Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ԱՊՐԻԼ 2010

Աստվածաշունչն ամե՞ն բան է հայտնում Հիսուսի մասին

Աստվածաշունչն ամե՞ն բան է հայտնում Հիսուսի մասին

Հնարավո՞ր է, որ Հիսուսը մահացած չլինի Գողգոթայում, թեև Աստվածաշնչում գրված է, որ նա այնտեղ է մահացել։ Գուցե նա կենդանի է մնացել։ Գուցե ամուսնացել է Մարիամ Մագդաղենացու հետ և նրանից երեխաներ է ունեցել։ Կամ գուցե նա եղել է ճգնավոր և մերժել է երկրային կյանքի բոլոր հաճույքները։ Իսկ հնարավո՞ր է, որ նա սովորեցրած լինի բաներ, որոնք տարբերվում են այն ամենից, ինչ կարդում ենք Աստվածաշնչում։

ԱՅՍՊԻՍԻ կասկածները գլուխ են բարձրացրել վերջին տարիների ընթացքում։ Պատճառը մասամբ այն ֆիլմերն ու պատմվածքներն են, որ մեծ տարածում են գտել այսօր։ Բացի այս մտացածին պատմություններից, հրատարակվել են շատ գրքեր ու հոդվածներ, որոնք ընթերցողների ուշադրությունը կենտրոնացնում են պարականոն գրքերի վրա։ Պարականոն գրքերը գրվել են մ.թ. երկրորդից երրորդ դարերում և Հիսուսի մասին հայտնում են այն տեղեկությունները, որոնք իբր բաց են թողել ավետարանագիրները։ Արդյո՞ք դա այդպես է։ Կարո՞ղ ենք համոզված լինել, որ Աստվածաշունչը հայտնում է Հիսուսի մասին ողջ ճշմարտությունը։

 Այս և նմանատիպ հարցերի պատասխանները գտնելու համար օգտակար կլինի նկատի առնել երեք հիմնական հարցեր։ Առաջին՝ ովքե՞ր են եղել ավետարանագիրները, և ե՞րբ են գրվել Ավետարանները։ Երկրորդ՝ ովքե՞ր են կազմել Աստվածաշնչի կանոնական գրքերի ցուցակը և ինչպե՞ս։ Երրորդ՝ որտեղի՞ց են առաջ եկել պարականոն գրքերը, և ինչո՞վ են դրանք տարբերվում կանոնական գրքերից *։

Ե՞րբ են գրվել Քրիստոնեական Հունարեն Գրությունները և ո՞ւմ կողմից

Որոշ աղբյուրների համաձայն՝ Մատթեոսի Ավետարանը գրվել է Հիսուսի մահից 8 տարի անց՝ մոտ մ.թ. 41–ին։ Բայց գիտնականներից ոմանք կարծում են, թե այն ավելի ուշ է գրվել։ Սակայն բոլորն էլ ընդունում են, որ Քրիստոնեական Հունարեն Գրությունները գրվել են մ.թ. առաջին դարի ընթացքում։

Հիսուսի ժամանակակիցները, որոնք ականատես են եղել նրա կյանքին, մահվանը և հարությանը, դեռևս կենդանի էին այն ժամանակ, երբ գրվում էին Ավետարանները, ուստի կարող էին ստուգել դրանց ճշգրտությունը։ Նրանք կարող էին հեշտությամբ նկատել ցանկացած անճշտություն։ Աստվածաշնչագետ պրոֆեսոր Բրուսը նշում է. «Առաքյալների քարոզների ամենատպավորիչ կողմերից մեկն այն է, որ նրանք որպես փաստ վստահությամբ մատնանշում են իրենց ունկնդիրների ունեցած տեղեկությունները։ Նրանք ոչ միայն ասում են. «Մենք վկա ենք այս բաներին», այլև նշում են. «Ինչպես որ դուք ինքներդ էլ գիտեք» (Գործեր 2։22)»։

Պողոս առաքյալը հրաշքներ գործեց և նույնիսկ հարություն տվեց մահացածներին՝ փաստելով, որ գործում և գրում է Աստծու ոգու առաջնորդությամբ

Ովքե՞ր են գրել Քրիստոնեական Հունարեն Գրությունները։ Նրանցից ոմանք եղել են Հիսուսի 12 առաքյալներից։ Նրանք և մի քանի այլ գրողներ, օրինակ, Հակոբոսը, Հուդան, գուցե նաև Մարկոսը ներկա են եղել մ.թ. 33–ի Պենտեկոստեին, երբ կազմավորվեց քրիստոնեական ժողովը։ Բոլորը, այդ թվում նաև Պողոսը միաբանված էին և սերտորեն համագործակցում էին առաջին դարի քրիստոնեական ժողովի կառավարիչ մարմնի հետ, որը բաղկացած էր առաքյալներից ու երեցներից և գտնվում էր Երուսաղեմում (Գործեր 15։2, 6, 12–14, 22; Գաղատացիներ 2։7–10

Հիսուսը հանձնարարեց իր հետևորդներին շարունակել քարոզելու և աշակերտներ պատրաստելու գործը, որ սկսել էր ինքը (Մատթեոս 28։19, 20)։ Նա նաև ասաց. «Նա, ով լսում է ձեզ, ինձ էլ է լսում» (Ղուկաս 10։16)։ Հիսուսը նույնիսկ խոստացավ, որ Աստծու սուրբ ոգին՝ գործուն ուժը, կզորացնի իրենց՝ այդ գործն իրականացնելու համար։ Ուստի երբ սուրբ ոգով օծված առաջին դարի քրիստոնյաները ստացան իրենց համագործակիցների և առաքյալների կողմից գրված նամակներն ու գրքերը, ընդունեցին դրանք որպես հեղինակավոր գրքեր։

Աստվածաշնչի գրողներից ոմանք վկայել են, որ Սուրբ գրքի մաս կազմող մյուս գրքերը վստահելի են և ներշնչված են Աստծուց։ Օրինակ՝ Պետրոս առաքյալը խոսեց Պողոսի նամակների մասին և դրանք դասեց «մնացած Գրությունների» շարքը (2 Պետրոս 3։15, 16)։ Պողոսը նույնպես ասաց, որ առաքյալների և մյուս քրիստոնյաների մարգարեությունները ներշնչված են Աստծուց (Եփեսացիներ 3։5

Ուստի կարող ենք համոզված լինել, որ Ավետարաններում գրված են հավաստի և վստահարժան խոսքեր։ Դրանք առասպելներ և պատմվածքներ չեն։ Ավետարանների արձանագրությունները հիմնված են ականատեսների վկայության վրա և գրված են Աստծու սուրբ ոգով ներշնչված մարդկանց կողմից։

Ո՞վ կազմեց կանոնական գրքերի ցուցակը

Որոշ հեղինակներ նշում են, որ Քրիստոնեական Հունարեն Գրությունների կանոնին պատկանող գրքերի ցուցակը կազմվել է դրանց գրվելուց դարեր անց, երբ եկեղեցին հզոր ուժ էր և վերահսկվում էր Կոստանդին կայսեր կողմից։ Սակայն փաստերն այլ բան են ասում։

Նկատի առնենք, թե ինչ է ասել եկեղեցու պատմության պրոֆեսոր Օսկար Սկարսաունը. «Թե ո՛ր գրքերը պետք է ընդգրկվեին Նոր Կտակարանի գրքերի ցուցակի մեջ, երբեք չի որոշվել որևէ եկեղեցական խորհրդի կամ որևէ անձնավորության կողմից։.... Սկզբունքը շատ պարզ է. առաջին դարի ընթացքում առաքյալների կամ նրանց համագործակիցների կողմից գրված  գրքերը համարվել են ճշգրիտ ու վստահելի։ Իսկ այն գրքերը, նամակներն ու «ավետարանները», որ գրվել են ավելի ուշ, չեն ներառվել կանոնական գրքերի ցուցակի մեջ։ Այս պրոցեսը ամբողջությամբ ավարտված է եղել նախքան Կոստանդինը և այն ժամանակաշրջանը, երբ եկեղեցին հաստատվել էր որպես զորեղ ուժ։ Իրականում Նոր Կտակարանը [կանոնական գրքերը] մենք որպես ժառանգություն ստացանք վաղ եկեղեցուց, որի անդամները նահատակներ եղան, և ոչ թե այն եկեղեցուց, որը զորեղ ուժ էր»։

Պրոֆեսոր Կեն Բերդինգը, որը զբաղվում է Քրիստոնեական Հունարեն Գրությունների ուսումնասիրությամբ, կանոնական գրքերի ցուցակի ստեղծման մասին հետևյալն ասաց. «Եկեղեցին իր նախընտրությամբ չի կազմել կանոնական գրքերի ցուցակը, ավելի ճիշտ կլինի ասել, որ այն ընդունեց այդ գրքերը, քանի որ քրիստոնյաները դրանք միշտ համարել են Աստծու հեղինակավոր Խոսքը»։

Բայց արդյոք միայն առաջին դարի խոնարհ քրիստոնյանե՞րն են կազմել կանոնական գրքերը։ Աստվածաշունչը խոսում է մի կարևոր և ավելի զորեղ բանի մասին, որ գործում էր այդ ժամանակ։

Աստվածաշնչի համաձայն՝ ոգու պարգևներից մեկը, որ տրվեց քրիստոնեական ժողովին տասնամյակներ շարունակ, «ներշնչյալ խոսքերի ըմբռնողությունն» էր (1 Կորնթացիներ 12։4, 10)։ Քրիստոնյաներից ոմանց գերբնական կարողություն էր շնորհվել տարբերելու Աստծու կողմից ներշնչված խոսքերը այլ խոսքերից։ Ուստի այսօր քրիստոնյաները կարող են համոզված լինել, որ Աստվածաշնչի կանոնական գրքերը իրոք ներշնչված են։

Ակներևաբար, արդեն առաջին դարում սուրբ ոգու առաջնորդությամբ հաստատվել էին կանոնական գրքերը։ Մ.թ. 2–րդ դարի երկրորդ կեսին որոշ գրողներ խոսել են Աստվածաշնչի կանոնական գրքերի մասին։ Բայց նրանք ոչ թե որոշել են, թե որ գրքերն են համարվելու կանոնական, այլ պարզապես վկայել են այն գրքերի մասին, որոնք Աստված ընդունելի է համարել իր ներկայացուցիչների՝ սուրբ ոգով առաջնորդվողների միջոցով։

Հին ձեռագրերը նույնպես փաստում են, որ աստվածաշնչյան այն գրքերը, որ կանոնական են համարվում այսօր, կանոնական են համարվել նաև անցյալում։ Գոյություն ունեն Հունարեն Գրությունների ավելի քան 5 000 ձեռագրեր, որ գրված են բնագիր լեզվով։ Դրանց թվում կան այնպիսիները, որ թվագրվում են մ.թ. երկրորդ և երրորդ դարերով։ Հենց ա՛յս գրքերն են հեղինակավոր եղել վաղ դարերի ընթացքում և ոչ թե պարականոն գրքերը, ուստիև արտագրվել և լայն տարածում են գտել։

Բացի վերոհիշյալ փաստերից, գրքերն իրենք են վկայում, որ կանոնական են։ Այս գրքերը ներդաշնակ են Աստվածաշնչում գրված «առողջ խոսքերի օրինակին» (2 Տիմոթեոս 1։13)։ Նրանք մղում են ընթերցողներին սիրելու, երկրպագելու և ծառայելու Եհովային, նաև զգուշացնում են  հեռու մնալ սնոտիապաշտությունից, դիվապաշտությունից և ստեղծվածներին երկրպագելուց։ Նրանք պատմական տեսանկյունից ստույգ են, իսկ մարգարեությունները՝ ճշգրիտ։ Այդ գրքերը քաջալերում են մարդկանց սիրել միմյանց։ Այո՛, Քրիստոնեական Հունարեն Գրությունները կազմող գրքերը այսպիսի՛ առանձնահատկություններ ունեն։ Իսկ ի՞նչ կարող ենք ասել պարականոն գրքերի մասին։

Ինչո՞վ են տարբերվում պարականոն գրքերը

Պարականոն գրքերը բոլորովին տարբերվում են կանոնական գրքերից։ Դրանք գրվել են մոտավորապես երկրորդ դարի կեսերին, շատ ավելի ուշ քան կանոնական գրքերը։ Այն տեղեկությունները, որ դրանք հաղորդում են Հիսուսի և քրիստոնեության վերաբերյալ, ներդաշնակ չեն ներշնչյալ գրքերին։

Օրինակ՝ Թովմասի Ավետարանում, որը պարականոն գրքերից է, Հիսուսին վերագրվում են որոշ տարօրինակ մտքեր. իբր Հիսուսն ասել է, թե նա Մարիամին կդարձնի տղամարդ, որ վերջինս կարողանա մտնել երկնային Թագավորություն։ Իսկ «Քրիստոսի մանկությունը» Ավետարանում Թովմասը ներկայացնում է Հիսուսին որպես մի չար երեխայի, որը գիտակցաբար դարձել է մեկ ուրիշ երեխայի մահվան պատճառը։ «Պողոսի Գործերը» և «Պետրոսի Գործերը» գրքերում շեշտվում է սեռական հարաբերություններից բացարձակապես հրաժարվելու միտքը և նույնիսկ այն, որ առաքյալները ստիպում էին կանանց բաժանվել իրենց ամուսիններից։ Հուդայի Ավետարանում նշվում է, որ Հիսուսը ծիծաղեց իր աշակերտների վրա, որովհետև նրանք հացի համար աղոթեցին Աստծուն։ Այսպիսի մտքերը հակասում են կանոնական գրքերի տեղեկություններին (Մարկոս 14։22; 1 Կորնթացիներ 7։3–5; Գաղատացիներ 3։28; Եբրայեցիներ 7։26

Պարականոն շատ գրքերում արտահայտված են գնոստիկների հավատալիքները, ովքեր ասում են, թե Ստեղծիչը՝ Եհովան, բարի Աստված չէ։ Նրանք նաև հավատում են, որ հարության մասին փոխաբերական իմաստով է խոսվում, որ բոլոր ֆիզիկական մարմինները չար են և որ Սատանան է ամուսնությունն ու երեխաների ծնունդը հաստատել։

Աստվածաշնչում նշված մարդկանց համարում են մի շարք պարականոն գրքերի հեղինակներ, սակայն դա այդպես չէ։ Արդյոք նենգ դավադրության պատճառո՞վ են այս գրքերը հանվել Աստվածաշնչի կանոնական գրքերի շարքից։ Պարականոն գրքերի մասնագետ Մոնտագե Ջեյմսն ասում է. «Նման կասկած չկա, որ ինչ–որ մեկն է դրանք հանել Նոր Կտակարանից։ Այդ գրքերն իրենք են իրենց առանձնացրել»։

Աստվածաշնչի գրողները զգուշացրել էին հավատուրացության մասին

Կանոնական գրքերում կարդում ենք մի շարք զգուշացումներ այն մասին, որ շատ չանցած հավատուրացությունը ներխուժելու է քրիստոնեական ժողով։ Իրականում հավատուրացությունը գլուխ էր բարձրացրել դեռ առաջին դարում, բայց առաքյալները կանխում էին դրա տարածումը (Գործեր 20։30; 2 Թեսաղոնիկեցիներ 2։3, 6, 7; 1 Տիմոթեոս 4։1–3; 2 Պետրոս 2։1; 1 Հովհաննես 2։18, 19; 4։1–3)։ Առաքյալների գրքերը լույս են սփռում այն գրքերի վրա, որոնք տարածում գտան առաքյալների մահից հետո և որոնք հակասում են Հիսուսի ուսուցումներին։

Իհարկե, այս գրքերը շատ հին են և հարգված են գիտնականների և պատմաբանների կողմից։ Սակայն մտածիր. եթե գիտնականները հավաքեին սխալ տեղեկություններ պարունակող մի շարք գրվածքներ, որ տպվել են, օրինակ, բամբասանքներ պարունակող թերթերում և ծայրահեղական կրոնական հրատարակություններում, և դրանք կնքեին ու փակեին մի դամբարանում, արդյոք ժամանակի ընթացքում այդ գրվածները կդառնայի՞ն ճշգրիտ և վստահելի։ Արդյոք 1 700 տարի անց ստերն ու անհեթեթ գաղափարները կդառնայի՞ն ճշմարտություն, միայն այն պատճառով, որ դրանք շատ հին են։

Անշուշտ ո՛չ։ Նույնն է պարագան նաև պարականոն գրքերի վերաբերյալ, որոնք տարօրինակ տեղեկություններ են հաղորդում, ինչպես օրինակ՝ Հիսուսը ամուսնացել է Մարիամ Մագդաղենացու հետ։ Ուստի ի՞նչ հիմքեր ունենք վստահելու այն գրքերին, որոնք արժանահավատ չեն, հատկապես երբ մեր ձեռքի տակ ունենք ճշգրիտ տեղեկությունների աղբյուր։ Այն ամենն, ինչ Աստված ուզում է, որ իմանանք իր Որդու մասին, գրված է Աստվածաշնչում, մի գրքում, որն արժանահավատ է։

^ պարբ. 4 Կանոնական են համարվում աստվածաշնչյան այն գրքերը, որոնց ներշնչված լինելը ապացուցված է։ Այդ գրքերը 66–ն են։ Դրանցից յուրաքանչյուրը Աստծու Խոսքի անբաժանելի և պարտադիր մասն է կազմում։