եմ։ Էլ չեմ ուզում դավանել ծնողներիս կրոնը» (Քորա *, 18 տարեկան)։

ԴՈՒ համոզված ես, որ քո կրոնը սովորեցնում է ճշմարտությունը Աստծու մասին։ Հավատում ես, որ Աստվածաշնչի չափանիշներով ապրելը կյանքի լավագույն ուղին է։ Ուստի միանգամայն բնական է, որ փորձում ես երեխայիդ մեջ սերմանել քո արժեքները (2 Օրենք 6։6, 7)։ Բայց ի՞նչ կարող ես անել, եթե երեխադ, մեծանալով, կորցնում է հետաքրքրությունը հոգևոր բաների հանդեպ, սկսում է կասկածել այն հավատի ճշմարտացիությանը, որը հաճույքով ընդունում էր փոքր տարիքում (Գաղատացիներ 5։7

Մի շտապիր եզրակացնել, որ դու լավ ծնող չես։ Հնարավոր է՝ երեխայի հետաքրքրությունը կորել է այլ պատճառով, և այդ մասին կխոսենք ստորև։ Ինչևէ, հիշիր, որ շատ բան քո վերաբերմունքից է կախված՝ երեխադ կընդունի քո կրոնը, թե կմերժի այն։ Եթե պատերազմ հայտարարես նրան, ապա ծանր «ճակատամարտեր» կունենաս և, ամենայն հավանականությամբ, պատերազմը տանուլ կտաս (Կողոսացիներ 3։21

Սրա փոխարեն՝ հետևիր Պողոս առաքյալի խոսքերին. «Տիրոջ ծառան չպետք է վիճի, այլ պետք է բոլորի հանդեպ հեզահոգի լինի, սովորեցնելու համար՝ որակյալ.... իրեն զուսպ պահի» (2 Տիմոթեոս 2։24)։ Ինչպե՞ս կարող ես ցույց տալ, որ «սովորեցնելու համար որակյալ ես», երբ դեռահաս երեխադ կասկածում է քո հավատի ճշմարտացիությանը։

Փորձիր պարզել

Նախ փորձիր պարզել, թե ինչն է դրա պատճառը։ Հնարավոր է՝

  • Նա իրեն միայնակ է զգում քրիստոնեական ժողովում և ընկերներ չունի։ «Քանի որ ուզում էի ընկերներ ունենալ, մտերմացա համադասարանցիներիցս մի քանիսի հետ։ Բայց դրա հետևանքով երկար տարիներ հոգևոր աճս կանգ առավ։ Հիմնականում վատ ընկերակցությունն էր պատճառը, որ կորցրի հետաքրքրությունս  հոգևորի հանդեպ, և հիմա շատ եմ ափսոսում դրա համար» (Լենոր, 19 տարեկան)։

  • Նա անհամարձակ է և դժվարանում է խոսել իր հավատի մասին։ «Դպրոցում վարանում էի դասարանցիներիս հետ խոսել իմ համոզմունքների մասին։ Վախենում էի, որ ինձ ծաղրեն, ասեն՝ տարօրինակ է, իրեն սրբի տեղ է դնում։ Նրան, ով տարբերվում էր մյուսներից, ծաղրում էին, իսկ ես չէի ուզում ծաղրվել» (Ռամոն, 23 տարեկան)։

  • Քրիստոնեական չափանիշներով ապրելու հեռանկարը վախեցնում է նրան։ «Իմ պատկերացմամբ՝ հավիտենական կյանքի պարգևը գտնվում է մեծ սանդուղքի ամենավերին աստիճանին, իսկ ես նույնիսկ սանդուղքի վրա չեմ, ավելին, շա՜տ հեռու եմ դրանից։ Աստիճաններով վեր բարձրանալու վախը այնքան մեծ է, որ մտքովս նույնիսկ անցնում է հրաժարվել հավատիցս» (Ռենե, 16 տարեկան)։

Խոսիր երեխայիդ հետ

Իսկ ի՞նչ խնդիր ունի քո դեռահաս երեխան։ Այս հարցի պատասխանը ստանալու լավագույն եղանակը նրա հետ խոսելն է։ Սակայն զգույշ եղիր, որ զրույցը չվերածվի թեժ վիճաբանության։ Հետևիր Հակոբոս 1։19-ում գրված հորդորին. «Ամեն մարդ պետք է արագ լինի լսելու մեջ, դանդաղ՝ խոսելու մեջ և դանդաղ՝ զայրանալու մեջ»։ Վարվիր «ամենայն համբերատարությամբ և սովորեցնելու արվեստով», ինչպես կվարվեիր նրա հետ, ով քո ընտանիքի անդամը չէ (2 Տիմոթեոս 4։2

Եթե քո դեռահաս երեխան չի ուզում մասնակցել քրիստոնեական հանդիպումներին, փորձիր պարզել, թե որն է պատճառը։ Եղիր համբերատար։ Ստորև ներկայացվող դրվագում ծնողը չի կարողանում հասնել երեխայի սրտին։

Դեռահաս։ Պա՛պ, ես է՛լ չեմ ուզում ժողով գալ։

Հայր։ [խիստ տոնով] Ի՞նչ է նշանակում՝ չեմ ուզում գալ։

Դեռահաս։ Ձանձրանում եմ։

Հայր։ Ուրեմն Աստծուց ձանձրանում ես, հա՞։ Չես էլ ամաչում։ Քանի դեռ էս տան մեջ ես ապրում, ուզես թե չուզես՝ մեզ հետ գալու ես ժողով։

Աստված պատվիրում է, որ ծնողները երեխաներին սովորեցնեն իր մասին, իսկ երեխաները՝ հնազանդվեն ծնողներին (Եփեսացիներ 6։1)։ Անշուշտ, չես ցանկանա, որ երեխադ կուրորեն հետևի քո հոգևոր սովորություններին և չուզելով հաճախի քրիստոնեական հանդիպումներին։ Փոխարենը՝ կուզենաս, որ նա ժողովի հանդիպումներին գա այն պատճառով, որ հասկանում է դրանց կարևորությունը և սիրում է Աստծուն։

Դու կարող ես հաջողության հասնել, եթե փորձես հասկանալ, թե ինչու է փոխվել նրա տրամադրվածությունը։ Տեսնենք, թե վերը նշված դրվագում ինչպես կարող է ծնողը հասնել երեխայի սրտին։

Դեռահաս։ Պա՛պ, ես էլ չեմ ուզում ժողով գալ։

Հայր։ [հանգիստ տոնով] Ինչ-որ բա՞ն է պատահել։

Դեռահաս։ Ձանձրանում եմ։

Հայր։ Համաձայն եմ, մեկ-երկու ժամ նստելը կարող է ձանձրալի լինել։ Իսկ հատկապես ինչի՞ց ես ձանձրանում։

Դեռահաս։ Չգիտեմ։ Ինձ թվում է՝ ուրիշ տեղ ինձ ավելի լավ կզգայի։

Հայր։ Ընկերներդ է՞լ են այդպես մտածում։

Դեռահաս։ Ընկեր ունե՞մ որ։ Էլ չունեմ։ Այն օրվանից, ինչ մտերիմ ընկերս գնաց ժողովից, էլ  ոչ մեկը չկա, որ հետը խոսեմ։ Բոլորը ընկերներ ունեն և հաճելի ժամանակ են անցկացնում իրար հետ, իսկ ես ինձ այնքա՜ն լքված եմ զգում։

Ինչպես տեսնում ենք, հայրն օգնեց իր զավակին ազատ արտահայտվելու։ Այդպես նա ոչ միայն գտավ խնդրի արմատը՝ լքվածության զգացումը, այլև նրա մեջ վստահություն առաջացրեց իր հանդեպ։ Դրանով հայրը հող ստեղծեց հետագա զրույցների համար (տե՛ս  «Եղիր համբերատար» շրջանակը)։

Ժամանակի ընթացքում շատ պատանիներ հասկանում են, որ եթե հաղթահարեն իրենց հոգևոր աճը կասեցնող խնդիրը, ապա դա լավ կանդրադառնա իրենց վրա, ավելին, կամրացնի իրենց հավատը։ Քննենք պատանի Ռամոնի օրինակը, որը չէր համարձակվում դպրոցում խոսել իր հավատի մասին։ Նա հասկացավ, որ հավատի մասին խոսելն այնքան սարսափելի չէ, որքան պատկերացնում էր, նույնիսկ եթե ծաղրում են իրեն։

Ռամոնը պատմում է. «Մի անգամ դասընկերներիցս մեկը հավատիս համար ծաղրեց ինձ։ Ես շատ լարվեցի, որովհետև նա ծաղրեց ինձ դասարանի առաջ։ Որոշեցի խոսակցությունը դարձնել նրա վրա. հարցրի իր հավատի մասին։ Զարմացա՝ տեսնելով, որ ինձնից ավելի շատ լարվեց։ Հետո հասկացա, որ շատ պատանիներ ունե՛ն հավատալիքներ, սակայն չեն կարողանում բացատրել դրանք։ Իսկ ես կարո՛ղ եմ բացատրել իմ համոզմունքները։ Ուստի երբ դասարանում հավատի մասին խոսակցություն էր լինում, ոչ թե ես պետք է անհարմար զգայի, այլ նրանք»։

ՓՈՐՁԻՐ ՀԵՏԵՎՅԱԼԸ։ Հարցրու երեխայիդ. «Քրիստոնեական ճանապարհով գնալն ինչո՞վ է լավ։ Ի՞նչ դժվարությունների կարող է բախվել քրիստոնյան։ Ի՞նչն է գերակշռում՝ օգո՞ւտը, թե՞ դժվարությունը» (Մարկոս 10։29, 30)։ Երեխան կարող է թղթի ձախ կողմում գրել դժվարությունները, իսկ աջ կողմում՝ օգուտները։ Սա կօգնի նրան հասկանալու, թե որն է իր խնդիրը, և համապատասխան քայլեր ձեռնարկելու։

Օգնիր դեռահասին տրամաբանելու

Ծնողներն ու մասնագետները նկատել են, որ փոքր երեխաների մտածելակերպը ակնհայտորեն տարբերվում է դեռահասների մտածելակերպից (1 Կորնթացիներ 13։11)։ Փոքր երեխաները կոնկրետ են մտածում՝ «սև ու սպիտակ» գույներով, իսկ դեռահասները կարող են վերացականորեն մտածել։ Օրինակ՝ փոքր երեխան հեշտությամբ ընդունում է, որ Աստված է ստեղծել ամեն բան (Ծննդոց 1։1)։ Սակայն դեռահասի մեջ հարցեր են առաջանում. «Որտեղի՞ց գիտեմ, որ Աստված կա։ Ինչո՞ւ է սիրո Աստվածը թույլատրում չարության գոյությունը։ Այդ ինչպե՞ս  է, որ Աստված միշտ գոյություն է ունեցել» (Սաղմոս 90։2

Եթե դեռահաս երեխադ նման հարցեր է տալիս, գուցե քեզ թվա, որ նրա հավատը թուլացել է։ Բայց իրականում դա կարող է լավ նշան լինել. հարցեր տալը կարող է մեծապես նպաստել քրիստոնյայի հոգևոր առաջադիմությանը (Գործեր 17։2, 3

Բացի այդ, դեռահասության տարիքում երեխան սովորում է «խորհել» (Առակներ 3։21, 22)։ Դրա շնորհիվ նա կարողանում է հասկանալ, թե որն է քրիստոնեական հավատի «լայնությունը, երկարությունը, բարձրությունն ու խորությունը», ինչը փոքր հասակում չէր կարող անել (Եփեսացիներ 3։18)։ Հիմա ամենալավ ժամանակն է, որ օգնես դեռահաս երեխայիդ տրամաբանելու իր համոզմունքների շուրջ, որպեսզի նա ամուր հիմք պատրաստի իր հավատի համար (Առակներ 14։15; Գործեր 17։11

ՓՈՐՁԻՐ ՀԵՏԵՎՅԱԼԸ։ Դեռահաս երեխայիդ հետ վերանայիր աստվածաշնչյան այն թեմաները, որոնք գուցե սովորական են դարձել քեզ ու նրա համար։ Օգնիր մտածելու, օրինակ, հետևյալ հարցերի շուրջ. «Ի՞նչն է համոզում ինձ, որ Աստված կա։ Ինչի՞ց է երևում, որ Աստված հոգ է տանում իմ մասին։ Ինչո՞վ է օգտակար Աստծու օրենքներին հնազանդվելը»։ Զգույշ եղիր, որ անձնական տեսակետներդ չփաթաթես երեխայի վզին։ Փոխարենը՝ օգնիր ձևավորելու սեփական համոզմունքները։ Այդպես նա կարող է համոզվել, որ իր հավատը ճշմարիտ է։

«Հաստատ համոզվեցիր»

Աստվածաշունչը խոսում է երիտասարդ Տիմոթեոսի մասին, որը «վաղ մանկությունից» գիտեր սուրբ գրքերը։ Պողոս առաքյալը Տիմոթեոսին հորդորեց. «Հարատևիր այն բաներում, որ սովորեցիր և որոնցում հաստատ համոզվեցիր» (2 Տիմոթեոս 3։14, 15)։ Տիմոթեոսի նման՝ գուցե քո դեռահաս երեխան էլ ծնված օրից կրթվել է Աստվածաշնչի չափանիշներով։ Սակայն հիմա ժամանակն է օգնելու նրան սեփական համոզմունքներն ունենալու։

«Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» գրքում (հատոր 1) ասվում է. «Քանի դեռ երեխադ քեզ հետ է ապրում, դու իրավունք ունես պահանջելու, որ նա մասնակցի հոգևոր գործունեությանը։ Սակայն քո նպատակը պետք է լինի նրա մեջ Աստծու հանդեպ սեր սերմանելը և ոչ թե նրան մեխանիկորեն ինչ-որ բաներ անելու դրդելը»։ Այս նպատակը ի մտի ունենալով՝ կարող ես օգնել երեխայիդ «ամուր հավատ» զարգացնելու, այնպիսի հավատ, որը նրանը կլինի և ոչ թե քոնը * (1 Պետրոս 5։9

^ պարբ. 4 Այս հոդվածում անունները փոխված են։

^ պարբ. 40 Ավելի շատ տեղեկություններ ստանալու համար տե՛ս «Դիտարանի» 2009թ. մայիսի 1-ի համարը (էջ 10–12) և «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» գիրքը (հատոր 1, էջ 315–318)։

ՀԱՐՑՐՈՒ ԻՆՔԴ ՔԵԶ...

  • Ինչպե՞ս եմ արձագանքում, երբ երեխաս կասկածում է իմ հավատի ճշմարտացիությանը։

  • Այս հոդվածը ինչպե՞ս կարող է օգնել ինձ, որ ճիշտ արձագանքեմ։