Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՄԱՅԻՍ 2009

 Ընտանեկան երջանկության բանալին

Պատանեկությունից չափահասություն

Պատանեկությունից չափահասություն

«Մի ժամանակ մեծ բավականություն էի ստանում, երբ շփվում էի տղաներիս հետ։ Նրանք ուշադրությամբ լսում էին և միանգամից համաձայնվում ինձ հետ։ Իսկ այժմ ամեն հարցի շուրջ տարաձայնություններ ենք ունենում։ Նրանք նույնիսկ չեն ուզում ժողովների գնալ, Աստվածաշունչ կարդալ։ Հաճախ հեգնանքով ասում են. «Ի՞նչ է, նորից Աստվածաշնչի՞ց ենք խոսելու»։ Շատ ընտանիքներում եմ նման բաներ տեսել, բայց մտքովս երբեք չի անցել, որ նույն խնդիրները կարող են լինել իմ ընտանիքում» (Ռեջի) *։

ԻՆՉ խոսք, պատանեկությունը երեխայի կյանքի ամենահրաշալի շրջանն է։ Սակայն ծնողների համար այդ տարիները կարող են բազում մտահոգությունների և խնդիրների պատճառ դառնալ։

  • Երբ ձեր երեխան դեռ փոքր էր, նա ասես մի նավակ լիներ՝ կապված նավամատույցին, այսինքն՝ ձեզ։ Իսկ այժմ նա պատանի է ու փորձում է քանդել պարանը՝ ծով դուրս գալու համար, և ձեզ թվում է, թե այդ նավակում դուք տեղ չունեք։

  • Ձեր աղջիկը մի ժամանակ ամեն բան պատմում էր ձեզ։ Իսկ այժմ նա ունի իր շրջապատը, որի մեջ դուք չկաք։

Եթե երեխայի հետ ձեր հարաբերություններն այսպիսին են, մի շտապեք եզրակացնել, որ նա ըմբոստ է և անուղղելի։ Այդ դեպքում ի՞նչ է կատարվում իրականում և ի՞նչ է անհրաժեշտ անել պատանեկության տարիներին։

Նոր սկիզբ

Ծնվելու պահից երեխայի կյանքում ամեն ինչ առաջին անգամ է լինում. առաջին քայլեր, առաջին բառեր, դպրոցի առաջին օր և այլն։ Սակայն երբ երեխան հասնում է պատանեկության, ծնողները հասկանում են, որ նա մեծանում է։

Եվ զարմանալի չէ, որ որոշ ծնողների համար պատանեկությունը, որը նոր շրջանի սկիզբ է, բազում մտահոգությունների առիթ է դառնում։ Ինչ խոսք, հասկանալի է նրանց անհանգստությունների պատճառը. հնազանդ երեխան դարձել է անճանաչելի։ Այդուհանդերձ, պատանեկությունը մեծ դեր ունի երեխայի ձեվավորման հարցում։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։

Աստվածաշունչը նշում է, որ գալիս է մի օր, երբ «մարդը թողնում է իր հորը և մորը» (Ծննդոց 2։24)։ Ուստի պատանեկության շրջանում ծնողներն իրենց տղային կամ աղջկան պետք է պատրաստեն ինքնուրույն կյանքի։ Եթե այդպես վարվեն, երեխաները հետագայում կկարողանան ասել. «Երբ մանուկ էի, մանկան պես էի խոսում, մանկան պես էի մտածում, մանկան պես էի տրամաբանում, բայց հիմա, երբ տղամարդ դարձա, այդ մանկական բաներին վերջ տվեցի» (1 Կորնթացիներ 13։11

Իրականում ձեր երեխան պատանեկության տարիներին սովորում է ինքնուրույն լինել. նա հետևում է թողնում մանկությունը, դառնում է հասուն անձնավորություն, որը կարող է ապրել առանձին՝ վստահելով իր ուժերին։ Մի աշխատությունում նշվում է, որ պատանեկությունը այն շրջանն է, երբ երեխաները պատրաստվում են հրաժեշտ տալու իրենց ծնողներին։

 Փաստորեն, ձեր «փոքրիկ» երեխան հեռանալու է տանից ու առանձին է ապրելու, ուստի տեղին կլինի, որ մի շարք հարցեր ուղղեք ձեզ, օրինակ՝

  • «Եթե տղաս իր սենյակը մաքուր չի պահում, ապա ինչպե՞ս կարող է տուն պահել»։

  • «Եթե աղջիկս կազմակերպված չէ, ինչպե՞ս վստահելի աշխատող կդառնա»։

Եթե վերոնշյալ հարցերը մտահոգում են ձեզ, հիշեք, որ երեխան միանգամից չի դառնում ինքնուրույն, դրա համար տարիներ են հարկավոր։ Անշուշտ, դուք գիտեք, որ «յիմարութիւնը կապուած է երեխայի սրտին» (Առակաց 22։15

Սակայն եթե երեխան ճիշտ առաջնորդություն ստանա պատանեկության շրջանում, հավանականությունը մեծ կլինի, որ նա կդառնա պատասխանատվության զգացում ունեցող մարդ, որն «իր ըմբռնողականությունը գործի դնելու միջոցով այն կմարզի ճիշտն ու սխալը զանազանելու համար» (Եբրայեցիներ 5։14

Ինչպես հասնել հաջողության

Կարո՞ղ եք ավելի շատ ազատություն տալ ձեր երեխային, եթե նա պատասխանատվությամբ է վերաբերվում հարցերին

Ուրեմն որպեսզի ձեր երեխան հասուն անձնավորություն դառնա և ինքնուրույն ճիշտ որոշումներ կայացնի, դուք պետք է օգնեք նրան գործի դնելու իր «բանականությունը» (Հռոմեացիներ 12։1, 2)։ Այս հարցում ձեզ կօգնեն աստվածաշնչային հետևյալ սկզբունքները։

Փիլիպպեցիներ 4։5. «Թող ձեր խոհեմությունը հայտնի լինի»։ Ենթադրենք՝ երեխան խնդրում է ձեզ, որ սահմանված ժամից ավելի ուշ վերադառնա տուն։ Դուք անմիջապես մերժում եք նրան։ Երեխան սկսում է տրտնջալ ու ասել. «Դու ինձ հետ փոքր երեխայի պես ես վարվում»։ Ու եթե դուք ասեք՝ «դու հենց փոքր երեխայի պես ես քեզ պահում», տեղին չի լինի։ Հիշեք. պատանիները ձգտում են ազատ լինել, իսկ ծնողները հակված են սահմանափակելու երեխայի ազատությունը։ Թերևս ժամանակ առ ժամանակ զիջումների գնաք։ Փորձեք հասկանալ ձեր երեխային։

ՓՈՐՁԵՔ ՀԵՏԵՎՅԱԼԸ։ Որոշեք, թե որ հարցերում կարող եք ավելի շատ ազատություն տալ երեխային։ Այնուհետև բացատրեք նրան, որ դուք համաձայն եք մի պայմանով. նա պիտի պատասխանատվությամբ վերաբերվի այն բանին, որ իրեն վստահել են։ Ու եթե այդպես վարվի, ժամանակի ընթացքում ավելի շատ հարցերում կվստահեն իրեն, հակառակ դեպքում՝ կկորցնի վստահությունը (Մատթեոս 25։21

Կողոսացիներ 3։21. «Հայրե՛ր, մի՛ բարկացրեք ձեր երեխաներին, որ նրանք չվհատվեն»։ Որոշ ծնողներ փորձում են ամեն ինչում վերահսկել երեխային ու այդպիսով ընկնում են ծայրահեղության մեջ. սկսում են հետևել նրան, որոշում են, թե ում հետ ընկերություն անի, գաղտնի ականջ են դնում, երբ հեռախոսով զրուցում է իր ընկերոջ հետ։ Սակայն այդպես վարվելը սովորաբար դրական արդյունք չի բերում։ Եթե ճնշեք երեխային, նա ավելի շատ կձգտի ազատության, եթե անընդհատ քննադատեք նրա ընկերներին, ավելի շատ կշփվի նրանց հետ, եթե գաղտնի լսեք նրա խոսակցությունները, նա կարող է այլ միջոցներ փնտրել ընկերների հետ շփվելու համար։ Որքան շատ փորձեք վերահսկել երեխային, այնքան նա ավելի շատ կձգտի դուրս գալ ձեր հսկողությունից։ Ի վերջո, եթե երեխան պատանեկան տարիներին չսովորի որոշումներ կայացնել ինքնուրույն, ապա հետագայում դժվարություններ կունենա լուրջ խնդիրներ հաղթահարելիս։

ՓՈՐՁԵՔ ՀԵՏԵՎՅԱԼԸ։ Երեխայի հետ զրուցելիս օգնեք նրան տրամաբանելու և մտածելու, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ իր որոշումները։ Ընկերներին քննադատելու փոխարեն՝ կարող եք հարցնել նրան. «Ի՞նչ ես կարծում, ի՞նչ կլինի, եթե օրենքը խախտելու համար [այսինչը] ձերբակալվի։ Մարդիկ ի՞նչ կասեն քո մասին»։ Փորձիր բացատրել նրան, որ այդպիսի ընկերությունը կարող է կա՛մ վատ, կա՛մ լավ ազդեցություն ունենալ իր հեղինակության վրա (Առակաց 11։17, 22; 20։11

 Եփեսացիներ 6։4. «Մի՛ զայրացրեք ձեր երեխաներին, այլ դաստիարակե՛ք նրանց Եհովայի խրատով և նրա մտածելակերպը նրանց մեջ սերմանելով»։ «Մտածելակերպը նրանց մեջ սերմանել» նշանակում է տեղեկություն հաղորդելուց ավելին անել։ Ծնողները պետք է երեխայի մտածելակերպը ձևավորեն այնպես, որ նա իր սովորածի համաձայն վարվի։ Անդրե անունով մի հայր ասում է. «Երեխաների մեծանալուն զուգընթաց ծնողները պետք է փոխեն իրենց մոտեցումը. հրահանգներ տալու փոխարեն՝ տրամաբանեն նրանց հետ» (2 Տիմոթեոս 3։14

ՓՈՐՁԵՔ ՀԵՏԵՎՅԱԼԸ։ Թող երեխան ծնողի դեր տանի, իսկ դուք՝ երեխայի։ Հարցրեք նրան, թե ինչ խորհուրդ կտար ձեզ այն հարցի վերաբերյալ, որն իրեն է մտահոգում։ Հորդորիր նրան փնտրտուքներ անել և հիմնավորել իր խորհուրդները։ Այնուհետև ձևացրու, թե համաձայն չես։ Շաբաթվա ընթացքում նույն հարցը նորից քննարկեք։

Գաղատացիներ 6։7. «Մարդ ինչ որ ցանում է, այն էլ կհնձի»։ Երեխային կարելի է սովորեցնել պատժելով. օրինակ՝ թույլ չտալ, որ նա դուրս գա իր սենյակից։ Կամ էլ զրկել նրան իր սիրած զբաղմունքից։ Սակայն երբ երեխան պատանի է դառնում, պետք է թողնեք, որ նա՛ կրի իր արարքի վատ հետևանքները (Առակաց 6։27

ՓՈՐՁԵՔ ՀԵՏԵՎՅԱԼԸ։ Եթե պատանին պարտքեր ունի, մի՛ վճարեք նրա փոխարեն, իսկ եթե վատ գնահատական է ստացել, ուսուցչի առաջ մի՛ արդարացրեք նրան։ Թույլ տվեք, որ ի՛նքը կրի իր արածի հետևանքները։ Միայն այդ դեպքում նա դաս կքաղի և երկար ժամանակ կհիշի կատարվածը։

Ինչ խոսք, դուք շատ կուզեիք, որ ձեր երեխայի պատանեկությունը առանց խնդիրների ընթանա։ Սակայն նման բան հազվադեպ է լինում։ Այդուհանդերձ, հիշեք, որ դուք հնարավորություն ունեք պատանեկության շրջանում «կրթելու երեխային իր ճանապարհին համեմատ» (Առակաց 22։6)։ Աստվածաշնչի սկզբունքները լավ հիմք են, որի վրա դո՛ւք, ծնողնե՛ր, կարող եք կառուցել ձեր երեխայի երջանիկ ապագան։

^ պարբ. 3 Անունը փոխված է։

ՀԱՐՑՐԵՔ ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ...

Երբ ժամանակը գա, որ երեխաս ինքնուրույն ապրի, կկարողանա՞

  • շարունակել իր հոգևոր գործունեությունը,

  • ճիշտ ընտրություն կատարել և ողջամիտ որոշումներ կայացնել,

  • լավ փոխհարաբերություններ ունենալ ուրիշների հետ,

  • հոգ տանել իր առողջության մասին,

  • տնօրինել իր փողը,

  • տունը մաքուր պահել,

  • նախաձեռնող լինել

Իմացիր ավելին

Պատրա՞ստ եմ առանձին ապրելու

Ինչպե՞ս կարող ես իմանալ, թե իրականում պատրաստ ես ինքնուրույն ապրելու։ Երեք կարևոր հարց կօգնեն քեզ գտնել պատասխանը։

Ինչպիսի՞ն է իսկական տղամարդը

Ի՞նչ է նշանակում լինել «իսկական տղամարդ», և ինչպե՞ս դու կարող ես այդպիսին լինել՝ անկախ քո հանգամանքներից։

Ինչպես կանոններ սահմանել պատանիների համար

Ի՞նչ կարող ես անել, եթե քո դրած կանոնները շարունակ զայրացնում են երեխայիդ։