Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՄԱՐՏ 2010

Աստվածաշունչը Աստծո՞ւ խոսքն է

Աստվածաշունչը Աստծո՞ւ խոսքն է

«Ամբողջ Գրությունը ներշնչված է Աստծուց և օգտակար է սովորեցնելու, հանդիմանելու, ուղղելու, արդարության մեջ խրատելու համար, որպեսզի Աստծու մարդը լիովին իրազեկ լինի, ամբողջովին պատրաստված՝ ցանկացած բարի գործի համար» (2 ՏԻՄՈԹԵՈՍ 3։16, 17

ՊՈՂՈՍ առաքյալն ի՜նչ հրաշալի կերպով է ընդգծում Աստվածաշնչի արժեքավոր լինելը։ Անշուշտ, նա գրում էր հատկապես Աստծու Խոսքի այն մասի վերաբերյալ, որը մատչելի էր իր օրերում, այսինքն՝ այն գրքերի մասին, որոնք մարդիկ կոչում են Հին Կտակարան։ Իրականում, սակայն, նրա խոսքերը հավասարապես կիրառելի է Աստվածաշնչի բոլոր 66 գրքերի համար, այդ թվում այն գրքերի, որոնք գրել են Հիսուսի հավատարիմ աշակերտներն առաջին դարում։

Իսկ դու բա՞րձր ես գնահատում Աստվածաշունչը։ Հավատո՞ւմ ես, որ այդ գիրքը գրողներն իսկապես ներշնչված են եղել Աստծուց։ Առաջին դարի քրիստոնյաները հավատում էին։ Իրականում ճշմարիտ քրիստոնյաները միշտ հավատացել են, որ այն Աստծու Խոսքն է։ 14–րդ դարի անգլիացի հոգևորական Ջոն Ուիքլիֆը, օրինակ, Աստվածաշունչը համարել է «ճշմարտության աղբյուր»։ Իսկ մի աստվածաշնչային բառարանում Պողոսի վերոնշյալ խոսքերի վերաբերյալ ասվում է, որ Աստծուց «ներշնչված լինելը երաշխիք է, որ այն, ինչ հայտնում է Աստվածաշունչը, ճշմարտություն է» (The New Bible Dictionary)։

Փոխվել է վերաբերմունքն Աստվածաշնչի հանդեպ

Այս վերջին ժամանակներում, ցավոք, մարդիկ ընդհանուր առմամբ կորցրել են վստահությունն Աստվածաշնչի հանդեպ։ «Աշխարհի կրոնները» գրքում նշվում է. «Բոլոր իրենց քրիստոնյա համարող մարդիկ թեորիապես ընդունում են Աստվածաշունչը որպես հեղինակություն, որ այն կարող է  առաջնորդել իրենց և ձևավորել իրենց համոզմունքները» (The World’s Religions)։ Իրականում, սակայն, պատկերն այլ է։ Այսօր շատ մարդիկ Աստծու Խոսքը համարում են «մարդկային ավանդույթների անվստահելի հավաքածու»։ Թեև ընդունում են, որ Աստվածաշնչի գրողները եղել են մեծ հավատի տեր մարդիկ, սակայն նրանց համարում են ընդամենը մեղավոր մարդիկ, ովքեր ջանք են թափել հոգևոր խոր ճշմարտությունները բացատրելու համար, բայց չեն ունեցել բավականաչափ գիտելիքներ ու այնքան լուսավորված չեն եղել, ինչպես մենք այսօր։

Մեր օրերում շատ քչերն են թույլ տալիս, որ Աստծու Խոսքն ազդի իրենց մտածելակերպի ու արարքների վրա։ Հաճախ ենք լսում, թե ինչպես են մարդիկ ասում, որ Աստվածաշնչի բարոյական չափանիշները հնացել են ու այլևս գործնական չեն։ Շատերն էլ կարևոր են համարում Աստվածաշնչի օրենքների և սկզբունքների մի մասը միայն, իսկ երբեմն նույնիսկ բոլորովին անտեսում են դրանք։ Իրենց քրիստոնյա համարող մարդիկ անգամ բացահայտորեն անտեսում են այն, ինչ Աստվածաշունչն ասում է պոռնկության, անբարոյության, անազնվության ու հարբեցողության մասին (1 Կորնթացիներ 6։9, 10

Ինչո՞ւ են նրանք այդպես տրամադրված Սուրբ գրքի հանդեպ։ 20–րդ դարի սկզբում հնագետ Չարլզ Մարսթոնը իր՝ «Աստվածաշունչը ճշմարիտ է» գրքում մատնանշեց պատճառներից մեկը։ Նա ասաց, որ մարդիկ շատ արագ «առանց առարկության ընդունում են ժամանակակից գրողների գաղափարները», ովքեր կասկածի տակ են դնում Աստվածաշնչի վավերականությունը (The Bible Is True)։ Իսկ մեր օրերո՞ւմ էլ է այդպես։ Ի՞նչ տեսակետ պիտի ունենաս աստվածաշնչագետների կարծիքների ու թեորիաների վերաբերյալ, որոնք անվստահություն են ներշնչում Աստծու Խոսքի հանդեպ։ Հաջորդ հոդվածում կխոսվի այս մասին։