Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՆՈՅԵՄԲԵՐ 2011

 Ընտանեկան երջանկության բանալին

Հոգևորապես աճեք

Հոգևորապես աճեք

Ֆրեդրիկն * ասում է. «Երբ նոր էինք ամուսնացել, շատ էի ուզում, որ ես ու կինս միասին Աստվածաշունչ ուսումնասիրենք։ Բայց Լիանը չէր կարողանում ուսումնասիրության ժամանակ հանգիստ նստել և կենտրոնանալ։ Բացի այդ, երբ ես նրան հարցեր էի տալիս, նա միայն «այո» կամ «ոչ» էր պատասխանում։ Նրա արձագանքը չէր համապատասխանում Աստվածաշնչի ուսումնասիրության անցկացման վերաբերյալ իմ ունեցած պատկերացմանը»։

Լիանն ասում է. «Ես 18 տարեկան էի, երբ ամուսնացա Ֆրեդրիկի հետ։ Մենք կանոնավորաբար Աստվածաշունչ էինք ուսումնասիրում, բայց Ֆրեդրիկն ամեն ուսումնասիրության ժամանակ մատնացույց էր անում իմ բոլոր թերությունները և ասում, թե ինչ փոփոխություններ պետք է անեմ, որպեսզի լավ կին դառնամ։ Ես հուսահատվում էի և ինձ վիրավորված զգում»։

ՔՈ ԿԱՐԾԻՔՈՎ՝ ո՞րն էր խնդիրը։ Նրանք լավ մղումներ ունեին։ Երկուսն էլ սիրում էին Աստծուն, հասկանում էին, որ հարկավոր է միասին Աստվածաշունչ ուսումնասիրել։ Բայց այն, ինչը պետք է օգներ նրանց միավորվելու, թվում էր՝ հակառակ արդյունք էր տալիս։ Այո՛, նրանք միասին էին ուսումնասիրում, բայց դա չէր նպաստում նրանց հոգևոր աճին։

Ո՞վ է հոգևոր մարդը։ Ինչո՞ւ ամուսինները պետք է ձգտեն հոգևորապես աճել։ Ի՞նչ դժվարությունների նրանք կարող են բախվել և ինչպե՞ս կարող են հաղթահարել դրանք։

Ո՞վ է հոգևոր մարդը

«Հոգևոր» բառը, որն օգտագործվում է Աստվածաշնչում, կապ ունի մարդու տրամադրվածության կամ վերաբերմունքի հետ (Հուդա 18, 19)։ Աստվածաշնչի գրողներից մեկը՝ Պողոսը, ընդգծեց, թե ինչ տարբերություն կա հոգևոր և մարմնավոր մարդու միջև։ Մարմնավոր մարդը, ըստ նրա, ավելի շատ իր վրա է կենտրոնանում, քան ուրիշների։ Փոխանակ ապրելու Աստծու չափանիշներով՝ նա անում է այն, ինչ ճիշտ է ի՛ր տեսանկյունից (1 Կորնթացիներ 2։14; Գաղատացիներ 5։19, 20

Մինչդեռ հոգևոր մարդը թանկ է գնահատում Աստծու չափանիշները։ Նա Եհովա Աստծուն համարում է իր Ընկերը և ջանում է ընդօրինակել նրան (Եփեսացիներ 5։1)։ Հետևաբար այդպիսի մարդը սիրում է ուրիշներին, բարի է ու մեղմ (Ելք 34։6)։ Նա հնազանդվում է Աստծուն նույնիսկ այն  դեպքերում, երբ դժվար է (Սաղմոս 15։1, 4)։ Դարենը, որն ապրում է Կանադայում և ամուսնացած է արդեն 35 տարի, ասում է. «Ես հասկացել եմ, որ հոգևոր մարդը միշտ հետևում է իր խոսքերին ու գործողություններին, որ հանկարծ դրանց պատճառով իր ու Աստծու փոխհարաբերությունները չվնասվեն։ Նրա կինը՝ Ջեյնը, ավելացնում է. «Իմ կարծիքով՝ հոգևոր կինը նա է, ով ամեն օր, առանց իրեն խնայելու, ջանում է զարգացնել Աստծու սուրբ ոգու պտղի հատկությունները» (Գաղատացիներ 5։22, 23

Ինչ խոսք, հոգևորապես աճելու համար պարտադիր չէ ամուսնացած լինել։ Աստվածաշունչն ասում է, որ ամեն մարդու պարտքն է սովորել Աստծու մասին և ընդօրինակել նրան (Գործեր 17։26, 27

Ինչո՞ւ կողակիցները պետք է հոգևորապես աճեն

Ինչո՞ւ կողակիցները պետք է միասին հոգևորապես աճեն։ Քննենք հետևյալ օրինակը։ Երկու այգեպաններ միասին տնօրինում են մի հողատարածք և ցանկանում են բանջարեղեն աճեցնել։ Մեկի կարծիքով՝ սերմերը պետք է ցանել տարվա այսինչ ժամանակ, մյուսի կարծիքով՝ դա պետք է անել ավելի ուշ։ Մեկը ուզում է որոշակի տիպի պարարտանյութ օգտագործել, բայց մյուսը կտրականապես դեմ է և ասում է, որ բույսերը կարիք չունեն որևէ պարարտանյութի։ Մեկն ուզում է ամեն օր ժրաջանորեն աշխատել այգում, մյուսը դեմ չէ ձեռքերը ծալած նստելուն։ Այսպիսի իրավիճակում այգին գուցեև ինչ-որ արդյունք տա, բայց դա չի լինի այն արդյունքը, որը կլիներ, եթե երկու այգեպաններն էլ այգին մշակելու հարցում համամիտ լինեին իրար հետ և միասին ձգտեին հասնելու իրենց ընդհանուր նպատակներին։

Ամուսինն ու կինը նման են այդ այգեպաններին։ Եթե նույնիսկ նրանցից միայն մեկն է մշակում հոգևոր «այգին», նրանց փոխհարաբերությունը կարող է լավանալ (1 Պետրոս 3։1, 2)։ Բայց անհամեմատ ավելի լավ կլինի, եթե ամուսինն ու կինը «աշխատեն» իրար հետ, այսինքն՝ համաձայն լինեն ապրելու Աստծու չափանիշներով և միմյանց ժրաջանորեն օգնեն ծառայելու Աստծուն։ «Երկուսով ավելի լավ է, քան մենակ»,— գրեց իմաստուն Սողոմոն թագավորը։ Ինչո՞ւ։ «Որովհետև նրանք վարձատրություն ունեն իրենց տքնաջան աշխատանքից։ Եթե մեկն ընկնի, մյուսն իր ընկերոջը կբարձրացնի» (Ժողովող 4։9, 10

Հավանաբար, դու շատ ես ցանկանում կողակցիդ հետ մշակել ձեր հոգևոր «այգին»։ Բայց միայն ցանկությունը բավարար չէ։ Քննենք երկու խնդիր, որոնց գուցե բախվեք, և տեսնենք, թե ինչպես կարող եք հաղթահարել դրանք։

ԽՆԴԻՐ 1։ Մենք ժամանակ չունենք։

«Ամուսինս ինձ աշխատանքից վերցնում է երեկոյան ժամը 7։00-ին,— ասում է Սյուն, որն ամուսնացել է վերջերս։ «Երբ տուն ենք մտնում, գործերը անհամբեր մեզ են սպասում։ Մտքի և մարմնի միջև իսկական պայքար է սկսվում. մեր միտքն ասում է, որ պետք է միասին ժամանակ տրամադրենք Աստվածաշնչի ուսումնասիրությանը, բայց մեր մարմինն ասում է. «Ո՛չ։ Պետք է հանգստանաք»։

Հնարավոր լուծում։ Եղեք հարմարվող և համագործակցող։ Սյուն ասում է. «Ես ու ամուսինս որոշեցինք վաղ արթնանալ և նախքան աշխատանքի գնալը միասին մի հատված կարդալ Աստվածաշնչից ու քննարկել այն։ Ամուսինս օգնում է ինձ անելու մի քանի տնային գործեր, ուստի հնարավորություն ենք ունենում միասին ժամանակ անցկացնելու»։ Ի՞նչ օգուտներ է բերում լրացուցիչ ջանքեր գործադրելը։ Սյուի ամուսինը՝ Էդը, ասում է. «Ես զգացել եմ, որ երբ միասին կանոնավորաբար հոգևոր թեմաներ ենք քննարկում, մենք ավելի լավ ենք կարողանում լուծել խնդիրները և նվազեցնում ենք մեր անհանգստությունները»։

Բացի իրար հետ զրուցելուց, շատ կարևոր է նաև ամեն օր մի քանի րոպե միասին աղոթել։ Ինչպե՞ս կարող է սա օգնել ձեզ։ Ռայանը, որն ամուսնացած է արդեն 16 տարի, ասում է. «Վերջերս մի ծանր շրջան եղավ մեր փոխհարաբերություններում։ Բայց մենք ամեն երեկո միասին աղոթում էինք՝ Աստծուն պատմելով մեր անհանգստությունների մասին։ Ես զգացի, որ միասին աղոթելն օգնեց մեզ լուծելու մեր խնդիրները և վերագտնելու ուրախությունը ամուսնության մեջ»։

ՓՈՐՁԵՔ ՀԵՏԵՎՅԱԼԸ։ Ամեն օրվա վերջում մի քանի րոպե խոսեք այն լավ բաների մասին, որոնք տեղի են ունեցել ձեզ հետ, նաև այն բաների մասին, որոնց համար կարող եք շնորհակալություն հայտնել Աստծուն։ Խոսեք նաև ընտանիքի խնդիրներից, հատկապես այն խնդիրներից, որոնք լուծելու համար Աստծու  օգնության կարիքն ունեք։ Սակայն զգույշ եղիր, որ սա չհամարես կողակցիդ թերությունները նրան հիշեցնելու հնարավորություն։ Ամուսինը պետք է ուշադիր լինի, որ կնոջ հետ աղոթելիս հիշատակի միայն այն խնդիրները, որոնց վրա երկուսն էլ պետք է աշխատեն։ Հաջորդ օրը գործեք ձեր խնդրանքի համաձայն։

ԽՆԴԻՐ 2։ Մեր ունակությունները տարբեր են։

«Ես երբեք չեմ կարողացել հանգիստ նստել ու գիրքը ձեռքս առնել»,— ասում է Տոնին։ Իսկ նրա կինը՝ Նատալին, ասում է. «Ես սիրում եմ կարդալ, սիրում եմ նաև խոսել ընթերցածիս մասին։ Բայց երբեմն ինձ թվում է, որ Աստվածաշնչի վրա հիմնված որևէ նյութի քննարկման ժամանակ Տոնին վախեցած է լինում ինձնից»։

Հնարավոր լուծում։ Եղիր աջակցող, մի մրցակցիր, շտապ եզրակացություններ մի արա։ Կողակցիդ գովիր իր արած լավ բաների համար և հորդորիր շարունակելու վճռականորեն անելու այն, ինչ ճիշտ է Եհովայի աչքում։ «Երբեմն կինս չափազանց խանդավառ է աստվածաշնչային թեմաներ քննարկելու հարցում,— ասում է Տոնին։— Անցյալում ես դժկամությամբ էի հոգևոր թեմաներ քննարկում նրա հետ։ Սակայն Նատալին աջակցող կին է։ Այժմ մենք կանոնավորաբար քննարկում ենք հոգևոր թեմաներ, և ես հասկացա, որ վախենալու ոչինչ չկա։ Ես հաճույքով եմ նրա հետ քննարկում այդ թեմաները։ Այդպիսի քննարկումներն օգնում են, որ ավելի հանգիստ ու խաղաղ լինենք»։

Շատ ամուսնական զույգեր եկել են այն եզրակացության, որ իրենց փոխհարաբերությունները լավանում են, երբ նրանք ամեն շաբաթ կանոնավորաբար ժամանակ են հատկացնում Աստվածաշնչի ընթերցանությանը և ուսումնասիրությանը։ Սակայն ուշադիր եղիր, որ կողակցիդ չասես, թե՝ «ա՛յ, տե՛ս, այս խորհուրդը քեզ է վերաբերում», փոխարենը՝ փորձիր տեսնել, թե դա ինչպես է վերաբերում քեզ (Գաղատացիներ 6։4)։ Ձեր ամուսնական խնդիրները մի քննարկեք ուսումնասիրության ընթացքում։ Դա արեք մեկ ուրիշ ժամանակ։ Ինչո՞ւ։

Բերենք մի օրինակ։ Եթե ընտանիքով ճաշի եք նստել, սեղանի շուրջ կսկսե՞ս մշակել թարախակալված վերքը։ Դժվար թե։ Դու բոլորի ախորժակը կփակեիր։ Հիսուսը Աստծու կամքը իմանալը և այն կատարելը համեմատեց կերակուր ուտելու հետ (Մատթեոս 4։4; Հովհաննես 4։34)։ Եթե ամեն անգամ, երբ բացում ես Աստվածաշունչը, կողակցիդ հետ խոսես էմոցիոնալ վերքերի մասին, ապա կփակես նրա հոգևոր ախորժակը։ Իհարկե, խնդիրները պե՛տք է քննարկել։ Բայց դա հարկավոր է անել դրա համար նախատեսված ժամանակ (Առակներ 10։19; 15։23

ՓՈՐՁԻՐ ՀԵՏԵՎՅԱԼԸ։ Գրիր քո կողակցի երկու կամ երեք հատկություն, որոնք քեզ ամենաշատն են դուր գալիս։ Երբ հաջորդ անգամ հոգևոր թեմաներ քննարկեք այդ հատկությունների վերաբերյալ, կողակցիդ ասա, որ շատ բարձր ես գնահատում դրանք։

Ինչ որ ցանես, այն էլ կհնձես

Եթե ցանեք, կամ՝ մշակեք ձեր մեջ հոգևոր հատկություններ, ամուսնական կյանքում, ի վերջո, կհնձեք խաղաղություն և գոհունակություն։ Աստծու Խոսքը երաշխավորում է, որ «մարդ ինչ որ ցանի, այն էլ կհնձի» (Գաղատացիներ 6։7

Հոդվածի սկզբում նշված Ֆրեդրիկն ու Լիանը անձամբ համոզվեցին աստվածաշնչյան այս սկզբունքի ճշմարտացիության մեջ։ Այսօր նրանք արդեն 45 տարվա ամուսիններ են և գիտեն, որ հաստատակամությունը վարձատրվում է։ «Ես մեղադրում էի կնոջս, որ նա քիչ է հաղորդակցվում,— ասում է Ֆրեդրիկը։— Սակայն ժամանակի ընթացքում հասկացա, որ ես ևս պետք է ջանքեր գործադրեմ քրիստոնեական հատկություններս բարելավելու համար»։ Լիանն ասում է. «Այդ դժվար ժամանակներում մեզ օգնեց մի բան՝ երկուսիս սերը Եհովա Աստծու հանդեպ։ Տարիներ շարունակ մենք կանոնավորաբար ուսումնասիրել և աղոթել ենք։ Երբ տեսնում եմ, թե ինչպես է Ֆրեդրիկը ջանքեր թափում իր հատկությունները բարելավելու համար, ինձ համար ավելի հեշտ է դառնում նրան սիրելը»։

^ պարբ. 3 Անունները փոխված են։

ՀԱՐՑՐՈՒ ԻՆՔԴ ՔԵԶ

  • Ե՞րբ ենք մենք միասին վերջին անգամ աղոթել։

  • Ինչպե՞ս կարող եմ օգնել կողակցիս, որ հոգևոր քննարկումների ժամանակ ազատորեն արտահայտվի։

Իմացիր ավելին

Ի՞նչ է ընտանեկան երկրպագությունը

Իմացիր, թե ինչպես է ընտանեկան երկրպագությունը նպաստում Աստծու հետ մտերմանալուն և ընտանեկան կապերի ամրապնդմանը։

Երջանիկ ամուսնություն ունենալու համար հետևեք Աստծու խորհուրդներին

Երկու պարզ հարցեր կօգնեն քեզ բարելավելու ամուսնական կյանքդ։