Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՕԳՈՍՏՈՍ 2010

 Ընտանեկան երջանկության բանալին

Ինչպես հաղթահարել ամուսնության առաջին տարվա խնդիրները

Ինչպես հաղթահարել ամուսնության առաջին տարվա խնդիրները

Ամուսին. «Զարմանում եմ, թե ինչքան տարբեր ենք ես ու կինս։ Օրինակ՝ ես սիրում եմ առավոտը շուտ վեր կենալ, իսկ նա սիրում է շատ ուշ քնել։ Երբ տրամադրությունը կտրուկ փոխվում է, չեմ կարողանում հասկանալ պատճառը։ Իսկ երբ ճաշ եմ եփում, ամեն ինչիս վրա խոսում է, հատկապես երբ խոհանոցի սրբիչով ձեռքերս եմ չորացնում»։

Կին. «Ամուսինս չխոսկան է, իսկ ես՝ հակառակը։ Հորս տանը բոլորս սիրում էինք խոսել, հատկապես սեղանի շուրջ։ Իսկ երբ ամուսինս ճաշ եփելիս նույն սրբիչով և՛ ձեռքերն է չորացնում, և՛ ափսեները, ափերից դուրս եմ գալիս։ Ինչո՞ւ է այդքան դժվար տղամարդկանց հասկանալը։ Ի՞նչ են անում ուրիշները, որպեսզի հաջող ամուսնություն ունենան»։

ԲԱԽՎԵ՞Լ ես նման խնդիրների քո ամուսնական կյանքում։ Գուցե կողակցիդ մեջ նոր թերություններ ես նկատում, որոնք չեն եղել մտերմության շրջանում։ Ի՞նչ պետք է անես, որպեսզի նվազագույնի հասցնես առօրյա խնդիրները (1 Կորնթացիներ 7։28

Մի՛ մտածիր, թե ամուսնանալով դու և կողակիցդ ինքնըստինքյան փորձառու ամուսիններ եք դարձել։ Նախքան ամուսնանալը հավանաբար մարդկային փոխհարաբերությունների հարցում որոշ արժեքավոր հմտություններ ես ձեռք բերել և մտերմության շրջանում դրանք ավելի ես բարելավել։ Սակայն ամուսնությունից հետո գուցե նկատես որոշ թերի կողմեր և տեսնես, որ անհրաժեշտ է նոր հմտություններ ձեռք բերել։ Հնարավո՞ր է՝ սխալներ թույլ տաս։ Իհա՛րկե հնարավոր է։ Իսկ կկարողանա՞ս նոր հմտություններ ձեռք բերել։ Անշո՛ւշտ։

Ցանկացած հմտություն բարելավելու համար ամենաարդյունավետ միջոցը այդ հարցում գիտակ մեկից խորհուրդ հարցնելն ու կիրառելն է։ Ամուսնության հարցում ամենագիտակ անձնավորությունը Եհովա Աստվածն է։ Չէ՞ որ նա է ստեղծել մեզ և ամուսնանալու ցանկությունը դրել մեր մեջ (Ծննդոց 2։22–24)։ Ուշադրություն դարձրու, թե նրա Խոսքը՝ Աստվածաշունչը, ինչպես կարող է օգնել քեզ հաղթահարելու դժվարությունները և ձեռք բերելու հմտություններ, որոնք անհրաժեշտ են ամուսնական կապը հարատև դարձնելու համար։

ԽՈՐՀՈՒՐԴ 1. ՍՈՎՈՐԻՐ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ

Խնդիր։

Քեյջի * անունով մի տղամարդ (Ճապոնիա)  երբեմն մոռանում էր, որ պետք է հաշվի առնի իր կնոջ կարծիքը։ Նա ասում է. «Երբ մեզ ինչ-որ տեղ էին հրավիրում, ես ընդունում էի հրավերը՝ առանց կնոջս հետ խորհրդակցելու։ Հետո իմանում էի, որ կնոջս հարմար չէ»։ Ալենը (Ավստրալիա) պատմում է. «Ես կարծում էի, թե որոշում կայացնելիս կնոջ հետ խորհրդակցելը տղամարդուն վայել չէ»։ Նա նման մտածելակերպ ուներ իր դաստիարակության պատճառով։ Իսկ Դայանը (Բրիտանիա) ասում է. «Որոշում կայացնելուց առաջ ես միշտ խորհրդակցել եմ իմ ընտանիքի հետ։ Դրա համար, երբ ամուսնացա, առաջինը նրանցից էի խորհուրդ հարցնում, ոչ թե իմ ամուսնուց»։

Լուծում։

Հիշիր, որ Եհովա Աստված ամուսնացած զույգին դիտում է որպես «մեկ մարմին» (Մատթեոս 19։3–6)։ Նրա աչքում ամուսնու և կնոջ միջև փոխհարաբերությունները մարդկանց միջև գոյություն ունեցող փոխհարաբերություններից ամենակարևորն են, իսկ որպեսզի դրանք ամուր լինեն, լավ հաղորդակցություն է անհրաժեշտ։

Ամուսինները շատ բան կարող են սովորել Եհովայից՝ քննելով, թե նա ինչպես խոսեց Աբրահամի հետ։ Այդ մասին կարող ես կարդալ Ծննդոց 18։17–33 համարներում։ Ուշադրություն դարձրու, թե ինչ երեք կերպերով Աստված պատվի արժանացրեց Աբրահամին. 1) հայտնեց նրան, թե ինչ է մտադիր անելու, 2) ուշադրությամբ լսեց Աբրահամին, երբ նա իր տեսակետն էր հայտնում, և 3) հնարավորության սահմաններում հաշվի առավ Աբրահամի կարծիքը։ Իսկ դու ի՞նչ կարող ես անել, որպեսզի ընդօրինակես Եհովային։

ՓՈՐՁԻՐ ՀԵՏԵՎՅԱԼԸ։ Երբ ինչ-որ հարցի մասին պետք է զրուցես կողակցիդ հետ, 1) բացատրիր, թե ինչպես կուզեիր վարվել տվյալ պարագայում, բայց դա ներկայացրու որպես առաջարկ, ոչ թե որպես արդեն կայացրած որոշում կամ ուլտիմատում, 2) խնդրիր, որ կողակիցդ հայտնի իր տեսակետը՝ գիտակցելով, որ նա իրավունք ունի տարակարծիք լինելու, և 3) խոհեմություն դրսևորելով՝ հնարավորության դեպքում ընդունիր նրա առաջարկը (Փիլիպպեցիներ 4։5

ԽՈՐՀՈՒՐԴ 2. ՍՈՎՈՐԻՐ ԼԻՆԵԼ ՆՐԲԱՆԿԱՏ

Խնդիր։

Հնարավոր է՝ սովորություն ունես կարծիքդ կտրուկ ձևով կամ աննրբանկատորեն հայտնելու։ Միգուցե դրա պատճառը քո ստացած դաստիարակությունն է, կամ էլ դա քո ազգին բնորոշ հատկանիշ է։ Օրինակ՝ Լիամը, որն այժմ ապրում է Եվրոպայում, ասում է. «Այնտեղ, որտեղ ես մեծացել եմ, մարդիկ ավելի կոպիտ են։ Ուստի երբեմն կտրուկ էի արտահայտվում, և կինս նեղանում էր։ Ես պետք է սովորեի ավելի մեղմ լինել»։

Լուծում։

Մի՛ ենթադրիր, որ քո հաղորդակցվելու կերպը կողակցիդ դուր կգա (Փիլիպպեցիներ  2։3, 4)։ Պողոս առաքյալը խորհուրդ տվեց մի միսիոների, որը կիրառելի է նաև նորապսակների դեպքում. «Տիրոջ ծառան չպետք է կռիվ անի, այլ պետք է բոլորի հանդեպ հեզահոգի լինի» (2 Տիմոթեոս 2։24)։ «Հեզահոգի» թարգմանված հունարեն բառը կարող է թարգմանվել նաև «նրբանկատ»։ Նրբանկատ մարդը տեսնում է ստեղծված իրավիճակի նրբությունները և զգուշությամբ ու մեղմությամբ է վարվում, որպեսզի ոչ ոքի չվիրավորի։

ՓՈՐՁԻՐ ՀԵՏԵՎՅԱԼԸ։ Եթե զայրացած ես կողակցիդ վրա, պատկերացրու, որ ոչ թե նրա հետ ես զրուցում, այլ քո լավ ընկերոջ կամ գործատիրոջ հետ։ Ի՞նչ տոնով կխոսես նրա հետ կամ ի՞նչ բառեր կընտրես։ Ապա մտածիր. մի՞թե կողակիցդ արժանի չէ, որ նրա հետ ավելի հարգալից կերպով ու նրբանկատորեն խոսես (Կողոսացիներ 4։6

ԽՈՐՀՈՒՐԴ 3. ՍՈՎՈՐԻՐ ԿԱՏԱՐԵԼ ՔՈ ՆՈՐ ԴԵՐԸ

Խնդիր։

Ամուսինը գուցե սկզբում իր գլխավորությունը ոչ ճիշտ ձևով գործադրի, կինն էլ գուցե սովոր չլինի նրբանկատորեն առաջարկներ անելու։ Օրինակ՝ Անտոնիոն (Իտալիա) ասում է. «Մեր ընտանիքում հայրս նախքան որոշում կայացնելը մորս հետ գրեթե չէր խորհրդակցում։ Դրա համար էլ, երբ ամուսնացա, սկզբում իշխում էի, կարծես տան միապետը լինեի»։ Իսկ Դեբին (Կանադա) ասում է. «Ամուսնուցս պահանջում էի ավելի կոկիկ լինել։ Բայց որքան շատ էի հրամայական տոնով խոսում նրա հետ, այնքան ավելի կամակոր էր դառնում»։

Ի՞նչ կարող է անել ամուսինը։

Որոշ տղամարդիկ կանանց հնազանդության մասին աստվածաշնչյան պատվերը շփոթում են ծնողներին հնազանդվելու վերաբերյալ երեխաներին տրված պատվերի հետ (Կողոսացիներ 3։20; 1 Պետրոս 3։1)։ Աստվածաշնչում ասվում է, որ «տղամարդը կթողնի իր հորն ու մորը և կմիանա իր կնոջը, և երկուսը մեկ մարմին կլինեն»։ Իսկ ծնողի ու երեխայի մասին երբեք նման բան չի ասվում (Մատթեոս 19։5)։ Երբ Եհովան ստեղծեց կնոջը, ասաց, որ նա իր ամուսնու լրացումը պետք է լինի (Ծննդոց 2։18)։ Սակայն նա երբեք նման բան չասաց երեխայի մասին։ Ի՞նչ ես կարծում՝ եթե ամուսինը  կնոջ հետ վերաբերվի այնպես, ինչպես երեխայի հետ, դրանով ցույց կտա՞, որ հարգում է ամուսնական կառույցը։

Աստծու Խոսքը հորդորում է ամուսնուն կնոջ հետ վարվել այնպես, ինչպես Հիսուսը՝ քրիստոնեական ժողովի հետ։ Կնոջդ համար ավելի հեշտ կլինի ընդունել քո գլխավորությունը, եթե 1) չակնկալես, որ նա անմիջապես կենթարկվի քեզ և կատարյալ հնազանդություն ցույց կտա, և 2) նրան սիրես քո անձի պես, նույնիսկ երբ դժվարությունների բախվեք (Եփեսացիներ 5։25–29

Ի՞նչ կարող է անել կինը։

Ընդունիր ամուսնուդ որպես Աստծու կողմից նշանակված գլուխ (1 Կորնթացիներ 11։3)։ Հիշիր, որ ամուսնուդ պատվելով՝ դու պատվում ես Աստծուն։ Իսկ եթե մերժես նրա գլխավորությունը, դրանով ցույց կտաս քո բացասական վերաբերմունքը ոչ միայն ամուսնուդ, այլև Աստծու և նրա պահանջների հանդեպ (Կողոսացիներ 3։18

Երբ խնդիր է ծագում, սովորիր խոսել միայն բուն խնդրի մասին, ոչ թե ամուսնուդ բնավորության գծերի։ Օրինակ՝ Եսթեր թագուհին ցանկանում էր, որ իր ամուսինը՝ Ասուերոս թագավորը, չեղյալ հայտարարի իր արձակած անարդար հրամանը։ Իր ամուսնուն քննադատելու փոխարեն՝ նա նրբանկատորեն խոսեց խնդրի մասին։ Արդյունքում՝ ամուսինն ընդունեց նրա առաջարկը և ճիշտ որոշում կայացրեց (Եսթեր 7։1–4; 8։3–8)։ Ամուսնուդ համար ավելի հեշտ կլինի սիրել քեզ, եթե 1) համբերես, մինչև նա կսովորի կատարել իր նոր դերը որպես ընտանիքի գլուխ, և 2) նրա հանդեպ հարգալից վերաբերմունք ցույց տաս, նույնիսկ երբ սխալվի (Եփեսացիներ 5։33

ՓՈՐՁԻՐ ՀԵՏԵՎՅԱԼԸ։ Փոխանակ կենտրոնանալու այն բանի վրա, թե ինչ փոփոխություններ կուզեիր աներ կողակիցդ՝ մտածիր, թե դու ինչ փոփոխություններ պետք է անես։ Ամուսի՛ն, եթե քո գլխավորությունը գործադրելիս կնոջդ ինչ-որ ձևով վիրավորես, հարցրու նրան, թե ինչ կարող ես անել ավելի լավ ամուսին դառնալու համար, ապա գրի առ նրա առաջարկը։ Կի՛ն, նույն խորհուրդը կարող ես կիրառել նաև դու, երբ զգում ես, որ ինչ-որ կերպ թերացել ես ամուսնուդ հանդեպ հարգանք դրսևորելու հարցում։

Ողջամիտ սպասելիքներ ունեցիր

Հարկավոր է ջանքեր թափել, որպեսզի սովորես ձեր փոխհարաբերություններում հավասարակշռված լինել և վայելել երջանիկ ամուսնություն։ Դա շատ նման է հեծանիվ քշել սովորելուն։ Սկզբում անհատը հաճախ ընկնում է։ Նմանապես, ամուսնական կյանքում անհնար է խուսափել սխալներից։

Երբեք մի՛ կորցրու հումորի զգացումդ։ Ընդունիր սխալդ և սովորիր ծիծաղել ինքդ քեզ վրա։ Միևնույն ժամանակ հաշվի առ կողակցիդ առաջարկները։ Ոչ մի առիթ բաց մի՛ թող նրան երջանկացնելու, հատկապես ամուսնության առաջին տարվա ընթացքում (Բ Օրինաց 24։5)։ Իսկ որ ամենակարևորն է, երկուսդ էլ թույլ տվեք, որ Աստծու Խոսքը առաջնորդի ձեզ։ Եթե այդպես վարվեք, ձեր ամուսնական միությունը տարեցտարի կամրանա։

^ պարբ. 9 Որոշ անուններ փոխված են։

ՀԱՐՑՐՈՒ ԻՆՔԴ ՔԵԶ

  • Առաջինը կողակցի՞ս հետ եմ խորհրդակցում որևէ հարցի շուրջ, թե՞ նախընտրում եմ ուրիշից խորհուրդ հարցնել։

  • Վերջին 24 ժամվա ընթացքում ի՞նչ եմ արել, որպեսզի ցույց տամ իմ սերն ու հարգանքը կողակցիս հանդեպ։

Իմացիր ավելին

Ինչպես լուծել ընտանեկան խնդիրները

Աստվածաշնչյան սկզբունքներն կարող են օգնել ձեզ խնդիրները լուծել սիրալից ու հարգալից կերպով։ Ուշադրություն դարձրեք չորս քայլի վրա։

Երջանիկ ամուսնություն ունենալու համար հետևեք Աստծու խորհուրդներին

Երկու պարզ հարցեր կօգնեն քեզ բարելավելու ամուսնական կյանքդ։