Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՓԵՏՐՎԱՐ 2010

 Սովորեցրեք ձեր երեխաներին

Ռեբեկան ուզում էր արժանանալ Եհովայի հաճությանը

Ռեբեկան ուզում էր արժանանալ Եհովայի հաճությանը

ԱՅՍՕՐ շատերն են կրում այս անունը։ Իսկ դու Ռեբեկա անունով ընկերուհի ունե՞ս *։— Գիտե՞ս, որ այս անունով մի աղջիկ ապրել է աստվածաշնչային ժամանակներում։ Ի՞նչ գիտես նրա մասին։— Մենք շատ բան կարող ենք սովորել նրանից։ Ընդօրինակելով նրան՝ կարող ենք ծառայել ճշմարիտ Աստծուն՝ Եհովային։

Աստվածաշնչում նշվում է, որ Ռեբեկան երկրորդ կինն էր, որը դարձավ Եհովայի ծառան։ Իսկ գիտե՞ս, թե ով էր առաջին կինը։— Սառան՝ Աբրահամի կինը։ Տարեց հասակում Սառան մի որդի ունեցավ, որի անունը Իսահակ դրեց։ Հիմա եկ տեսնենք, թե ինչպես Ռեբեկան ստացավ Եհովայի հաճությունը և ինչպես հանդիպեց Իսահակին։

Արդեն 60 տարի էր անցել այն բանից, երբ Աստված Աբրահամին ու Սառային Խառանից ուղարկել էր Քանանի երկիր։ Նրանք շատ ծեր էին և երեխաներ չունեին, սակայն Աստված խոստացավ, որ մի որդի կունենան և նրա անունը Իսահակ կդնեն։ Պատկերացնո՞ւմ ես, թե ինչքան շատ էին սիրում Իսահակին նրա ծնողները։ Իսկ երբ Սառան մահացավ 127 տարեկանում, նրա տղան՝ Իսահակը արդեն հասուն տղամարդ էր։ Նա մեծ ցավ ապրեց, երբ կորցրեց իր մորը։ Աբրահամը չէր ուզում, որ Իսահակը ամուսնանա քանանացի աղջկա հետ, քանի որ քանանացիները չէին պաշտում Եհովային։ Այդ պատճառով նա իր ծառա Եղիազարին ուղարկեց իր ազգակիցների երկիր՝ Խառան, որպեսզի Իսահակի համար կին ընտրի։ Խառանը ավելի քան 800 կիլոմետր հեռու էր (Ծննդոց 12։4, 5; 15։2; 17։17, 19; 23։1

Եղիազարը տասը ուղտ և հարսնացուի համար նվերներ վերցրեց ու ճանապարհ ընկավ։ Երբ հասավ  Խառան, կանգ առավ մի ջրհորի մոտ։ Նա գիտեր, որ կեսօրին մարդիկ գալիս են ջուր տանելու իրենց կենդանիների ու ընտանիքի համար։ Եղիազարը աղոթեց Եհովային, որ այն աղջիկը, ումից նա ջուր կխնդրի ու այդ աղջիկը կպատասխանի՝ «խմիր և քո ուղտերին էլ կխմեցնեմ», հենց նա էլ կլինի Իսահակի հարսնացուն։

Հենց այդպես էլ եղավ։ Ռեբեկան, որը «շատ գեղեցիկ» աղջիկ էր, եկավ ջրհորի մոտ։ Երբ Եղիազարը ջուր խնդրեց, նա պատասխանեց. «Ուղտերիդ համար էլ ջուր կքաշեմ»։ Մինչ Ռեբեկան վազում էր ջրհորի մոտ ջուր հանելու, Եղիազարը զարմացած նայում էր նրան։ Մի պահ պատկերացրու։ Տասը ծարավ ուղտի ջուր տալու համար Ռեբեկան պետք է 1 000 լիտր ջուր հաներ ջրհորից։

Եղիազարը գեղեցիկ նվերներ տվեց Ռեբեկային ու հարցուփորձ անելով իմացավ, որ նա Աբրահամի բարեկամ Բաթուելի աղջիկն է։ Ռեբեկան Եղիազարին ու նրա ուղեկիցներին իրենց տուն հրավիրեց ու ասաց, որ կարող են իրենց տանը գիշերել։ Այնուհետև տուն վազելով՝ գնաց ու տնեցիներին պատմեց, որ Աբրահամը Քանանից մարդիկ է ուղարկել իր բարեկամների մոտ։

Երբ Ռեբեկայի եղբայրը՝ Լաբանը, տեսավ, որ իր քույրը թանկարժեք նվերներ է ստացել ու իմացավ, թե ով է Եղիազարը, նրան ներս կանչեց ու հրավիրեց ճաշի։ Բայց Եղիազարն ասաց. «Չեմ ուտի, մինչև որ իմ խոսքերը չասեմ»։ Նա բացատրեց, թե ինչու է Աբրահամը իրեն ուղարկել Խառան։ Բաթուելը, նրա կինը և Լաբանը ուրախացան ու համաձայնվեցին, որ Ռեբեկան ամուսնանա Իսահակի հետ։

Դրանից հետո Եղիազարը և նրա ուղեկիցները կերան ու խմեցին և գիշերն այնտեղ անցկացրին։ Առավոտյան Եղիազարն ասաց. «Ինձ ճանապարհ դրեք դեպի իմ տերը»։ Բայց Ռեբեկայի մայրն ու եղբայրը ուզում էին, որ այդ մարդիկ «տասը օր» էլ մնային իրենց տանը։ Եղիազարը չհամաձայնվեց։ Ուստի կանչեցին Ռեբեկային ու հարցրին նրան, թե արդյոք ուզում է գնալ Եղիազարի հետ։ Ռեբեկան անմիջապես պատասխանեց՝ կգնամ։ Եվ Եղիազարի հետ ճանապարհ ընկավ։ Ռեբեկան դարձավ Իսահակի կինը (Ծննդոց 24։1–58, 67

Քո կարծիքով՝ հե՞շտ էր Ռեբեկայի համար թողնել իր ընտանիքին ու ընկերներին և գնալ հեռու երկիր՝ իմանալով, որ գուցե երբեք էլ չտեսնի նրանց։— Իհարկե, հեշտ չէր։ Սակայն նա օրհնվեց, քանի որ ուզում էր Եհովայի հաճությանն արժանանալ։ Նա դարձավ մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի նախամայրը։ Եթե Ռեբեկայի նման մենք էլ ենք ուզում անել այն, ինչ հաճելի է Եհովային, ապա առատ օրհնություններ կստանանք Աստծուց (Հռոմեացիներ 9։7–10

^ պարբ. 3 Եթե ընթերցում եք երեխայի հետ, ալիքաձև նշանը հիշեցնում է, որ պետք է դադար տալ և քաջալերել երեխային արտահայտվել։