Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՆՈՅԵՄԲԵՐ 2010

Աստվածաշնչի մարգարեությունը արդյո՞ք վերաբերում է Իսրայելի պետությանը

Աստվածաշնչի մարգարեությունը արդյո՞ք վերաբերում է Իսրայելի պետությանը

ԱՇԽԱՐՀՆ այսօր լարված հետևում է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններին։ Այս տարածաշրջանում ռմբակոծությունները, զինված բախումները և ահաբեկչական գործողությունները հաճախ կրկնվող ու սովորական բան են դարձել։ Բայց սա դեռ ամենը չէ։ Այս կրակոտ խառնարանում ամեն վայրկյան մեծանում է միջուկային զենք օգտագործելու վտանգը։ Ուստի զարմանալի չէ, որ աշխարհի բնակչությունը շատ անհանգիստ է։

Նմանատիպ անհանգստություն տիրում էր նաև 1948 թ.-ի մայիսին։ Այդ ժամանակ՝ մեզնից 62 տարի առաջ, Մեծ Բրիտանիայի ենթամանդատային տարածքը, որը կոչվում էր Պաղեստին, անկախացավ, և պատերազմի համար բարենպաստ հող նախապատրաստվեց։ Դրանից մեկ տարի առաջ Միավորված ազգերի կազմակերպության որոշմամբ այս տարածքի որոշակի հատվածում հաստատվելու էր հրեական պետությունը։ Սակայն շրջակա արաբ ժողովուրդը երդվել էր ամեն գնով պայքարել դրա դեմ։ Արաբական երկրների լիգան հետևյալ հայտարարությունն արեց. «Սահմանը լինելու է արյան ու կրակի գիծ»։

1948 թ. մայիսի 14-ն էր։ Օրը ուրբաթ էր։ Մոտենում էր կեսօրվա ժամը 4-ը։ Բրիտանական մանդատի վերջին ժամերն էին։ Թել Ավիվի արվեստի թանգարանում գաղտնի հրավիրատոմսով կանչված 350 մարդիկ ներկա էին լինելու երկար սպասված իրադարձությանը՝ Իսրայելի պետության հռչակման պաշտոնական արարողությանը։ Քանի որ նոր-նոր կազմավորվող պետության թշնամիները ամեն րոպե կարող էին ընդհատել հանդիսավոր իրադարձությունը, ձեռնարկվել էին բոլոր միջոցները՝ անվտանգությունն ապահովելու համար։

Դեյվիդ Բեն-Գուրիոն, 14 մայիսի, 1948

Իսրայելի ազգային խորհրդի նախագահ Դեյվիդ Բեն-Գուրիոնը կարդաց «Իսրայելի պետության անկախության դեկլարացիան»։ Փաստաթղթում ասվում էր. «Մենք՝ Ազգային խորհրդի անդամներս, Էրեց-Իսրայելի հրեա հասարակության ներկայացուցիչներս.... մեր բարոյական և պատմական իրավունքից ելնելով, ինչպես նաև Միավորված ազգերի Գլխավոր ասամբլեայի ընդունած որոշման և նրանց աջակցության շնորհիվ հայտարարում ենք Էրեց-Իսրայելում հրեական պետության հաստատման մասին, որն այսուհետ կկոչվի Իսրայելի պետություն»։

Մարգարեության կատարո՞ւմ

Որոշ բողոքականների կարծիքով՝ Իսրայելի պետության կազմավորմամբ իրականացավ Աստվածաշնչի մարգարեություններից մեկը։ Օրինակ՝ մի գրքում հոգևորական Ջոն Հագին ասում է. «Պատմական  այս հիշարժան իրադարձության մասին նախապես գրված է եղել Եսայիա մարգարեի գրչով՝ «մեկ օրում մի ազգ կծնվի» (տե՛ս Եսայիա 66։8)։ .... Դա ամենանշանակալից պահն էր 20-րդ դարի մարգարեական պատմության մեջ։ Այս իրադարձությունը ապացույցն է այն բանի, որ Իսրայելի Աստվածը կենդանի է» (Jerusalem Countdown)։

Որքանո՞վ են ճշմարիտ այս խոսքերը։ Արդյո՞ք Եսայիա 66։8 համարում նախագուշակվում էր ժամանակակից Իսրայելի պետության կազմավորման մասին։ 1948-ի մայիսի 14-ը իսկապե՞ս «ամենանշանակալից պահն էր 20-րդ դարի մարգարեական պատմության մեջ»։ Եթե Իսրայելի պետությունն այսօր Աստծու ընտրյալ ժողովուրդն է, որի միջոցով իրականացվում են աստվածաշնչյան մարգարեությունները, ապա այս թեման շատ կհետաքրքրի բոլոր նրանց, ովքեր ուսումնասիրում են Աստվածաշունչը։

Եսայիայի մարգարեության մեջ գրված է. «Ո՞վ է լսել այսպիսի բան։ Ո՞վ է տեսել այսպիսի բաներ։ Մի՞թե մեկ օրում երկունքի ցավերով երկիր առաջ կգա։ Կամ մի՞թե միանգամից մի ազգ կծնվի։ Բայց Սիոնի երկունքի ցավերը բռնեցին, ու նա որդիներ ծնեց» (Եսայիա 66։8)։ Համարում պարզ խոսվում էր հանկարծակի, ասես մեկ օրում մի ամբողջ ազգի առաջ գալու մասին։ Բայց ո՞վ էր այս ազգին ծնունդ տալու։ Հաջորդ համարը հուշում է մեզ. ««Մի՞թե ես կբացեմ արգանդը և թույլ չեմ տա, որ երեխան ծնվի,— ասում է Եհովան։— Կամ մի՞թե կփակեմ արգանդը, երբ թույլ տամ, որ ծննդաբերությունը սկսվի»,— ասում է քո Աստվածը»։ Եհովա Աստված բացահայտորեն հայտնում է, որ ինքն է լինելու ազգի դրամատիկ ծնունդի պատճառը։

Ժամանակակից Իսրայելը դեմոկրատական պետություն է, որը պաշտոնապես ոչ մի հայտարարություն չի արել այն մասին, որ իր հույսը կապում է Աստվածաշնչի Աստծու հետ։ Արդյո՞ք 1948-ին Իսրայելում ապրողները մտածում էին, որ իրենց պետության կազմավորման համար պարտական են Եհովա Աստծուն։ Ո՛չ։ Դեկլարացիայի բնագիր տեքստում ո՛չ Աստծու անունն է նշված, ո՛չ էլ ընդհանրապես «Աստված» բառը։ «Հրեաների պատմության նշանակալից իրադարձությունները» վերնագրով մի գրքում դեկլարացիան կազմելու վերաբերյալ հետևյալն է ասվում. «Անգամ մինչև ժամը 13։00-ը՝ Ազգային խորհրդի հանդիպման սկսվելը, խորհրդի անդամները չէին կարողանում համաձայնության գալ դեկլարացիայի շարադրանքը վերջնական տեսքի բերելու համար։ .... Ավանդապահ հրեաները ցանկանում էին, որ փաստաթղթում հիշատակվի «Իսրայելի Աստված» արտահայտությունը։ Սակայն նրանք, ովքեր անտարբեր էին կրոնի նկատմամբ, ընդդիմանում էին նրանց։ Փոխզիջումների գնալով՝ Բեն-Գուրիոնը որոշեց «Աստված» բառի փոխարեն օգտագործել «Վեմ» բառը» (Great Moments in Jewish History)։

Առայսօր հրեաները պնդում են, որ իրենց պետությունը կազմավորվել է ՄԱԿ-ի որոշման և հրեա ազգի բարոյական ու պատմական իրավունքի շնորհիվ։ Ուստի որքանո՞վ է տրամաբանական մտածել, որ Աստվածաշնչի Աստվածը կիրագործեր 20-րդ դարի ամենամեծ մարգարեական հրաշքը մի ժողովրդի նկատմամբ, որը նույնիսկ հրաժարվում է Աստծուն փառք տալ այդ իրադարձության համար։

Համեմատություն անցյալի հետ

Ժամանակակից Իսրայելի պետության վերաբերմունքը բոլորովին տարբերվում է այն վերաբերմունքից, որ դրսևորեցին հրեաները մ.թ.ա. 537-ին։ Այդ ժամանակ Իսրայելը իսկապես որ «վերածնվեց» ասես մեկ օրվա մեջ, քանի որ դրանից առաջ 70 տարի այն անմարդաբնակ էր մնացել. բաբելոնացիները ավերել էին Իսրայելի տարածքը և գերեվարել էին հրեաներին։ Եսայիա 66։8 համարի խոսքերը իրականացան զարմանալի ճշգրտությամբ, որովհետև երբ պարսիկ զորավար Կյուրոս Մեծը գրավեց Բաբելոնը, թույլ տվեց հրեաներին վերադառնալ իրենց երկիր (Եզրաս 1։2

Այո՛, Պարսից Կյուրոս թագավորն ընդունեց, որ Եհովան էր կանգնած մ.թ.ա. 537-ին տեղի ունեցած իրադարձությունների հետևում։ Իսկ Երուսաղեմ վերադարձող հրեաների գլխավոր նպատակն էր վերակառուցել Եհովա Աստծու տաճարը և վերականգնել ճշմարիտ երկրպագությունը։ Այսօր, սակայն, Իսրայելի պետությունը երբեք պաշտոնապես նման ցանկության կամ մտադրության մասին չի խոսել։

Այսօր ընտրյալ ա՞զգ է

Մ.թ. 33-ին, երբ հրեաները մերժեցին Եհովայի Որդուն՝ Մեսիային, Իսրայելը դադարեց Աստծու ընտրյալ ազգը լինելուց։ Մեսիան անձամբ հայտնեց այդ մասին, երբ ասաց. «Երուսաղե՜մ, Երուսաղե՜մ, մարգարեներին սպանող և քեզ մոտ ուղարկվածներին քարկոծող.... Ահա ձեր տունը  լքված է թողնվում ձեզ» (Մատթեոս 23։37, 38)։ Հիսուսի այս խոսքերը իրականացան, երբ 70 թվականին հռոմեական զորքը ավերեց Երուսաղեմը, այնտեղ գտնվող տաճարը և բնաջինջ արեց քահանայությունը։ Իսկ ինչպե՞ս էր իրականանալու Աստծու նպատակը՝ բոլոր ժողովուրդների միջից ունենալ հատուկ սեփականություն, քահանաների թագավորություն և սուրբ ազգ (Ելք 19։5, 6

Պետրոս առաքյալը, որն ազգությամբ հրեա էր, գրեց այս հարցի պատասխանը թե՛ հրեա, թե՛ այլազգի քրիստոնյաներին ուղղված իր նամակում։ 1 Պետրոս 2։7–10 համարներում կարդում ենք. «Դուք «ընտրյալ ցեղ եք, թագավորական քահանայություն, սուրբ ազգ, մի ժողովուրդ՝ հատուկ սեփականություն լինելու»,.... քանի որ մի ժամանակ դուք ժողովուրդ չէիք, բայց հիմա Աստծու ժողովուրդն եք, ձեր հանդեպ ողորմություն չէր ցուցաբերվել, բայց հիմա ձեր հանդեպ ողորմություն ցուցաբերվեց»։

Այն քրիստոնյաները, ովքեր ընտրվել են սուրբ ոգու միջոցով, պատկանում են հոգևոր ազգին։ Այս քաղաքացիությունը չի տրվել նրանց այն բանի հիման վրա, թե որտեղ են ծնվել կամ ինչ ազգություն ունեն։ Պողոս առաքյալը հետևյալ կերպ բացատրեց այս հարցը. «Ո՛չ թլփատությունն է կարևոր, ո՛չ էլ անթլփատությունը, այլ կարևորը նոր ստեղծագործություն լինելն է։ Թող խաղաղություն և ողորմություն լինի Աստծու Իսրայելին՝ բոլոր նրանց, ովքեր վարվում են այս կանոնի համաձայն» (Գաղատացիներ 6։15, 16

Այսօր Իսրայելը պատրաստ է քաղաքացիություն շնորհելու ցանկացած հրեայի կամ հրեա դարձած մարդու։ Մինչդեռ այն ազգի քաղաքացիությունը, որին Աստվածաշունչը կոչում է «Աստծու Իսրայել», շնորհվում է միայն «հնազանդ.... և Հիսուս Քրիստոսի արյունով ցողված» մարդկանց (1 Պետրոս 1։1, 2)։ Աստծու Իսրայելի անդամների, կամ՝ հոգևոր հրեաների մասին Պողոս առաքյալը գրեց. «Նա՛ չէ հրեա, որ արտաքուստ է այդպիսին, և ոչ էլ ա՛յն թլփատությունն է թլփատություն, որն արտաքուստ է, այսինքն՝ մարմնի վրա արված. այլ նա է հրեա, ով ներքուստ է այդպիսին, և նրա թլփատությունը սրտի թլփատությունն է՝ ոգու միջոցով և ոչ թե գրավոր օրենքի։ Այդպիսի մարդու գովասանքը ոչ թե մարդկանցից է, այլ Աստծուց» (Հռոմեացիներ 2։28, 29

Այս համարը օգնում է հասկանալու Պողոսի հետևյալ խոսքերը։ Հռոմեացիներին ուղղված իր նամակում առաքյալն ասում է, որ հրեաները, որոնք հավատացյալներ չեն, նման են ձիթենու ճյուղերի, որոնք կտրվելու են, իսկ դրանց փոխարեն պատվաստվելու են «վայրի ձիթենու»՝ հրեա չհանդիսացող «ճյուղեր» (Հռոմեացիներ 11։17–21)։ Իր համեմատությունը ամփոփելով՝ նա նշում է. «Իսրայելի մի մասի զգայունակությունը բթացավ, մինչև որ մյուս ազգերի մարդկանց ամբողջական թիվը գա։ Այս կերպով ամբողջ Իսրայելը կփրկվի» (Հռոմեացիներ 11։25, 26)։ Արդյո՞ք Պողոսը մարգարեանում էր այն մասին, որ վերջին պահին տեղի էր ունենալու մասսայական դավանափոխություն՝ հրեաները դառնալու էին քրիստոնյաներ։ Պարզ է, որ ոչ, քանի որ նման փոփոխություն տեղի չի ունեցել։

Ի՞նչ է նշանակում ձիթենու մասին Պողոսի բերած օրինակը

«Ամբողջ Իսրայել» ասելով՝ առաքյալը նկատի ուներ հոգևոր Իսրայելի բոլոր անդամներին՝ այն քրիստոնյաներին, ովքեր ընտրվել են սուրբ ոգու միջոցով։ Նա ուզում էր ասել, որ այն հանգամանքը, որ հրեաները չընդունեցին Մեսիային, չէր խոչընդոտելու Աստծու նպատակի իրականացմանը. Աստված հոգևոր առումով ունենալու էր «ձիթենի», որի վրա լինելու էին պտղատու շատ ճյուղեր։ Այս օրինակը շատ նման է Հիսուսի պատմած որթատունկի օրինակին, որի անպտուղ ճյուղերը պետք է կտրվեին։ Հիսուսն ասաց. «Ես եմ ճշմարիտ որթատունկը, իսկ իմ Հայրը մշակն է։ Ամեն ճյուղ, որ ինձ վրա է և պտուղ չի տալիս, նա հեռացնում է, և ամեն մեկին, որ պտուղ է տալիս, նա մաքրում է, որ ավելի շատ պտուղ տա» (Հովհաննես 15։1, 2

Այո՛, Աստվածաշնչի մարգարեությունը ժամանակակից Իսրայելի պետության կազմավորման մասին չէր, այլ հոգևոր Իսրայելի կազմավորման մասին էր։ Եվ եթե միանաս այդ ազգին և համագործակցես նրա անդամների հետ, ապա հավիտյան օրհնություններ կվայելես (Ծննդոց 22։15–18; Գաղատացիներ 3։8, 9