Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՀՈՒՆԻՍ 2008

 Սովորեցրեք ձեր երեխաներին

Նա ցանկանում էր օգնել

Նա ցանկանում էր օգնել

ԵՐԲԵՎԷ ճանաչե՞լ ես մեկին, որը ծանր հիվանդ է եղել։ Ցանկացե՞լ ես ինչ–որ բան անել նրան օգնելու համար։ Իսկ ի՞նչ կանեիր, եթե այդ անձնավորությունը ուրիշ երկրից լիներ կամ այլ կրոն դավաներ։ Կցանկանայի՞ր օգնել նրան, որ նա առողջանար։ Մի պատանի աղջիկ, որը մոտ 3 000 տարի առաջ ապրել է Իսրայելում, ցանկացավ օգնել մի մարդու, որ նա առողջանար։ Տեսնենք, թե ինչ տեղի ունեցավ այն ժամանակ։

Հին Իսրայելի և Ասորիքի միջև հաճախ էին պատերազմներ լինում, իսկ այդ աղջիկը ապրում էր Իսրայելում (Գ Թագաւորաց 22։1)։ Մի օր ասորիները գալիս են Իսրայել և գերության վերցնում այդ աղջնակին։ Նրան տանում են Ասորիք, որտեղ նա դառնում է ասորական բանակի զորավար Նեեմանի կնոջ ծառան։ Նեեմանը տառապում էր մի ծանր հիվանդությամբ, որը կոչվում էր բորոտություն։ Այդ հիվանդության ժամանակ մարդու մարմինը սկսում է փտել։

Աղջիկը Նեեմանի կնոջն ասում է, թե ինչպես կարող է նրա ամուսինը բուժվել. «Երանի թէ իմ տէրը Սամարիայումն եղող մարգարէի առաջին լինէր. այն ժամանակ նա նորան կ’բժկէր իր բորոտութիւնիցը»։ Աղջիկն այնպես է խոսում Եղիսեի մասին, որ Նեեմանը հավատում է, որ մարգարեն իրոք կարող է բուժել իրեն։ Ուստի ասորիների թագավոր Բենադադից թույլտվություն ստանալով՝ Նեեմանը և մի քանի սպասավորներ 150 կիլոմետր ճանապարհ են անցնում, որ գտնեն Եղիսեին։

Սկզբում նրանք գնում են Իսրայելի թագավոր Հովրամի մոտ և ցույց են տալիս նրան Բենադադ թագավորի նամակը, որում վերջինս խնդրում է, որ Նեեմանին օգնություն ցույց տրվի։ Սակայն Հովրամը հավատ չունի Եհովայի կամ Եղիսե մարգարեի հանդեպ։ Նա մտածում է, որ Բենադադը փորձում է պատերազմ սկսել իր հետ։ Երբ Եղիսեն լսում է այս մասին, մարդ է ուղարկում Հովրամ թագավորի մոտ՝ ասելով. «Թող նա ինձ մօտ գայ»։ Եղիսեն ուզում է ցույց տալ, որ Աստված Նեեմանին այդ ծանր հիվանդությունից բուժելու զորություն ունի (Դ Թագաւորաց 5։1–8

Երբ Նեեմանը իր ձիերով և կառքերով գալիս է Եղիսեի տուն, վերջինս պատգամաբեր է ուղարկում և տեղեկացնում նրան. «Եօթն անգամ լուացուիր Յորդանանումը.... եւ կ’մաքրուիս»։ Նեեմանը բարկանում է։ Նա ակնկալում է, որ Եղիսեն դուրս կգա, ձեռքը կտարուբերի իր մարմնի վրայով և բորոտությունը կվերանա։ Սակայն նա պատգամաբերին է տեսնում։  Ուստի Նեեմանը բարկացած շրջվում է և ուզում է տուն վերադառնալ (Դ Թագաւորաց 5։9–12

Ի՞նչ կանեիր դու, եթե լինեիր Նեեմանի ծառաներից մեկը։ Նրա ծառաները հարցրին նրան. «Եթէ մարգարէն քեզ մի մեծ բան ասած լինէր, չէի՞ր անիլ. ո՞ւր մնաց որ քեզ ասեց. Լուացուիր եւ կ’մաքրուիս»։ Նեեմանը լսեց նրանց։ Նա գնաց և «եօթն անգամ թաղուեցաւ Յորդանանի մէջ.... եւ նորա մարմինը ետ դառաւ իբրեւ մի փոքր տղայի մարմին»։

Նեեմանը վերադառնում է Եղիսեի մոտ և ասում. «Ահա իմացայ որ բոլոր երկրիս վերայ Աստուած չ’կայ բայց միայն Իսրայէլումը»։ Նա խոստանում է Եղիսեին, որ այլևս «բացի Եհովայից ուրիշ աստուածների ողջակէզ կամ զոհ չի անելու» (Դ Թագաւորաց 5։13–17

Կցանկանայի՞ր այս փոքրիկ աղջկա պես օգնել որևէ մեկին իմանալու Եհովայի և նրա գործերի մասին։ Երբ Հիսուսը երկրի վրա էր, բորոտությամբ տառապող մի մարդ, որը հավատում էր Հիսուսին, ասաց նրան. «Եթե միայն ուզենաս, կարո՛ղ ես մաքրել ինձ»։ Գիտե՞ս, թե ինչ պատասխանեց Հիսուսը։ Նա ասաց. «Ուզո՛ւմ եմ»։ Հիսուսը բուժեց այդ մարդուն, ինչպես որ Եհովան բուժեց Նեեմանին (Մատթեոս 8։2, 3

Գիտե՞ս, որ Եհովան նոր աշխարհ է բերելու, որտեղ բոլոր մարդիկ առողջ են լինելու և ապրելու են հավիտյան (2 Պետրոս 3։13; Հայտնություն 21։3, 4)։ Անկասկած, դու կցանկանաս պատմել ուրիշներին այս հրաշալի բաների մասին։