Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՆՈՅԵՄԲԵՐ 2015

Հարյուր տարի Թագավորության իշխանության ներքո

Հարյուր տարի Թագավորության իշխանության ներքո

«Թող խաղաղության Աստվածը.... ապահովի ձեզ ամեն բարի բանով, որպեսզի կատարեք նրա կամքը» (ԵԲՐ. 13։20, 21

ԵՐԳ 136, 14

1. Որքա՞ն կարևոր էր քարոզչական գործը Հիսուսի համար։ Բացատրի՛ր։

ՀԻՍՈՒՍԸ սիրում էր խոսել Աստծու Թագավորության մասին։ Ինչպես տեսնում ենք Աստվածաշնչում, նա իր ծառայության ընթացքում ավելի շատ խոսել է Թագավորության մասին, քան որևէ այլ թեմայի։ Ավետարաններում Թագավորությունը Հիսուսի խոսքերում հիշատակվում է ավելի քան 100 անգամ։ Իրոք որ այն հարազատ էր Հիսուսի սրտին (կարդա՛  Մատթեոս 12։34

2. Թերևս քանի՞ հոգի էր ներկա, երբ Հիսուսը տվեց Մատթեոս 28։19, 20-ում գրված պատվերը, և ինչո՞ւ կարող ենք այդպիսի եզրահանգում անել։

2 Իր հարությունից շատ չանցած՝ Հիսուսը երևաց ավելի քան 500 հոգու (1 Կորնթ. 15։6)։ Հավանաբար, այդ ժամանակ էր, որ նա պատվիրեց Թագավորության լուրը հասցնել «բոլոր ազգերին»՝ հանձնարարություն, որը կարող էր վախեցնող լինել։ * Հիսուսը նաև ասաց, որ այս հսկայածավալ գործը կատարվելու է ընդհուպ աշխարհի վախճանը, ինչի ականատեսն ենք մենք։ Ամենայն հավանականությամբ, դու ինքդ էլ քո բաժինն ես անում այս  հանձնարարության և մարգարեության կատարման մեջ (Մատթ. 28։19, 20

3. Բարի լուրը քարոզելու հանձնարարությունը կատարելու համար ո՞ր երեք բաներով է մեզ ապահովել Աստված։

3 Քարոզելու պատվերը տալուց հետո Հիսուսը խոստացավ իր հետևորդներին. «Ես ձեզ հետ եմ» (Մատթ. 28։20)։ Ուստի այս լայնածավալ քարոզչական գործը կատարվելու էր նրա ղեկավարության ներքո։ Եվ մեր Աստվածը ապահովել է մեզ «ամեն բարի բանով», որպեսզի օգնի կատարելու այդ հանձնարարությունը (Եբր. 13։20, 21)։ Հոդվածում կքննարկենք այդ բարի բաներից երեքը՝ 1) գործիքներ, որ տրվել են մեզ, 2) մեթոդներ, որ օգտագործել ենք, և 3) կրթություն, որ ստացել ենք։ Նախ խոսենք որոշ գործիքների մասին, որ օգտագործել ենք անցած 100 տարիների ընթացքում։

ԹԱԳԱՎՈՐԸ ԾԱՌԱՆԵՐԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳՈՐԾԻՔՆԵՐՈՎ

4. Ինչպե՞ս են տարբեր գործիքներ օգնել մեզ քարոզչական գործում։

4 Հիսուսը՝ մեր Թագավորը, «թագավորության խոսքը» համեմատեց լավ սերմի հետ, որը ցանվում է տարբեր տեսակի հողի մեջ (Մատթ. 13։18, 19)։ Ինչպես այգեգործն է տարբեր գործիքներ օգտագործում, որ պատրաստի իր այգին սերմ ցանելու համար, այնպես էլ տարիների ընթացքում մեր Թագավորն է տարբեր գործիքներ տվել մեզ, որ պատրաստենք միլիոնավոր մարդկանց սրտերը Թագավորության լուրն ընդունելու համար։ Այս գործիքներից մի քանիսը արդյունավետորեն օգտագործվել են տասնամյակներ շարունակ, իսկ մյուսները օգտագործվում են մինչ օրս։ Բայց բոլոր գործիքներն էլ ինչ-որ կերպով օգնել են մեզ զարգացնելու մեր քարոզչական հմտությունները։

5. Ի՞նչ էր վկայության քարտը, և ինչպե՞ս էր այն օգտագործվում։

5 Գործիքներից մեկը, որի օգնությամբ շատերը սկսել են ծառայել, վկայության քարտն էր։ Թագավորության քարոզիչները այն սկսեցին օգտագործել 1933-ից։ Այս փոքրիկ քարտերը (մոտ 8x13 սանտիմետր) պարունակում էին աստվածաշնչյան կարճ տեղեկություն։ Ժամանակ առ ժամանակ նոր քարտեր էին տպագրվում, որոնք նոր տեղեկություն էին պարունակում։ Մատուցումը շատ պարզ էր։ Եղբայր Չարլզ Էրլենմայերը տասը տարեկան էր, երբ առաջին անգամ մասնակցեց ծառայության այս ձևին։ Նա հիշում է. «Ստանդարտ նախաբանն էր. «Կկարդա՞ք այս քարտը»։ Տանտիրոջ կարդալուց հետո գրականություն էինք տալիս և հեռանում»։

6. Ի՞նչ գործնական նպատակի էր ծառայում վկայության քարտը։

6 Վկայության քարտը օգտակար էր նաև մեկ այլ կերպով։ Թեև որոշ քարոզիչներ մեծ ցանկություն ունեին մասնակցելու քարոզչական գործին, սակայն ամաչկոտ էին և չէին իմանում՝ ինչ ասել։ Իսկ մյուսներն էլ հակառակը՝ շատ բան էին ասում։ Ընդամենը մի քանի րոպեում նրանք ինչ որ գիտեին, պատմում էին տանտիրոջը, և միշտ չէ, որ նրբանկատ էին։ Մինչդեռ վկայության քարտը ճիշտ ընտրված բառերով հակիրճ «խոսում էր» քարոզչի փոխարեն։

7. Ի՞նչ դժվարությունների էին բախվում ոմանք։

7 Ինչ խոսք, դժվարություններ նույնպես լինում էին։ Գրեյս Իստեպը՝ երկար տարիների մի Վկա, հիշում է. «Երբեմն մեզ հարցնում էին. «Իսկ ի՞նչ է այդտեղ գրված։ Չե՞ք կարող ուղղակի պատմել ինձ»»։ Որոշ բնակիչներ չէին կարողանում կարդալ, թե ինչ է գրված քարտի վրա։ Իսկ ոմանք էլ մտածում էին, թե քարտն իրենց ենք տալիս, վերցնում էին այն և փակում դուռը։ Եթե տանտերը խիստ հակառակվող էր, քարտը պատռում էր։ Այնուհանդերձ, մեր եղբայրները սովորեցին մոտենալ մարդկանց և բացահայտորեն ներկայանալ որպես Թագավորության քարոզիչներ։

8. Ինչպե՞ս էին օգտագործվում ֆոնոգրաֆները (տե՛ս 26-րդ էջի նկարը)։

8 Մեկ այլ գործիք, որն օգտագործվել է 1930-ականներին և 1940-ականների սկըզբին, շարժական ֆոնոգրաֆն էր։ Սարքը  որոշ եղբայրներ կոչում էին Ահարոն, քանի որ հիմնականում դա էր խոսում իրենց փոխարեն (կարդա՛  Ելք 4։14–16)։ Տանտիրոջ թույլտվությամբ քարոզիչը միացնում էր չորս ու կես րոպե տևողությամբ աստվածաշնչյան ելույթը և հետո ինչ-որ գրականություն էր առաջարկում։ Երբեմն լինում էր, որ ողջ ընտանիքով էին լսում ձայնագրությունը։ 1934-ին «Դիտարան ընկերությունը» սկսեց արտադրել այնպիսի ֆոնոգրաֆներ, որոնք նախատեսված էին հենց ծառայության համար։ Որոշ ժամանակ անց արդեն մատչելի էին 92 տարբեր թեմաներով ելույթների ձայնագրություններ։

9. Որքա՞ն արդյունավետ էր ֆոնոգրաֆով քարոզելը։

9 Երբ Հիլարի Գոսլինը լսեց աստվածաշնչյան ելույթի ձայնագրությունը, խնդրեց, որ քարոզիչը մեկ շաբաթով իր մոտ թողնի ֆոնոգրաֆը, որպեսզի իր հարևաններն էլ ծանոթանան Թագավորության լուրին։ Երբ քարոզիչը վերադարձավ, նրան սպասում էին մի քանի հետաքրքրվող անձինք։ Ժամանակի ընթացքում նրանցից ոմանք նվիրվեցին Եհովային, իսկ Հիլարիի երկու դուստրերը սովորեցին «Գաղաադ» դպրոցում և օտարերկրյա նշանակում ստացան։ Ինչպես վկայության քարտը, այնպես էլ ֆոնոգրաֆը օգնեց շատերին սկսելու ծառայել։ Հետագայում Թագավորը նրանց բերաններում խոսքեր էր դնելու Աստվածապետական ծառայության դպրոցի միջոցով։

ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՆՔ ԱՄԵՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՄԵԹՈԴ ՄԱՐԴԿԱՆՑ ՔԱՐՈԶԵԼՈՒ ՀԱՄԱՐ

10, 11. Ինչպե՞ս աստվածաշնչյան ճշմարտությունը տարածվեց թերթերի և ռադիոյի միջոցով, և ինչո՞ւ էին այս մեթոդները արդյունավետ։

10 Թագավորի ղեկավարման ներքո Աստծու ժողովուրդը օգտագործել է բազմազան մեթոդներ՝ հնարավորինս շատ մարդկանց բարի լուրը հասցնելու համար։ Սա հատկապես կարևոր էր այն ժամանակ, երբ «աշխատողները» քիչ էին (կարդա՛  Մատթեոս 9։37)։ 20-րդ դարի սկզբին թերթերը այն միջոցն էին, որոնցով կարելի էր լուրը մեծ լսարանի հասցնել այն տարածքներում, որտեղ Եհովայի ծառաները քիչ էին։ Ամեն շաբաթ Չարլզ Թեյզ Ռասելը հեռագրով ուղարկում էր իր քարոզները «Աստվածաշնչի տանը» գործող լրատվական բաժին, որտեղից էլ դրանք հեռագրի միջոցով ուղարկվում էին Միացյալ Նահանգների, Կանադայի և Եվրոպայի թերթերին։ Ըստ հաշվարկների՝ արդեն 1913թ.-ին եղբայր Ռասելի քարոզները տպագրվել էին 2000 թերթերում, և դրանք ընթերցել էր 15000000 մարդ։

11 Եղբայր Ռասելի մահից հետո մեկ ուրիշ արդյունավետ մեթոդ օգտագործվեց բարի լուրը տարածելու համար։ 1922թ. ապրիլի 16-ին Ջոզեֆ Ռադերֆորդը ռադիոյով ներկայացրեց իր առաջին ռադիոելույթներից մեկը, և մոտ 50000 մարդ ունկնդրեց նրա ելույթը։ Իսկ 1924թ. փետրվարի 24-ին կազմակերպության առաջին ռադիոկայանը՝ WBBR (դաբլյու-բի-բի-ար), սկսեց հաղորդումներ հեռարձակել։ Այս նոր մեթոդի մասին «Դիտարանի» 1924թ. դեկտեմբերի 1-ի համարում հետևյալն ասվեց. «Կարծում ենք, որ ճշմարտության լուրը տարածելու համար երբևէ օգտագործված ամենամատչելի և արդյունավետ մեթոդը ռադիոն է»։ Թերթերի և ռադիոյի միջոցով բարի լուրը քարոզվեց այն տարածքներում, որտեղ քիչ թվով Թագավորության քարոզիչներ կային։

Բազմաթիվ Թագավորության քարոզիչներ մասնակցում են հրապարակային վկայությանը և մարդկանց ուշադրությունը հրավիրում են մեր կայքի վրա՝ jw.org (տե՛ս պարբերություն 12, 13)

12. ա) Ծառայության ո՞ր ձևին ես ավելի հաճույքով մասնակցում։ բ) Ի՞նչը կարող է օգնել մեզ, որ հաղթահարենք հրապարակային վկայության հետ կապված մեր վախերը։

12 Այսօր ավելի ու ավելի մեծ շեշտ է դրվում հրապարակային վկայության վրա. քարոզել ավտոբուսների կանգառներում, գնացքների կայարաններում, ավտոկայանատեղերում, հրապարակներում և առևտրի կենտրոններում։ Եթե ծառայության այս ձևին մասնակցելը վախեցնում է քեզ, թերևս աղոթես և խորհրդածես շրջագայող վերակացու Անջելո Մաներայի խոսքերի մասին. «Մենք ծառայության  ցանկացած նոր ձև համարում ենք Եհովային ծառայելու մեկ ուրիշ միջոց, մեր նվիրվածությունը փաստելու մեկ այլ ձև, մեր անարատությունը պահելու ևս մեկ փորձություն ու պատրաստ ենք ծառայելու նրան ցանկացած ձևով, որ նա կասի»։ Մեր վախերը հաղթահարելով և մասնակցելով ծառայության որևէ նոր ձևի՝ ամրացնում ենք մեր վստահությունն ու հավատը Եհովայի հանդեպ և հոգևորապես առաջադիմում ենք (կարդա՛  2 Կորնթացիներ 12։9, 10

13. Ինչո՞ւ է մեր կայքը արդյունավետ մեթոդ, և ի՞նչ դեպքեր են եղել քեզ հետ, երբ մարդկանց ծանոթացրել ես կայքին։

13 Շատ քարոզիչներ սիրում են մարդկանց ուշադրությունը հրավիրել մեր կայքի վրա՝ jw.org։ Նրանք կարող են կարդալ և բեռնել աստվածաշնչյան գրականություն ավելի քան 700 լեզուներով։ Ամեն օր ավելի քան 1,6 միլիոն մարդ է այցելում մեր կայք։ Ինչպես ռադիոն անցյալում, մեր կայքն այսօր անգամ հեռավոր տարածքներում է մարդկանց հասցնում բարի լուրը։

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԲԱՐԻ ԼՈՒՐԻ ՔԱՐՈԶԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ

14. Ի՞նչ կրթության կարիք ունեին քարոզիչները, և ո՞ր դպրոցն է օգնել նրանց դառնալու հմուտ քարոզիչներ։

14 Մենք քննեցինք գործիքներից և մեթոդներից մի քանիսը, որ օգտագործվել են բարի լուրը տարածելու համար։ Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր ստացած կրթության մասին։ Ենթադրենք՝ ելույթի ձայնագրությունը լսելուց հետո տանտերն առարկում է կամ էլ հետաքրքրվում է՝ կարդալով վկայության քարտի տեղեկությունը։ Քարոզիչները պետք է իմանան՝ ինչպես նրբանկատորեն պատասխանել առարկության դեպքում և ինչպես հմտորեն ուսուցանել ազնվասիրտ մարդկանց։ Անկասկած, Աստծու ոգու օգնությամբ Նաթան Նորը հասկացավ, որ անհրաժեշտ է կրթել քարոզիչներին, որպեսզի կարողանան խոսելու պարգևն օգտագործել ծառայության մեջ։ Իսկ ինչպե՞ս էր դա արվելու։ 1943թ.-ից ժողովներում կազմակերպվեց Աստվածապետական ծառայության դպրոցը։ Այն օգնել է մեզ դառնալու հմուտ քարոզիչներ։

15. ա) Ի՞նչ ապրումներ են ունեցել ոմանք Աստվածապետական ծառայության դպրոցի որոշ առաջադրանքներ ներկայացնելիս։ բ) Ինչպե՞ս է Եհովայի խոստումը՝ արձանագրված Սաղմոս 32։8-ում, ճշմարիտ եղել քո պարագայում։

15 Շատերին ժամանակ էր հարկավոր, որ սովորեին խոսել լսարանի առաջ։ Խուլիո Ռամուն հիշում է իր առաջին ելույթը դպրոցում, որը ներկայացրել էր 1944-ին։ Նա խոսելու էր Դովեկի մասին, որը Աստվածաշնչում հիշատակվում է ընդամենը չորս համարներում։ «Ծնկներս ու ձեռքերս դողում էին, իսկ ատամներս իրար էին զարկվում»։ Խուլիոն նշում է, որ ինքը պետք է ողջ ելույթը կառուցեր այդ չորս համարների շուրջ,  այդ պատճառով այն տևեց երեք րոպե։ «Դա բեմից ներկայացրած իմ առաջին ելույթն էր, բայց ոչ վերջինը»։ Երեխաները նույնպես մասնակցում էին դպրոցին, թեև ոմանց համար հեշտ չէր ելույթ ներկայացնել ժողովի առաջ։ Անջելո Մաներան, որի մասին խոսեցինք, հիշում է մի դպրոցահասակ տղայի առաջին ելույթը։ «Նա այնքան լարված էր, որ ելույթի հենց սկզբից սկսեց հեկեկալ։ Բայց մինչև վերջ ներկայացրեց, թեև ողջ ընթացքում շարունակ հեկեկում էր»։ Իսկ դու խուսափո՞ւմ ես ժողովում մեկնաբանություն տալուց կամ այլ կերպերով հանդիպումներին մասնակցելուց զուտ այն պատճառով, որ ամաչկոտ ես կամ որևէ այլ բան է խանգարում քեզ։ Խնդրիր Եհովային օգնել քեզ հաղթահարելու վախերդ։ Կտեսնես, որ նա կօգնի քեզ, ինչպես որ օգնել է Աստվածապետական ծառայության դպրոցի նախկին սովորողներին (կարդա՛  Սաղմոս 32։8

16. Ո՞րն է եղել «Գաղաադ» դպրոցի նպատակը ա) անցյալում և բ) 2011-ից սկսած։

16 Եհովայի ժողովրդին տրվող կրթությունը չի սահմանափակվում միայն Աստվածապետական ծառայության դպրոցով։ Միսիոներները և ուրիշներ մեծ օգուտներ են քաղել «Գաղաադ» դպրոցից։ Ուսուցիչներից մեկի խոսքերի համաձայն՝ այդ դպրոցի նպատակներից մեկն այն է, որ «ուսանողների մեջ ավելի մեծ ցանկություն սերմանվի քարոզչական գործին մասնակցելու համար»։ «Գաղաադ» դպրոցը հիմնադրվել է 1943-ին, և այդ թվականից ի վեր ավելի քան 8500 մարդ է սովորել այնտեղ։ Դպրոցն ավարտած միսիոներները ծառայել են ավելի քան 170 երկրներում։ 2011թ.-ից սկսած՝ այս դպրոցում կարող են սովորել միայն նրանք, ովքեր արդեն հատուկ լիաժամ ծառայողներ են՝ հատուկ ռահվիրաները, շրջագայող վերակացուները, բեթելցիները և այն միսիոներները, որոնք դեռ չեն սովորել «Գաղաադ»-ում։

17. Որքա՞ն արդյունավետ է եղել «Գաղաադ» դպրոցի տված կրթությունը։

17 Որքա՞ն արդյունավետ է եղել այս կրթությունը։ Նկատի առնենք մի օրինակ։ 1949 թ. օգոստոսին Ճապոնիայում տեղի քարոզիչների թիվը տասի էլ չէր հասնում։ Այդ տարվա վերջում «Գաղաադ» դպրոցն ավարտած 13 միսիոներներ էին այնտեղ քարոզում։ Այսօր Ճապոնիայում ավելի քան 216000 քարոզիչներ կան, որոնց մոտ 42 տոկոսը ռահվիրա է ծառայում։

18. Ո՞ր դպրոցներն են օգնել փորձառու Վկաներին հոգևորապես աճելու։

18 Թագավորական ծառայության դըպրոց, Ռահվիրայական ծառայության դըպրոց, Թագավորության քարոզիչների դպրոց, դպրոցներ շրջանային վերակացուների ու նրանց կանանց համար և մասնաճյուղի կոմիտեի անդամների ու նրանց կանանց համար. այս բոլոր դպրոցները մեծապես նպաստել են, որ Եհովայի ժողովուրդը հոգևորապես առաջադիմի և ավելի հմտանա քարոզչական գործում։ Անկասկած, Թագավորը շարունակում է կրթել իր հպատակներին։

19. Ի՞նչ է ասել Չարլզ Ռասելը քարոզչական գործի մասին, և ինչպե՞ս են նրա խոսքերը կատարվել։

19 Ավելի քան 100 տարի է անցել այն ժամանակից, երբ ծնվեց Աստծու Թագավորությունը։ Մեր Թագավորը՝ Հիսուս Քրիստոսը, շարունակում է կրթել մեզ։ 1916-ին՝ իր մահից կարճ ժամանակ առաջ, Չարլզ Ռասելը, հեռատեսություն դրսևորելով, նշեց, թե ինչ հսկայական չափերի էր հասնելու քարոզչական գործը։ Նա իր մտերիմ համագործակիցներից մեկին ասաց. «Գործն արագորեն մեծանում է և դեռ շարունակելու է մեծանալ, քանի որ «Թագավորության ավետարանը» ամբողջ աշխարհում քարոզելու համար աշխարհածավալ աշխատանք պետք է կատարվի» («Հավատի երթը», Ալեքսանդր Հ. Մակմիլան, էջ 69, անգլ.)։ Որքա՜ն իրավացի էր նա։ Եվ որքա՜ն երախտապարտ ենք մենք, որ խաղաղության Աստվածը շարունակում է ապահովել մեզ ամեն բանով, որ հաճույքով կատարենք այս գործը։ Այո՛, նա տալիս է մեզ «ամեն բարի բան», որ կատարենք իր կամքը։

^ պարբ. 2 Հիմք կա հավատալու, որ այնտեղ ներկաների մեծ մասը դարձավ քրիստոնյա։ Պողոսը Կորնթացիներին ուղղված իր նամակում նրանց մասին խոսում է որպես «հինգ հարյուր եղբայրների»։ Նա ասում է. «[Նրանց] մեծ մասը մինչև հիմա դեռ կա, բայց ոմանք ննջել են մահվան քնով»։ Հետևաբար Պողոսը և առաջին դարի քրիստոնյաներից ոմանք ծանոթ էին նրանցից շատերին, ովքեր անձամբ էին լսել Հիսուսի տված պատվերը։