Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան (ուսումնասիրության թողարկում)  |  Հոկտեմբեր 2015

Տեսնո՞ւմ ես Աստծու ձեռքը քո կյանքում

Տեսնո՞ւմ ես Աստծու ձեռքը քո կյանքում

«Եհովայի ձեռքը հայտնի կդառնա իր ծառաներին» (ԵՍ. 66։14

ԵՐԳ 65, 26

1, 2. Ի՞նչ են որոշ մարդիկ մտածում Աստծու մասին։

ՇԱՏԵՐԸ մտածում են, որ Աստծուն չի հետաքրքրում, թե մարդիկ ինչ գործեր են անում։ Ոմանք կարծում են, որ նրա համար միևնույնն է, թե ինչ է պատահում մարդկանց հետ։ Այն բանից հետո, երբ կործանարար «Հայյան» թայֆունը 2013թ. նոյեմբերին ավերեց Ֆիլիպինների կենտրոնական մասը, մեծ քաղաքներից մեկի քաղաքագլուխը ասաց. «Աստված պետք է որ այլ վայրում եղած լիներ»։

2 Որոշ մարդիկ էլ այնպիսի գործեր են անում, ասես Աստված չի տեսնում դրանք (Ես. 26։10, 11; 3 Հովհ. 11)։ Նրանք նման են այն մարդկանց, որոնց մասին Պողոս առաքյալն ասաց. «Նրանք չուզեցին ստույգ ճանաչել Աստծուն»։ Այսպիսի անհատները «լցված են ամեն անարդարությամբ, ամբարշտությամբ, ագահությամբ, չարությամբ» (Հռոմ. 1։28, 29

3. ա) Ի՞նչ հարցեր թերևս ուղղենք ինքներս մեզ։ բ) Աստվածաշնչում Եհովայի «ձեռք» արտահայտությունը հաճախ ինչի՞ն է վերաբերում։

3 Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր մասին։ Ի տարբերություն վերոնշյալ մարդկանց՝ մենք գիտակցում ենք, որ Եհովան տեսնում է այն ամենը, ինչ անում ենք։ Իսկ տեսնո՞ւմ ենք, որ նա հետաքրքրված է մեզանով և օգնության ձեռք է մեկնում մեզ։ Այն մարդկանց թվո՞ւմ ենք, որոնց մասին Հիսուսն ասաց, որ «կտեսնեն Աստծուն» (Մատթ. 5։8)։ Իմանալու համար, թե ինչ է դա նշանակում, նախ  քննենք այն աստվածաշնչյան կերպարների օրինակները, որոնք տեսել են Աստծու ձեռքն իրենց կյանքում, և նրանց, որոնք չեն ցանկացել տեսնել այն։ Հետո կիմանանք, թե ինչպես կարող ենք հավատի աչքերով հստակորեն տեսնել Եհովայի ձեռքը մեր կյանքում։ Մինչ կքննարկենք այս մտքերը, հիշիր, որ Աստվածաշունչը հաճախ խոսում է Աստծու «ձեռքի» մասին, երբ խոսքը գործի մեջ դրած նրա զորության մասին է, որը նա գործածում է իր ծառաներին օգնելու և նրանց հակառակորդներին ոչնչացնելու համար (կարդա՛  2 Օրենք 26։8

ՆՐԱՆՔ ՉՈՒԶԵՑԻՆ ՏԵՍՆԵԼ ԱՍՏԾՈՒ ՁԵՌՔԸ

4. Ինչո՞ւ Իսրայելի թշնամիները չտեսան Աստծու ձեռքը։

4 Անցյալում մարդիկ հնարավորություն ունեին տեսնելու և լսելու այն, թե ինչպես է Աստված գործել հանուն Իսրայել ազգի բարօրության։ Եհովան հրաշքով ազատեց իր ժողովրդին Եգիպտոսից և թագավորներին իրար հետևից իսրայելացիների ձեռքը մատնեց (Հեսու 9։3, 9, 10)։ Չնայած Հորդանանի արևմտյան կողմում բնակվող գրեթե բոլոր թագավորները լսել ու տեսել էին, թե ինչպես է Իսրայելի Աստվածը փրկում իր ժողովրդին, «բոլորը մեկտեղ հավաքվեցին, որպեսզի միաբանված պատերազմեն Հեսուի և Իսրայելի դեմ» (Հեսու 9։1, 2)։ Նույնիսկ երբ սկսեցին կռվել Աստծու ժողովրդի դեմ, նրանք դեռ կարող էին տեսնել Աստծու ձեռքը։ Եհովայի կարգադրությամբ «արեգակը կանգ առավ, և լուսինը իր տեղում մնաց, մինչև որ ժողովուրդը կարողացավ վրեժ առնել իր թշնամիներից» (Հեսու 10։13)։ Բայց Եհովան «թույլ տվեց, որ նրանց [հակառակորդների] սրտերը համառ դառնան», որպեսզի նրանք պատերազմեն Իսրայելի դեմ (Հեսու 11։20)։ Աստծու ժողովրդի թշնամիները չընդունեցին այն փաստը, որ Աստված էր պատերազմում Իսրայելի համար, և այդ պատճառով կործանման մատնվեցին։

5. Ի՞նչ չընդունեց չար Աքաաբ թագավորը։

5 Հետագայում չար Աքաաբ թագավորը ամեն հնարավորություն ուներ տեսնելու Աստծու ձեռքը։ Եղիան նրան ասել էր. «Եթե այս տարիներին ցող իջնի կամ անձրև գա, ապա դա կլինի միայն իմ խոսքով» (1 Թագ. 17։1)։ Հստակ էր, որ Եհովան էր կանգնած այս խոսքերի հետևում, բայց Աքաաբը չընդունեց այդ փաստը։ Ավելի ուշ նա տեսավ, թե ինչպես կրակ իջավ երկնքից, երբ Եղիան աղոթեց, որ այն խժռի իր ողջակեզը։ Հետո մարգարեն նշեց, որ Եհովան վերջ կդնի երաշտին՝ թագավորին ասելով. «Իջիր, որ անձրևը քեզ չհասնի» (1 Թագ. 18։22–45)։ Աքաաբը տեսավ այս ամենը, բայց դարձյալ չընդունեց, որ դա Աստծու զորության մեծ դրսևորումն էր։ Այս և նախորդ օրինակները կարևոր դաս են սովորեցնում՝ մենք պետք է տեսնենք Եհովայի ձեռքը մեր կյանքում։

ՆՐԱՆՔ ՏԵՍԱՆ ԵՀՈՎԱՅԻ ՁԵՌՔԸ

6, 7. Ոմանք ի՞նչը հստակ տեսան Հեսուի օրերում։

6 Ի տարբերություն այդ չար թագավորների՝ եղան մարդիկ, ովքեր տեսան Աստծու ձեռքը, թեև նույն իրավիճակում էին, ինչ նրանք։ Օրինակ՝ չնայած Հեսուի օրերում իսրայելացիներին շրջապատող ազգերի մեծ մասը պատերազմում էր նրանց դեմ, գաբաոնացիները խաղաղություն կնքեցին Իսրայելի հետ։ Ինչո՞ւ։ Նրանք ասացին. «Քո ծառաները.... եկել են քո Աստված Եհովայի անվան համար, որովհետև մենք լսեցինք նրա համբավի և այն ամենի մասին, ինչ որ նա արել է» (Հեսու 9։3, 9, 10)։ Նրանք իմաստնորեն վարվեցին և ընդունեցին, որ Իսրայելի թիկունքին ճշմարիտ Աստված է կանգնած։

7 Ռախաբը նույնպես տեսավ Աստծու ձեռքը իր օրերում տեղի ունեցող իրադարձությունների մեջ։ Նա լսել էր, թե ինչպես է Եհովան փրկել իր ժողովրդին, ուստի իսրայելացի երկու հետախույզներին ասաց. «Գիտեմ, որ Եհովան այս երկիրը անպայման ձեզ է տալու»։ Թեև այդպիսի դիրք բռնելը լի էր վտանգներով, նա հավատում էր, որ Եհովան կարող է ազատել իրեն ու իր ընտանիքին (Հեսու 2։9–13; 4։23, 24

8. Ինչպե՞ս որոշ իսրայելացիներ տեսան Աստծու ձեռքը։

 8 Ի տարբերություն Իսրայելի չար Աքաաբ թագավորի՝ որոշ իսրայելացիներ, որոնք ականատես եղան, թե ինչպես, ի պատասխան Եղիայի աղոթքի, երկնքից կրակ իջավ, հասկացան, որ դա Աստծու ձեռքն է։ Երբ կրակը խժռեց ողջակեզը, բացականչեցին. «Եհովա՛ն է ճշմարիտ Աստվածը» (1 Թագ. 18։39)։ Նրանց համար ակնհայտ էր, որ դա Աստծու զորության դրսևորումն էր։

9. Ինչպե՞ս կարող ենք տեսնել Եհովային և նրա ձեռքն այսօր։

9 Թե՛ դրական, թե՛ բացասական օրինակները, որ քննեցինք, օգնում են հասկանալու, թե ինչ է նշանակում տեսնել Եհովային կամ նրա ձեռքը։ Մինչ ճանաչում ենք Աստծուն, մենք նույնպես կարող ենք տեսնել նրա ձեռքը, քանի որ տեսնում ենք նրա հատկություններն ու գործերը մեր «սրտի աչքերով» (Եփես. 1։18)։ Ինչ խոսք, մենք ուզում ենք նմանվել անցյալի և ներկայիս այն անհատներին, ովքեր հստակ տեսել են, որ Եհովան աջակցում է իր ժողովրդին։ Այնուհանդերձ, իսկապես փաստեր ունե՞նք, որ Աստծու ձեռքը երևում է մարդկանց կյանքում նաև այսօր։

ԱՍՏԾՈՒ ՁԵՌՔԸ ԳՈՐԾՈՒՄ Է ԱՅՍՕՐ

10. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Եհովան այսօր օգնում է մարդկանց (տե՛ս 4-րդ էջի նկարը)։

10 Մենք բավականին փաստեր ունենք հավատալու, որ Եհովան շարունակում է օգնել մարդկանց։ Հաճախ ենք լսում այնպիսի օրինակներ, թե ինչպես են մարդիկ աղոթել հոգևոր օգնության համար և հետո ստացել այն (Սաղ. 53։2)։ Ֆիլիպինների փոքր կղզիներից մեկում տնետուն ծառայության ժամանակ Ալանը հանդիպեց մի կնոջ, որը սկսեց լաց լինել։ Եղբայրը պատմում է. «Հենց այդ առավոտ նա աղոթել էր Եհովային, որ Վկաները գտնեն իրեն։ Պատանեկության տարիներին նա ուսումնասիրել էր Աստվածաշունչը Վկաների օգնությամբ, բայց կորցրել էր կապը նրանց հետ, երբ ամուսնացել էր և տեղափոխվել այդ կղզի։ Աստված այնքան արագ էր պատասխանել նրա աղոթքին, որ նա մինչև սրտի խորքը հուզվել էր»։ Մեկ տարվա ընթացքում այդ կինը նվիրեց իր կյանքը Եհովային։

Տեսնո՞ւմ ես, որ այսօր Եհովան օգնում է իր ժողովրդին (տե՛ս պարբերություն 11–13)

11, 12. ա) Ի՞նչ կերպերով է Եհովան օգնում իր ծառաներին։ բ) Պատմի՛ր մի օրինակ, թե ինչպես մի քույր ստացավ Աստծու օգնությունը։

11 Աստծու ծառաներից շատերը զգացել են նրա օգնությունը, երբ ձերբազատվել են այնպիսի վատ սովորություններից, ինչպիսիք են ծխելը, թմրադեղեր օգտագործելը կամ պոռնկագրություն դիտելը։ Ոմանք ասում են, որ անընդհատ փորձել են իրենց ուժերով վերջ դնել այս սովորություններին, բայց դա իրենց չի հաջողվել։ Սակայն երբ Եհովայից օգնություն են խնդրել, նա տվել է «սովորականին գերազանցող ուժը», և ի վերջո հաղթահարել են իրենց թուլությունը (2 Կորնթ. 4։7; Սաղ. 37։23, 24

12 Եհովան իր ծառաներից շատերին է օգնել պայքարելու անձնական խնդիրների դեմ։ Օրինակ՝ երբ Էմին նշանակվեց օգնելու Թագավորության սրահի և միսիոներական տան շինարարությանը խաղաղօվկիանոսյան մի փոքր կղզում, այդպիսի խնդիրներ ունեցավ։ Նա ասում է. «Մենք մնում էինք փոքր հյուրանոցում և ամեն օր շինհրապարակ հասնելու համար քայլում էինք ջրով հեղեղված փողոցներով»։ Էմին նաև պետք է հարմարվեր տեղի սովորություններին։ Բացի դրանից, այդտեղ հաճախ էլեկտրականություն կամ ջուր չէր լինում։ Քույրը ավելացնում է. «Այս ամենը դեռ բավական չէր, մի անգամ նույնիսկ բղավեցի ինձ հետ աշխատող քույրերից մեկի վրա։ Երբ սենյակ վերադարձա, ինձ անհաջողակ էի զգում։ Հյուրանոցի մութ սենյակում սիրտս դատարկեցի Եհովայի առաջ և օգնություն խնդրեցի»։ Երբ էլեկտրականությունը միացավ, Էմին «Դիտարան» ամսագրերից մեկում կարդաց մի հոդված «Գաղաադ» դպրոցի ավարտական ծրագրի մասին, որում քննարկվում էին այն բոլոր խնդիրները, որոնց դեմ ինքը պայքարում էր՝ նոր մշակույթ, կարոտ, նոր մարդիկ։ Նա ասում է. «Ես զգացի, որ Եհովան խոսեց ինձ հետ այդ երեկո։ Դա մղեց ինձ շարունակելու մնալ իմ նշանակման մեջ» (Սաղ. 44։25, 26; Ես. 41։10, 13

13. Ի՞նչ ապացույց ունենք, որ Եհովան օգնում է իր ժողովրդին բարի լուրը «պաշտպանելու և օրինականապես հաստատելու» գործում։

 13 Այն փաստը, որ Եհովայի վկաները հաջողությամբ «պաշտպանել և օրինականապես հաստատել» են բարի լուրը, ևս մեկ ապացույց է, որ Եհովան զորավոր ձեռքով օգնում է իր ժողովրդին (Փիլիպ. 1։7)։ Որոշ կառավարություններ փորձել են ամբողջությամբ կանգնեցնել Աստծու ժողովրդի ծավալած գործունեությունը։ Բայց երբ հետ ենք նայում և տեսնում ենք, որ 2000 թվականից սկսած՝ Եհովայի վկաները առնվազն 268 հաղթանակ են տարել դատական բարձր ատյաններում, որոնցից 24-ը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, պարզ է դառնում, որ ոչ ոք չի կարող բռնել Աստծու ձեռքը (Ես. 54։17; կարդա՛  Եսայիա 59։1

14. Ինչպե՞ս ենք տեսնում Աստծու ձեռքը մեր քարոզչական գործում և մեր միասնության մեջ։

14 Ամբողջ աշխարհում բարի լուրի քարոզչությունը կատարվում է միմիայն Աստծու օգնությամբ (Մատթ. 24։14; Գործ. 1։8)։ Բացի այդ, Եհովայի բազմազգ ժողովուրդը միավորված է, և դա մի բան է, ինչին աշխարհը չի կարող հասնել։ Ահա թե ինչու նույնիսկ Եհովային չերկրպագող մարդիկ են ասում. «Իրոք որ, Աստված ձեր մեջ է» (1 Կորնթ. 14։25)։ Ուստի մենք՝ որպես Աստծու ժողովուրդ, բավականին փաստեր ունենք, որ Աստված գործում է հանուն մեր բարօրության (կարդա՛  Եսայիա 66։14)։ Իսկ ի՞նչ կարելի է ասել անձամբ քո մասին։ Հստակ տեսնո՞ւմ ես Եհովայի ձեռքը քո կյանքում։

ՏԵՍՆՈ՞ՒՄ ԵՍ ԵՀՈՎԱՅԻ ՁԵՌՔԸ ՔՈ ԿՅԱՆՔՈՒՄ

15. Բացատրի՛ր, թե ինչու երբեմն գուցե հստակ չտեսնենք Եհովայի ձեռքը մեր կյանքում։

15 Ի՞նչ պատճառներով գուցե հստակ չտեսնենք Աստծու ձեռքը մեր կյանքում։ Կյանքի դժվարությունները կարող են ծանրաբեռնել մեզ։ Այդ ժամանակ թերևս մոռանանք, թե ինչպես է Եհովան մեզ արդեն օգնել։ Նույնիսկ Եղիան մի պահ մոռացավ, թե ինչպես է Աստված գործել հանուն իր բարօրության, երբ Հեզաբել թագուհին սպառնաց, որ կսպանի իրեն։ Եղիայի մասին Աստվածաշունչն ասում է. «Սկսեց իր հոգու համար մահ խնդրել» (1 Թագ. 19։1–4)։ Ո՞րն էր մարգարեի խնդրի լուծումը։ Նա Եհովային պետք է դիմեր քաջալերություն ստանալու համար (1 Թագ. 19։14–18

16. Ի՞նչ կարող ենք անել, որ, ինչպես Հոբը, մենք էլ տեսնենք Աստծուն։

 16 Հոբն այնքան էր տարվել իր հոգսերով, որ իրերին չնայեց Աստծու տեսանկյունից (Հոբ 42։3–6)։ Երբեմն դժվարությունների պատճառով մեզնից նույնպես գուցե մեծ ջանքեր պահանջվեն, որ տեսնենք Աստծուն։ Ինչպե՞ս կարող ենք դա անել։ Սուրբ Գրքի լույսի ներքո մենք պետք է խորհրդածենք մեր շուրջը կատարվող բաների մասին։ Երբ իմանում ենք, թե ինչպես է Եհովան օգնում մեզ, նա ավելի իրական է դառնում մեզ համար։ Այդ ժամանակ, Հոբի նման, մենք կարող ենք ասել. «Ականջովս լսել եմ քո մասին, բայց հիմա աչքս է տեսնում քեզ»։

Եհովան քո միջոցով օգնո՞ւմ է ուրիշներին տեսնելու իրեն (տե՛ս պարբերություն 17, 18)

17, 18. ա) Ինչպե՞ս կարող ենք տեսնել Եհովայի ձեռքը մեր կյանքում։ բ) Պատմի՛ր մի դեպք, որից երևում է, թե ինչպես է Աստված օգնում մեզ այսօր։

17 Ինչպե՞ս կարող ենք տեսնել Եհովայի ձեռքը մեր կյանքում։ Ահա մի քանի օրինակ։ Թերևս կարծում ես, որ այն, թե ինչպես ես իմացել ճշմարտությունը, Աստծու առաջնորդությունն է եղել։ Պատահե՞լ է այնպես, որ գնացել ես ժողովի հանդիպման, լսել ես ծրագրի մասերից մեկը և ասել. «Սա հենց այն էր, ինչի կարիքն ունեի»։ Գուցե ստացել ես աղոթքիդ պատասխանը, որոշել ես ընդլայնել ծառայությունդ և զարմացել ես, թե ինչպես է Եհովան օգնել, որ հասնես այդ նպատակիդ։ Կամ էլ հրաժարվել ես ինչ-որ աշխատանքից այն պատճառով, որ դա կխանգարեր քո երկրպագությանը, և հետո տեսել ես Աստծու խոստման ճշմարտացիությունը. «Ոչ մի դեպքում քեզ չեմ լքի» (Եբր. 13։5)։ Հոգևորապես արթուն մնալով՝ կարող ենք նկատել, թե ինչպես է Եհովան օգնել մեզ շատ կերպերով։

18 Սառան, որը Քենիայից է, պատմում է. «Ես աղոթում էի մի ուսումնասիրող անհատի մասին, որը, ինչպես ինձ էր թվում, այդքան էլ չէր կարևորում Աստվածաշնչի ուսումնասիրությունը։ Հարցրի Եհովային, թե արդյոք պետք է դադարեցնեմ ուսումնասիրությունը։ Ամեն ասելուց անմիջապես հետո հեռախոսազանգ ստացա. Աստվածաշունչ ուսումնասիրողն էր։ Նա հարցնում էր, թե կարող է ինձ հետ ժողով գալ։ Ես ապշել էի»։ Եթե ուշադիր լինես և տեսնես, թե ինչեր է անում Աստված քեզ համար, դու նույնպես կզգաս նրա ձեռքը քո կյանքում։ Ռոնան, որն ապրում է Ասիայում, ասում է, որ պետք է սովորենք տեսնել, թե ինչպես է Եհովան օգնում մեզ։ Նա ավելացնում է. «Բայց երբ սովորես, կզարմանաս, թե որքան շատ է նա հետաքրքրվում մեզանով»։

19. Ուրիշ ի՞նչ է հարկավոր անել, որպեսզի լինենք այն մարդկանց թվում, ովքեր տեսնում են Աստծուն։

19 Հիսուսն ասաց. «Երջանիկ են նրանք, ովքեր սրտով մաքուր են, որովհետև նրանք կտեսնեն Աստծուն» (Մատթ. 5։8)։ Ինչպե՞ս կարող ենք «սրտով մաքուր» լինել։ Մենք պետք է ունենանք մաքուր մտքեր, մղումներ ու ցանկություններ և պետք է դադարենք ցանկացած սխալ բան անելուց (կարդա՛  2 Կորնթացիներ 4։2)։ Եթե շարունակենք ամրացնել մեր հոգևոր վիճակը և ճիշտ վարք դրսևորենք, կլինենք այն մարդկանց թվում, ովքեր կարող են տեսնել Աստծուն։ Հաջորդ հոդվածում կքննենք, թե ինչպես հավատը կարող է օգնել մեզ ավելի հստակ տեսնելու Եհովայի ձեռքը մեր կյանքում։