Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՀՈԿՏԵՄԲԵՐ 2015

Ծառայիր Եհովային առանց շեղումների

Ծառայիր Եհովային առանց շեղումների

«Մարիամը.... [Հիսուսի] խոսքերն էր լսում։ Իսկ Մարթան բազում գործերով էր զբաղված» (ՂՈՒԿ. 10։39, 40

ԵՐԳ 94, 134

1, 2. Ինչո՞ւ էր Հիսուսը սիրում Մարթային, և ո՞ր դեպքից է երևում, որ վերջինս կատարյալ չէր։

Ի՞ՆՉ է գալիս միտքդ, երբ մտածում ես աստվածաշնչյան կերպարներից մեկի՝ Մարթայի մասին։ Աստվածաշնչում կարդում ենք, որ «Հիսուսը սիրում էր Մարթային»։ Ճիշտ է, Հիսուսը մաքուր և անեսասեր սիրով սիրել է նաև ուրիշ աստվածավախ կանանց, օրինակ՝ իր սիրելի մայր Մարիամին և Մարթայի քույր Մարիամին, բայց միայն Մարթան է անունով հիշատակվում (Հովհ. 11։5; 19։25–27)։ Ինչո՞ւ է Ավետարանի արձանագրության մեջ Մարթայի մասին այս կերպով նշվում։

2 Հիսուսը սիրում էր Մարթային ոչ միայն այն բանի համար, որ նա հյուրասեր և աշխատասեր էր, այլև անկասկած այն բանի, որ նա հոգևոր անձնավորություն էր։ Մարթան հավատում էր Հիսուսի սովորեցրածներին, և խորապես համոզված էր, որ նա է խոստացյալ Մեսիան (Հովհ. 11։21–27)։ Բայց միևնույն ժամանակ Մարթան անկատար էր, ինչպեսև բոլորս։ Մի անգամ, երբ Հիսուսը հյուրընկալվել էր նրանց տանը, Մարթան իրեն իրավունք վերապահեց Հիսուսին ասելու, թե նա ինչ պետք է անի մի իրավիճակում, որն իր կարծիքով հարկավոր էր շտկել։ Նա ասաց. «Տե՛ր, հոգդ չէ՞, որ քույրս ինձ մենակ է թողել այս գործերի մեջ։ Ասա նրան, որ օգնի ինձ» (կարդա՛  Ղուկաս 10։38–42)։ Ի՞նչ կարող ենք սովորել այս դեպքից։

 «ՄԱՐԹԱՆ ԲԱԶՈՒՄ ԳՈՐԾԵՐՈՎ ԷՐ ԶԲԱՂՎԱԾ»

3, 4. Ի՞նչ առումով Մարիամը «լավ բաժինն ընտրեց», և ո՞ր խորհուրդը ընդունեց Մարթան (տե՛ս 18-րդ էջի նկարը)։

3 Հիսուսը երախտապարտ էր Մարթային ու Մարիամին հյուրընկալության համար, ուստի ցանկացավ օգտագործել այդ ժամանակը, որպեսզի նրանց թանկարժեք ճշմարտություններ սովորեցնի։ Մարիամը օգտվեց այդ առիթից, որպեսզի գիտելիքներ ձեռք բերի Մեծ Ուսուցչից։ Կարդում ենք. «Նստեց Տիրոջ ոտքերի մոտ և նրա խոսքերն էր լսում»։ Մարթան նույնպես կարող էր այդպես վարվել։ Անկասկած, Հիսուսը կգովեր նրան համակ ուշադրությամբ իրեն լսելու համար։

4 Սակայն Մարթան զբաղված էր հատուկ կերակուրներ պատրաստելով և այլ գործեր անելով, որպեսզի Հիսուսը հնարավորինս լավ զգար իրեն։ Բայց այս բոլոր գործերը ավելորդ մտահոգություն պատճառեցին Մարթային, և նա զայրացավ Մարիամի վրա։ Հիսուսը նկատեց, որ Մարթան փորձում է չափազանց շատ բան անել, ուստի նրբանկատորեն ասաց. «Մա՛րթա, Մա՛րթա, դու շատ բաների մասին ես մտահոգվում և անհանգստանում»։ Հետո ասաց, որ ընդամենը մեկ ուտեստը բավարար կլինի։ Այնուհետև անդրադառնալով Մարիամին՝ արդարացրեց նրան՝ ասելով. «Մարիամը լավ բաժինն ընտրեց, և այն չի վերցվի նրանից»։ Մարիամը գուցե շատ շուտ մոռանար, թե ինչ էր կերել այդ օրը, բայց երբեք չէր մոռանա այն գովասանքն ու հոգևոր սնունդը, որ ստացավ Հիսուսին ամենայն ուշադրությամբ լսելու շնորհիվ։ Ավելի քան 60 տարի հետո Հովհաննես առաքյալը գրեց. «Հիսուսը սիրում էր Մարթային [և] նրա քրոջը» (Հովհ. 11։5)։ Այս ներշնչյալ խոսքերից հստակ երևում է, որ Մարթան ընդունել էր Հիսուսի սիրառատ խորհուրդը և ձգտել էր հավատարմորեն ծառայել Եհովային իր կյանքի մնացած տարիների ընթացքում։

5. Ի՞նչ առումով է այսօրվա աշխարհը տարբերվում աստվածաշնչյան ժամանակների աշխարհից, և ի՞նչ հարց է ծագում։

5 Այսօր աշխարհում ավելի շատ բաներ կան, որ կարող են շեղել մեզ Եհովային ծառայելուց, քան աստվածաշնչյան ժամանակներում էին։ «Պատմության մեջ երբեք մարդիկ չեն պարծեցել հաղորդակցության գերմիջոցներով, արագաշարժ տպագրահաստոցներով, շքեղ նկարազարդ ամսագրերով, ռադիոյով, ֆիլմերով, հեռուստատեսությամբ.... դրանք ամեն օր նոր շեղումների տարափ են լցնում մեզ վրա.... ոչ հեռու անցյալում միամտորեն կարծում էինք, թե ապրում ենք «Լուսավորության դարաշրջանում»։ Բայց այն գնալով դառնում է «Շեղող հանգամանքների դարաշրջան»»։ Ավելի քան 60 տարի առաջ այսպիսի խոսքեր ասացին Միացյալ Նահանգներում ապրող մի խումբ ուսանողների։ «Դիտարանի» 1958թ. սեպտեմբերի 15-ի համարում նշվում էր, որ «շեղող հանգամանքները հավանաբար կշատանան, քանի որ այս աշխարհը մոտենում է իր վախճանին»։ Որքա՜ն ճշմարիտ են այս խոսքերը։ Ուստի մի կարևոր հարց է ծագում. «Ի՞նչ կարող ենք մենք անել, որ չշեղվենք անկարևոր բաներով և նմանվենք Մարիամին՝ կենտրոնացած մնալով հոգևոր բաների վրա»։

ՕԳՏՎԵՆՔ ԱՇԽԱՐՀԻՑ, ԲԱՅՑ ՈՉ ԼԻՈՎԻՆ

6. Ինչպե՞ս է Եհովայի ժողովուրդը արդյունավետորեն օգտագործել աշխարհի տեխնիկան։

6 Ճշմարիտ երկրպագությունը առաջ տանելու համար Աստծու կազմակերպության երկրային մասը միշտ արդյունավետորեն օգտագործել է աշխարհի տեխնիկան։ Օրինակ՝ նկատի առնենք «Արարչության լուսադրաման», որը սլայդներով և շարժապատկերներով գունավոր և հնչյունային ֆիլմ է։ Առաջին համաշխարհային պատերազմից առաջ և դրա ընթացքում միլիոնավոր մարդիկ ողջ աշխարհում մխիթարություն ստացան այս ֆիլմից, որն ավարտվում է Հիսուս Քրիստոսի գալիք Հազարամյա Իշխանության նկարագրությամբ, որում խաղաղություն է տիրելու։ Հետագայում Թագավորության լուրը հեռարձակվեց հանրային ռադիոյով, և ողջ երկրով միլիոնավոր մարդիկ լսեցին այն։ Այսօր բարի լուրը տարածվում է  համակարգչային տեխնիկայի և ինտերնետի շնորհիվ, ու այն հասնում է նույնիսկ հեռավոր կղզիներ և երկրի ամեն ծայրերը։

Թույլ մի՛ տուր, որ անկարևոր բաները խանգարեն հոգևոր գործերիդ (տե՛ս պարբերություն 7)

7. ա) Ինչո՞ւ է աշխարհից չափից շատ օգտվելը վտանգավոր։ բ) Ինչի՞ց պետք է շատ զգուշանանք (տե՛ս ծանոթագրությունը)։

7 Աստվածաշունչը նախազգուշացնում է, որ վտանգավոր է չափից շատ օգտվել այն ամենից, ինչ առաջարկում է աշխարհը (կարդա՛  1 Կորնթացիներ 7։29–31)։ Քրիստոնյան հեշտությամբ կարող է չափազանց շատ ժամանակ վատնել այնպիսի բաների վրա, որոնք ինքնին սխալ չեն, օրինակ՝ հոբբիների, ընթերցանության, հեռուստացույց դիտելու, տեսարժան վայրեր այցելելու, խանութներով աննպատակ շրջելու, էլեկտրատեխնիկայի վերջին սարքավորումներ կամ ճոխ իրեր փնտրելու վրա։ Սոցիալական ցանցերը, տեքստային և էլ. հաղորդագրությունները, վերջին նորություններին և սպորտային իրադարձություններին հաճախակի տեղեկանալը նույնպես կարող են խլել մեր ժամանակը, և հնարավոր է անգամ տարվենք դրանցով (Ժող. 3։1, 6 * Եթե չսահմանափակենք այն ժամանակը, որ ծախսում ենք անկարևոր բաների վրա, գուցե անտեսենք ամենից կարևոր բանը՝ Եհովային մատուցվող երկրպագությունը (կարդա՛  Եփեսացիներ 5։15–17

8. Ինչո՞ւ է այդքան կարևոր չսիրել այն ամենը, ինչ աշխարհի մեջ է։

8 Սատանան ամեն բան արել է, որ իր աշխարհը գրավի մեզ ու շեղի Եհովային ծառայելուց։ Այդպես էր առաջին դարում, իսկ այսօր նա այն ավելի գրավիչ է դարձրել (2 Տիմոթ. 4։10)։ Ուստի պետք է առաջնորդվենք հետևյալ խորհրդով. «Մի՛ սիրեք.... այն ամենը, ինչ աշխարհի մեջ է»։ Եթե շարունակաբար ջանք թափենք ապրելու այս խորհրդի համաձայն, չենք շեղվի և կկարողանանք աճել «Հոր սիրո» մեջ։ Դա էլ իր հերթին կօգնի, որ մեզ համար ավելի հեշտ լինի կատարել Աստծու կամքը և հավիտյան նրա բարեհաճությունն ունենալ (1 Հովհ. 2։15–17

ԱՉՔԴ ՊԱՐԶ ՊԱՀԻՐ

9. Ի՞նչ ասաց Հիսուսը փոխաբերական աչքի մասին և ի՞նչ օրինակ թողեց։

9 Մարթային ուղղված Հիսուսի խոսքերը լիովին ներդաշնակ են նրա սովորեցրածներին ու օրինակին։ Նա խրախուսեց իր աշակերտներին «պարզ» պահել իրենց փոխաբերական աչքը՝ առանց շեղվելու առաջ տանել Թագավորության շահերը (կարդա՛  Մատթեոս 6։22, 33)։ Հիսուսը չէր ծանրաբեռնում իր կյանքը նյութական բաներով. նա իր տունը կամ հողակտորը չուներ (Ղուկ. 9։58; 19։33–35

10. Ի՞նչ օրինակ թողեց Հիսուսը իր ծառայության սկզբում։

10 Հիսուսի ծառայության ընթացքում մի  շարք իրադարձություններ տեղի ունեցան, որոնք կարող էին շեղել նրան, բայց նա թույլ չտվեց, որ նման բան տեղի ունենա։ Իր ծառայության սկզբում, այն բանից հետո, երբ Հիսուսը Կափառնայումում սովորեցրեց բազմությանը և հրաշքներ գործեց, մարդիկ աղաչեցին նրան չհեռանալ իրենց քաղաքից։ Բայց ինչպե՞ս նա արձագանքեց այս գայթակղիչ առաջարկին։ Ասաց. «Աստծու թագավորության բարի լուրը ուրիշ քաղաքներում էլ պետք է քարոզեմ, որովհետև հենց դրա համար եմ ուղարկվել» (Ղուկ. 4։42–44)։ Հիսուսը այդպես էլ արեց. շրջեց ողջ Պաղեստինով՝ քարոզելով և սովորեցնելով։ Թեև նա կատարյալ էր, բայց, մյուս մարդկանց պես, կարիքներ ուներ և քանի որ չէր խնայում իր ուժերը Աստծուն ծառայելու համար, երբեմն շատ հոգնում էր (Ղուկ. 8։23; Հովհ. 4։6

11. Ի՞նչ ասաց Հիսուսը մի մարդու, որը ընտանեկան խնդիր ուներ, և ի՞նչ նախազգուշացում նա տվեց։

11 Ավելի ուշ, երբ Հիսուսը սովորեցնում էր իր հետևորդներին, թե ինչպես հաղթահարել հակառակությունը, մի մարդ ընդհատեց նրան՝ ասելով. «Ուսուցի՛չ, իմ եղբորն ասա, որ ժառանգությունը բաժանի ինձ հետ»։ Բայց Հիսուսը հրաժարվեց վիճաբանությանը միջամտելուց և պատասխանեց նրան. «Ո՛վ մարդ, ինձ ո՞վ դատավոր կամ ունեցվածք բաժանող նշանակեց ձեզ վրա»։ Այնուհետև նա շարունակեց ուսուցանել՝ զգուշացնելով իր ունկնդիրներին, որ եթե կենտրոնանան նյութական բաներ ձեռք բերելու վրա, կշեղվեն Աստծուն մատուցվող ծառայությունից (Ղուկ. 12։13–15

12, 13. ա) Ի՞նչ արեց Հիսուսը իր մահից կարճ ժամանակ առաջ, որով շարժեց որոշ հույն նորահավատների հետաքրքրությունը։ բ) Ինչպե՞ս Հիսուսը արձագանքեց, երբ Փիլիպոսը խնդրեց նրան հանդիպել հույների հետ։

12 Հիսուսի մարդկային կյանքի վերջին շաբաթը շատ լարված էր (Մատթ. 26։38; Հովհ. 12։27)։ Նա բավականին գործ ուներ անելու և գիտեր, որ իրեն նվաստացուցիչ դատ և դաժան մահ է սպասում։ Տեսնենք, թե ինչ տեղի ունեցավ կիրակի օրը՝ 33 թվականի նիսանի 9-ին։ Ինչպես կանխագուշակվել էր, Հիսուսը Երուսաղեմ մտավ էշի քուռակի վրա նստած, իսկ բազմությունը ողջունեց նրան՝ գոչելով. «Օրհնյա՜լ է նա, ով որպես թագավոր գալիս է Եհովայի անունով» (Ղուկ. 19։38)։ Հաջորդ օրը Հիսուսը մտավ տաճար և համարձակորեն դուրս վռնդեց ագահ առևտրականներին, ովքեր Աստծու տանը փող էին շորթում իրենց ազգակիցներից (Ղուկ. 19։45, 46

13 Երուսաղեմում հավաքված բազմության մեջ կային հույն նորահավատներ, ովքեր ակներևաբար այնքան էին տպավորվել Հիսուսով, որ խնդրեցին Փիլիպոս առաքյալին հանդիպում կազմակերպել նրա հետ։ Հիսուսը, սակայն, չցանկացավ շեղվել առջևում սպասվող ավելի կարևոր գործերից։ Նա անշուշտ չէր ցանկանում համբավ ձեռք բերել, որպեսզի խուսափեր Աստծու թշնամիների կողմից մահվան դատապարտվելուց և իր կյանքը որպես զոհ տալուց։ Ուստի այն բանից հետո, երբ բացատրեց, որ շուտով մահանալու է, Անդրեասին և Փիլիպոսին ասաց. «Ով սիրում է իր հոգին, կործանում է այն, բայց նա, ով այս աշխարհում ատում է իր հոգին, կպահպանի այն հավիտենական կյանքի համար»։ Հետևաբար հույների հետաքրքրասիրությունը բավարարելու փոխարեն՝ նա խորհուրդ տվեց հետևել իր անձնազոհ կյանքի ուղուն և խոստացավ. «Եթե մեկը ծառայի ինձ, Հայրը կպատվի նրան»։ Անկասկած, Փիլիպոսը այս քաջալերական միտքը հայտնեց հույն նորահավատներին (Հովհ. 12։20–26

14. Թեև քարոզչական գործը Հիսուսի կյանքում առաջին տեղում էր, ինչի՞ց է երևում, որ նա հավասարակշռված էր։

14 Թեև Հիսուսը թույլ չտվեց որ ինչ-որ բան շեղի իրեն իր գլխավոր նպատակից՝ բարի լուրը քարոզելուց, բայց միշտ չէր, որ մտածում էր այդ գործի մասին։ Նա ընդունեց առնվազն մեկ հարսանիքի հրավեր և նույնիսկ նպաստեց, որ այն ուրախ անցնի՝ հրաշքով ջուրը գինի դարձնելով (Հովհ. 2։2, 6–10)։ Նա նաև չմերժեց իրեն ընթրիքի հրավիրող ընկերներին և այն մարդկանց, որոնք հնարավոր է՝ իր աշակերտները դառնային (Ղուկ. 5։29; Հովհ. 12։2)։ Եվ Հիսուսը միշտ  ժամանակ էր տրամադրում ավելի կարևոր բաներին՝ աղոթելուն, առանձին խորհրդածելուն և անհրաժեշտ հանգստին (Մատթ. 14։23; Մարկ. 1։35; 6։31, 32

«ՀԱՆԵՆՔ ԱՄԵՆ ԾԱՆՐՈՒԹՅՈՒՆ»

15. Ի՞նչ խորհուրդ տվեց Պողոսը և ինչպե՞ս լավ օրինակ թողեց։

15 «Եկեք մենք էլ մեր վրայից հանենք ամեն ծանրություն»,— գրեց Պողոս առաքյալը։ Նա քրիստոնյայի ընթացքը նմանեցրեց երկար մրցավազքի, որն ավարտելու համար տոկունություն է հարկավոր (կարդա՛  Եբրայեցիներ 12։1)։ Պողոսը անխոս կիրառեց այն, ինչ քարոզում էր. նա կարող էր մեծ դիրքի հասնել հուդայականության մեջ, ինչը նրան հարստություն և փառք կբերեր, բայց հրաժարվեց այդ ամենից։ Առաքյալը կենտրոնացավ «ավելի կարևոր» բաների վրա և ծառայեց Աստծուն՝ ճանապարհորդելով Ասորիքով, Փոքր Ասիայով, Մակեդոնիայով և Հրեաստանով մեկ։ «Մոռանալով հետևում եղած բաները և ձգտելով դեպի առջևում եղածները՝ ես հետամուտ եմ լինում նպատակին՝ վերին կոչման մրցանակին»,— այսպիսի խոսքեր նա ասաց հավիտենական կյանքի իր երկնային հույսի մասին (Փիլիպ. 1։10; 3։8, 13, 14)։ Լիովին օգտվելով իր ամուրիությունից՝ Պողոսը կարողացավ «առանց շեղումների անդադար Տիրոջը ծառայել» (1 Կորնթ. 7։32–35

16, 17. Լինենք ամուրի, թե ամուսնացած՝ ինչպե՞ս կարող ենք հետևել Պողոսի օրինակին։ Պատմի՛ր մի դեպք։

16 Պողոսի նման՝ Աստծու որոշ ծառաներ նախընտրել են ամուրի մնալ, որ քիչ ընտանեկան պարտականություններ ունենան և կարողանան նվիրվել Թագավորության գործին (Մատթ. 19։11, 12)։ Աստծու ամուսնացած ծառաները հաճախ ավելի շատ ընտանեկան պարտականություններ են ունենում։ Բայց անկախ նրանից ամուսնացած ենք, թե ամուրի, բոլորս կարող ենք «մեր վրայից հանել ամեն ծանրություն» և ծառայել Աստծուն՝ հնարավորինս քիչ շեղվելով։ Դա կարող է նշանակել ձերբազատվել ժամանակատար սովորություններից և նպատակ դնել ավելի շատ ժամանակ տրամադրելու ծառայությանը։

17 Նկատի առնենք Ուելսից մի զույգի՝ Մարկի և Քլերի օրինակը։ Նրանցից յուրաքանչյուրը ռահվիրայություն էր սկսել դպրոցն ավարտելուց հետո, և ամուսնությունից հետո էլ շարունակել էին միասին ռահվիրա ծառայել։ «Մենք ավելի շատ պարզեցրինք մեր կյանքը. վաճառեցինք մեր երեք ննջասենյակ ունեցող տունը, դուրս եկանք կես դրույքով աշխատանքից, որպեսզի կարողանայինք մասնակցել միջազգային շինարարական ծառայությանը»,— ասում է Մարկը։ Անցած 20 տարիների ընթացքում նրանք ճամփորդել են Աֆրիկայի տարածքով և օգնել են կառուցելու Թագավորության սրահներ։ Մի անգամ նրանց ձեռքին ընդամենը 15 դոլար էր մնացել, բայց Եհովան հոգ տարավ նրանց մասին։ Քլերն ասում է. «Մեզ մեծ բավականություն է պատճառում ամեն օր Եհովային ծառայելը։ Մենք այդ ընթացքում շատ ընկերներ ենք ձեռք բերել և ոչ մի բանի պակաս չենք ունեցել։ Մեր արած չնչին զոհողությունները չեն կարող համեմատվել այն ուրախության հետ, որ ստանում ենք Եհովային լիաժամ ծառայելուց»։ Բազմաթիվ լիաժամ ծառայողներ նույնպես եղել են նմանատիպ իրավիճակներում։ *

18. Ի՞նչ հարցեր թերևս արժե նկատի առնել։

18 Իսկ ի՞նչ կարելի է ասել քո մասին։ Ի՞նչ կարող ես անել, եթե նկատում ես, որ անկարևոր բաների պատճառով այլևս չես փնտրում Թագավորության շահերը այն նույն խանդավառությամբ, ինչպես որ առաջ։ Գուցե պետք է ավելի արդյունավետորե՞ն անես Աստվածաշնչի անձնական ընթերցանությունդ և ուսումնասիրությունդ։ Իսկ ինչպե՞ս կարող ես դա անել։ Հաջորդ հոդվածում կխոսվի այդ մասին։

^ պարբ. 7 Տե՛ս «Անփորձը հավատում է ամեն խոսքի» հոդվածը։

^ պարբ. 17 Տե՛ս նաև Հեյդին և Մելոդի Սանդերսոնների կենսագրությունը «Իմանալով, թե որն է ճիշտը՝ վարվում եմ դրա համաձայն» հոդվածում («Դիտարան», 2006, մարտի 1)։ Նրանք Ավստրալիայում թողեցին իրենց եկամտաբեր բիզնեսը, որպեսզի լիաժամ ծառայություն սկսեն։ Կարդա՛ այն մասին, թե ինչ եղավ, երբ Հնդկաստանում միսիոներ ծառայելիս նրանց փողը վերջացավ։