Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐ 2008

 Սովորեցրեք ձեր երեխաներին

Ինչո՞ւ Դավիթը չէր վախենում

Ինչո՞ւ Դավիթը չէր վախենում

ԴՈՒ ԵՐԲԵՎԷ վախեցե՞լ ես։ * Մեզնից շատերը նման զգացում ունենում են։ Իսկ եթե ինչ–որ բանից կամ ինչ–որ մեկից վախենում ես, ի՞նչ կարող ես անել։ Կարող ես օգնության համար դիմել հայրիկին կամ մայրիկին։ Ե՛կ տեսնենք, թե Դավիթը ում դիմեց. «Քեզ կհուսամ.... Աստծուն եմ հուսացած՝ չեմ վախենա»։ Մենք շատ բան կարող ենք սովորել նրանից։ (Սաղմոս 56։3, 4

Ի՞նչ ես կարծում, Դավիթը ումի՞ց էր սովորել անվախ լինել։ Իր ծնողների՞ց։ Այո՛, հավանաբար նրանցից։ Նրա հայրը՝ Հեսսեն, եղել է «Խաղաղության Իշխանի»՝ Հիսուս Քրիստոսի նախահայրը (Եսայիա 9։6; 11։1–3, 10)։ Իսկ Հեսսեի հայրը՝ Դավթի պապը, Ովբեդն էր։ Աստվածաշնչում կա մի գիրք, որը կոչվում է Ովբեդի մոր անունով։ Գիտե՞ս նրա մոր անունը։ Այդ կինը Հռութն է, իսկ նրա ամուսնու անունը Բոոս է (Հռութ 4։21, 22

Երբ Դավիթը ծնվեց, Հռութն ու Բոոսը վաղուց արդեն մահացած էին։ Հավանաբար գիտես Բոոսի մոր՝ Դավթի նախատատի անունը։ Նա ապրում էր Երիքով քաղաքում։ Այդ կինը փրկեց իսրայելացի լրտեսներին թշնամիների ձեռքից։ Երբ Երիքովի պարիսպներն ընկան, ու քաղաքը կործանվեց, նրա ընտանիքը փրկվեց, քանի որ պատուհանից կարմիր թել կար կախված։ Ի՞նչ է այդ կնոջ անունը։ Ռախաբ։ Նա դարձավ Եհովայի ծառան։ Ռախաբը քաջություն դրսևորելու լավ օրինակ է (Յեսու 2։1–21; 6։22–25; Եբրայեցիներ 11։30, 31

Մենք կարող ենք վստահ լինել, որ Դավթի հայրն ու մայրը պատմել են նրան այս բոլոր հավատարիմ մարդկանց մասին, քանի որ ծնողներին պատվեր էր տրված այսպիսի բաներ սովորեցնել իրենց երեխաներին (Բ Օրինաց 6։4–9)։ Տարիներ անցան։ Դավիթը մեծացավ։ Աստված առաջնորդեց Սամուել մարգարեին, որ նա գնար ու Հեսսեի ամենափոքր որդուն՝ Դավթին, Իսրայելի ապագա թագավոր օծեր (Ա Թագաւորաց 16։4–13

Մի օր Հեսսեն Դավթին խնդրում է կերակուր տանել իր ավագ եղբայրների համար, որոնք պատերազմում էին Աստծու թշնամիների՝ փղշտացիների դեմ։ Երբ Դավիթը տեղ է հասնում, վազում է դեպի պատերազմի դաշտ ու լսում է, թե ինչպես է հսկա Գողիաթը ծաղրում «կենդանի Աստծու զորքերին»։ Բոլորը վախենում են և չեն ուզում Գողիաթի հետ կռվել։ Սավուղ թագավորը  լսում է, որ Դավիթը պատրաստ է կռվելու, ուստի կանչում է նրան իր մոտ։ Ու երբ տեսնում է Դավթին, ասում է. «Դու երիտասարդ ես»։

Դավիթը պատմում է, որ սպանել է թե՛ առյուծ, թե՛ արջ՝ իրենց ոչխարներին պաշտպանելու համար, և ասում է Սավուղին, որ Գողիաթը «նրանցից մեկի պես կլինի»։ Ուստի Սավուղը պատասխանում է. «Գնա, և Տերը քեզ հետ լինի»։ Դավիթը գնում է, հինգ տափակ քար է գտնում, տեղավորում է դրանք իր պարկի մեջ, վերցնում է պարսատիկը և գնում է հսկայի հետ կռվելու։ Երբ Գողիաթը տեսնում է այս տղային, բղավում է. «Եկ ինձ մոտ, և ես քո մարմինը երկնքի թռչուններին կտամ»։ Իսկ Դավիթը պատասխանում է. «Ես գալիս եմ քեզ վրա զորքերի Աստծու անունով»։ Այնուհետև գոչում է. «Ես քեզ կսպանեմ»։

Հենց այդ պահին Դավիթը վազում է դեպի Գողիաթը, ձեռքը մտցնում է պարկի մեջ, այնտեղից մի քար է վերցնում և պարսատիկով նետում է ու հարվածում Գողիաթի ճակատին։ Երբ փղշտացիները տեսնում են, որ հսկան մեռած է, վախենում են ու փախչում։ Իսրայելացիները ընկնում են նրանց հետևից ու հաղթանակ են տանում։ Այս պատմությունը գրված է Ա Թագաւորաց 17։12–54 համարներում, դուք այն կարող եք կարդալ ընտանիքով։

Դու նույնպես երբեմն գուցե վախենաս ու չկարողանաս կատարել Աստծու ասածները։ Օրինակ՝ պատանի Երեմիան սկզբում վախեցավ, բայց Աստված ասաց նրան. «Մի վախեցիր նրանց երեսից, որովհետև ես քեզ հետ եմ»։ Երեմիան քաջություն ստացավ, հաղթահարեց վախի զգացումը և արեց այնպես, ինչպես Աստված ասել էր իրեն։ Ուստի Դավթի և Երեմիայի նման՝ դու նույնպես չես վախենա, եթե վստահես Եհովային (Երեմիա 1։6–8

^ պարբ. 3 Եթե ընթերցում եք երեխայի հետ, ալիքաձև նշանը [~] հիշեցնում է, որ պետք է դադար տալ և քաջալերել երեխային արտահայտվել։