Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան (ուսումնասիրության թողարկում)  |  Նոյեմբեր 2015

Կրթիր երեխայիդ, որ ծառայի Եհովային

Կրթիր երեխայիդ, որ ծառայի Եհովային

«Ճշմարիտ Աստծու մարդը.... թող.... սովորեցնի, թե ինչ անենք այն մանկանը, որ պիտի ծնվի» (ԴԱՏ. 13։8

ԵՐԳ 88, 120

1. Ինչպե՞ս արձագանքեց Մանուեն, երբ իմացավ, որ հայր է դառնալու։

ՄԱՆՈՒԵԻ կինը դժվար թե կարողանար այնպիսի լուր հայտնել, որն ավելի շատ անակնկալի կբերեր ամուսնուն. նրանք որդի էին ունենալու։ Թեև զույգը վստահ էր, որ կինը ամուլ է, բայց երբ Եհովայի հրեշտակը երևաց նրան, այն, ինչ անհնար էր թվում, իրականություն դարձավ։ Անկասկած, Մանուեն ուրախ էր, որ հայր է դառնալու, բայց նաև գիտակցում էր, որ այդուհետ իր ուսերին մեծ պատասխանատվություն է ընկնում։ Ինչպե՞ս էին ինքն ու իր կինը չարությամբ լցված այդ ազգի մեջ մեծացնելու իրենց որդուն, որ ծառայեր Աստծուն։ Մանուեն «սկսեց աղերսել Եհովային» և ասել. «Ճշմարիտ Աստծու մարդը [հրեշտակը], որին դու ուղարկեցիր, թող դարձյալ գա մեզ մոտ և սովորեցնի, թե ինչ անենք այն մանկանը, որ պիտի ծնվի» (Դատ. 13։1–8

2. Ի՞նչ է ներառում երեխային կրթելը (տե՛ս  «Քո ամենից կարևոր Աստվածաշունչ ուսումնասիրողները» շրջանակը)։

2 Եթե ծնող ես, հավանաբար նույն զգացումներն ունես, ինչ Մանուեն։ Դու նույնպես կարևոր պատասխանատվություն ունես օգնելու երեխայիդ ճանաչելու և սիրելու Եհովային (Առակ. 1։8)։ Դրա համար քրիստոնյա ծնողները այնպես են անում, որ իրենց ընտանեկան երկրպագության ծրագիրը բովանդակալից լինի, և երեխաները ավելի շատ գիտելիքներ ձեռք բերեն Եհովայի մասին ու ավելի շատ սիրեն նրան։ Ինչ խոսք, Աստվածաշնչի ճշմարտությունները  զավակիդ մտքի մեջ արմատավորելու համար դու պետք է շաբաթական ընտանեկան ուսումնասիրությունից ավելին անես (կարդա՛  2 Օրենք 6։6–9)։ Իսկ ինչպե՞ս կարող ես ճշմարտությունն արմատավորել երեխայիդ մեջ։ Այս և հաջորդ հոդվածներից կիմանանք, թե ինչպես ծնողները կարող են հետևել Հիսուսի օրինակին։ Թեև Հիսուսը հայր չի եղել, բայց ծնողները կարող են օգուտ քաղել նրա սովորեցնելու կերպից, քանի որ նա սովորեցրեց ու կրթեց իր աշակերտներին սիրով, խոնարհությամբ և հասկացողությամբ։ Եկեք մեկ առ մեկ քննենք այս հատկությունները։

ՍԻՐԻՐ ՔՈ ԵՐԵԽԱՅԻՆ

3. Ինչպե՞ս էր Հիսուսը սեր դրսևորում իր աշակերտների հանդեպ։

3 Հիսուսը հաճախ էր իր աշակերտներին ասում, որ սիրում է նրանց (կարդա՛  Հովհաննես 15։9)։ Նա նաև իր սերը դրսևորում էր՝ նրանց հետ կանոնավորաբար և մտերմիկ շփում ունենալով (Մարկ. 6։31, 32; Հովհ. 2։2; 21։12, 13)։ Նա ոչ միայն նրանց ուսուցիչն էր, այլև ընկերը։ Ուստի աշակերտները չէին կասկածում, որ նա սիրում է իրենց։ Ուրեմն ինչպե՞ս կարող ես ընդօրինակել Հիսուսի ուսուցանելու կերպը։

4. Ինչպե՞ս կարող ես հավաստիացնել երեխաներիդ, որ սիրում ես նրանց (տե՛ս 3-րդ էջի նկարը)։

4 Ասա երեխաներիդ, որ սիրում ես նրանց, և միշտ ցույց տուր, թե որքան թանկ են նրանք քեզ համար (Առակ. 4։3; Տիտոս 2։4)։ Սեմուելը, որն ապրում է Ավստրալիայում, ասում է. «Երբ փոքր էի, հայրս ամեն երեկո ինձ համար կարդում էր «Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն» գիրքը։ Նա պատասխանում էր իմ հարցերին, գրկում ու համբուրում էր ինձ բարի գիշեր մաղթելուց առաջ։ Շատ զարմացա, երբ հետագայում իմացա, որ հայրս մեծացել է այնպիսի ընտանիքում, որտեղ գրկախառնություններն ու համբույրները ընդունված չեն եղել։ Նա մեծ ջանքեր էր թափել, որ արտահայտեր իր սերն իմ հանդեպ։ Այդ ամենի շնորհիվ ես շատ մտերմացա նրա հետ, նրա կողքին ինձ երջանիկ ու ապահով էի զգում»։ Օգնիր երեխաներիդ, որ նույն զգացումներն ունենան՝ հաճախակի ասելով, որ  սիրում ես իրենց։ Ցույց տուր քո սերը նրանց հանդեպ։ Զրուցիր նրանց հետ, ճաշիր նրանց հետ, խաղա նրանց հետ։

5, 6. ա) Ի՞նչ է անում Հիսուսը նրանց, ում սիրում է։ բ) Բացատրի՛ր, թե տեղին խրատը ինչպես է օգնում երեխաներին իրենց ապահով և սիրված զգալու։

5 Հիսուսն ասաց. «Բոլոր նրանց, ում սիրում եմ, հանդիմանում եմ ու խրատում» * (Հայտն. 3։19)։ Թեև Հիսուսի աշակերտները շարունակաբար վիճում էին, թե ով է իրենցից ավելի մեծ, նա նրանցից իր հույսը չկտրեց։ Իսկ երբ չէին արձագանքում իր խրատին, նա չէր անտեսում խնդիրը, այլ հարմար ժամին և հարմար վայրում ուղղում էր նրանց սիրով և մեղմությամբ (Մարկ. 9։33–37

6 Ցույց տուր քո սերը երեխաներիդ հանդեպ՝ նրանց խրատելով։ Երբեմն բավական է լինում բացատրել, թե ինչու է տվյալ պահվածքը ճիշտ կամ սխալ։ Երբեմն էլ երեխան գուցե չանի այն, ինչ ասում ես (Առակ. 22։15)։ Երբ նման բան է տեղի ունենում, ընդօրինակիր Հիսուսին։ Հարմար ժամին և հարմար վայրում խրատիր երեխայիդ սիրով և մեղմությամբ՝ համբերատարությամբ առաջնորդելով, կրթելով և ուղղելով։ Հարավաֆրիկյան Հանրապետությունից մի քույր՝ Իլեյնը, պատմում է. «Ծնողներս հետևողական էին ինձ խրատելու հարցում։ Նրանք զգուշացնում էին, որ եթե ինձ վատ պահեմ, կպատժվեմ, և միշտ վարվում էին իրենց ասածի համաձայն։ Բայց երբեք չէին խրատում ինձ բարկությամբ կամ առանց բացատրելու, թե ինչու եմ պատժվում։ Դրա շնորհիվ ինձ ապահով էի զգում։ Ես գիտեի իմ սահմանները և հասկանում էի, թե ինչ է պահանջվում ինձնից»։

ԽՈՆԱՐՀՈՒԹՅՈՒՆ ԴՐՍԵՎՈՐԻՐ

7, 8. ա) Ինչպե՞ս Հիսուսը աղոթելիս խոնարհություն դրսևորեց։ բ) Ինչպե՞ս կարող են աղոթքներդ սովորեցնել երեխաներիդ ապավինել Աստծուն։

7 Պատկերացրու, թե ինչ զգացին Հիսուսի աշակերտները, երբ հետագայում իմացան նրա երկրային կյանքի վերջին աղոթքներից մեկի մասին կամ թերևս լսեցին այն, երբ նա աղոթում էր. «Ա՛բբա, Հա՛յր, քեզ համար ամեն բան հնարավոր է. հեռացրու այս բաժակը ինձանից, սակայն ոչ թե ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու ես կամենում» * (Մարկ. 14։36)։ Հիսուսի աղերսագին խոսքերից իր հետևորդները անկասկած սովորեցին, որ եթե Աստծու կատարյալ Որդին է աղոթում օգնության համար, իրենք էլ պետք է նույնն անեն։

8 Ի՞նչ են երեխաներդ սովորում քո աղոթքներից։ Ճիշտ է, դու չես աղոթում Եհովային գլխավորապես երեխաներիդ սովորեցնելու համար։ Այնուհանդերձ, երբ խոնարհաբար աղոթում ես նրանց ներկայությամբ, նրանք սովորում են ապավինել Եհովային։ Էնը, որն ապրում է Բրազիլիայում, ասում է. «Երբ խնդիրներ էին ծագում, օրինակ՝ երբ տատիկս կամ պապիկս հիվանդ էր լինում, ծնողներս խնդրում էին Եհովային զորացնել իրենց այդ իրավիճակում։ Նաև իմաստություն էին խնդրում, որ ճիշտ որոշումներ կայացնեին։ Ծանր դժվարությունների ժամանակ նրանք միշտ իրենց խնդիրները Եհովայի ձեռքն էին հանձնում։ Արդյունքում սովորեցի ապավինել Եհովային»։ Երբ աղոթում ես երեխաներիդ հետ, մի՛ աղոթիր միայն նրանց համար։ Խնդրիր Եհովային քեզ նույնպես օգնել, օրինակ՝ որ գործատիրոջիցդ թույլտվություն խնդրես համաժողովին ներկա լինելու համար կամ որ համարձակորեն վկայություն տաս։ Խոնարհաբար ապավինիր Աստծուն, և երեխաներդ կսովորեն նույնն անել։

9. ա) Ինչպե՞ս Հիսուսը սովորեցրեց իր աշակերտներին խոնարհությամբ ծառայել ուրիշներին։ բ) Եթե պատրաստ լինես ծառայելու ուրիշներին, ի՞նչ կսովորեն երեխաներդ։

9 Իր խոսքով և օրինակով Հիսուսը սովորեցրեց աշակերտներին խոնարհությամբ ծառայել ուրիշներին (կարդա՛  Ղուկաս  22։27)։ Նա առաքյալներին սովորեցրեց անձնազոհություն դրսևորել Եհովային ծառայելիս և հավատակիցների հետ շփվելիս։ Քո խոնարհ և անձնազոհ օրինակով դու նույնը կարող ես սովորեցնել երեխաներիդ։ «Ես չէի խանդում, որ ամուսինս՝ որպես երեց, ժամանակ էր տրամադրում ուրիշներին,— ասում է Դեբին, որը երկու երեխաների մայր է։— Գիտեի, որ երբ էլ իմ ընտանիքն ունենա ամուսնուս ուշադրության կարիքը, նա մեր կողքին կլինի» (1 Տիմոթ. 3։4, 5)։ Դեբիի ամուսինը՝ Փրանասը, ավելացնում է. «Հետագայում մեր երեխաները մեծ եռանդով օգնում էին համաժողովների և աստվածապետական նախագծերի ժամանակ։ Դա նրանց ուրախություն էր պարգևում, ընկերներ էին ձեռք բերում և զգում էին, որ եղբայրության մի մասն են»։ Ողջ ընտանիքն այսօր ծառայում է լիաժամ։ Եթե խոնարհություն և անձնազոհություն դրսևորես, երեխաներդ թերևս սովորեն ծառայել ուրիշներին։

ՀԱՍԿԱՑՈՂՈՒԹՅՈՒՆ ԴՐՍԵՎՈՐԻՐ

10. Երբ բազմությունը եկավ Հիսուսին տեսնելու, ինչպե՞ս նա հասկացողություն դրսևորեց։

10 Հիսուսը հասկացողություն դրսևորեց՝ տեսանելիից ավելին տեսնելով, և հասկանալով, թե ինչու են մարդիկ այս կամ այն կերպ վարվում։ Մի առիթով Գալիլեայում իր ունկնդիրներից ոմանք սկսեցին փնտրել նրան, և թվում էր՝ ուզում էին նրա հետևորդը դառնալ (Հովհ. 6։22–24)։ Բայց Հիսուսը, որը կարողանում էր կարդալ սրտերը, հասկացավ, որ մարդկանց ավելի շատ հետաքրքրում էր ֆիզիկական կերակուրը, քան այն, ինչ սովորեցնում էր (Հովհ. 2։25)։ Նա տեսավ խնդիրը, համբերատարորեն ուղղեց նրանց և բացատրեց, թե ինչ փոփոխություններ պետք է անեին (կարդա՛  Հովհաննես 6։25–27

Ծառայությունը հետաքրքի՞ր է անցնում երեխայիդ համար, և նա բավականություն ստանո՞ւմ է դրանից (տե՛ս պարբերություն 11)

11. ա) Բե՛ր օրինակ, որը ցույց է տալիս, թե ինչպես հասկացողությունը կարող է օգնել քեզ պարզելու, թե արդյոք երեխադ սիրում է ծառայությունը։ բ) Ի՞նչ կարող ես անել, որ ծառայությունը հետաքրքիր անցնի երեխայիդ համար։

11 Թեև չես կարող սրտեր կարդալ, դու նույնպես կարող ես հասկացողություն դրսևորել և իմանալ, թե ինչպես է երեխադ տրամադրված քարոզչական ծառայության հանդեպ։ Շատ ծնողներ կարճ ընդմիջում են ծառայությունը, որ երեխաները հանգստանան և ինչ-որ բան ուտեն կամ խմեն։ Բայց դու կարող ես տեսանելիից ավելին տեսնել՝ ինքդ քեզ հարցնելով. «Երեխաս սիրում է ծառայությո՞ւնը, թե՞ միայն ընդմիջումները»։ Եթե նկատում ես, որ ծառայությունն այդքան էլ հետաքրքիր չէ երեխաներիդ համար,  և նրանք բավականություն չեն ստանում դրանից, նրանց փոքր հանձնարարություններ տուր ծառայության ժամանակ։ Գործի դիր հնարամտությունդ, որպեսզի օգնես նրանց լիարժեքորեն մասնակցելու ծառայությանը որպես քո համագործակիցներ։

12. ա) Ինչպե՞ս Հիսուսը հասկացողություն դրսևորեց՝ զգուշացնելով իր հետևորդներին բարոյական անմաքրության մասին։ բ) Ինչո՞ւ էր Հիսուսի նախազգուշացումը ժամանակահարմար։

12 Հիսուսը նաև հասկացողություն դրսևորեց բնորոշելով մեղքի տանող սխալները։ Օրինակ՝ նրա աշակերտները գիտեին, որ անբարոյությունը սխալ է։ Բայց Հիսուսը զգուշացրեց նրանց այն քայլերի մասին, որոնք տանում են անբարոյության՝ ասելով. «Յուրաքանչյուր ոք, ով շարունակում է նայել որևէ կնոջ այնպես, որ իր մեջ կրքեր են արթնանում նրա հանդեպ, նա արդեն շնություն գործեց նրա հետ իր սրտում։ Ուրեմն եթե քո աջ աչքը գայթակղեցնում է քեզ, հանիր այն ու մի կողմ գցիր» (Մատթ. 5։27–29)։ Սրանք շատ ժամանակահարմար խոսքեր էին Հռոմի իշխանության տակ ապրող քրիստոնյաների համար։ Մի պատմաբան գրում է, որ Հռոմում ներկայացումների ժամանակ հանդիսատեսի «աչքերը և ականջները անպարկեշտ բաներ էին տեսնում և լսում» և «ամենից անբարո տեսարանները ամենաշատն էին ծափահարությունների արժանանում»։ Սիրո և հասկացողության ինչպիսի՜ դրսևորում էր Հիսուսի կողմից զգուշացնել իր աշակերտներին այն բաների մասին, որոնց պատճառով դժվար կլիներ նրանց համար բարոյապես մաքուր մնալ։

13, 14. Ինչպե՞ս կարող ես պաշտպանել երեխաներիդ անմաքուր զվարճություններից։

13 Հասկացողությունը կարող է օգնել քեզ պաշտպանելու երեխաներիդ հոգևորապես վնասվելուց։ Այսօր երեխաները ավելի շատ են ենթարկվում պոռնկագրություն և այլ անբարո նյութեր դիտելու ազդեցությանը, քան նախկինում։ Ինչ խոսք, քրիստոնյա ծնողները ասում են իրենց երեխաներին, որ անմաքուր զվարճությունները սխալ են։ Բայց հասկացողությունը կօգնի քեզ նաև հասկանալու, թե ինչը երեխայիդ մեջ պոռնկագրություն դիտելու հետաքրքրություն կառաջացնի։ Հարցրու ինքդ քեզ. «Ի՞նչը կարող է գայթակղել երեխայիս, որ պոռնկագրություն դիտի։ Նա գիտի՞, թե ինչու է դա այդքան վտանգավոր։ Այնքան մատչելի՞ եմ, որ եթե երբևէ պոռնկագրություն դիտելու գայթակղության առաջ կանգնի, օգնության համար դիմի ինձ»։ Եթե անգամ երեխաներդ շատ փոքր են, կարող ես ասել նրանց. «Եթե երբևէ անբարո վեբ կայքի հանդիպես և քո մեջ գայթակղություն առաջանա այն բացելու, խնդրում եմ արի ու ասա ինձ այդ մասին։ Չամաչես, ես քեզ կօգնեմ»։

14 Հասկացողությունը նաև կօգնի քեզ ողջամտորեն զվարճություններ ընտրելու։ Փրանասը, որի մասին խոսեցինք վերևում, ասում է. «Այն, թե մենք՝ ծնողներս, ինչ երաժշտության, ֆիլմի կամ գրքի ենք հավանություն տալիս, իր ազդեցությունն է թողնում ընտանիքի վրա։ Դու կարող ես շատ բաներ ասել, բայց երեխաներդ նայելու են, թե ինչ ես անո՛ւմ, և ընդօրինակելու են քեզ»։ Եթե երեխաներդ տեսնեն, որ դու զվարճության մաքուր ձևեր ես ընտրում, թերևս մղվեն նույն ընտրությունն անելու (Հռոմ. 2։21–24

ՃՇՄԱՐԻՏ ԱՍՏՎԱԾԸ ԿԼՍԻ ՔԵԶ

15, 16. ա) Ինչո՞ւ կարող ես վստահ լինել, որ Աստված կօգնի քեզ կրթելու երեխաներիդ։ բ) Ի՞նչ ենք քննելու հաջորդ հոդվածում։

15 Ի՞նչ պատահեց, երբ Մանուեն օգնություն խնդրեց իր որդուն մեծացնելու համար։ «Ճշմարիտ Աստվածը լսեց Մանուեի ձայնը» (Դատ. 13։9)։ Ծնողնե՛ր, Եհովան ձեզ նույնպես կլսի։ Նա կպատասխանի ձեր աղոթքներին և կօգնի կրթելու ձեր երեխաներին։ Ձեզ կհաջողվի դա անել սիրով, խոնարհությամբ և հասկացողությամբ։

16 Եհովան ինչպես որ ծնողներին օգնում է հաջողությամբ կրթելու իրենց փոքր երեխաներին, այնպես էլ կօգնի կրթելու պատանիներին։ Հաջորդ հոդվածում կքննենք, թե ինչպես կարող ես ընդօրինակել Հիսուսի սերը, խոնարհությունն ու հասկացողությունը, մինչ կրթում ես դեռահասիդ, որ ծառայի Եհովային։

^ պարբ. 5 Աստվածաշնչի համաձայն՝ խրատել նշանակում է սիրով առաջնորդել, կրթել, ուղղել և երբեմն էլ պատժել, բայց ոչ բարկությամբ։

^ պարբ. 7 «Աստվածաշնչի միջազգային ստանդարտ հանրագիտարանում» նշվում է. «Հիսուսի օրերի խոսակցական լեզվում երեխան աբբա բառով կարող էր դիմել իր հորը, քանի որ դա հորն ուղղված մտերմիկ և հարգալից դիմելաձև էր»։