Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ԴԵԿՏԵՄԲԵՐ 2015

 ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Խաղաղություն գտա և՛ Աստծու, և՛ մորս հետ

Խաղաղություն գտա և՛ Աստծու, և՛ մորս հետ

«ԲԱՅՑ ինչո՞ւ չես ուզում քո նախնիներին երկրպագել,— հարցրեց մայրս։— Չե՞ս հասկանում, որ նրանց շնորհիվ է, որ դու կաս։ Չե՞ս ուզում ցույց տալ, որ շնորհակալ ես նրանց։ Ո՞նց կարող ես սերնդեսերունդ եկած ավանդությունները մերժել։ Ուզում ես ասել, որ մեր երկրպագությունը հիմարությո՞ւն է»։ Սա ասելով՝ մայրս պոռթկաց ու սկսեց արտասվել։

Չէի սպասում, որ մայրս նման ձևով կխոսի։ Նա էր այնպես արել, որ Աստվածաշունչ ուսումնասիրեի, թեև դրանով ցանկացել էր նրբանկատորեն մերժել իրեն արված ուսումնասիրության առաջարկը։ Ես միշտ հնազանդվում էի նրան, ուստի շատ դժվար էր նրա խոսքին չհետևելը։ Բայց այս անգամ պե՛տք է այդպես վարվեի, որպեսզի Եհովային չտխրեցնեի։ Առանց Աստծու զորության ես տեղի կտայի։

ԴԱՌՆՈՒՄ ԵՄ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Մենք բուդդայական էինք, ինչպես որ ճապոնացիների մեծ մասը։ Բայց ընդամենը երկու ամիս Եհովայի վկաների օգնությամբ Աստվածաշունչ ուսումնասիրելով՝ հասկացա, որ Աստվածաշունչը ճիշտ է։ Իմանալով, որ ես երկնային Հայր ունեմ, ցանկացա ճանաչել նրան։ Ես ու մայրս հաճույք էինք ստանում՝ քննարկելով այն ամենը, ինչ սովորում էի Աստվածաշնչից։ Կիրակի օրերին սկսեցի հաճախել Թագավորության սրահում անցկացվող հանդիպումներին։ Երբ ավելի շատ բան հասկացա, մորս ասացի, որ այլևս չեմ մասնակցելու բուդդայական ծեսերին ու արարողություններին։ Նրա վերաբերմունքը կտրուկ փոխվեց։ «Եթե տնից որևէ մեկը չի սիրում նախնիներին, դա խայտառակություն է»,— ասաց նա ու պահանջեց, որ էլ չուսումնասիրեմ Աստվածաշունչը և չգնամ հանդիպումներին։ Երբեք չէի սպասում նման արձագանք։ Մայրս ասես լրիվ ուրիշ մարդ լիներ։

Եփեսացիներ 6-րդ գլխից սովորեցի, որ Եհովան ուզում է՝ հնազանդվեմ ծնողներիս։ Հայրս մորս կողմն անցավ։ Սկզբում մտածում էի, որ եթե լսեմ նրանց, նրանք էլ ինձ կլսեն, և ընտանիքում խաղաղությունը կվերականգնվի։ Բացի այդ, ավագ դպրոցի ընդունելության քննություններն էին մոտենում, և ես պետք է պատրաստվեի։ Ուստի համաձայնվեցի երեք ամիս նրանց ասածով անել ու խոստացա Եհովային, որ դրանից հետո նորից կգնամ ժողովի հանդիպումներին։

Սակայն ես սխալ որոշում կայացրի։ Մտածում էի, թե երեք ամսում իմ մեջ ոչինչ չի փոխվի։ Բայց կարճ ժամանակ անց սկսեցի հոգևորապես թուլանալ և աստիճանաբար հեռանալ Եհովայից։ Իսկ մայրս ու հայրս, փոխանակ իրենց ճնշումները թուլացնեին, էլ ավելի ուժեղացրին, որպեսզի կտրեն ինձ այն ամենից,  ինչ առնչվում է ճշմարիտ երկրպագությանը։

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱԿԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ

Թագավորության սրահում շատերի հետ էի ծանոթացել, ովքեր տանը հակառակության էին բախվում։ Նրանք վստահեցրին, որ Եհովան կզորացնի ինձ (Մատթ. 10:34–37)։ Նաև օգնեցին՝ հասկանամ, որ ես կարող եմ լինել իմ ընտանիքի փրկության գլխավոր օղակը։ Ուստի ցանկանալով սովորել ապավինել Եհովային՝ սկսեցի ամբողջ սրտով աղոթել նրան։

Ծնողներիս կողմից հակառակությունը տարբեր կերպերով էր դրսևորվում։ Մայրս մե՛կ աղաչում էր ինձ, մե՛կ փորձում էր տրամաբանել ինձ հետ։ Սովորաբար ես լռում էի։ Սակայն երբ խոսում էի, հաճախ չէինք կարողանում զսպել մեր էմոցիաները, քանի որ ամեն մեկս իր տեսակետն էր պնդում։ Հիմա հասկանում եմ, որ պետք է հաշվի առնեի մորս զգացմունքներն ու կրոնական համոզմունքները։ Դա կհանդարտեցներ էմոցիաները։ Ծնողներս ավելացնում էին տանն ունեցած իմ պարտականությունները, որպեսզի տնից դուրս չգամ։ Երբեմն էլ դուռը կողպում էին, որ տուն չմտնեմ, կամ էլ առանց ուտելիքի էին թողնում։

Մայրս սկսեց ուրիշներից օգնություն խնդրել։ Նա դիմեց իմ ուսուցչին, սակայն վերջինս չուզեց միջամտել։ Հետո ինձ տարավ իր մենեջերի մոտ, որպեսզի նա համոզի ինձ, որ բոլոր կրոններն էլ անօգուտ են։ Մայրս զանգում էր մեր բարեկամներին ու արտասվելով խնդրում, որ օգնեն։ Այս ամենից վհատվում էի։ Բայց ժողովի երեցները քաջալերեցին ինձ և հորդորեցին ուշադրությունս կենտրոնացնել այն բանի վրա, որ մայրս, այդպես վարվելով, ակամայից վկայություն է տալիս ուրիշներին։

Որոշ ժամանակ անց կանգնեցի համալսարան ընդունվելու որոշման առաջ։ Ծնողներս ուզում  էին տալ ինձ այն, ինչը, իրենց կարծիքով, ինձ համար կյանք մտնելու լավագույն սկիզբը կլիներ։ Նրանք մտածում էին, որ այդպես ես լավ աշխատանք կունենամ։ Քանի որ այս հարցի քննարկումը բուռն կընթանար, որոշեցի իմ նպատակների մասին նրանց տեղյակ պահել գրավոր՝ նամակների միջոցով։ Հայրս զայրացած սպառնաց. «Դե որ կարծում ես՝ կարող ես աշխատանք գտնել, գտիր։ Եթե մինչև վաղը չգտար, տնից կգնաս»։ Իսկույն աղոթեցի Եհովային։ Հաջորդ օրը ծառայության ժամանակ երկու քույրեր, մեկը մյուսից անկախ, խնդրեցին ինձ մասնավոր դասեր անցկացնել իրենց երեխաների հետ։ Դա հորս այնքան էլ չուրախացրեց։ Նա սկսեց արհամարհել ինձ, ընդհանրապես հետս չէր խոսում։ Իսկ մայրս ասաց, որ ավելի լավ է՝ հանցագործ լինեմ, քան Եհովայի վկա։

Եհովան օգնեց, որ ուղղեմ մտածելակերպս և ճիշտ ճանապարհ ընտրեմ

Երբեմն մտածում էի, թե արդյոք Եհովան ուզում է, որ այս աստիճան դեմ գնամ ծնողներիս։ Սակայն աղոթքները և Աստվածաշնչում Եհովայի սիրո մասին կարդալն ու խորհրդածելը օգնեցին, որ հակառակության վերաբերյալ ճիշտ տեսակետ ունենամ և հասկանամ, որ ծնողներս այդպես են վարվում, քանի որ անհանգստանում են ինձ համար։ Եհովան օգնեց, որ ուղղեմ մտածելակերպս և ճիշտ ճանապարհ ընտրեմ։ Որքան շատ էի մասնակցում ծառայությանը, այնքան ավելի շատ ուրախություն էի ստանում դրանից։ Այսպիսով՝ ռահվիրայությունը դարձավ իմ նպատակը։

ԾԱՌԱՅՈՒՄ ԵՄ ՌԱՀՎԻՐԱ

Որոշ քույրեր, ովքեր իմացան, որ ուզում եմ ռահվիրա ծառայել, խորհուրդ տվեցին սպասել, մինչև ծնողներս հանդարտվեն։ Ես Աստծուց իմաստություն խնդրեցի, մեր հրատարակություններում փնտրտուքներ արեցի, քննեցի մղումներս և իմ նպատակի մասին խոսեցի հասուն եղբայրների ու քույրերի հետ։ Հասկացա, որ ուզում եմ անել այն, ինչը կուրախացնի Եհովային, և որ իմաստ չունի ռահվիրայությունը հետաձգել, քանի որ երաշխիք չկա, որ ծնողներս կփոխեն իրենց վերաբերմունքը։

Ավագ դպրոցի վերջին դասարանում էի, երբ ռահվիրայություն սկսեցի։ Որոշ ժամանակ անց նպատակ դրեցի ծառայելու այնտեղ, որտեղ քարոզիչների ավելի մեծ կարիք կար։ Բայց մայրս ու հայրս չէին ուզում, որ ես գնամ տնից։ Ուստի սպասեցի, մինչև որ 20 տարեկան դառնամ։ Եվ որպեսզի մայրս շատ չանհանգստանար ինձ համար, դիմեցի մասնաճյուղ և խնդրեցի, որ ինձ նշանակեն ծառայելու Ճապոնիայի հարավային շրջանում, որտեղ բարեկամներ ունեինք։

Այդ նշանակման մեջ բազմաթիվ օրհնություններ ունեցա։ Շատ ուրախացա, երբ այն մարդիկ, ում հետ Աստվածաշունչ էի ուսումնասիրում, մկրտվեցին։ Միևնույն ժամանակ անգլերեն էի սովորում, որ ընդլայնեմ ծառայությունս։ Այնտեղի ժողովում երկու հատուկ ռահվիրա եղբայրներ կային։ Տեսնելով նրանց եռանդը և ուրիշներին օգնելու պատրաստակամությունը՝ հատուկ ռահվիրա դառնալու նպատակ դրեցի։ Այդ ընթացքում մայրս երկու անգամ առողջական լուրջ խնդիր ունեցավ։ Երկու անգամն էլ ես գնացի տուն, որ հոգ տանեմ նրան։ Դա զարմացրեց նրան, և նրա վերաբերմունքը փոքր-ինչ փոխվեց։

ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԻՑ

Յոթ տարի անց նամակ ստացա վերը նշված հատուկ ռահվիրա եղբայրներից մեկից՝ Ացուշիից։ Նա գրում էր, որ մտածում է ամուսնության մասին և ուզում է իմանալ, թե ես ինչ եմ մտածում այդ մասին։ Ես երբեք ռոմանտիկ զգացմունքներ չէի ունեցել նրա հանդեպ, ու մտքովս էլ չէր անցնում, որ նա կունենա։ Մի ամիս հետո պատասխանեցի, որ կուզեի մոտիկից ճանաչեինք միմյանց։ Ընթացքում պարզվեց, որ ընդհանուր շատ բաներ ունենք. երկուսս էլ ուզում էինք լիաժամ ծառայել և պատրաստ էինք ընդունելու ցանկացած նշանակում։ Որոշ ժամանակ անց ամուսնացանք։ Անչափ ուրախ էի, որ ծնողներս և մեր ազգականներից մի քանիսը ներկա եղան մեր հարսանիքին։

Նեպալ

 Շատ չանցած՝ երբ ռահվիրա էինք ծառայում, Ացուշին նշանակվեց շրջանային վերակացուին փոխարինող։ Շուտով ուրիշ օրհնություններ էլ եղան։ Նշանակվեցինք հատուկ ռահվիրաներ, իսկ հետո շրջանային ծառայության։ Այն բանից հետո, երբ մեր շրջանի բոլոր ժողովները մեկ անգամ այցելեցինք, մասնաճյուղից զանգահարեցին։ Հարցնում էին, թե կհամաձայնվենք շրջանային ծառայություն կատարել Նեպալում։

Տարբեր երկրներում ծառայելու ընթացքում շատ բան եմ սովորել Եհովայի մասին

Մտածում էի՝ ինչ կասեն ծնողներս, երբ իմանան, որ այդքան հեռու եմ մեկնելու։ Երբ զանգահարեցի, հայրս վերցրեց հեռախոսը։ Նա ասաց. «Դուք շատ սիրուն տեղ եք գնում»։ Դրանից մեկ շաբաթ առաջ նրա ընկերներից մեկը Նեպալի մասին մի գիրք էր տվել, և հայրս նույնիսկ մտածում էր, որ արժե գնալ այդ երկիրը տեսնելու։

Մինչ ուրախությամբ ծառայում էինք բարեհամբույր նեպալցիների երկրում, մեկ այլ օրհնություն ստացանք։ Մեր շրջանի մեջ ընդգրկվեց Բանգլադեշը, երկիր, որը շատ մոտ է Նեպալին, բայց շատ առումներով տարբեր։ Մեր ծառայությունը լի էր բազմազանությամբ։ Իսկ հինգ տարի անց նշանակվեցինք Ճապոնիա, որտեղ այժմ վայելում ենք շրջանային ծառայությունը։

Ճապոնիա, Նեպալ, Բանգլադեշ. այս երկրներում ծառայելու ընթացքում շատ բան եմ սովորել Եհովայի մասին։ Յուրաքանչյուր երկիր ունի իր ուրույն մշակույթն ու պատմությունը։ Եվ ամեն երկրում յուրաքանչյուր անհատ առանձնահատուկ է։ Տեսել եմ, թե ինչպես է Եհովան հոգ տանում մարդկանց մասին անհատապես, ընդունում, օգնում և օրհնում նրանց։

Եհովան ինձ էլ է օրհնել՝ թույլ տալով, որ ճանաչեմ և ծառայեմ իրեն, և տալով հրաշալի քրիստոնյա ամուսին։ Աստված առաջնորդել է ինձ, որ ճիշտ որոշումներ կայացնեմ, և այժմ ես լավ փոխհարաբերություններ ունեմ թե՛ նրա և թե՛ իմ ընտանիքի հետ։ Շնորհիվ Եհովայի ես ու մայրս դարձյալ լավ ընկերներ ենք։ Անչափ երախտապարտ եմ, որ խաղաղություն եմ գտել և՛ Աստծու, և՛ մորս հետ։

Մենք մեծ ուրախություն ենք ստանում շրջանային ծառայության մեջ