Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՀՈԿՏԵՄԲԵՐ 2015

«Անփորձը հավատում է ամեն խոսքի»

«Անփորձը հավատում է ամեն խոսքի»

«Հիմար է այն մարդը, ով թերթ չի կարդում, սակայն առավել հիմար է նա, ով հավատում է այն ամենին, ինչ կարդում է զուտ այն պատճառով, որ դա գրված է թերթում» (Ավգուստ Ֆոն Շլյոցեր, գերմանացի պատմաբան և հրապարակախոս, 1735–1809 թթ.)։

ԱՎԵԼԻ քան 200 տարի առաջ մարդ չէր կարող հավատալ թերթերում գրված ամեն բանի։ Նույնն է պարագան մեր օրերում՝ 21-րդ դարում։ Շատ տեղեկություններ, որ այսօր ստանում ենք ինտերնետից, վստահարժան չեն։ Ժամանակակից տեխնոլոգիայի շնորհիվ այժմ մեզ հասանելի է հսկայական քանակությամբ ինֆորմացիա՝ լինի ճիշտ թե սխալ, օգտակար թե անօգուտ, անվնաս թե վտանգավոր։ Ուստի հարկավոր է շատ ընտրողական լինել այն հարցում, թե ինչ ենք կարդում կամ դիտում։ Հատկապես նրանք, ովքեր նոր են սկսել օգտվել ինտերնետից, գուցե եզրակացնեն, որ ինչ-որ պատմություն կամ լուր, չնայած որ տարօրինակ կամ սենսացիոն է, իրական է միայն այն պատճառով, որ այն ինտերնետում է գրված, կամ էլեկտրոնային փոստի միջոցով ընկերն է ուղարկել։ Աստվածաշունչը շատ տեղին նախազգուշացում է տալիս. «Անփորձը հավատում է ամեն խոսքի, բայց խորագետը կշռադատում է իր քայլերը» (Առակ. 14։15

Իսկ ինչպե՞ս կարող ես դառնալ «խորագետ» և տարբերել, թե համակարգչի էկրանին հայտնված տեղեկություններից, որն է խաբեություն, քաղաքային լեգենդ (ժամանակակից հորինված պատմություն), սուտ և ապատեղեկատվություն։ Նախևառաջ ինքդ քեզ հարցրու. «Արդյո՞ք տվյալ տեղեկությունը պաշտոնական, վստահելի կայքից է, թե՞ ինչ-որ անհայտ աղբյուրից է։ Վստահելի կայքերից որևէ մեկը արդեն բացահայտե՞լ է այդ տեղեկության կեղծ լինելը»։ * Այնուհետև գործի դիր «ճիշտն ու սխալը զանազանելու» կարողությունդ (Եբր. 5։14)։ Եթե տվյալ տեղեկությունը անհավանական է թվում, ուրեմն շատ հավանական է, որ հենց այդպես էլ կա։ Բացի այդ, եթե այն վարկաբեկում է ուրիշներին, մտածիր, թե ում է ձեռնտու, որ այդ լուրը տարածվի, և թե դրա աղբյուրը ինչ մղումներից ելնելով է այն տարածում։

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՆԱՄԱԿՆԵՐ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵ՞Ս

Ոմանք սիրում են լուրերը առաջինը տարածել և հաճախ ուշադրություն գրավելու համար էլ. նամակներ  են ուղարկում իրենց էլ. փոստի բոլոր հասցեատերերին՝ առանց ճշտելու տեղեկությունը և հաշվի առնելու հետևանքները (2 Սամ. 13։28–33)։ Բայց եթե «խորագետ» ենք, կմտածենք, թե ինչ հավանական վնասներ կարող են լինել, օրինակ՝ գուցե վարկաբեկվի ինչ-որ մեկի կամ որևէ կազմակերպության համբավը։

Ջանքեր են հարկավոր տեղեկությունը ճշտելու համար։ Այդ պատճառով որոշ մարդիկ դա թողնում են նրանց, ովքեր ստանում են իրենց էլ. նամակները։ Բայց որքա՞ն ժամանակ կպահանջվի այդ մարդկանցից։ Ժամանակը թանկ է (Եփես. 5։15, 16)։ Ուստի եթե կասկածներ ունես, ավելի լավ է առաջնորդվես հետևյալ նշանաբանով. «Եթե կասկածում ես, մի՛ ուղարկիր»։

Ինքդ քեզ հարցրու. «Էլ. նամակներ փոխանցելու սովորություն ունե՞մ։ Երբևէ ստիպված եղե՞լ եմ ներողություն խնդրելու նրանցից, ում այնպիսի տեղեկություն եմ ուղարկել, որը պարզվել է՝ սխալ կամ բացահայտ սուտ է։ Որևէ մեկը երբևիցե խնդրե՞լ է, որ իրեն այլևս էլ. փոստով տեղեկություն չփոխանցեմ»։ Հիշիր՝ ինտերնետը հասանելի է նաև քո էլ. փոստի հասցեատերերին, ուստի նրանք առանց քո օգնության էլ կարող են գտնել այն տեղեկությունը, որն իրենց հետաքրքրում է։ Կարիք չկա, որ նրանց հեղեղես ծիծաղաշարժ պատմություններով, տեսահոլովակներով կամ սլայդ-շոուներով։ Անխոհեմ կլինի նաև փոխանցել աստվածաշնչյան ելույթների ձայնագրություններ կամ տեքստեր։ * Բացի այդ, հիշիր, որ երբ անհատին ուղարկում ես քո կատարած հետազոտությունները, Աստվածաշնչից դուրս բերած համարներ կամ հարցերի պատասխաններ, որոնք անհրաժեշտ են ժողովի հանդիպման համար, թույլ չես տալիս, որ նա ինքնուրույն պատրաստվի ժողովին և օգուտ քաղի։

Պե՞տք է արդյոք սենսացիոն բնույթի էլ. նամակ փոխանցեմ ուրիշներին

Իսկ ի՞նչ պետք է անես, երբ ինտերնետում Եհովայի կազմակերպությանը զրպարտող լուրերի ես հանդիպում։ Նման նյութերը հարկավոր է վճռականորեն մերժել։ Ոմանք ուրիշների ուշադրությունը հրավիրում են դրանց վրա, որպեսզի իմանան նրանց կարծիքը, բայց դա ավելի է նպաստում վնասակար տեղեկության տարածմանը։ Եթե ինտերնետում տեսած որևէ բան անհանգստացնում է մեզ, մենք պետք է Եհովայից իմաստություն խնդրենք և այդ մասին խոսենք հասուն եղբայրների հետ (Հակ. 1։5, 6; Հուդա 22, 23)։ Հիսուսը, ում դեմ կեղծ մեղադրանքներ էին ներկայացնում, իր հետևորդներին զգուշացրեց, որ թշնամիները հալածելու են և «ստելով ամեն տեսակ չար բաներ են [նրանց] դեմ խոսելու» (Մատթ. 5։11; 11։19; Հովհ. 10։19–21)։ Մենք պետք է գործի դնենք մեր «խորհելու  կարողությունը» և «խորաթափանցությունը», որպեսզի բնորոշենք «այլասերված բաներ խոսող մարդկանց» և նրանց, որոնց «ողջ կյանքի ընթացքը խարդախություն է» (Առակ. 2։10–16

ՀԱՐԳԱՆՔ ԴՐՍԵՎՈՐԻՐ ՄԱՐԴԿԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ

Մենք նաև պետք է զգույշ լինենք, որ չտարածենք հոգևոր բնույթի այնպիսի պատմություններ, որոնք լսել ենք ուրիշներից։ Նույնիսկ եթե նման բան եղել է, դա չի նշանակում, որ անպայման պետք է տարածենք այն։ Գուցե երբեմն ճիշտ և սիրո դրսևորում չլինի որևէ դեպքի մասին ուրիշներին պատմելը, նույնիսկ եթե այն իրական է (Մատթ. 7։12)։ Օրինակ՝ սիրո դրսևորում չէ և կերտիչ չէ բամբասանք տարածելը, նույնիսկ եթե տեղեկությունը ճիշտ է (2 Թեսաղ. 3։11; 1 Տիմոթ. 5։13)։ Որոշ տեղեկություններ գուցե կոնֆիդենցիալ լինեն, և մենք պետք է հարգենք ուրիշների՝ այդ մասին ժամանակին և համապատասխան ձևով հայտնելու իրավունքը։ Տեղեկությունը ժամանակից շուտ տարածելը կարող է բազում վնասներ բերել։

Այսօր անասելի արագությամբ կարելի է լուրեր տարածել՝ լինեն ճիշտ թե սխալ, օգտակար թե անօգուտ, անվնաս թե վտանգավոր։ Նույնիսկ եթե մի անհատի ես էլ. նամակ կամ հաղորդագրություն ուղարկում, նա կարող է մտածված կամ անմտածված կերպով ընդամենը մի քանի վայրկյանում այն տարածել աշխարհով մեկ։ Ուստի եկեք չշտապենք առանց մտածելու էլ. փոստով տեղեկություններ փոխանցել ամեն մեկին։ Երբ սենսացիոն լուրեր ենք կարդում, եկեք հիշենք, որ սերը կասկածամիտ չէ, բայց միամիտ և դյուրահավատ էլ չէ։ Բացի այդ, սերը չի հավատում Եհովայի կազմակերպության վերաբերյալ զրպարտանքներին և մեր հավատակիցների մասին ստերին, որոնք տարածում են այն մարդիկ, ովքեր «ստության հոր»՝ Բանսարկու Սատանայի ծառաներն են (Հովհ. 8։44; 1 Կորնթ. 13։7)։ Մտածելու ունակությունը և խորաթափանցությունը կօգնեն մեզ դառնալու «խորագետ» և խելամտորեն օգտագործելու օր օրի ավելացող տեղեկությունը։ Ինչպես Աստվածաշունչն է ասում, «անփորձները հիմարություն կժառանգեն, բայց խորագետները գիտելիքը որպես գլխի ծածկոց կկրեն» (Առակ. 14։18

^ պարբ. 4 Ժամանակ առ ժամանակ խաբեությունները և քաղաքային լեգենդները գուցե կրկին երևան գան, չնայած որ դրանց կեղծ լինելը բացահայտվել է, բայց այս անգամ փոքր-ինչ փոփոխված, որպեսզի մոտ լինեն իրականությանը։

^ պարբ. 8 Տե՛ս «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2010թ. ապրիլի համարի «Հարցերի արկղը»։