Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան (ուսումնասիրության թողարկում)  |  Սեպտեմբեր 2015

Ի՞նչ կերպերով է Եհովան դրսևորում իր սերը մեր հանդեպ

Ի՞նչ կերպերով է Եհովան դրսևորում իր սերը մեր հանդեպ

«Տեսեք, թե ինչպիսի սեր է մեր Հայրը մեզ տվել» (1 ՀՈՎՀ. 3։1

ԵՐԳ 91, 13

1. Ինչի՞ մասին Հովհաննես առաքյալը հորդորեց քրիստոնյաներին մտածել և ինչո՞ւ։

«ՏԵՍԵՔ, թե ինչպիսի սեր է մեր Հայրը մեզ տվել»։ 1 Հովհաննես 3։1-ում արձանագրված այս խոսքերը լուրջ ուշադրության են արժանի։ Հովհաննես առաքյալը, սա ասելով, հորդորեց քրիստոնյաներին մտածել այն մասին, թե ինչպիսին է նրանց հանդեպ ունեցած Աստծու սերը, և թե որքան մեծ է այն։ Հասկանալով այս ամենը, անկասկած, ավելի շատ կսիրենք Եհովային և ավելի կմտերմանանք նրա հետ։

2. Ինչո՞ւ են որոշ մարդիկ դժվարանում ընդունել, որ Աստված սիրում է իրենց։

2 Ոմանց համար, սակայն, խորթ է այն միտքը, որ Աստված կարող է սիրել իրենց։ Նրանք կարծում են, որ Աստծուն պետք է միայն հնազանդվել ու վախենալ նրանից։ Կամ էլ թերևս որոշ արմատացած սխալ ուսմունքների պատճառով նույնիսկ մտածում են, որ Աստված չի սիրում մարդկանց, և որ հնարավոր չէ նրան սիրել։ Բայց կան նաև մարդիկ, որ կարծում են, թե Աստված սիրում է բոլորին, անկախ նրանից, թե նրանք ինչեր են անում։ Ուսումնասիրելով Աստվածաշունչը՝ դու իմացար, որ սերը Եհովայի գլխավոր հատկությունն է, և որ սերը մղեց նրան զոհելու իր Որդուն հանուն մեր բարօրության (Հովհ. 3։16; 1 Հովհ. 4։8)։ Բայց քո դաստիարակության և անցյալի պատճառով գուցե դժվարանաս հասկանալ, թե որքան շատ է Եհովան քեզ սիրում։

3. Ի՞նչն է օգնում մեզ հասկանալու Աստծու սերը մեր նկատմամբ։

 3 Իսկ ի՞նչ կերպերով է Եհովան սեր դրսևորում մեր նկատմամբ։ Այս հարցի պատասխանն իմանալու համար նախ պետք է հասկանանք, թե ով ենք մենք Եհովա Աստծու համար։ Ինչ խոսք, նա է բոլոր մարդկանց Ստեղծիչը (կարդա՛  Սաղմոս 100։3–5)։ Ահա թե ինչու է Աստվածաշունչը Ադամին կոչում Աստծու որդի։ Իսկ Հիսուսը իր հետևորդներին սովորեցրեց Աստծուն դիմելիս ասել. «Հա՛յր մեր, որ երկնքում ես» (Ղուկ. 3։38; Մատթ. 6։9)։ Լինելով կյանք Պարգևողը՝ Եհովան մեր Հայրն է, ուստի նա մեզ սիրում է այնպես, ինչպես նվիրված հայրն է սիրում իր երեխաներին։

4. ա) Ինչպե՞ս է Եհովան տարբերվում մարդկային հայրերից։ բ) Ի՞նչ ենք քննելու այս և հաջորդ հոդվածում։

4 Մարդկային հայրերը, ինչ խոսք, անկատար են։ Որքան էլ ջանան, երբեք չեն կարողանա Եհովայի պես հայրական սեր դրսևորել։ Իրականում, որոշ մարդիկ դառը հիշողություններ ունեն մանկության հետ կապված, քանի որ մեծացել են այնպիսի ընտանիքում, որում տիրող մթնոլորտը էմոցիոնալ խոր սպիեր է թողել իրենց հոգում։ Դա շատ ցավալի է, տխուր և նույնիսկ ողբերգական։ Եհովան, անկասկած, այդպիսի հայր չէ (Սաղ. 27։10)։ Իմանալով, թե որքան շատ է Եհովան մեզ սիրում և հոգ տանում մեր մասին, անշուշտ, ավելի կմտերմանանք նրա հետ (Հակ. 4։8)։ Այս հոդվածում կքննենք չորս կերպ, որոնցով Եհովան ցույց է տալիս իր սերը մեր նկատմամբ։ Իսկ հաջորդ հոդվածում կքննենք չորս կերպ, որոնցով մենք կարող ենք սեր դրսևորել նրա հանդեպ։

ԵՀՈՎԱՆ ՍԻՐՈՂ Է ԵՎ ԱՌԱՏԱՁԵՌՆ

5. Ի՞նչ ասաց Պողոս առաքյալը աթենացիներին Աստծու մասին։

5 Երբ Պողոս առաքյալը Աթենքում էր (Հունաստան), նկատեց, որ քաղաքը լիքն է կեղծ աստվածների կուռքերով, և մարդիկ հավատում են, որ դրանք են իրենց կյանք և կյանքի համար ամեն անհրաժեշտ բան տվել։ Պողոսը մղվեց ասելու. «Աստված, որ ստեղծել է աշխարհը և նրանում եղող ամեն բան.... նա ինքն է բոլոր մարդկանց տալիս կյանք, շունչ և ամեն բան.... Նրանով ենք մենք ապրում, շարժվում և գոյություն ունենք» (Գործ. 17։24, 25, 28)։ Այո՛, սիրուց մղված՝ Եհովան մեզ տալիս է անհրաժեշտ «ամեն բան», որպեսզի կարողանանք ապրել։ Մտածիր, թե ինչ է մտնում այս երկու բառի՝ «ամեն բանի» մեջ։

6. Ինչպե՞ս է մեր մոլորակը ցույց տալիս, որ Աստված սիրում է մեզ (տե՛ս 18-րդ էջի նկարը)։

6 Նկատի առնենք Երկիրը, որը Եհովան՝ Ստեղծիչը, «մարդկանց որդիներին է տվել» (Սաղ. 115։15, 16)։ Գիտնականները հսկայական գումարներ են ծախսել, որպեսզի ուսումնասիրեն տիեզերքը և գտնեն Երկրի նման այլ մոլորակներ։ Թեև հարյուրավոր մոլորակներ են հայտնաբերվել, նրանք հիասթափված են, քանի որ դրանցից ոչ մեկը չունի կյանքի համար անհրաժեշտ պայմանների այն բարդ հավասարակշռությունը, որ կա Երկրի վրա։ Կարելի է ասել, որ Երկիրը Աստծու բոլոր ստեղծագործությունների մեջ եզակի է։ Միայն պատկերացրու. Ծիր Կաթին գալակտիկայի և մյուս գալակտիկաների անհամար մոլորակներից Եհովան միայն Երկիրն է այնպես ստեղծել, որ այն ոչ միայն բնակվելու վայր լինի, այլև հարմարավետ, գեղեցիկ և ապահով տուն մարդկանց համար (Ես. 45։18)։ Սա ցույց է տալիս, թե որքան շատ է Եհովան սիրում մեզ (կարդա՛  Հոբ 38։4, 7; Սաղմոս 8։3–5

7. Հաշվի առնելով այն, թե ինչպես է Աստված ստեղծել մարդուն՝ ինչո՞ւ կարող ենք ասել, որ նա իսկապես սիրում է մեզ։

7 Ճիշտ է, Եհովան գեղեցիկ տուն է տվել մեզ, բայց նա նաև գիտի, որ երջանիկ ու բավարարված լինելու համար մեզ նյութական բաներից ավելին է պետք։ Երեխան իրեն իսկապես ապահով է զգում, երբ տեսնում է ծնողների սերն ու ուշադրությունը։ Մեր երկնային Հայրը՝ Եհովան, մեզ իր պատկերով է ստեղծել՝ օժտելով իր սերն ու հոգատարությունը զգալու և դրանց արձագանքելու ունակությամբ (Ծննդ. 1։27)։ Ավելին, Հիսուսն  ասաց. «Երջանիկ են նրանք, ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները» (Մատթ. 5։3)։ Լինելով մեր սիրառատ Հայրը՝ Եհովան «առատապես ապահովում է մեզ ամեն ինչով [թե՛ ֆիզիկական, թե՛ հոգևոր բաներով], որ վայելենք» (1 Տիմոթ. 6։17; Սաղ. 145։16

ԵՀՈՎԱՆ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ Է ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

8. Ինչո՞ւ ենք ուզում, որ Եհովան սովորեցնի մեզ։

8 Հայրը սիրում է իր երեխաներին և ցանկանում է պաշտպանել նրանց, որպեսզի վերջիններս չխաբվեն ու չմոլորվեն։ Այնուամենայնիվ, բազմաթիվ ծնողներ չեն կարողանում իրենց երեխաներին ճիշտ առաջնորդություն տալ, քանի որ հենց իրենք չեն ընդունում Աստծու Խոսքում արձանագրված սկզբունքները։ Արդյունքում նման ընտանիքները երջանիկ չեն լինում, և դրանցում քաոս է տիրում (Առակ. 14։12)։ Բայց Եհովան «ճշմարտության Աստված» է (Սաղ. 31։5)։ Նա սիրում է իր զավակներին և ուրախություն է ստանում՝ թույլ տալով, որ իր ճշմարտության լույսը շողա և առաջնորդի նրանց կյանքի բոլոր բնագավառներում, հատկապես երկրպագությանն առնչվող հարցերում (կարդա՛  Սաղմոս 43։3)։ Իսկ ի՞նչ ճշմարտություն է Եհովան հայտնել, և ինչպես է դա ցույց տալիս, որ նա սիրում է մեզ։

Քրիստոնյա հայրերը ընդօրինակում են Եհովային՝ սովորեցնելով իրենց երեխաներին ճշմարտությունը և օգնելով նրանց փոխհարաբերություններ զարգացնելու իրենց երկնային Հոր հետ (տե՛ս պարբերություն 8–10)

9, 10. Ինչպե՞ս է Եհովան ցույց տալիս իր սերը՝ հայտնելով ճշմարտությունը ա) իր մասին, բ) մեր մասին։

9 Նախ Եհովան հայտնում է ճշմարտությունը իր մասին։ Նա ասել է իր անունը, որը Աստվածաշնչում ամենից շատ հանդիպող անձնանունն է։ Այսպիսով Եհովան, թույլ տալով, որ ճանաչենք իրեն, մտերմանում է մեզ հետ (Հակ. 4։8)։ Նա նաև հայտնում է մեզ իր հատկությունների մասին, թե ինչպիսի Աստված է ինքը։ Ուսումնասիրելով տիեզերքը՝ հստակ տեսնում ենք նրա զորությունն ու իմաստությունը։ Իսկ իր Խոսքում Եհովան հայտնում է իր արդարության և հատկապես անսահման սիրո մասին (Հռոմ. 1։20)։ Նա այնպիսի հայր է, որը ոչ միայն ուժեղ է և իմաստուն, այլև արդար է ու սիրող, այդ պատճառով նրա զավակների համար հեշտ է սիրել նրան և մտերմանալ նրա հետ։

10 Մեր բարօրության համար Եհովան նաև հայտնում է ճշմարտությունը մեր մասին, այսինքն՝ թե որն է մեր տեղը նրա հաստատած ընդհանուր կառույցում։ Սա նպաստում է այն բանին, որ Աստծու տիեզերական ընտանիքում խաղաղություն և կարգուկանոն տիրի։ Աստվածաշնչից իմանում ենք, որ մարդիկ այնպես չեն ստեղծվել, որ անկախ լինեն Աստծուց, և որ այս կենսական ճշմարտությունն անտեսելը աղետալի հետևանքներ է բերում (Երեմ. 10։23)։ Սա խիստ կարևոր է մեր բարօրության համար։ Միայն Աստծու իշխանությունն ընդունելու դեպքում կարող ենք խաղաղ և բավարարված կյանքով ապրել։ Սիրո ինչպիսի՜ գեղեցիկ դրսևորում է այն, որ Եհովան որոշել է հայտնել մեզ այս կարևոր ճշմարտությունը։

11. Եհովայի ո՞ր խոստումն է ցույց տալիս նրա սերն ու հոգատարությունը։

11 Սիրող հայրը մեծապես հետաքրքրված է իր երեխաների ապագայով և ցանկանում է, որ նրանք իրական և իմաստալից նպատակ ունենան կյանքում։ Ցավոք, շատերի համար ապագան մռայլ է, շատերն էլ իրենց կյանքը անցկացնում են այնպիսի նպատակներ հետապնդելով, որոնք հարատև օգուտներ չեն բերում (Սաղ. 90։10)։ Լինելով Աստծու զավակները՝ մենք մեզ իրոք սիրված ենք զգում, քանի որ նա մեզ հիանալի ապագա է խոստացել։ Այդ խոստումը մեր կյանքը լցնում է իրական իմաստով։

ԵՀՈՎԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՎ ԽՐԱՏ Է ՏԱԼԻՍ

12. Կայենին և Բարուքին տրված խորհուրդն ու առաջնորդությունը ինչպե՞ս են ցույց տալիս, որ Եհովան սիրում էր նրանց և մտածում էր նրանց մասին։

12 «Ինչո՞ւ ես այդպես բարկացել, և ինչո՞ւ է դեմքդ մռայլվել։ Եթե բարին անես, մի՞թե չես բարձրանա իմ աչքում.... արդյո՞ք դու կիշխես նրա [մեղքի] վրա» (Ծննդ. 4։6, 7)։ Սա ժամանակահարմար խորհուրդ  էր և միևնույն ժամանակ առաջնորդություն։ Այս խոսքերով Եհովան նախազգուշացում տվեց Կայենին, երբ տեսավ, որ նա շատ վտանգավոր ճանապարհի վրա է։ Դժբախտաբար, Կայենը չհետևեց նախազգուշացմանը և արդյունքում տառապանքներ կրեց (Ծննդ. 4։11–13)։ Իսկ երբ Երեմիայի քարտուղարը՝ Բարուքը, ուժասպառ էր և ընկճված, Եհովան խորհուրդ տվեց նրան, որպեսզի օգնի վերջինիս տեսնելու իր խնդրի բուն պատճառը։ Ի տարբերություն Կայենի՝ Բարուքը ընդունեց Եհովայի խորհուրդը, և դա փրկեց նրա կյանքը (Երեմ. 45։2–5

13. Ինչո՞ւ է Եհովան թույլ տալիս, որ իր հավատարիմ ծառաները փորձություններ կրեն։

13 Պողոսը գրեց. «Ում Եհովան սիրում է, նրան խրատում է։ Նա նույնիսկ պատժում է ամեն մեկին, ում իբրև որդի է ընդունում» (Եբր. 12։6)։ Բայց խրատելը միայն պատժելը չէ։ Այն տարբեր կերպերով է դրսևորվում։ Աստվածաշնչում կան բազմաթիվ հավատարիմ ծառաների օրինակներ, որոնք ծայրաստիճան փորձություններ են կրել, որոնց միջոցով Եհովան թերևս խրատել և կրթել է նրանց։ Այդ հավատարիմներից էին Հովսեփը, Մովսեսը և Դավիթը։ Նրանց կյանքի պատմությունը ամենայն մանրամասնությամբ է շարադրված, և նրանք Աստվածաշնչի ամենավառ կերպարներից են։ Եհովան իր այս ծառաների կողքին է եղել փորձությունների ժամանակ։ Եվ այն, ինչ նրանք սովորել են փորձություններից, օգնել է իրենց, երբ Եհովան ավելի մեծ պատասխանատվություններ է տվել։ Կարդալով այս ամենի մասին՝ ավելի շատ ենք տեսնում Աստծու հոգատարությունն ու սերը իր ծառաների նկատմամբ (կարդա՛  Առակներ 3։11, 12

14. Ինչպե՞ս կարող ենք զգալ Եհովայի սերը, երբ նա խրատում է մեզ։

14 Եհովայի տված խրատը օգնում է մեզ տեսնելու նրա սիրո երեսակներից ևս մեկը։ Երբ սխալ գործողը խրատ է ստանում Եհովայից, արձագանքում է դրան ու զղջում,  Աստված «մեծահոգաբար ներում» է նրան (Ես. 55։7)։ Ի՞նչ է սա նշանակում։ Դավիթը Եհովայի ներողամտության մասին հետևյալ հուզիչ խոսքերը գրեց. «Նա ներում է քո բոլոր մեղքերը, բուժում է քո բոլոր ախտերը, քո կյանքը ազատում է գերեզմանի փոսից, պսակում է քեզ սիրառատ բարությամբ ու գթասրտությամբ.... Որքան արևելքը հեռու է արևմուտքից, այնքան նա հեռացրել է մեզանից մեր հանցանքները» (Սաղ. 103։3, 4, 12)։ Եկեք միշտ լսենք Եհովայի խուրհուրդը, ընդունենք խրատը և արագ արձագանքենք դրանց՝ գիտակցելով, որ այդպիսով նա իր անսահման սերն է դրսևորում մեր հանդեպ (Սաղ. 30։5

ԵՀՈՎԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է

15. Ի՞նչն է ցույց տալիս, որ Եհովայի ժողովուրդը թանկ է իր համար։

15 Անկասկած, սիրող հայրը նախևառաջ ցանկանում է պաշտպանել իր ընտանիքին ամեն հնարավոր վնասից կամ լուրջ վտանգից։ Եհովան՝ մեր երկնային Հայրը, հենց դա է անում։ Նրա մասին սաղմոսերգուն ասաց. «Նա պահպանում է իրեն նվիրվածների հոգիները, ամբարիշտների ձեռքից ազատում է նրանց» (Սաղ. 97։10)։ Պատկերացնենք սա օրինակով։ Որքա՞ն թանկ են քեզ համար քո աչքերը։ Եհովայի համար իր ժողովուրդը իր «աչքի բիբի» պես է (կարդա՛  Զաքարիա 2։8)։ Այո՛, մենք շատ թանկ ենք նրա համար։

16, 17. Ի՞նչ կերպերով է Եհովան պաշտպանել իր ժողովրդին անցյալում և ինչպե՞ս է պաշտպանում այսօր։

16 Եհովան իր ժողովրդին պաշտպանում է, օրինակ, հրեշտակների միջոցով (Սաղ. 91։11)։ Մի հրեշտակ Երուսաղեմը ազատեց զավթիչ ասորեստանցիներից՝ մի գիշերում կործանելով նրանց 185000-անոց զորքը (2 Թագ. 19։35)։ Պետրոս ու Պողոս առաքյալները, ինչպես նաև ուրիշներ ազատվեցին բանտից հրեշտակների աջակցությամբ (Գործ. 5։18–20; 12։6–11)։ Մեր օրերում նույնպես Եհովայի ձեռքը կարճ չէ։ Գլխավոր վարչության ներկայացուցիչներից մեկը Աֆրիկայի մասնաճյուղ այցելելուց հետո հաշվետվություն ներկայացրեց այն մասին, որ քաղաքական և կրոնական կոնֆլիկտների պատճառով երկիրը ավերվել է։ Կռիվը, կողոպուտը, բռնությունը և սպանությունը այն քաոսի էին վերածել։ Թեև մեր եղբայրներից ու քույրերից ոչ ոք չէր մահացել, շատերը կորցրել էին իրենց ողջ ունեցվածքն ու ապրուստի միջոցները։ Չնայած դրան՝ երբ գլխավոր վարչության ներկայացուցիչը այցելեց նրանց, լայն ժպիտով ասացին. «Եհովայի շնորհիվ ամեն ինչ լավ է»։ Մեր հավատակիցները իսկապես զգացել էին Աստծու սերը։

17 Եհովան երբեմն թույլ է տվել, որ թշնամիները սպանեն իր հավատարիմներին, օրինակ՝ Ստեփանոսին։ Բայց Աստված պաշտպանում է իր ժողովրդին որպես ամբողջություն՝ տալով ժամանակահարմար նախազգուշացումներ Սատանայի նենգությունների դեմ (Եփես. 6։10–12)։ Իր Խոսքի և կազմակերպության կողմից տրվող աստվածաշնչյան հրատարակությունների միջոցով նա օգնում է մեզ տեսնելու ճշմարտությունը հարստության, անբարո և բռնի զվարճությունների, ինտերնետի սխալ գործածության և այլ բաների մասին։ Հստակ է, որ Եհովան՝ որպես սիրառատ Հայր, մտածում է իր ժողովրդի ապահովության և բարօրության մասին։

ՄԵԾ ՊԱՏԻՎ

18. Ի՞նչ զգացումներ է քո մեջ արթնացնում Եհովայի սերը քո հանդեպ։

18 Մենք քննեցինք Եհովայի սիրո դրսևորման հրաշալի ձևերից մի քանիսը միայն, և դա մեր մեջ արթնացրեց այն նույն զգացումները, որ ուներ Մովսեսը։ Հետ նայելով իր երկար կյանքին, որն անցկացրել էր Եհովային ծառայելով՝ նա ասաց. «Առավոտյան կշտացրո՛ւ մեզ քո սիրառատ բարությամբ, որպեսզի ցնծանք և ուրախ լինենք մեր բոլոր օրերի ընթացքում» (Սաղ. 90։14)։ Մեզ համար մեծ պատիվ և օրհնություն է այն, որ կարողանում ենք հասկանալ և զգալ Աստծու սերը։ Մենք, Հովհաննես առաքյալի պես, մղվում ենք ասելու. «Տեսեք, թե ինչպիսի սեր է մեր Հայրը մեզ տվել» (1 Հովհ. 3։1