Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՀՈԿՏԵՄԲԵՐ 2015

«Ավելացրու մեր հավատը»

«Ավելացրու մեր հավատը»

«Օգնի՛ր ինձ, եթե ինչ-որ տեղ հավատի պակաս ունեմ» (ՄԱՐԿ. 9։24

ԵՐԳ 81, 135

1. Որքա՞ն կարևոր է հավատը (տե՛ս 9-րդ էջի նկարը)։

ԵՐԲԵՎԷ մտածե՞լ ես. «Ես այնպիսի անձնավորությո՞ւն եմ, որին Եհովան կցանկանա փրկել մեծ նեղության ժամանակ և անցկացնել նոր աշխարհ»։ Ինչ խոսք, փրկության համար կան մի քանի պահանջներ, և Պողոս առաքյալը խոսեց մի շատ կարևոր պահանջի մասին. «Առանց հավատի՝ հնարավոր չէ հաճեցնել Աստծուն» (Եբր. 11։6)։ Գուցե սա շատ պարզ միտք թվա, բայց ճշմարտությունն այն է, որ «բոլորը չէ, որ հավատ ունեն» (2 Թեսաղ. 3։2)։ Այս համարները օգնում են մեզ հասկանալու, որ շատ կարևոր է ամուր հավատ զարգացնել։

2, 3. ա) Ի՞նչ ենք սովորում Պետրոսից հավատի կարևորության մասին։ բ) Ի՞նչ հարցեր ենք քննելու։

2 Պետրոս առաքյալը շեշտեց հավատի կարևորությունը, երբ խոսեց «փորձված» հավատի մասին, որը «Հիսուս Քրիստոսի հայտնության ժամանակ» «գովաբանության, փառքի ու պատվի պատճառ» է դառնալու (կարդա՛  1 Պետրոս 1։7)։ Մեծ նեղությունը արագորեն մոտենում է, ուստի պետք է հավաստիանանք, որ այնպիսի հավատ ունենք, որի շնորհիվ դասվում ենք նրանց շարքում, ում հավատը մեր փառավորված Թագավորը, երբ հայտնվի, գովաբանելու է։ Ամենայն հավանականությամբ ցանկանում ենք լինել այն մարդկանց թվում, ովքեր «հավատ ունեն [իրենց] հոգին կենդանի պահելու համար» (Եբր. 10։39)։ Այս նպատակին հասնելու համար գուցե հարկ լինի Հիսուսի օրերում ապրած մի մարդու պես աղաչել. «Օգնի՛ր ինձ, եթե ինչ-որ տեղ հավատի պակաս ունեմ» (Մարկ. 9։24)։ Կամ էլ թերևս Հիսուսի առաքյալների պես ասենք. «Ավելացրու մեր հավատը» (Ղուկ. 17։5

 3 Հավատի հետ կապված կքննենք հետևյալ հարցերը. ինչպե՞ս կարող ենք կերտել այս հատկությունը, ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ հավատ ունենք, ինչո՞ւ կարող ենք համոզված լինել, որ Աստված կպատասխանի ավելի շատ հավատ ունենալու մեր խնդրանքներին։

ԱՍՏԾՈՒՆ ՀԱՃԵԼԻ ՀԱՎԱՏ ԿԵՐՏԵՆՔ

4. Ո՞ւմ օրինակները կարող են մղել մեզ ամրացնելու մեր հավատը։

4 «Ամեն ինչ, որ նախապես գրվեց, մեր ուսուցման համար գրվեց», ուստի կարող ենք սովորել Աստվածաշնչում արձանագրված այն բազմաթիվ մարդկանցից, որոնց հավատը ընդօրինակման է արժանի (Հռոմ. 15։4)։ Երբ կարդում ենք այնպիսի մարդկանց մասին, ինչպիսիք էին Աբրահամը, Սառան, Իսահակը, Հակոբը, Մովսեսը, Ռախաբը, Գեդեոնը, Բարակը, թերևս մղվում ենք ստուգելու մեր իսկ հավատը (Եբր. 11։32–35)։ Եվ երբ կարդում ենք հավատի ժամանակակից օրինակների մասին, ցանկանում ենք ամեն ջանք թափել, որ ամրացնենք մեր հավատը։ *

5. Ինչպե՞ս Եղիան ցույց տվեց, որ ամուր հավատ ունի, և նրա օրինակը ի՞նչ անելու է մղում մեզ։

5 Աստվածաշնչյան այդպիսի մի օրինակ է Եղիա մարգարեն։ Պատկերացրու հետևյալ տեսարանները, որոնցում երևում է նրա լիակատար վստահությունը Եհովայի հանդեպ։ Երբ մարգարեն Աքաաբ թագավորին հայտնեց, որ Եհովան երաշտ է բերելու, համոզվածությամբ հայտարարեց. «Կենդանի է Եհովան.... եթե այս տարիներին ցող իջնի կամ անձրև գա, ապա դա կլինի միայն իմ խոսքով» (1 Թագ. 17։1)։ Եղիան հավատաց, որ Եհովան կտա իրեն և մյուսներին այն ամենը, ինչի կարիքը նրանք կունենային երաշտի ժամանակ (1 Թագ. 17։4, 5, 13, 14)։ Նա նաև արտահայտեց իր համոզվածությունը այն բանում, որ Եհովան կարող է մահացած երեխային հարություն տալ (1 Թագ. 17։21)։ Մարգարեն ոչ մի կասկած չուներ, որ Կարմեղոս լեռան վրա Եհովան կրակ է ուղարկելու և կլանելու է իր ողջակեզը (1 Թագ. 18։24, 37)։ Իսկ երբ երաշտի համար Եհովայի սահմանած ժամանակը լրացավ, թեև անձրևի նշան անգամ չկար, Եղիան Աքաաբին հետևյալ խոսքերն ասաց. «Վե՛ր ելիր, կեր և խմիր, որովհետև տեղատարափ անձրևի ձայն է լսվում» (1 Թագ. 18։41)։ Մի՞թե նման արձանագրությունները չեն մղում մեզ ինքնաքննություն անելու և տեսնելու՝ արդյոք այդքան ամուր հավատ ունենք։

Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՆԵԼ ՀԱՎԱՏ ԿԵՐՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

6. Ինչի՞ կարիք ունենք հավատ կերտելու համար։

6 Մենք չենք կարող մեր ուժերով հավատ կերտել մեր մեջ։ Հավատը Աստծու սուրբ ոգու պտղի մասերից է (Գաղ. 5։22)։ Ուստի իմաստնորեն կվարվենք, եթե հետևենք Հիսուսի խորհրդին և Աստծուց ավելի շատ սուրբ ոգի խնդրենք, քանի որ Հիսուսը հավաստիացնում է, որ Հայրը «սուրբ ոգին կտա նրանց, ովքեր խնդրում են իրեն» (Ղուկ. 11։13

7. Օրինակով բացատրի՛ր, թե ինչպես կարող ենք մեր հավատը ամուր պահել։

7 Երբ մեր մեջ հավատ է առաջանում, մենք պետք է շարունակենք սնել այն։ Հավատը նման է խարույկի։ Երբ կրակը վառում ենք, այն գնալով ուժգնանում է և սկսում է բոցավառվել, սակայն երբ ուրիշ ոչինչ չենք անում, այն ի վերջո մարում է և վերածվում տաք ածխակույտի, իսկ հետո՝ սառը մոխրի։ Բայց եթե կանոնավորաբար փայտ գցենք կրակի մեջ, այն կշարունակի անընդհատ վառվել։ Նմանապես մեր հավատը կենդանի կմնա, եթե կանոնավորաբար սնենք այն Աստծու Խոսքով։ Շարունակելով ամեն օր կարդալ և ուսումնասիրել Աստվածաշունչը՝ մեծ սեր կզարգացնենք այդ գրքի և դրա Հեղինակի հանդեպ, ինչն էլ հիմք կհանդիսանա ամուր հավատ կերտելու համար։

8. Ի՞նչը կարող է օգնել մեզ կերտելու և պահպանելու մեր հավատը։

8 Ուրիշ ի՞նչ կարող ես անել, որպեսզի ամուր հավատ կերտես և պահպանես այն։  Մի՛ բավարարվիր միայն այն գիտելիքներով, որոնք ձեռք ես բերել մինչև մկրտությունդ (Եբր. 6։1, 2)։ Ուշադրություն դարձրու աստվածաշնչյան այն մարգարեություններին, որոնք կատարվել են, քանի որ այդպիսով հավատալու զորեղ պատճառներ կունենաս։ Կարող ես նաև Աստծու Խոսքն օգտագործել որպես ձողաքանոն, որ չափես հավատդ ու տեսնես, թե արդյոք համապատասխանում ես այն նկարագրին, որ պետք է ունենան ամուր հավատ ունեցողները (կարդա՛  Հակոբոս 1։25; 2։24, 26

9, 10. Ինչպե՞ս են մեզ օգնում կերտելու մեր հավատը ա) լավ ընկերակցությունները, բ) ժողովի հանդիպումները, գ) քարոզչական ծառայությունը։

9 Պողոս առաքյալը իր հավատակիցներին ասաց, որ իրենք կարող են «փոխադարձ քաջալերություն ստանալ միմյանց հավատով» (Հռոմ. 1։12)։ Երբ շփվում ենք մեր հավատակիցների հետ, հատկապես նրանց, ովքեր արդեն փաստել են, որ «փորձված հավատ» ունեն, կերտում ենք միմյանց հավատը (Հակ. 1։3)։ Վատ ընկերակցությունները կործանում են հավատը, բայց լավ ընկերակցությունները կերտում են այն (1 Կորնթ. 15։33)։ Սա պատճառներից մեկն է, թե ինչու է խորհուրդ տրվում բաց չթողնել «մեր հավաքույթները», այլ շարունակել «քաջալերել միմյանց» (կարդա՛  Եբրայեցիներ 10։24, 25)։ Մյուս պատճառն այն է, որ ժողովի հանդիպումներին տրվող կրթությունը ամրացնում է մեր հավատը։ Սա ներդաշնակ է Պողոսի հետևյալ խոսքերին. «Հավատը գալիս է լսածից» (Հռոմ. 10։17)։ Արդյո՞ք հանդիպումներին կանոնավորաբար մասնակցելը մեր կյանքի անբաժանելի մասն է։

10 Երբ մասնակցում ենք քարոզչական ծառայությանը, ոչ միայն ուրիշների մեջ հավատ ենք կերտում, այլև մեր հավատն ենք մեծացնում։ Վաղ քրիստոնյաների պես՝ մենք սովորում ենք լիակատար հավատ դրսևորել Եհովայի հանդեպ և համարձակորեն խոսել ցանկացած իրավիճակում (Գործ. 4։17–20; 13։46

11. Ինչո՞ւ Քաղեբն ու Հեսուն ամուր հավատ ունեին, և մենք ինչպե՞ս կարող ենք նմանվել նրանց։

11 Երբ տեսնում ենք, թե ինչպես է Եհովան օգնում մեզ կյանքում և թե ինչպես է պատասխանում մեր աղոթքներին, մեր հավատը մեծանում է։ Հենց այդպես եղավ Քաղեբի և Հեսուի հետ։ Նրանք հավատ դրսևորեցին Եհովայի հանդեպ Ավետյաց երկիրը հետախուզելիս։ Բայց դրանից հետո նրանց հավատը ավելի մեծացավ, քանի որ ամեն անգամ տեսնում էին, թե ինչպես էր Եհովան իրենց առաջնորդում կյանքում։ Ուստի զարմանալի չէ, որ Հեսուն մեծ համոզվածությամբ իսրայելացիներին ասաց հետևյալ խոսքերը. «Այն բարի խոսքերից և ոչ մեկը, որ ձեր Աստված Եհովան խոսեց ձեզ հետ, առանց կատարվելու չմնաց»։ Հետո ավելացրեց. «Հիմա վախեցե՛ք Եհովայից, ծառայե՛ք նրան անարատությամբ ու ճշմարտությամբ.... Բայց ես և իմ տունը Եհովային պիտի ծառայենք» (Հեսու 23։14; 24։14, 15)։ Ճաշակելով ու տեսնելով, որ Եհովան բարի է՝ մենք նույնպես կարող ենք նման համոզվածություն ունենալ (Սաղ. 34։8

ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԴՐՍԵՎՈՐԵԼ ՄԵՐ ՀԱՎԱՏԸ

12. Ըստ Հակոբոսի խոսքերի՝ ի՞նչը ցույց կտա, որ ամուր հավատ ունենք։

12 Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ կենդանի հավատ ունենք։ Հակոբոս աշակերտը պատասխանում է այս հարցին՝ ասելով, որ ցույց կտա իր «հավատը գործերով» (Հակ. 2։18)։ Այո՛, մեր գործերը ցույց կտան, որ իսկական հավատ ունենք։ Եկեք քննենք այդ գործերից մի քանիսը։

Նրանք, ովքեր ընդլայնում են իրենց ծառայությունը, ցույց են տալիս, որ ամուր հավատ ունեն (տե՛ս պարբերություն 13)

13. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ քարոզչական գործին մասնակցելը հավատ դրսևորելու միջոց է։

13 Քարոզչական գործին մասնակցելը հիանալի միջոց է ցույց տալու մեր հավատը։ Ինչո՞ւ։ Այս գործն անելու համար պետք է հավատանք, որ աշխարհի վերջի հետ կապված Աստծու սահմանած ժամանակը մոտ է, և որ «այն չի ուշանա» (Ամբ. 2։3)։ Որպեսզի իմանանք, թե որքան մեծ է մեր հավատը, պետք է մտածենք, թե որքանով ենք պատրաստ ընդլայնելու մեր ծառայությունը։ Հնարավորության սահմաններում ամեն բան անո՞ւմ ենք, որ մասնակցենք քարոզչությանը, և փնտրո՞ւմ ենք կերպեր, որպեսզի ընդլայնենք մեր ծառայությունը  (2 Կորնթ. 13։5)։ Այո՛, այն, որ «հրապարակորեն հռչակում ենք փրկության համար», հզոր միջոց է, որով ցույց ենք տալիս մեր հավատը (կարդա՛  Հռոմեացիներ 10։10

14, 15. ա) Ինչպե՞ս կարող ենք հավատ դրսևորել, երբ պայքարում ենք ամենօրյա դժվարությունների դեմ։ բ) Պատմի՛ր ամուր հավատի մասին մի դեպք։

14 Մենք կարող ենք ցույց տալ մեր հավատը նաև այն ժամանակ, երբ պայքարում ենք ամենօրյա դժվարությունների դեմ։ Անկախ նրանից պայքարում ենք հիվանդության, հուսահատության, վհատության, աղքատության, թե այլ բանի դեմ, համոզված ենք, որ Եհովան և իր Որդին կօգնեն, «երբ մենք օգնության կարիք ունենանք» (Եբր. 4։16)։ Մենք ցույց ենք տալիս մեր համոզվածությունը, երբ հոգևոր կարիքներից բացի այլ հարցերի հետ կապված էլ ենք օգնություն խնդրում Եհովայից։ Հիսուսն ասաց, որ կարող ենք աղոթել նյութական բաների մասին, այդ թվում՝ «օրվա հացի» (Ղուկ. 11։3)։ Աստվածաշնչյան արձանագրությունները վստահեցնում են, որ Եհովան կարող է բավարարել մեր կարիքները։ Օրինակ՝ երբ Իսրայելում սաստիկ երաշտ էր, Եհովան Եղիային ապահովեց ուտելիքով և ջրով։ «Ամեն առավոտ ու երեկո ագռավները նրան հաց ու միս էին բերում, իսկ ջուրը նա խմում էր գետից», ինչպես ասել էր Եհովան (1 Թագ. 17։3–6)։ Մենք հավատում ենք, որ Եհովան կարող է դեպքերին այնպիսի ընթացք տալ, որ մեզ նույնպես ապահովի այն ամենով, ինչի կարիքն ունենք։

Մենք հավատ ենք դրսևորում, երբ պայքարում ենք ամենօրյա դժվարությունների դեմ (տե՛ս պարբերություն 14)

15 Մենք համոզված ենք, որ եթե կիրառենք աստվածաշնչյան սկզբունքները, կկարողանանք հոգալ մեր ամենօրյա հացի մասին։ Ռեբեկան, որը Ասիայից մի ամուսնացած քույր է, իր ընտանիքի փորձով համոզվեց սրանում։ Նրանք իրենց կյանքում կիրառում էին Մատթեոս 6։33 և Առակներ 10։4 համարները՝ Թագավորության շահերը առաջին տեղում դնելով և աշխատանքի մեջ ջանասեր լինելով։ Ռեբեկան ասում է, որ մի օր իր ամուսինը զգաց, որ նրա աշխատանքի բնույթը և դրանից բխող ճնշումները կարող են վտանգել իրենց հոգևոր վիճակը, ուստի թողեց այդ աշխատանքը։ Բայց նրանք պետք է հոգ տանեին իրենց չորս երեխաների մասին։ Քույրը պատմում է. «Մենք սկսեցինք քաղցրավենիք պատրաստել և վաճառել։ Այն տարիներին, երբ այդպես էինք հոգում մեր կարիքները, միշտ զգում էինք, որ Եհովան չի թողել մեզ։ Մենք երբեք քաղցած չենք մնացել»։ Իսկ դու հնարավորություն ունեցե՞լ ես ցույց տալու հավատդ, որ Աստվածաշունչը լավագույն առաջնորդությունն է տալիս մարդկանց։

16. Ի՞նչ կլինի, եթե ապավինենք Աստծուն։

 16 Մենք երբեք չպետք է կասկածենք, որ Եհովայի առաջնորդությանը հետևելը մեր օգտի համար է։ Ամբակումի ներշնչյալ խոսքերը մեջբերելով՝ Պողոսը գրեց. «Արդարը հավատի շնորհիվ կապրի» (Գաղ. 3։11; Ամբ. 2։4)։ Ուստի շատ կարևոր է, որ հավատանք նրան, ով իսկապես կարող է օգնել մեզ։ Առաքյալը հիշեցնում է, որ Աստված «մեզանում ներգործող իր զորությամբ կարող է շատ ավելին անել, քան մենք խնդրում ենք կամ մտածում» (Եփես. 3։20)։ Եհովայի ծառաները անում են ամեն բան, ինչ կարող են, որ կատարեն Աստծու կամքը, բայց քանի որ գիտակցում են, որ իրենց հնարավորությունները սահմանափակ են, Եհովային են ապավինում, որ օրհնի իրենց ջանքերը։ Մի՞թե ուրախ չենք, որ մեր Աստվածը մեզ հետ է։

ԱՎԵԼԻ ՇԱՏ ՀԱՎԱՏ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԽՆԴՐԱՆՔՆԵՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՆ Է ՏՐՎՈՒՄ

17. ա) Առաքյալները ինչպե՞ս ստացան իրենց խնդրանքի պատասխանը։ բ) Ինչո՞ւ կարող ենք ակնկալել, որ ավելի շատ հավատ ունենալու մեր խնդրանքներին պատասխան կտրվի։

17 Վերոհիշյալ մտքերը քննարկելուց հետո թերևս ունենանք այն նույն զգացումները, որ առաքյալներն ունեին, երբ Տիրոջը ասացին. «Ավելացրու մեր հավատը» (Ղուկ. 17։5)։ Հիսուս Քրիստոսը պատասխանեց նրանց այս խնդրանքին, հատկապես 33 թվականի Պենտեկոստեին, երբ սուրբ ոգին թափվեց նրանց վրա, և նրանք ավելի խոր հասկացողություն ձեռք բերեցին Աստծու նպատակի վերաբերյալ։ Սա զորացրեց առաքյալների հավատը։ Արդյունքում նրանք ձեռնամուխ եղան մինչ այդ տեղի ունեցած ամենամեծ քարոզարշավին (Կող. 1։23)։ Կարո՞ղ ենք ակնկալել, որ ավելի շատ հավատ ունենալու մեր խնդրանքներին նույնպես պատասխան կտրվի։ Աստվածաշունչը հավաստիացնում է, որ պատասխան կտրվի, եթե «խնդրենք [Աստծու] կամքի համաձայն» (1 Հովհ. 5։14

18. Ինչպե՞ս է Եհովան օրհնում այն մարդկանց, ովքեր կերտում են իրենց հավատը։

18 Հստակ է, որ Եհովան հավանություն է տալիս նրանց, ովքեր լիովին ապավինում են իրեն։ Նա կպատասխանի ավելի շատ հավատ ունենալու մեր խնդրանքին, և մեր հավատը անսահմանորեն կմեծանա, «որի շնորհիվ.... արժանի [կհամարվենք] Աստծու թագավորության համար» (2 Թեսաղ. 1։3, 5

^ պարբ. 4 Օրինակ՝ կարող ես կարդալ Լիլիան Գոբայտաս Քլոզի («Արթնացե՛ք», 1993, հուլիսի 22, անգլ.), Ֆելիքս Բորիսի («Արթնացե՛ք», 1994, փետրվարի 22, անգլ.) և Ժոզեֆինա Էլիասի («Արթնացե՛ք», 2009, սեպտեմբեր, անգլ., ռուս.) կենսագրությունները։