Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան  |  Օգոստոս 2009

 Սովորեցրեք ձեր երեխաներին

Ռախաբը լսում է լուրը

Ռախաբը լսում է լուրը

ԵԿԵՔ մտովի 3 500 տարի հետ գնանք ու պատկերացնենք, թե Երիքով քաղաքում ենք՝ Քանանի երկրում։ Այս քաղաքում է ապրում Ռախաբ անունով մի կին։ Նա ծնվել է այն դեպքից հետո, երբ Մովսեսը ազատեց իսրայելացիներին Եգիպտոսի գերությունից, Կարմիր ծովի միջով հրաշքով անցկացրեց նրանց ու դուրս բերեց ցամաք։ Այդ երկրում չկար ռադիո, հեռուստացույց և Ինտերնետ, բայց Ռախաբը լսել էր այս հրաշքի մասին, թեև դա տեղի էր ունեցել իր ապրած վայրից շատ հեռու։ Գիտե՞ս, թե ինչպես էր նա դա իմացել~ *։

Անկասկած, ճանապարհորդներն էին պատմել այս հրաշքի մասին։ Ու թեև Ռախաբն արդեն մեծացել էր, բայց չէր մոռացել, թե ինչ էր Եհովան արել իր ժողովրդի համար։ Հետո նա ուրիշ զարմանալի բաներ էլ իմացավ իսրայելացիների մասին։ Անապատում 40 տարի ապրելուց հետո նրանք մտել էին Քանան, և Աստված օգնել էր իսրայելացիներին՝ հաղթելու բոլոր թշնամիներին։ Հիմա Ռախաբն իմացել է, որ իսրայելացիները բանակ են դրել Հորդանան գետի երկայնքով՝ Երիքովի մոտակայքում։

Մի երեկո երկու օտարական գալիս են Ռախաբի մոտ։ Նրանք գիտեն, որ այդ կինն աշխատում է այնպիսի տեղում, որտեղ մարդիկ կարող են գիշերել։ Նա այդ տղամարդկանց ներս է հրավիրում։ Գիշերվա ընթացքում Երիքովի թագավորը տեղեկանում է, որ իսրայելացի լրտեսներ են եկել և կանգ են առել Ռախաբի տանը։ Ուստի նա իր մարդկանց ուղարկում է Ռախաբի մոտ, որպեսզի նրան ասեն, որ այդ մարդկանց դուրս բերի։ Գիտե՞ս, թե մինչ այդ ինչ էր իմացել Ռախաբը և ի՞նչ էր արել~։

Նախքան թագավորի պատգամաբերների գալը Ռախաբը իմացել էր, որ իր տուն եկած մարդիկ լրտեսներ են, ուստի նրանց թաքցրել էր տանիքում։ Հիմա նա թագավորի ուղարկած մարդկանց ասում է. «Այն մարդիկ եկան ինձ մոտ.... Եվ դռների փակելու ժամանակ մութ էր՝ այն մարդիկ դուրս եկան.... շուտով նրանց ետևից ընկեք»։

Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ Ռախաբը թաքցրեց լրտեսներին~։ Նա բացատրեց՝ ասելով նրանց. «Ես գիտեմ, որ Տերը այս երկիրը ձեզ է տվել.... Որովհետև մենք լսեցինք, թե ինչպես Տերը Կարմիր ծովի ջրերը ձեր առաջից ցամաքեցրեց ձեր Եգիպտոսից դուրս եկած ժամանակ»։ Ռախաբը նաև գիտեր, որ Աստված օգնել էր Իսրայելին՝ հաղթելու իրենց թշնամիներին։

 Եհովային դուր եկավ, որ Ռախաբը պաշտպանեց լրտեսներին։ Այդ մասին մեզ հայտնում է Եբրայեցիներ 11։31–ը։ Նրան դուր եկավ նաև այն, թե ինչ ասաց Ռախաբը լրտեսներին. «Տերով երդում արեք ինձ, որ ես ձեզ ողորմություն եմ արել, և դուք էլ ողորմություն կանեք իմ հոր տանը, .... որ իմ հորը, մորը, իմ եղբայրներին, քույրերին ողջ կթողեք»։ Լրտեսները խոստացան նրան այդպես անել, եթե նա հետևի իրենց հրահանգներին։ Գիտե՞ս, թե ինչ հրահանգներ էին դրանք~։

Լրտեսներն ասացին նրան. «Դու այս կարմիր դերձանի չվանը այն պատուհանի վրա կապես, որտեղից որ մեզ իջեցրիր. և քո հայրը, մայրը, եղբայրները և քո հոր բոլոր տունը քեզ մոտ այս տունը ժողովես»։ Ռախաբն արեց ճիշտ այնպես, ինչպես նրան պատվիրեցին լրտեսները։ Ի՞նչ եղավ հետո~։

Իսրայելացիները հավաքվեցին Երիքովի պարիսպների մոտ։ Վեց օր շարունակ մեկ անգամ նրանք լուռ պտտվում էին քաղաքի շուրջ։ Իսկ յոթերորդ օրը նրանք յոթ անգամ պտտվեցին ու մեծ աղմուկ բարձրացրին։ Քաղաքի պարիսպները վայր ընկան։ Բայց այն տունը, որի պատուհանից կարմիր պարան էր կախված, չփլվեց։ Ռախաբը ու իր ընտանիքը փրկվեցին (Յեսու 2։1–24; 6։1–5, 14, 15, 20–25

Ի՞նչ կարող ենք սովորել Ռախաբից~։ Նա ոչ միայն լսել էր այն մասին, թե ինչեր է Աստված արել իսրայելացիներին պաշտպանելու համար, այլև երբ հնարավորություն ունեցավ, օգնեց նրանց։ Այո՛, Ռախաբը վճռեց ծառայել Եհովային նրա ժողովրդի հետ։ Իսկ դու կվարվե՞ս այդպես~։ Մենք կաղոթենք, որ դու էլ վճռես ծառայել Եհովային։

^ պարբ. 3 Եթե ընթերցում եք երեխայի հետ, ալիքաձև նշանը [~] հիշեցնում է, որ պետք է դադար տալ և քաջալերել երեխային արտահայտվել։