Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՍԵՊՏԵՄԲԵՐ 2015

«Հավատի մեջ հաստատ կանգնեք»

«Հավատի մեջ հաստատ կանգնեք»

«Հավատի մեջ հաստատ կանգնեք.... զորացեք» (1 ԿՈՐՆԹ. 16։13

ԵՐԳ 60, 64

1. ա) Ի՞նչ եղավ Պետրոսի հետ Գալիլեայի ծովում (տե՛ս 13-րդ էջի նկարը)։ բ) Ինչո՞ւ Պետրոսը սկսեց սուզվել։

ԳԱԼԻԼԵԱՅԻ ԾՈՎՈՒՄ մոլեգնում է կատաղի փոթորիկը։ Պետրոսը և մյուս առաքյալները դժվարությամբ թիավարում են գիշերվա խավարում։ Բայց հանկարծ տեսնում են Հիսուսին ծովի վրայով քայլելիս։ Պետրոսը ձայն է տալիս նրան՝ հարցնելով, թե կարող է ջրի վրայով գալ նրա մոտ։ Երբ Հիսուսը ասում է, որ իր մոտ գա, Պետրոսը դուրս է գալիս նավից և ալեկոծ ջրի վրայով հրաշքով քայլում է դեպի նա։ Վայրկյաններ անց, սակայն, սկսում է սուզվել։ Ինչո՞ւ, որովհետև նայել էր փոթորկին և սկսել էր վախենալ։ Հետո Պետրոսը բղավում է. «Տե՛ր, փրկի՛ր ինձ»։ Վերջինս անմիջապես բռնում է նրան ու ասում. «Ո՛վ թերահավատ, ինչո՞ւ կասկածեցիր» (Մատթ. 14։24–32

2. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

2 Քննենք հավատի հետ կապված երեք բան, որ կարող ենք սովորել Պետրոսի հետ տեղի ունեցած դեպքից։ 1) Ինչպե՞ս Պետրոսը սկզբում ցույց տվեց, որ հավատում է, որ Աստված կօգնի իրեն, 2) ինչո՞ւ սկսեց կորցնել հավատը, 3) ի՞նչը օգնեց նրան ամրացնելու այն։ Այս հարցերը քննելը կօգնի մեզ տեսնելու, թե ինչպես կարող ենք «հավատի մեջ հաստատ կանգնել» (1 Կորնթ. 16։13

 ՀԱՎԱՏԱ, ՈՐ ԱՍՏՎԱԾ ԿՕԳՆԻ

3. Ինչո՞ւ Պետրոսը դուրս եկավ նավից, և ի՞նչ առումով ենք մենք նման բան արել։

3 Երբ Պետրոսը դուրս եկավ նավից, որ ջրի վրայով քայլի, դա արեց հավատի շնորհիվ։ Հիսուսը կանչեց նրան, և նա վստահեց, որ Աստծու զորությունը կօգնի իրեն, ինչպես որ օգնում էր Հիսուսին։ Այդպես էլ մենք, երբ նվիրվեցինք Եհովային և մկրտվեցինք, դա արեցինք հավատի շնորհիվ։ Հիսուսը հրավիրել էր մեզ դառնալու իր հետևորդները՝ քայլելու իր հետքերով։ Մենք հավատ դրսևորեցինք թե՛ նրա, թե՛ Աստծու հանդեպ՝ վստահ լինելով, որ նրանք կօգնեն մեզ տարբեր կերպերով (Հովհ. 14։1; կարդա՛  1 Պետրոս 2։21

4, 5. Ինչո՞ւ է հավատը թանկարժեք գանձ։

4 Հավատն իսկապես թանկարժեք գանձ է։ Ինչպես Պետրոսի հավատը հնարավոր դարձրեց, որ նա քայլի ջրի վրայով, այնպես էլ մեր հավատն է հնարավոր դարձնում, որ անենք բաներ, որոնք մարդկային տեսանկյունից գուցե անհնար թվան (Մատթ. 21։21, 22)։ Օրինակ՝ շատերս արմատապես փոխել ենք մեր մտածելակերպն ու գործերը, ինչի պատճառով նրանք, ովքեր նախկինում ճանաչել են մեզ, այժմ գրեթե չեն ճանաչում։ Աստված օրհնել է մեր ջանքերը, քանի որ նրա հանդեպ հավատն է մղել մեզ այդ փոփոխություններն անելու (կարդա՛  Կողոսացիներ 3։5–10)։ Երբ հավատի շնորհիվ նվիրվեցինք Եհովային, դարձանք նրա ընկերները, մի բան, ինչը ինքնուրույն երբեք չէինք կարողանա անել (Եփես. 2։8

5 Մեր հավատը շարունակում է զորացնել մեզ, և դրա շնորհիվ կարողանում ենք դիմադրել գերմարդկային զորություն ունեցող մեր թշնամուն՝ Բանսարկուին (Եփես. 6։16)։ Բացի այդ, Եհովային վստահելը օգնում է շատ չանհանգստանալու դժվարությունների ժամանակ։ Եհովան խոստանում է, որ եթե հավատ դրսևորենք իր հանդեպ և Թագավորության շահերը առաջին տեղում դնենք, նա կհոգա մեր նյութական կարիքները (Մատթ. 6։30–34)։ Ավելին, մեր հավատի շնորհիվ կստանանք մի պարգև, որը ոչ մի մարդ երբեք չի կարող իր ջանքերով ձեռք բերել՝ հավիտենական կյանք (Հովհ. 3։16

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՇԵՂՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԳԵՑՆԵԼ ՀԱՎԱՏԻ ԿՈՐՍՏԻ

6, 7. ա) Ի՞նչը կարող ենք համեմատել փոթորկի և ալիքների հետ։ բ) Ինչո՞ւ պետք է լրջորեն վերաբերվենք այն բանին, որ մեր հավատը կարող է թուլանալ։

6 Քամին և ալիքները, որ մոլեգնում էին Պետրոսի շուրջ, երբ նա քայլում էր ջրերի վրայով, կարելի է համեմատել փորձությունների և դժվարությունների հետ, որոնց բախվում ենք քրիստոնեական կյանքում։ Նույնիսկ եթե դրանք կատաղի են, Եհովայի աջակցությամբ մենք կարող ենք հաստատ կանգնել։ Պետրոսը չսուզվեց քամու պոռթկումի կամ վիթխարի ալիքի պատճառով։ Հիշիր, թե ինչ հերթականությամբ զարգացան դեպքերը. «Փոթորկին նայելով՝ վախեցավ» (Մատթ. 14։30)։ Պետրոսը ուշադրությունը շեղեց Հիսուսից, դրանից հետո նրա հավատը սասանվեց։ Մենք էլ գուցե սկսենք սուզվել, եթե «նայենք փոթորկին»՝ կենտրոնանալով դրա ուժգնության վրա, ու սկսենք կասկածել, որ Եհովան կօգնի մեզ։

7 Մենք պետք է լրջորեն վերաբերվենք այն բանին, որ մեր հավատը կարող է թուլանալ, քանի որ Աստվածաշունչն ասում է, որ հավատի պակասը մեղք է, «որը հեշտությամբ խճճում է մեզ» (Եբր. 12։1)։ Ինչպես երևում է Պետրոսի հետ կատարվածից, մեր հավատը կարող է արագորեն թուլանալ, եթե կենտրոնանանք սխալ բաների վրա։ Ուստի ինչպե՞ս կարող ենք իմանալ՝ մեր հավատը թուլանալու վտանգի տակ է, թե ոչ։ Նկատի առնենք մի քանի հարցեր, որոնց միջոցով կարող ենք ինքնաքննություն անել։

8. Ինչպե՞ս կարող են Աստծու խոստումները պակաս իրական դառնալ մեզ համար։

8 Աստծու խոստումները պակա՞ս իրական են դարձել ինձ համար։ Օրինակ՝ Աստված խոստացել է կործանել ներկա չար համակարգը։ Արդյոք աշխարհի առաջարկած զվարճության բազմազան ձևերը շեղե՞լ են մեր ուշադրությունը՝ թուլացնելով մեր հավատն Աստծու խոստման հանդեպ։ Եթե այդպես է, թերևս սկսենք կասկածել, որ վերջը իրոք մոտ է (Ամբ. 2։3)։ Ահա մեկ ուրիշ օրինակ։ Աստված խոստանում է, որ կների մեզ փրկանքի հիման վրա։ Բայց եթե շարունակ  մտատանջվենք անցյալում կատարած սխալների պատճառով, գուցե սկսենք կասկածել՝ արդյոք Եհովան իսկապես «ջնջել» է մեր բոլոր մեղքերը (Գործ. 3։19)։ Արդյունքում հնարավոր է կորցնենք մեր ուրախությունը ծառայության մեջ և դառնանք ոչ ակտիվ։

9. Ի՞նչ կարող է լինել, եթե կենտրոնանանք անձնական նպատակներ հետապնդելու վրա։

9 Ծառայության մեջ նույնքան ջանասե՞ր եմ, որքան առաջ։ Պողոս առաքյալը ցույց տվեց, որ երբ ջանասիրաբար ծառայում ենք Եհովային, դա նպաստում է, որ մեր «հույսը հաստատուն լինի մինչև վերջ»։ Իսկ ի՞նչ կարող է լինել, եթե մեր ջանքերը կենտրոնացնենք անձնական նպատակներ հետապնդելու վրա, օրինակ՝ լավ վարձատրվող աշխատանքի անցնենք, որը, սակայն, կխանգարի մեր երկրպագությանը։ Հնարավոր է՝ մեր հավատը թուլանա, և մենք «ծուլանանք» ու ավելի քիչ բան անենք Եհովայի համար, քան մեր հանգամանքներն են թույլ տալիս (Եբր. 6։10–12

10. Ինչպե՞ս ենք հավատ դրսևորում Եհովայի հանդեպ, երբ ներում ենք։

10 Դժվարանո՞ւմ եմ ներել, երբ ինձ վիրավորում են։ Երբ մեզ վիրավորում կամ ցավեցնում են, գուցե կենտրոնանանք մեր զգացմունքների վրա և բարկացած խոսենք մեզ վիրավորողի հետ կամ էլ խզենք մեր հարաբերությունները՝ այլևս չխոսելով նրա հետ։ Բայց երբ ներում ենք, ցույց ենք տալիս մեր հավատը Եհովայի հանդեպ։ Ինչպե՞ս։ Նրանք, ովքեր մեղք են գործում մեր դեմ, մեզ պարտք են մնում, ինչպես որ մենք ենք պարտք Աստծուն մեր մեղքերի համար (Ղուկ. 11։4)։ Ուստի որպեսզի կարողանանք ներել ուրիշներին, պետք է համոզված լինենք, որ այդպիսով արժանանում ենք Աստծու հավանությանը, և որ դա ավելի արժեքավոր է, քան այն պարտքը, որ կստիպենք վճարել։ Հիսուսի աշակերտները գիտակցում էին, որ ներելու համար հավատ է հարկավոր։ Երբ Հիսուսն ասաց, որ պետք է ներեն նույնիսկ նրանց, ովքեր շարունակ  մեղք են գործում իրենց դեմ, նրանք աղաչեցին. «Ավելացրու մեր հավատը» (Ղուկ. 17։1–5

11. Ինչո՞ւ գուցե օգուտ չքաղենք սուրբգրային խորհրդից։

11 Վիրավորվո՞ւմ եմ, երբ ինձ սուրբգրային խորհուրդ են տալիս։ Փոխանակ մտածելու, թե ինչպես կարող ենք օգուտ քաղել տրված խորհրդից, գուցե կենտրոնանանք դրա թերի կողմերի կամ այն տվողի թերությունների վրա (Առակ. 19։20)։ Այդպես կարող ենք բաց թողնել մեր մտածելակերպը Աստծու մտածելակերպին համապատասխանեցնելու հնարավորությունը։

12. Եթե անհատը շարունակ դժգոհում է այն եղբայրներից, ում միջոցով Աստված առաջնորդում է իր ժողովրդին, դա ինչի՞ նշան է։

12 Տրտնջո՞ւմ եմ ժողովում նշանակված եղբայրների դեմ։ Երբ իսրայելացիները կենտրոնացան տասը անհավատարիմ հետախույզների բերած վատ լուրի վրա, նրանք սկսեցին տրտնջալ Մովսեսի և Ահարոնի դեմ։ Դրանից հետո Եհովան Մովսեսին ասաց. «Մինչև ե՞րբ այս ժողովուրդը հարգանք չի ցույց տալու իմ հանդեպ» (Թվեր 14։2–4, 11)։ Այո՛, իսրայելացիների տրտունջն իրականում ցույց էր տալիս, որ նրանք չէին վստահում Աստծուն, նրան, ով նշանակել էր Մովսեսին և Ահարոնին։ Նմանապես այսօր, եթե շարունակ դժգոհում ենք այն եղբայրներից, ում միջոցով Աստված առաջնորդում է իր ժողովրդին, մի՞թե դա նշան չէ, որ Աստծու հանդեպ մեր հավատը թուլացել է։

13. Ինչո՞ւ չպետք է վհատվենք, եթե պարզենք, որ մեր հավատը թուլացել է։

13 Եթե ինքնաքննության արդյունքում պարզես, որ հավատդ թուլացել է, մի՛ վհատվիր։ Նույնիսկ Պետրոսը, որն առաքյալ էր, վախեցավ և կասկածեց։ Իրականում, Հիսուսը ժամանակ առ ժամանակ իր բոլոր առաքյալներին էր հանդիմանում «թերահավատության» համար (Մատթ. 16։8)։ Պետրոսի հետ տեղի ունեցածից մենք մեկ այլ կարևոր բան ենք սովորում։ Հիշո՞ւմ ես՝ երբ նրա հավատը սասանվեց, և նա սկսեց սուզվել, ի՞նչ արեց հետո։

ՀԱՎԱՏԴ ԶՈՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՉՔԵՐԴ ՀԱՌԻՐ ՀԻՍՈՒՍԻՆ

14, 15. ա) Ի՞նչ արեց Պետրոսը, երբ սկսեց սուզվել։ բ) Ինչպե՞ս կարող ենք մեր «աչքերը հառել» Հիսուսին, եթե չենք տեսնում նրան։

14 Երբ Պետրոսը նայեց փոթորկին և սկսեց սուզվել, կարող էր հետ լողալ դեպի նավը։ Նա հմուտ լողորդ էր, ուստի այդպես վարվելը գուցե նրա բնական արձագանքը լիներ (Հովհ. 21։7)։ Բայց իր ուժերին վստահելու փոխարեն՝ Պետրոսն ուշադրությունը նորից կենտրոնացրեց Հիսուսի վրա և ընդունեց նրա օգնությունը։ Եթե զգում ենք, որ մեր հավատը թուլանում է, պետք է հետևենք Պետրոսի օրինակին։ Իսկ ինչպե՞ս կարող ենք դա անել։

15 Ինչպես որ Պետրոսը ուշադրությունը նորից կենտրոնացրեց իր Տիրոջ վրա, մենք էլ պետք է մեր «աչքերը հառենք մեր հավատի Գլխավոր Առաջնորդին ու Կատարելագործողին՝ Հիսուսին» (կարդա՛  Եբրայեցիներ 12։2, 3)։ Իհարկե, չենք կարող տեսնել Հիսուսին այնպես, ինչպես Պետրոսը տեսավ։ Բայց կարող ենք մեր «աչքերը հառել» նրա վրա՝ ուսումնասիրելով նրա ուսմունքներն ու գործերը, այնուհետև սերտորեն հետևելով նրա թողած օրինակին։ Եթե այդպես վարվենք, կստանանք մեր հավատը ամրացնելու համար անհրաժեշտ օգնությունը։ Քննեք մի քանի միջոց։

Մեր ուշադրությունը Հիսուսի օրինակի վրա կենտրոնացնելով և սերտորեն նրա հետքերին հետևելով՝ կարող ենք հաստատ կանգնել հավատի մեջ (տե՛ս պարբերություն 15)

16. Ինչպե՞ս կարող ենք ուսումնասիրել Աստվածաշունչը, որպեսզի մեր հավատը կերտվի։

16 Ամրացրու վստահությունդ Աստվածաշնչի հանդեպ։ Հիսուսը համոզված էր, որ Աստվածաշունչը Աստծու Խոսքն է և լավագույն առաջնորդությունն է տալիս կյանքում (Հովհ. 17։17)։ Հետևելով Հիսուսի օրինակին՝ ամեն օր կարդա Աստվածաշունչը, ուսումնասիրիր այն և խորհրդածիր սովորածիդ շուրջ։ Բացի այդ, խորությամբ ուսումնասիրիր այն թեմաները, որոնց հետ կապված գուցե հարցեր ունես։ Օրինակ՝ կարող ես ավելի շատ համոզվել, որ այս աշխարհի վերջը իսկապես մոտ է՝ մանրամասն ուսումնասիրելով սուրբգրային այն ապացույցները, որոնք փաստում են, որ ապրում ենք վերջին օրերում։ Ամրացրու վստահությունդ ապագայի վերաբերյալ աստվածաշնչյան խոստումների հանդեպ՝ քննելով այն բազմաթիվ մարգարեությունները, որոնք արդեն կատարվել են։ Մեծացրու  համոզվածությունդ, որ Սուրբ Գիրքը գործնական արժեք ունի՝ կարդալով այն մասին, թե ինչպես է Աստվածաշունչը փոխել մարդկանց կյանքերը * (1 Թեսաղ. 2։13

17. Ինչո՞ւ Հիսուսը կարողացավ հավատարիմ մնալ ծայրաստիճան դժվար փորձությունների ժամանակ, և ինչպե՞ս կարող ես ընդօրինակել նրան։

17 Կենտրոնացիր Եհովայի խոստացած օրհնությունների վրա։ Աչքերը հառելով «իր առաջ դրված ուրախությանը»՝ Հիսուսը կարողացավ հավատարիմ մնալ՝ չնայած ծայրաստիճան դժվար փորձություններին (Եբր. 12։2)։ Նա երբեք չշեղեց իր ուշադրությունը այն բաներով, ինչ աշխարհը կարող էր առաջարկել (Մատթ. 4։8–10)։ Դու կարող ես ընդօրինակել Հիսուսին՝ խորհրդածելով այն հիասքանչ խոստումների մասին, որ Եհովան տվել է քեզ։ Պատկերացրու քեզ նոր աշխարհում։ Օրինակ՝ նկարիր կամ գրիր, թե ինչ ես ուզում անել այնտեղ, երբ Աստված վերացրած լինի այս չար աշխարհը։ Կազմիր այն մարդկանց ցուցակը, ում պատրաստվում ես դիմավորելու, երբ նրանք հարություն առնեն, և գրիր, թե ինչի մասին կուզես զրուցել նրանց հետ։ Աստծու այս խոստումները համարիր ոչ միայն մարդկությանը, այլև անձամբ քեզ տրված խոստումներ։

18. Աղոթքն ինչպե՞ս կարող է օգնել քեզ ամրացնելու հավատդ։

18 Աղոթիր ավելի շատ հավատ ունենալու համար։ Հիսուսն իր աշակերտներին սովորեցրեց Եհովայից խնդրել սուրբ ոգին (Ղուկ. 11։9, 13)։ Երբ սուրբ ոգին խնդրես, աղոթիր ավելի շատ հավատ ունենալու համար. դա ոգու պտղի մասերից է։ Գուցե նկատես մի բան, ինչը ցույց կտա, որ հավատդ թուլանում է, օրինակ՝ եթե չես կարողանում ներել։ Այդ դեպքում կոնկրետ աղոթիր Աստծուն, որ օգնի քեզ ամրացնելու հավատդ։

19. Ի՞նչ պետք է հաշվի առնենք ընկերներ ընտրելիս։

19 Ընկերակցիր հավատ ունեցող մարդկանց հետ։ Հիսուսը ուշադիր էր ընկերներ ընտրելու հարցում, հատկապես մտերիմ ընկերների ընտրության հարցում։ Նրա ամենամտերիմ ընկերները՝ առաքյալները, փաստել էին իրենց հավատն ու նվիրվածությունը՝ հնազանդվելով նրա պատվերներին (կարդա՛  Հովհաննես 15։14, 15)։ Ուստի ընկերներ ընտրիր այն մարդկանց միջից, որոնք, հնազանդվելով Հիսուսին, ցույց են տվել իրենց հավատը։ Նաև հիշիր, որ լավ ընկերության նշաններից մեկը բաց հաղորդակցությունն է, նույնիսկ եթե դա ներառում է խորհուրդ տալը կամ ընդունելը (Առակ. 27։9

20. Ի՞նչ օգուտ ենք ստանում, երբ օգնում ենք ուրիշներին կերտելու իրենց հավատը։

20 Օգնիր ուրիշներին, որ ամրացնեն իրենց հավատը։ Հիսուսը թե՛ խոսքով, թե՛ գործով կերտեց իր աշակերտների հավատը (Մարկ. 11։20–24)։ Մենք պետք է հետևենք նրա օրինակին, քանի որ երբ օգնում ենք ուրիշներին կերտելու իրենց հավատը, մեր հավատը նույնպես ամրանում է (Առակ. 11։25)։ Քարոզելիս և ուսուցանելիս ընդգծիր այն միտքը, որ Աստված գոյություն ունի, որ նա հոգ է տանում մեր մասին, և որ Աստվածաշունչը նրա ներշնչյալ Խոսքն է։ Եղբայրներիդ ու քույրերիդ նույնպես օգնիր, որ ամրացնեն իրենց հավատը։ Եթե տեսնում ես, որ նրանցից մեկը կասկածներ ունի, օրինակ՝ գուցե սկսել է տրտնջալ նշանակված եղբայրների դեմ, մի՛ շտապիր եզրակացնել, որ հարկավոր է խուսափել նրանից։ Փոխարենը՝ նրբանկատորեն օգնիր, որ քայլեր ձեռնարկի ամրացնելու իր հավատը (Հուդա 22, 23)։ Եթե դպրոցում ես սովորում, և քննարկում եք էվոլյուցիոն տեսությունը, համարձակորեն պաշտպանիր ստեղծագործության հանդեպ ունեցած քո հավատը. ուսուցչիդ ու դասարանցիներիդ արձագանքը գուցե մեծապես զարմացնի քեզ։

21. Ի՞նչ է խոստանում Եհովան յուրաքանչյուրիս։

21 Աստված Հիսուսի միջոցով օգնեց Պետրոսին հաղթահարելու իր վախերն ու կասկածները, և վերջինս դարձավ վաղ քրիստոնյաների հավատի սյուներից մեկը։ Նույն ձևով Եհովան օգնում է բոլորիս, որ հավատի մեջ հաստատ կանգնենք (կարդա՛  1 Պետրոս 5։9, 10)։ Արժե ամեն ջանք ներդնել մեր հավատը կերտելու համար, քանի որ հավատի վարձատրությունը անգին է։

^ պարբ. 16 Օրինակ՝ կարող ես կարդալ «Դիտարանի» ընդհանուր թողարկման՝ «Աստվածաշունչը փոխում է կյանքերը» խորագրի հոդվածները։