Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՕԳՈՍՏՈՍ 2011

 Մեր ընթերցողները հարցնում են

Աստված ամենագո՞ է

Աստված ամենագո՞ է

Ըստ որոշ կրոնների՝ Աստված ամենագո է, այսինքն՝ միաժամանակ ապրում է ամենուրեք։ Օրինակ՝ «Նոր կաթոլիկական հանրագիտարանում» ասվում է, որ Աստված «իրականում ներկա է գոյություն ունեցող բոլոր վայրերում և բաներում» (New Catholic Encyclopedia)։ Իսկ մեթոդիստական եկեղեցու հիմնադիր Ջոն Ուեսլին իր՝ «Աստծու ամենագոյության մասին» քարոզում գրեց, որ «չկա մի տեղ, լինի դա տիեզերքի ներսում թե դրսում, որ Աստված ներկա չլինի» (On the Omnipresence of God)։

Իսկ ի՞նչ է ասում Աստվածաշունչը։ Աստված ամենագո՞ է՝ միաժամանակ ապրո՞ւմ է ամենուր՝ երկնքում, երկրի վրա և նույնիսկ մարդկանց մեջ։

Աստծու Խոսքն ասում է, որ Աստված կոնկրետ տեղում է բնակվում՝ երկնքում։ Սողոմոն թագավորն իր աղոթքում Աստծուն խնդրեց. «Լսիր երկնքից՝ քո բնակության տեղից» (1 Թագավորներ 8։43)։ Հիսուս Քրիստոսը, երբ իր աշակերտներին աղոթել էր սովորեցնում, ասաց. «Այսպես աղոթեք. «Հա՛յր մեր, որ երկնքում ես»» (Մատթեոս 6։9)։ Իսկ Եբրայեցիներ 9։24 համարում կարդում ենք, որ իր հարությունից հետո Հիսուսը մտավ «բուն երկինք, որպեսզի.... ներկայանա Աստծու երեսի առաջ»։

Այս համարները հստակորեն ցույց են տալիս, որ Եհովա Աստված ապրում է ոչ թե ամենուրեք, այլ միայն երկնքում։ Իհարկե, այդ համարներում գրված «երկինքը» երկրագնդի մթնոլորտը չէ, ոչ էլ դրանից այն կողմ տարածվող տիեզերքը։ «Երկինքների երկինքը»՝ տիեզերքը, չի կարող պարունակել իր Արարչին (1 Թագավորներ 8։27)։ Աստվածաշունչը հայտնում է մեզ, որ «Աստված Ոգի է» (Հովհաննես 4։24)։ Նա ապրում է ոգեղեն երկնքում՝ մի ոլորտ, որն անկախ է տիեզերքից (1 Կորնթացիներ 15։44

Իսկ ի՞նչ կարելի է ասել աստվածաշնչյան այն համարների մասին, ըստ որոնց՝ թվում է, թե Աստված ամենագո է։ Օրինակ՝ ինչպես գրված է Սաղմոս 139։7–10-ում, Դավիթն Աստծու մասին ասում է. «Ո՞ւր գնամ ես քո ոգուց, և ո՞ւր փախչեմ քո երեսից։ Եթե երկինք բարձրանամ, այնտեղ ես դու, և եթե անկողինս գերեզմանի մեջ դնեմ, ահա դու այնտեղ ես։ Եթե արշալույսի թևեր առնեմ, որ ամենահեռավոր ծովի մոտ բնակվեմ, այնտեղ էլ քո ձեռքն ինձ կառաջնորդի, և քո աջը ինձ կպահի»։ Այս համարները հաստատո՞ւմ են, որ Աստված իրոք ամենագո է և ապրում է նշված բոլոր վայրերում։

Ուշադրություն դարձնենք, թե Դավիթը սկզբում ինչ ասաց. «Ո՞ւր գնամ ես քո ոգուց» *։ Իր սուրբ ոգու միջոցով Աստված կարող է տեսնել ամեն ինչ և իր զորությունը գործադրել ամենուր, ուստի կարիք չկա, որ նա ներկա լինի տվյալ վայրում կամ մնա այնտեղ։ Պարզաբանենք օրինակով։ Վերջին տարիներին գիտնականները կարողացել են ստուգել Մարս մոլորակի հողի բաղադրությունը, այն դեպքում երբ այս մոլորակը Երկրից հեռու է միլիոնավոր կիլոմետրեր։ Ինչպե՞ս է դա նրանց հաջողվել։ Գիտնականները անձամբ չեն գնացել հասել Մարս. նրանք ուսումնասիրել են մանրամասն լուսանկարներ և այլ տեղեկություններ, որոնք ստացվել են Մարս ուղարկված հետազոտական զոնդից։

Նմանապես, Եհովա Աստված կարիք չունի ներկա լինելու ամենուրեք, այլ խոսքով՝ ամենագո լինելու, որպեսզի պարզի, թե ինչ է տեղի ունենում տիեզերքի որևէ հատվածում։ Աստծու Խոսքն ասում է. «Չկա մի ստեղծագործություն, որ ծածկված լինի նրանից» (Եբրայեցիներ 4։13)։ Այո՛, Եհովայի հզոր գործուն ուժը՝ նրա սուրբ ոգին, կարող է հասնել ցանկացած տեղ։ Այդ ուժի միջոցով Աստված կարող է տեսնել ամեն ինչ և կատարել իր կամքը՝ գտնվելով մի կոնկրետ տեղում՝ «իր սուրբ բնակավայրում», որը երկնքում է (2 Օրենք 26։15

^ պարբ. 8 Եբրայերեն բառը, որն այստեղ թարգմանվել է «ոգի», մատնանշում է Աստծու գործուն ուժը, որն Աստված օգտագործում է իր կամքն իրականացնելու համար։