Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐ 2010

Աղոթք։ Ինչո՞ւ

Աղոթք։ Ինչո՞ւ

ԱՂՈԹՔ. աստվածաշնչյան թեմաներից քչերն են, որ այնքան մեծ հետաքրքրություն են առաջացնում, որքան աղոթքի թեման։ Նկատի առ այն յոթ հարցերը, որոնք սովորաբար տալիս են մարդիկ աղոթքի վերաբերյալ, այնուհետև մեզ հետ միասին քննիր, թե ինչպես է դրանց պատասխանում Աստվածաշունչը։ Այս հոդվածների նպատակն է օգնել քեզ, որ սկսես աղոթել կամ որ աղոթքներդ ավելի արդյունավետ դարձնես։

ԱՇԽԱՐՀՈՒՄ՝ բոլոր մշակույթներում և կրոններում, մարդիկ աղոթում են։ Նրանք աղոթում են, երբ մենակ են, աղոթում են նաև խմբերով։ Աղոթում են եկեղեցիներում, տաճարներում, սինագոգներում, մզկիթներում և մատուռներում։ Աղոթելիս տերողորմյա են քաշում, օգտագործում են գորգ, աղոթքի անիվ, սրբապատկերներ, աղոթագրքից են օգտվում կամ աղոթքները գրում են փոքրիկ տախտակների վրա և կախում կախիչներից։

Երկրի վրա ապրող կենդանի արարածներից միայն մարդն է, որ աղոթում է, և դրանով նույնպես տարբերվում է այլ ստեղծագործություններից։ Ինչ խոսք, կենդանիների հետ շատ ընդհանրություններ ունենք։ Նրանց նման՝ մենք սննդի, օդի և ջրի կարիք ունենք։ Մենք, ինչպեսև նրանք, ծնվում, ապրում և մահանում ենք (Ժողովող 3։19)։ Սակայն միայն մարդիկ են աղոթում։ Ինչո՞ւ։

Ամենապարզ պատասխանը թերևս լինի այն, որ մենք ստեղծվել ենք աղոթելու պահանջով։ Աղոթքը սովորաբար համարվում է մի միջոց, որով մարդիկ կապ են հաստատում հոգևոր ոլորտի հետ, որը նրանք սուրբ են համարում և հավիտենական։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ մեր մեջ նման բաների նկատմամբ ցանկություն է դրված (Ժողովող 3։11)։ Հիսուս Քրիստոսը մի անգամ ասաց. «Երջանիկ են նրանք, ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները» (Մատթեոս 5։3

«Հոգևոր կարիքներ». ուրիշ ինչպե՞ս կարելի է բացատրել բոլոր կրոնական կառույցների, առարկաների գոյությունը և այն, որ մարդիկ աղոթելու համար անթիվ ժամեր են հատկացնում։ Ճիշտ է, որոշ անհատներ իրենց սեփական ուժերով կամ ուրիշների օգնությամբ են փորձում բավարարել իրենց հոգևոր կարիքները, սակայն համամիտ չե՞ս, որ մարդիկ այդ հարցում սահմանափակ հնարավորություններ ունեն, չէ՞ որ մենք թույլ արարածներ ենք, կարճ կյանք ունենք, անհեռատես ենք։ Ուստի միայն նա, ով մեզնից շատ ավելի իմաստուն է, զորեղ և երկարակյաց, կարող է տալ այն, ինչի կարիքն ունենք։ Իսկ որո՞նք են այն հոգևոր կարիքները, որոնք մղում են մեզ աղոթելու։

Խորհիր. երբևէ փափագե՞լ ես առաջնորդություն, իմաստություն ստանալ կամ իմանալ այն հարցերի պատասխանները, որոնք վեր են մարդկային հասկացողությունից։ Ունեցե՞լ ես մխիթարության կարիք, երբ տառապել ես ծանր կորստի պատճառով, առաջնորդության կարիք ունեցե՞լ ես, երբ լուրջ որոշման առաջ ես կանգնած եղել, կամ ցանկացե՞լ ես, որ քեզ ներեն, երբ ճնշվել ես մեղավորության զգացումից։

Աստվածաշունչն ասում է, որ այս ամենը աղոթելու համար հիմնավոր պատճառներ են։ Աստծու Խոսքն այս առումով ամենավստահելի աղբյուրն է, այնտեղ արձանագրված են բազում հավատարիմ տղամարդկանց ու կանանց աղոթքներ։ Նրանք աղոթել են մխիթարություն, առաջնորդություն, ներում ստանալու և բարդ հարցերի պատասխաններն իմանալու համար (Սաղմոս 23։3; 71։21; Դանիել 9։4, 5, 19; Ամբակում 1։3

Թեև այդ աղոթքները տարբեր են եղել, այնուհանդերձ, մի ընդհանուր բան են ունեցել։ Աղոթողներից յուրաքանչյուրը ունեցել է արդյունավետ աղոթքի բանալին, որը հաճախ կորցնում կամ անտեսում են այսօրվա աշխարհում։ Նրանք իմացել են, թե ում պետք է ուղղեն իրենց աղոթքները։