Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՓԵՏՐՎԱՐ 2008

 Ընտանեկան երջանկության բանալին

Հաղթահարել տարաձայնությունները

Հաղթահարել տարաձայնությունները

Ամուսինն ասում է. «Ամուսնանալուց հետո ես և Սառան* ապրում էինք ծնողներիս հետ իրենց տանը։ Մի օր եղբորս ընկերուհին խնդրեց ինձ իրեն մեր մեքենայով տուն տանել։ Ես ուզում էի օգնել նրան, ուստի համաձայնվեցի և ինձ հետ վերցրի նաև կրտսեր որդուս։ Բայց երբ վերադարձա տուն, նկատեցի, որ Սառան զայրացած էր։ Մենք սկսեցինք վիճել, և նա ընտանիքիս անդամների ներկայությամբ ինձ «կնամոլ» անվանեց։ Ես հունից դուրս եկա և սկսեցի ասել բաներ, որոնք ավելի զայրացրին նրան»։

Կինն ասում է. «Մեր որդին առողջական լուրջ խնդիր ուներ, և այդ ժամանակ մենք ֆինանսական պրոբլեմներ ունեինք։ Ուստի երբ Ֆերնանդոն նստեց ավտոմեքենան ու հեռացավ իր եղբոր ընկերուհու և մեր որդու հետ, ես շատ վշտացա, և դրա համար մի քանի պատճառ կար։ Երբ նա վերադարձավ, ես ցույց տվեցի, որ վշտացած եմ։ Մեր միջև թեժ վիճաբանություն ծագեց, և մենք միմյանց վիրավորական խոսքեր ասացինք։ Այդ վիճաբանությունից հետո ես ինձ շատ ընկճված էի զգում»։

ԵԹԵ ամուսինները վիճում են, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ նրանք այլևս չեն սիրում իրար։ Ո՛չ։ Ֆերնանդոն և Սառան, որոնց մասին խոսեցինք վերևում, շատ են սիրում միմյանց։ Այո, նույնիսկ ամենալավ ընտանիքում ժամանակ առ ժամանակ խնդիրներ են ծագում։

Ինչո՞ւ են խնդիրներ ծագում, և ի՞նչ կարող եք անել, որ դրանք չքայքայեն ձեր ամուսնությունը։ Քանի որ ամուսնության հիմնադիրը Աստված է, ուստի խելամիտ կլինի քննել Աստծու Խոսքը՝ Աստվածաշունչը, և տեսնել թե ինչ է ասվում այնտեղ այդ հարցի վերաբերյալ (Ծննդոց 2։21, 22; 2 Տիմոթեոս 3։16, 17

Հասկանալ խնդիրների էությունը

Ամուսնական զույգերի մեծ մասը ցանկանում է միմյանց վերաբերվել բարությամբ ու սիրով։ Այնուամենայնիվ, Աստվածաշունչը, իրական գնահատական տալով, նշում է, որ «բոլորը մեղք գործեցին ու չհասան Աստծու փառքին» (Հռոմեացիներ 3։23)։ Հետևաբար տարաձայնություններ ծագելիս գուցե դժվար լինի զսպել հույզերը։ Եվ վեճերի ժամանակ ոմանց համար թերևս իսկական պայքար լինի վատ սովորություններից խուսափելը, ինչպես օրինակ՝ գոռգոռալուց և վիրավորական խոսքեր ասելուց (Հռոմեացիներ 7։21; Եփեսացիներ 4։31)։ Ուրիշ ի՞նչը կարող է լարվածության պատճառ լինել։

Հաճախ ամուսնու և կնոջ արտահայտվելու ոճը տարբեր է լինում։ Միչիկոն պատմում է. «Երբ նոր էինք ամուսնացել, ես նկատեցի, որ մենք բոլորովին տարբեր տեսակետներ ունեինք հարցերը քննարկելու վերաբերյալ։ Ես սիրում եմ խոսել ոչ միայն այն մասին, թե ինչ է պատահել, այլև թե ինչու և ինչպես է պատահել։ Իսկ ամուսնուս հետաքրքրում է միայն վերջնական արդյունքը»։

Միչիկոյի խնդիրը հազվադեպ բան չէ։ Շատ ընտանիքներում տարաձայնություններ ծագելիս կողակիցներից մեկը գուցե ցանկանա իրավիճակը քննարկել բոլոր մանրամասնություններով, իսկ մյուսը չսիրի վիճաբանել և չցանկանա քննարկել խնդիրը։ Երբեմն որքան շատ է մի կողակիցը խոսում խնդրի մասին, մյուսն այնքան ավելի է փորձում խուսափել զրույցից։ Այսպիսի բան նկատո՞ւմ եք ձեր ընտանիքում։ Արդյոք ձեզնից մեկը  միշտ հակվա՞ծ է մանրամասնորեն քննարկել ինչ–որ հարց, իսկ մյուսը՝ ընդհակառակը։

Քննենք մեկ ուրիշ հանգամանք. այն, թե ինչպիսի ընտանիքից են կողակիցները, կարող է ազդեցություն ունենալ միմյանց հետ հաղորդակցվելու վերաբերյալ նրանց հասկացողության վրա։ Ջասթինը, որը հինգ տարի է, ինչ ամուսնացած է, ասում է. «Ես մեծացել եմ այնպիսի ընտանիքում, որտեղ ընդունված չի եղել արտահայտել զգացումները, ուստի ինձ համար դժվար է զգացումներիս մասին խոսել ուրիշների հետ։ Դա հուսահատեցնում է կնոջս։ Նրա ընտանիքի անդամները արտահայտվելու հարցում խնդիր չունեն, և նա կարող է առանց կաշկանդվելու ասել ինձ, թե ինչ է զգում»։

Ինչո՞ւ արժե ջանքեր գործադրել խնդիրները հարթելու համար

Ինչպես նշում են ամուսնական հարցերն ուսումնասիրող որոշ մարդիկ, ընտանեկան երջանկության լավագույն պայմանն այն չէ, թե որքան հաճախ են կողակիցներն ասում, որ սիրում են միմյանց։ Սեռական հարաբերությունների հարցում խնդիրներ չունենալը և ֆինանսապես ապահովված լինելը նույնպես ամենակարևոր պայմանները չեն։ Հաջող ամուսնության ցուցանիշն իրականում այն է, թե ինչպես է կողակիցներին հաջողվում լուծել ծագող խնդիրները։

Բացի այդ, Հիսուսն ասաց, որ երբ երկու հոգի ամուսնանում են, Աստված է միավորում նրանց, և ոչ թե մարդը (Մատթեոս 19։4–6)։ Հետևաբար, հաջող ամուսնությունը պատիվ է բերում Աստծուն։ Սակայն եթե ամուսինը թերանում է իր կնոջ հանդեպ սեր և ուշադրություն ցույց տալու հարցում, գուցե Եհովա Աստված չլսի նրա աղոթքները (1 Պետրոս 3։7)։ Իսկ եթե կինը չի հարգում ամուսնուն, իրականում նա Եհովային չի հարգում, որն ամուսնուն նշանակել է որպես ընտանիքի գլուխ (1 Կորնթացիներ 11։3

Ինչպես հաջողության հասնել. խուսափեք խոսքի վնասակար ձևերից

Անկախ նրանից, թե ինչպես եք դուք հաղորդակցվում և թե ինչպիսի ընտանիքում եք մեծացել, պետք է խուսափեք խոսքի որոշ վնասակար ձևերից, եթե ցանկանում եք կիրառել Աստվածաշնչի սկզբունքները և արդյունավետորեն լուծել խնդիրները։ Հետևյալ հարցերը տվեք ձեզ.

«Պայքարո՞ւմ եմ արդյոք վիրավորական խոսքերին նույնպիսի խոսքերով պատասխանելու հակման դեմ»։

«Քիթը ծեծելուց արիւն դուրս կ’գայ. եւ բարկութիւնը գրգռելուց կռիւ դուրս կ’գայ»,— ասվում է մի իմաստուն առակում (Առակաց 30։33)։ Ի՞նչ է դա նշանակում։ Քննենք հետևյալ օրինակը։ Խնդիրը սկսվում է այնտեղից, երբ ընտանեկան բյուջեն ճիշտ օգտագործելու հարցում կարծիքների տարբերությունը («մենք պետք է հետևենք, թե ինչպես ենք ծախսում մեր գումարները») արագորեն փոխվում է միմյանց բնավորության գծերի քննադատության («դու շատ անպատասխանատու ես»)։ Եթե ձեր կողակիցը «ծեծում է ձեր քիթը»՝ քննադատելով ձեր բնավորության որևէ գիծ, հնարավոր է դուք նույնպես ցանկանաք նույն ձևով պատասխանել։ Սակայն դա միայն բարկություն է առաջացնում, և խնդիրն ավելի է մեծանում։

Աստվածաշնչի գրող Հակոբոսը զգուշացրեց. «Տեսեք, թե որքա՜ն փոքր կրակ է պետք, որ մի մեծ անտառ այրվի։ Այո՛, լեզուն կրակ է» (Հակոբոս 3։5, 6)։ Երբ ամուսինները չեն հսկում իրենց լեզուն, փոքր տարաձայնությունները կարող են արագորեն վերածվել անվերահսկելի խնդիրների։ Եվ այն ընտանիքներում, որտեղ հաճախ են լինում բուռն վիճաբանություններ, չի ստեղծվում այնպիսի մթնոլորտ, որտեղ սերը կարող է աճել։

Վիրավորական խոսքերին նույնպիսի խոսքերով պատասխանելու փոխարեն՝ կարո՞ղ եք ընդօրինակել Հիսուսին, որը «չէր չարախոսում», երբ իր մասին չարախոսում էին (1 Պետրոս 2։23)։ Թեժ վիճաբանությունը կասեցնելու ամենաարագ միջոցն այն է, որ հասկանաք ձեր կողակցի տեսակետը և ներողություն խնդրեք այն բանի համար, որ ինչ–որ չափով պատճառ եք եղել խնդրի առաջացմանը։

ՓՈՐՁԵՔ ՀԵՏԵՎՅԱԼԸ։ Երբ հաջորդ անգամ վեճ ծագի, հարցրեք ինքներդ ձեզ. «Չպե՞տք է արդյոք հաշվի առնեմ, թե ինչ է մտահոգում կողակցիս։ Ի՞նչ եմ արել, որը պատճառ է եղել այս խնդրի առաջացմանը։ Ի՞նչն է խանգարում ինձ, որ ներողություն խնդրեմ իմ սխալների համար»։

«Արդյոք քի՞չ կարևորություն եմ տալիս կողակցիս զգացումներին»։

«Բոլորդ մեկ մտքի եղեք, ցավակից»,— պատվիրում է Աստծու Խոսքը (1 Պետրոս 3։8)։ Քննարկենք երկու պատճառ, որոնք գուցե խանգարեն ձեզ կիրառել այս խորհուրդը։ Պատճառներից մեկն այն է, որ դուք գուցե չհասկանաք ձեր կողակցի տեսակետը կամ զգացումները։ Օրինակ՝ եթե ձեր կողակիցը ավելի շատ է մտահոգվում որոշ հարցերի մասին, քան դուք, գուցե հակված լինեք ասելու նրան. «Դու չափազանց զգացմունքային ես»։ Թերևս ցանկանում եք  օգնել ձեր կողակցին, որ նա հարցին ավելի լայն տեսանկյունից նայի։ Այնուամենայնիվ, քչերին է հաճելի նման խոսքեր լսելը։ Թե՛ ամուսինը և թե՛ կինը կարիք ունեն հավաստիանալու, որ իրենց սիրելիները հասկանում ու կարեկցում են իրենց։

Չափազանց հպարտ լինելը նույնպես կարող է պատճառ լինել, որ անհատը քիչ կարևորություն տա իր կողակցի զգացումներին։ Հպարտ անձնավորությունը ձգտում է իրեն բարձր դասել մյուսներից՝ միշտ նվաստացնելով նրանց։ Նա կարող է անել դա՝ նվաստացնող խոսքեր ասելով կամ բացասական համեմատություններ անելով։ Քննենք Հիսուսի օրերի փարիսեցիների և դպիրների օրինակը։ Երբ ինչ–որ մեկը, նույնիսկ եթե դա լիներ փարիսեցի, այնպիսի կարծիք արտահայտեր, որը տարբերվում էր այդ հպարտ մարդկանց ունեցած տեսակետից, նրանք վիրավորական խոսքեր էին ասում նրան կամ նսեմացնող դիտողություններ անում (Հովհաննես 7։45–52)։ Հիսուսն այդպես չէր վարվում։ Նա կարեկցում էր մարդկանց, երբ նրանք անկեղծորեն արտահայտվում էին (Մատթեոս 20։29–34; Մարկոս 5։25–34

Մտածեք, թե ինչպես եք արձագանքում, երբ ձեր կողակիցը խոսում է իր մտահոգությունների մասին։ Արդյոք ձեր խոսքերը, ձայնի տոնը և դեմքի արտահայտությունը ցույց տալի՞ս են, որ կարեկցում եք նրան։ Թե՞ հակված եք անմիջապես անուշադրության մատնելու նրա զգացումները։

ՓՈՐՁԵՔ ՀԵՏԵՎՅԱԼԸ։ Առաջիկա շաբաթներին ուշադրություն դարձրեք, թե ինչպես եք խոսում ձեր կողակցի հետ։ Եթե նկատեք, որ անտարբեր եք, կամ եթե հեգնանքով խոսեք նրա հետ, անմիջապես ներողություն խնդրեք։

«Հաճա՞խ եմ կարծում, որ կողակիցս եսասիրական մղումներ ունի»։

«Մի՞թէ Հոբը ձրի է աստուածավախ. չէ՞ որ դու նորան, նորա տունը եւ նորա բոլոր ստացուածքը ցանկով շրջապատել ես» (Յոբ 1։9, 10)։ Այս խոսքերով Սատանան հարցականի տակ դրեց հավատարիմ Հոբի մղումները։

Եթե ամուսիններն ուշադիր չլինեն, կարող են այդպիսի իրավիճակում հայտնվել։ Օրինակ՝ եթե ձեր կողակիցը որևէ հաճելի բան է անում ձեզ համար, մտածո՞ւմ եք, որ նա փոխարենը ինչ–որ բան է ակնկալում ձեզնից կամ ինչ–որ բան թաքցնում է։ Եթե ձեր կողակիցը սխալ է թույլ տալիս, արդյոք դա համարո՞ւմ եք եսասիրության ու անհոգատարության ապացույց։ Արդյոք անմիջապես մտաբերո՞ւմ եք անցյալում նրա գործած նմանատիպ սխալները և այս վերջինը ավելացնում սխալների այդ ցուցակին։

ՓՈՐՁԵՔ ՀԵՏԵՎՅԱԼԸ։ Կազմեք մի ցուցակ և գրի առեք այն լավ բաները, որ ձեր կողակիցն արել է ձեզ համար, և նրա բարի մղումները, որոնք գուցե այդ լավ բաներն անելու պատճառ են եղել։

Պողոս առաքյալը գրեց. «Սերը.... վիրավորանքները չի հաշվում» (1 Կորնթացիներ 13։4, 5)։ Իսկական սերը կույր չէ։ Բայց այն նաև հիշաչար չէ։ Պողոսը նաև գրեց, որ սերը «ամեն ինչի հավատում է» (1 Կորնթացիներ 13։7)։ Այդպիսի սերը դյուրահավատ չէ, սակայն պատրաստ է վստահելու։ Սերը կասկածամիտ չէ։ Այն սերը, որ Աստվածաշունչը հորդորում է ունենալ, ներողամիտ է և ոչ ոքի վատ մղումներ չի վերագրում (Սաղմոս 86։5; Եփեսացիներ 4։32)։ Եթե ամուսիններն այդպիսի սեր ցուցաբերեն միմյանց հանդեպ, նրանք երջանիկ ամուսնություն կվայելեն։

ՀԱՐՑՐԵՔ ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ...

  • Որո՞նք էին հոդվածի սկզբում հիշատակված զույգի թույլ տված սխալները։
  • Ինչպե՞ս կարող եմ խուսափել նման սխալներից իմ ամուսնության մեջ։
  • Հոդվածում հիշատակվող ո՞ր հարցերում ամենից շատ բարելավվելու կարիք ունեմ։

Անունները փոխված են։

 

Իմացիր ավելին

Ինչպես լուծել խնդիրները

Ձեզանից է կախված՝ ձեր ամուսնական կապը կլինի ամուր, թե թույլ, դուք կլինեք ուրախ, թե տխուր։