Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐ 2011

Աստված պատժո՞ւմ է մեզ

Աստված պատժո՞ւմ է մեզ

«Ես կարծում եմ, որ սա թեմբացու (Աստծու պատիժ) է, բայց միևնույն ժամանակ ցավում եմ աղետից զոհվածների համար»,— ասաց մի ճապոնացի առաջատար քաղաքական գործիչ այն բանից հետո, երբ 2011թ. մարտին Ճապոնիան ցնցվեց 9-բալանոց երկրաշարժից, որին հետևեց ցունամին։

Երբ 2010թ. հունվարին Հայիթիում երկրաշարժ տեղի ունեցավ, և զոհվեց ավելի քան 220000 մարդ, հայտնի մի հեռուստաավետարանիչ համոզված ասաց, որ դա պատահեց այն պատճառով, որ այդ զոհերը «համաձայնություն էին կնքել սատանայի հետ» և որ պետք է «դառնային դեպի աստված»։

«Աստված ուզում է արթնացնել մեր մեռցված ու անտարբեր խիղճը»,— հայտարարեց մի կաթոլիկ քահանա այն բանից հետո, երբ Մանիլայում (Ֆիլիպիններ) 79 մարդ զոհվեց համընդհանուր հրմշտոցից։ Տեղի թերթերից մեկը գրեց, որ «չափահասների քսանմեկ տոկոսը հավատում է, որ Աստված իր ցասումը թափում է սողանքների, թայֆունների և այլ բնական աղետների տեսքով», որոնք հաճախ են պատուհասում Ֆիլիպիններին։

ԱՅՆ գաղափարը, թե Աստված աղետների միջոցով պատժում է չար մարդկանց, նոր չէ։ 1755թ.-ին, երբ Լիսաբոն քաղաքում (Պորտուգալիա) 60000 մարդ զոհվեց երկրաշարժից, հրդեհից և ցունամիից, հայտնի փիլիսոփա Վոլտերը գրեց. «Մի՞թե Լիսաբոնն ավելի արատավոր էր, քան Փարիզը, որը ծփում է մարմնական վայելքների մեջ»։ Դարեր շարունակ միլիոնավոր մարդիկ ուզում են իմանալ. «Աստված բնական աղետներով պատժո՞ւմ է մարդկանց»։ Իրողությունն այն է, որ շատ երկրներում այսպիսի աղետները վերագրում են հենց Աստծուն։

Ելնելով այս ամենից՝ գուցե հարցնեք. «Իսկապե՞ս Աստված բնական աղետների միջոցով պատժում է մարդկանց։ Վերջերս իրար հետևից տեղի ունեցող աղետները Աստծո՞ւ պատիժն են»։

Ոմանք, շտապելով մեղադրել Աստծուն, մատնացույց են անում աստվածաշնչյան այն դրվագները, որոնք պատմում են, թե ինչպես է Աստված կործանում բերել բնական աղետների միջոցով (Ծննդոց 7։17–22; 18։20; 19։24, 25; Թվեր 16։31–35)։ Սակայն եթե վերլուծենք այդ դրվագները, ապա յուրաքանչյուրում կտեսնենք երեք կարևոր հանգամանք։ Առաջին՝ տրվել էր նախազգուշացում։ Երկրորդ՝ ի տարբերություն մեր օրերում տեղի ունեցող բնական աղետների, որոնց հետևանքով զոհվում են թե՛ բարի և թե՛ չար մարդիկ՝ Աստծու կողմից եկած այդ աղետները ընտրողական էին. կործանվեցին միայն անուղղելի ամբարիշտները և նրանք, ովքեր չցանկացան ականջ դնել նախազգուշացումներին։ Եվ երրորդ՝ Աստված անմեղ մարդկանց փրկվելու հնարավորություն տվեց (Ծննդոց 7։1, 23; 19։15–17; Թվեր 16։23–27

Այո՛, այսօր բազմաթիվ աղետներ են տեղի ունենում, բայց ոչինչ չի վկայում, որ Աստված է մեղավոր դրանց համար։ Ինչո՞ւ են այսքան շատացել աղետները։ Ինչպե՞ս կարող ենք նախապատրաստվել դրանց։ Ինչպե՞ս կարող ենք շարունակել ապրել աղետից հետո։ Կգա՞ մի ժամանակ, երբ այլևս աղետներ չեն լինի։ Այս հարցերի պատասխանները տրվում են հաջորդ հոդվածներում։