Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան (ուսումնասիրության թողարկում)  |  Սեպտեմբեր 2015

 ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Եհովայի օրհնությունը հարստացրել է կյանքս

Եհովայի օրհնությունը հարստացրել է կյանքս

ԾՆՎԵԼ եմ 1927թ.-ին Կանադայի Սասկաչևան նահանգի Ուակա փոքրիկ քաղաքում։ Մայրս ու հայրս յոթ երեխա ունեին՝ չորս տղա և երեք աղջիկ։ Ուստի դեռևս կյանքիս վաղ տարիներին սովորեցի ապրել շատ մարդկանց մեջ։

Մեր ընտանիքը կրեց 1930-ականների տնտեսական ճգնաժամի՝ Մեծ դեպրեսիայի հետևանքները։ Մենք հարուստ չէինք, բայց ուտելիքի պակասություն երբեք չենք զգացել։ Հավեր և կով էինք պահում, ուստի միշտ ձու, կաթ, սերուցք և կարագ ունեինք։ Ինչպես հավանաբար հասկացաք, մեր ֆերմայում շատ գործ կար անելու, և ընտանիքի յուրաքանչյուր անդամ իր գործն ուներ։

Ես բազմաթիվ ուրախ հիշողություններ ունեմ այդ ժամանակների հետ կապված։ Օրինակ՝ հիշում եմ խնձորների անուշ բուրմունքը, որով լցվում էր սենյակը։ Բանն այն է, որ երբ հայրս աշնանը քաղաք էր գնում՝ ֆերմայի ապրանքները վաճառելու, հաճախ վերադառնում էր թարմ և ընտիր խնձորներով լի արկղով։ Բոլորս մեծ հաճույք էինք ստանում ամեն օր մի-մի հյութալի խնձոր վայելելուց։

ՄԵՐ ԸՆՏԱՆԻՔԸ ԻՄԱՆՈՒՄ Է ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Ես վեց տարեկան էի, երբ ընտանիքս լսեց ճշմարտությունը։ Ծնողներիս առաջին որդին՝ Ջոնին, ծնվելուց հետո շատ չանցած՝ մահացել էր։ Խելակորույս՝ ծնողներս տեղի քահանային հարցրել էին, թե որտեղ է Ջոնին։ Վերջինս պատասխանել էր, որ քանի որ երեխան չի կնքվել, ուրեմն երկնքում չէ, այլ լիմպոսում է (համաձայն կաթոլիկական ուսմունքի՝ լիմպոսը մի վայր է, ուր մահից հետո գնում են անկնունք մեռնող արդարները և երեխաները)։ Քահանան նաև ասել էր, որ եթե ծնողներս վճարեն իրեն, ինքը կաղոթի, որ Ջոնին դուրս գա լիմպոսից և գնա երկինք։ Եթե դուք լինեիք նրանց փոխարեն, ի՞նչ կզգայիք։ Մայրս ու հայրս շատ հիասթափվեցին ու այլևս չխոսեցին այդ քահանայի հետ։ Բայց նրանք դեռ ուզում էին իմանալ, թե ինչ եղավ Ջոնիի հետ։

Մի օր պատահմամբ մորս ձեռքն ընկավ «Որտե՞ղ են գտնվում մահացածները» գրքույկը՝ հրատարակված Եհովայի վկաների կողմից։ Նա մի շնչով կարդաց այն։ Եվ երբ հայրս տուն եկավ, հուզված նրան ասաց. «Ես գիտեմ՝ որտեղ է Ջոնին։ Նա քնած է, բայց մի օր արթնանալու է»։ Այդ երեկո հայրս ամբողջությամբ կարդաց գրքույկը։ Ծնողներս մխիթարվեցին՝ Աստվածաշնչից իմանալով, որ մահացածները քնած են, և որ ապագայում հարություն է լինելու (Ժող. 9։5, 10; Գործ. 24։15

Նրանց գտած ճշմարտությունը փոխեց մեր կյանքը՝ բերելով մեզ մխիթարություն և ուրախություն։ Նրանք սկսեցին Վկաների օգնությամբ Աստվածաշունչ ուսումնասիրել և հաճախել Ուակա քաղաքի փոքրիկ ժողովը, որի անդամները մեծ մասամբ ուկրաինացիներ էին։ Շուտով մայրս ու հայրս սկսեցին մասնակցել քարոզչական գործին։

Շատ չանցած՝ տեղափոխվեցինք Բրիտանական Կոլումբիա, և այնտեղի ժողովներից մեկում մեր հավատակիցները գրկաբաց ընդունեցին մեզ։ Սիրով եմ հիշում, թե ինչպես էինք ընտանիքով պատրաստվում կիրակի օրվա «Դիտարանի» ուսումնասիրությանը։ Բոլորս մեծ սեր էինք զարգացնում Եհովայի և աստվածաշնչյան ճշմարտության հանդեպ։ Ես տեսնում էի, թե  ինչպես է մեր կյանքը հարստանում, և ինչպես է Եհովան օրհնում մեզ։

Ինչ խոսք, հեշտ չէր մեզ՝ երեխաներիս համար մարդկանց հետ խոսել մեր հավատալիքների մասին։ Բայց մի բան ինձ շատ օգնեց. ես և փոքր քույրս՝ Իվը, հաճախ էինք պատրաստում այդ ամսվա քարոզչական ծառայության մատուցումները և ներկայացնում դրանք Ծառայողական հանդիպման ժամանակ։ Դա հիանալի միջոց էր, որ, չնայած ամաչկոտությանը, սովորեինք խոսել ուրիշների հետ Աստվածաշնչի մասին։ Այնքան երախտապարտ եմ, որ այդ կերպով մեզ սովորեցրին քարոզել։

Մանկության տարիներին մեզ համար կարևոր իրադարձություն էր այն, որ լիաժամ ծառայողները մնում էին մեր տանը։ Օրինակ՝ շատ էինք ուրախանում, երբ շրջանային վերակացուն՝ Ջեկ Նաթանը, այցելում էր մեր ժողով և մնում մեր տանը։ * Մենք հաճույք էինք ստանում նրա անհամար պատմություններից, և նրա անկեղծ գովասանքը մեր մեջ Եհովային հավատարմորեն ծառայելու ցանկություն էր արթնացնում։

Հիշում եմ՝ մտածում էի. «Ուզում եմ մեծանալ ու դառնալ եղբայր Նաթանի նման»։ Ես միայն հետո հասկացա, որ նրա օրինակը մեծ դեր խաղաց, որ լիաժամ ծառայությունը կյանքիս ուղին դարձնեմ։ Այդ ժամանակ 15 տարեկան էի և վճռել էի ծառայել Եհովային։ 1942թ.-ին ես ու Իվը մկրտվեցինք։

ՀԱՎԱՏԻ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ հայրենասիրական կրքերը բորբոքվել էին, միսս Սկոտը՝ խիստ անհադուրժող մի ուսուցչուհի, երկու քույրերիս և եղբայրներիցս մեկին հեռացրեց դպրոցից։ Բանն այն է, որ նրանք հրաժարվել էին դրոշին պատիվ տալուց։ Հետո նա զանգահարեց իմ ուսուցչուհուն և պնդեց, որ վերջինս էլ ինձ հեռացնի դպրոցից։ Բայց իմ ուսուցչուհին ասաց. «Մենք ազատ երկրում ենք ապրում և իրավունք ունենք չմասնակցելու ազգայնասիրական արարողությունների»։ Չնայած միսս Սկոտի խիստ ճնշմանը՝ նա հաստատակամորեն ասաց. «Սա իմ վերջնական որոշումն է»։

Միսս Սկոտը պատասխանեց. «Ո՛չ, դա քո վերջնական որոշումը չէ։ Ես բողոք կներկայացնեմ քո դեմ, եթե դու Մելիտային չհեռացնես դպրոցից»։ Ուսուցչուհիս ծնողներիս ասաց, որ այլընտրանք չունի, հակառակ դեպքում կկորցնի աշխատանքը։ Նա պետք է հեռացնի ինձ դպրոցից, չնայած կարծում է, որ սխալ է այդպես վարվելը։ Այնուամենայնիվ, մենք ձեռք բերեցինք դպրոցի ծրագիրը, որպեսզի տանը սովորենք։ Դրանից շատ չանցած՝ տեղափոխվեցինք ապրելու 32 կիլոմետր հեռու գտնվող մի վայրում, որտեղ մեկ այլ դպրոց ընդունվեցինք։

Պատերազմի տարիներին արգելք էր դրվել մեր գրականության վրա, ուստի մենք միայն Աստվածաշնչով էինք գնում տնից տուն։ Արդյունքում սկսեցինք հմտորեն օգտագործել Սուրբ Գիրքը Թագավորության բարի լուրը քարոզելիս։ Ինչն էլ իր հերթին նպաստեց, որ հոգևորապես աճենք և զգանք Եհովայի աջակցությունը։

ԼԻԱԺԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՍԿՍՈՒՄ

Ես վարսավիրական հմտություն ունեի և նույնիսկ մի քանի մրցանակներ եմ ստացել

Դպրոցն ավարտելուց հետո ես ու Իվը ռահվիրայություն սկսեցինք։ Սկզբում աշխատում էի հանրախանութում՝ մթերային բաժնում։ Տանը շատ էի սիրում վարսահարդարություն անել, ուստի վարսահարդարման վեցամսյա դասընթացների հաճախեցի։ Շաբաթը երկու օր սկսեցի աշխատել վարսավիրանոցում և ամիսը երկու օր վարսահարդարման դասեր տալ։ Այդպես հոգում էի իմ կարիքները և ծառայում լիաժամ։

1955թ.-ին ծրագրեցի ներկա լինել «Հաղթական Թագավորությունը» համաժողովին, որն անցկացվելու էր Նյու Յորքում (ԱՄՆ) և Նյուրնբերգում (Գերմանիա)։ Նախքան Նյու Յորք մեկնելը հանդիպեցի  եղբայր Նաթան Նորին, որը գլխավոր վարչությունից էր։ Նա ու իր կինը եկել էին Կանադա՝ ներկա լինելու Վանկուվերում անցկացվող համաժողովին։ Նրանց այցելության ընթացքում ինձ խնդրեցին, որ հարդարեմ քույր Նորի մազերը։ Եղբայր Նորը հավանեց կնոջ սանրվածքը և ցանկացավ տեսնել ինձ։ Նրա հետ զրույցի ընթացքում ասացի, որ պատրաստվում եմ գնալու Նյու Յորք, հետո՝ Գերմանիա։ Ուստի նա հրավիրեց ինձ ինը օրով աշխատելու Բրուքլինի Բեթելում։

Այդ ճանապարհորդությունը փոխեց կյանքս։ Նյու Յորքում հանդիպեցի Թեոդոր (Թեդ) Յարաչ անունով մի երիտասարդի։ Նոր էինք հանդիպել, երբ նա, ինձ համար անսպասելի, հարցրեց. «Դու ռահվիրա՞ ես»։ Ասացի՝ ո՛չ։ Ընկերուհիս՝ Լավոննան, լսելով մեր զրույցը, միջամտեց. «Այո՛, նա ռահվիրա է»։ Շփոթված՝ Թեդը Լավոննային ասաց. «Հիմա ո՞վ լավ գիտի՝ դո՞ւ, թե՞ նա»։ Բացատրեցի, որ եղել եմ ռահվիրա, և հենց որ վերադառնամ տուն, նորից ռահվիրայություն եմ սկսելու։

ԱՄՈՒՍՆԱՆՈՒՄ ԵՄ ՀՈԳԵՎՈՐ ՄԱՐԴՈՒ ՀԵՏ

Թեդը ծնվել է 1925թ.-ին Քենտուկի նահանգում (ԱՄՆ) և իր կյանքը նվիրել է Եհովային 15 տարեկանում։ Թեև նրա ընտանիքի անդամներից ոչ ոք չընդունեց ճշմարտությունը, բայց նա երկու տարի հետո ռահվիրայություն սկսեց։ Այդպիսով սկսվեց Թեդի լիաժամ ծառայության ուղին, որով նա քայլեց մոտ 67 տարի։

1946թ. հուլիսին 20 տարեկանում նա ավարտեց «Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցի յոթերորդ դասարանը։ Դրանից հետո ծառայեց որպես շրջագայող վերակացու Քլիվլենդում (Օհայո)։ Մոտ չորս տարի անց նշանակվեց որպես մասնաճյուղի ծառայող Ավստրալիայում։

Թեդը ներկա էր Նյուրնբերգում (Գերմանիա) անցկացվող համաժողովին, և մենք միասին մի որոշ ժամանակ անցկացրինք։ Մեր մեջ սեր արթնացավ։ Ուրախ էի, որ նրա նպատակները կենտրոնացած էին ողջ հոգով Եհովային ծառայելու վրա։ Նա շատ նվիրված անձնավորություն էր, լուրջ էր, բայց միևնույն ժամանակ բարի և ընկերական։ Ես տեսնում էի, որ նա ուրիշների շահը իր շահից վեր էր դասում։ Համաժողովից հետո Թեդը վերադարձավ Ավստրալիա, իսկ ես՝ Վանկուվեր։ Բայց մենք նամակագրական կապ պահեցինք։

Մոտ հինգ տարի Ավստրալիայում լինելուց հետո Թեդը վերադարձավ Միացյալ Նահանգներ, իսկ հետո եկավ Վանկուվեր, որպեսզի ռահվիրա ծառայի։ Ընտանիքս շատ հավանեց նրան, և ես ուրախ էի դրա համար։ Մեծ եղբայրս՝ Մայքլը, ամեն կերպ փորձում էր պաշտպանել ինձ, և երբ որևէ երիտասարդ հետաքրքրություն էր ցույց տալիս իմ նկատմամբ, նա հաճախ անհանգստանում էր։ Բայց Մայքլը շատ արագ սիրեց Թեդին։ Նա ինձ ասաց. «Մելի՛տա, նա լավ տղա է։ Նրան լավ վերաբերվիր և զգույշ եղիր, որ չկորցնես»։

Ամուսնացանք 1956թ.-ին։ Դրանից հետո երկար երջանիկ տարիներ միասին լիաժամ ենք ծառայել

Ես նույնպես շատ սիրեցի Թեդին։ 1956թ. դեկտեմբերի 10-ին ամուսնացանք։ Միասին ռահվիրա ծառայեցինք Վանկուվերում, հետո՝ Կալիֆորնիայում։ Հետագայում մեզ շրջանային ծառայության նշանակեցին Միսուրիում և Արկանզասում։ Միացյալ Նահանգների մեծ մասում շրջանային ծառայություն անելու ընթացքում 18 տարի ամեն շաբաթ տարբեր տներում ենք ապրել։ Ծառայության ժամանակ հիանալի դեպքեր էին լինում, և մենք շատ ուրախ ժամանակ էինք անցկացնում մեր եղբայրների ու քույրերի հետ։ Թեև հեշտ չէր ամեն անգամ մի վայրից մյուսը տեղափոխվել, բայց մենք սիրում էինք շրջանային ծառայությունը։

Թեդին հատկապես հարգում էի այն բանի համար, որ նա Եհովայի հետ ունեցած իր հարաբերությունները երբեք սովորական բան չէր համարում։ Նրա համար թանկ էր տիեզերքի մեծագույն անձնավորությանը մատուցվող իր սուրբ ծառայությունը։ Մենք սիրում էինք միասին կարդալ և ուսումնասիրել Աստվածաշունչը։ Քնելուց առաջ ծնկի էինք գալիս անկողնու մոտ, և Թեդն աղոթում էր մեզ համար։ Հետո առանձին էինք աղոթում։ Ամեն անգամ, երբ Թեդին ինչ-որ լուրջ հարց էր անհանգստացնում, ես իմանում էի այդ մասին, քանի որ նա վեր էր կենում անկողնուց, ծնկի  էր գալիս և երկար լուռ աղոթում էր։ Ինձ հիացնում էր այն, որ նա թե՛ մեծ, թե՛ փոքր հարցերի մասին աղոթում էր Եհովային։

Մեր ամուսնությունից մի քանի տարի հետո Թեդն ինձ հայտնեց, որ պատրաստվում է օգտվել Հիշատակի երեկոյի խորհրդանիշներից։ Նա ասաց. «Ես ջերմեռանդորեն աղոթել եմ այս մասին, որպեսզի լիովին համոզված լինեմ, որ անում եմ այն, ինչ Եհովան է ուզում, որ անեմ»։ Ես ամենևին չզարմացա, որ նա օծվել էր սուրբ ոգով, որպեսզի ի վերջո ծառայի Աստծուն երկնքում։ Ինձ համար պատիվ էր աջակցել Քրիստոսի եղբայրներից մեկին (Մատթ. 25։35–40

ՍՈՒՐԲ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՈՒՂԻ

1974թ.-ին մեզ համար շատ անսպասելի Թեդին հրավիրեցին դառնալու Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի անդամ։ Ժամանակի ընթացքում հրավիրվեցինք ծառայելու Բրուքլինի Բեթելում։ Թեդը ծառայում էր Կառավարիչ մարմնում, իսկ ես սպասուհու գործ էի անում կամ էլ ծառայում էի վարսավիրանոցում։

Թեդի պատասխանատվությունների մեջ էր մտնում նաև տարբեր մասնաճյուղեր այցելելը։ Նրան հատկապես հետաքրքրում էր երկաթյա վարագույրի երկրներում իրականացվող քարոզչական գործը։ Մի անգամ Շվեդիայում արձակուրդի ժամանակ, որի կարիքը շատ ունեինք, Թեդն ասաց. «Մելի՛տա, քարոզչական գործը արգելքի տակ է Լեհաստանում, և ես կուզեի օգնել այնտեղի եղբայրներին»։ Ուստի մենք վիզաներ ձեռք բերեցինք և մեկնեցինք Լեհաստան։ Թեդը հանդիպեց մի քանի եղբայրների հետ, որոնք հոգ էին տանում քարոզչական գործի մասին, և նրանք երկար զբոսանքի դուրս եկան, որպեսզի ոչ ոք չկարողանար լսել իրենց զրույցը։ Չորս օր շարունակ եղբայրները շատ կարևոր հանդիպումներ ունեցան, բայց ես ուրախ էի տեսնել, թե ինչ մեծ բավարարվածությամբ էր լցվում Թեդը իր հոգևոր ընտանիքին օգնելիս։

Հաջորդ անգամ Լեհաստան այցելեցինք 1977թ. նոյեմբերին։ Ֆ. Ու. Ֆրանցը, Դանիել Սիդլիկը և Թեդը Կառավարիչ մարմնի կողմից առաջին պաշտոնական այցը կատարեցին։ Մեր գործը դեռևս արգելքի տակ էր, բայց Կառավարիչ մարմնի այս երեք անդամները կարողացան տարբեր քաղաքներում հանդիպել վերակացուների, ռահվիրաների և երկար տարիների Վկաների հետ։

Թեդը և ուրիշներ Մոսկվայի արդարադատության նախարարության շենքի մոտ այն բանից հետո, երբ մեր գործունեությունը պետականորեն գրանցվեց

Հաջորդ տարի, երբ Միլթոն Հենշելը և Թեդը այցելեցին Լեհաստան, հանդիպեցին պաշտոնյաների հետ, որոնք գնալով ավելի հանդուրժող էին դառնում մեր և մեր գործունեության նկատմամբ։ 1982թ.-ին Լեհաստանի կառավարությունը թույլ տվեց մեր եղբայրներին մեկօրյա համաժողովներ անցկացնել։ Հաջորդ տարի ավելի մեծ համաժողովներ տեղի ունեցան, որոնց մեծ մասն անցկացվեց վարձված սրահներում։ 1985թ.-ին, երբ մեր գործունեությունը դեռևս արգելքի տակ էր, մեզ թույլ տվեցին անցկացնել չորս մեծ համաժողով մեծ մարզադաշտերում։ Հետո 1989թ. մայիսին, երբ ծրագրվում էր ավելի մեծ համաժողովներ անցկացնել, Լեհաստանի կառավարությունը Եհովայի վկաներին պետականորեն գրանցեց։ Թեդը շատ էր ուրախացել. նրա կյանքում քիչ իրադարձություններ են եղել, որ այդքան մեծ ուրախություն են պատճառել նրան։

Մարզային համաժողով Լեհաստանում

 ՊԱՅՔԱՐ ԱՌՈՂՋԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԴԵՄ

2007թ.-ին պատրաստվում էինք ներկա լինելու Հարավաֆրիկյան Հանրապետության մասնաճյուղի նվիրմանը։ Անգլիայում Թեդը արյան բարձր ճնշում ուներ, ուստի բժիշկը խորհուրդ տվեց հետաձգել ճանապարհորդությունը։ Երբ Թեդը ապաքինվեց, մենք վերադարձանք Միացյալ Նահանգներ։ Բայց մի քանի շաբաթ հետո նա ուժեղ կաթված ստացավ, ինչի հետևանքով նրա մարմնի աջ հատվածը անշարժացավ։

Թեդը դանդաղ էր ապաքինվում և սկզբում ի վիճակի չէր գնալու գրասենյակ։ Բայց մենք ուրախ էինք, որ նա կարողանում էր նորմալ խոսել։ Չնայած սահմանափակումներին՝ Թեդը փորձում էր հետևել իր գրաֆիկին։ Նույնիսկ մեր սենյակից հեռախոսով մասնակցում էր Կառավարիչ մարմնի շաբաթական հանդիպումներին։

Թեդը շատ երախտապարտ էր այն հիանալի բուժօգնության համար, որ ստացավ Բեթելում։ Նրա շարժունակությունը սկսեց դանդաղորեն վերականգնվել։ Նա կարողանում էր կատարել որոշ աստվածապետական հանձնարարություններ, և նրան միշտ հաջողվում էր ուրախ լինել։

Երեք տարի հետո նա երկրորդ կաթվածը ստացավ և 2010թ. հունիսի 9-ին՝ չորեքշաբթի օրը, հանգիստ ու խաղաղ ննջեց։ Ես միշտ գիտակցել եմ, որ Թեդը մի օր ավարտելու է իր երկրային ընթացքը։ Բայց չեմ կարող նկարագրել, թե ինչ մեծ ցավ պատճառեց ինձ նրա մահը, և թե որքան շատ եմ ես նրան կարոտում։ Այնուամենայնիվ, ամեն օր շնորհակալություն եմ հայտնում Եհովային, որ կարողացել եմ աջակցել Թեդին։ Մենք 53 տարի միասին լիաժամ ենք ծառայել։ Շնորհակալ եմ Եհովային՝ իմ երկնային Հորը, որ Թեդն օգնել է ինձ ավելի մտերմանալու նրա հետ։ Ես ոչ մի կասկած չունեմ, որ Թեդի նոր նշանակումը իրեն մեծ ուրախություն և բավարարվածություն է բերում։

ՆՈՐ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ես մեծ հաճույք եմ ստացել Բեթելի վարսավիրանոցում աշխատելուց և սովորեցնելուց

Երկար տարիներ ամուսնուս հետ զբաղված և ուրախ կյանքով ապրելուց հետո ներկայիս դժվարություններին հարմարվելը հեշտ չէ։ Թեդն ու ես սիրում էինք ողջունել Բեթել այցելողներին և Թագավորության սրահ եկողներին։ Այժմ, երբ իմ սիրելի Թեդը այլևս այստեղ չէ, և ես այնքան ուժ չունեմ, որքան նախկինում, շփումս սահմանափակ է։ Այնուամենայնիվ, շարունակում եմ վայելել իմ սիրելի եղբայրների ու քույրերի ընկերակցությունը Բեթելում և ժողովում։ Բեթելի գրաֆիկը հեշտ չէ, բայց այստեղ Աստծուն ծառայելը ուրախություն է պատճառում ինձ։ Քարոզչական ծառայության հանդեպ իմ սերը նույնպես չի մարել։ Թեև հոգնում եմ և չեմ կարողանում երկար ոտքի վրա մնալ, մեծ բավականություն եմ ստանում փողոցի վկայությունից և Աստվածաշնչի ուսումնասիրություններ անցկացնելուց։

Երբ տեսնում եմ բոլոր այն սարսափելի բաները, որ տեղի են ունենում աշխարհում, շատ եմ ուրախանում, որ ծառայել եմ Եհովային Թեդի պես հիանալի կողակցի հետ։ Այո՛, Եհովայի օրհնությունը իսկապես հարստացրել է կյանքս (Առակ. 10։22

^ պարբ. 13 Ջեկ Նաթանի կենսագրությունը հրատարակվել է «Դիտարանի» 1990թ. սեպտեմբերի 1-ի համարում (էջ 10–14, անգլ., ռուս.)։