Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՆՈՅԵՄԲԵՐ 2015

Ընթերցողների հարցերը

Ընթերցողների հարցերը

Ի՞նչ ապացույց կա, որ հին Երիքով քաղաքը առանց երկար պաշարելու են գրավել

Հեսու 6։10–15 և 20 համարների համաձայն՝ իսրայելացիների զորքը վեց օրերի ընթացքում օրը մեկ անգամ պտտվեց Երիքովի շուրջը։ Յոթերորդ օրը նրանք յոթ անգամ պտտվեցին, և Աստված այնպես արեց, որ Երիքովի հսկայական պարիսպը փուլ եկավ։ Դրա շնորհիվ իսրայելացիները կարողացան մտնել քաղաք և գրավել այն։ Իսկ հնագիտական փաստերը հաստատո՞ւմ են այն, որ Երիքովի պաշարումը կարճ է տևել։

Հին ժամանակներում զավթիչները բերդաքաղաքները գրավելու համար սովորաբար պաշարում էին դրանք։ Եվ անկախ նրանից, թե պաշարումը որքան երկար էր տևում, քաղաքը գրավելուց հետո նրանք կողոպտում էին այն՝ վերցնելով դրա հարստությունը, այդ թվում՝ մնացած մթերքը։ Բայց Երիքովի ավերակներում հնագետները մեծ քանակությամբ մթերք են հայտնաբերել։ Աստվածաշնչյան հնագիտության մասին մի հանդեսում այս առնչությամբ ասվում է. «Կավե իրերից բացի, ավերակների մեջ ամենից շատ հայտնաբերված բաներից էր ցորենը.... Պաղեստինյան հնագիտության արձանագրություններում դա եզակի երևույթ է։ Թերևս մեկ կամ երկու սափոր ցորեն հայտնաբերվի, բայց ոչ այդքան մեծ քանակությամբ. դա բացառիկ բան է» (Biblical Archaeology Review)։

Աստվածաշնչյան արձանագրությունից իմանում ենք, որ իսրայելացիները Երիքով քաղաքի ցորենը որպես ավար չէին վերցրել. նրանք հիմնավոր պատճառ ունեին այդպես վարվելու համար, քանի որ Եհովան էր նրանց նման պատվեր տվել (Հեսու 6։17, 18)։ Իսրայելացիները գարնանն են հարձակվել քաղաքի վրա՝ հնձի շրջանից անմիջապես հետո, երբ ցորենի առատ պաշարներ կային (Հեսու 3։15–17; 5։10)։ Այն փաստը, որ Երիքովում շատ ցորեն էր մնացել, ցույց է տալիս, որ իսրայելացիները կարճ ժամանակով են պաշարել քաղաքը, ինչպես որ նշում է Աստվածաշունչը։