Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան (ուսումնասիրության թողարկում)  |  Սեպտեմբեր 2015

Խիղճդ հուսալի՞ առաջնորդ է

Խիղճդ հուսալի՞ առաջնորդ է

«Այս պատվերի նպատակը սերն է, որ բխում է անարատ սրտից, մաքուր խղճից» (1 ՏԻՄՈԹ. 1։5

ԵՐԳ 57, 48

1, 2. Ո՞վ է մարդկանց խիղճ պարգևել, և ինչո՞ւ պետք է երախտապարտ լինենք այդ պարգևի համար։

ԵՀՈՎԱ ԱՍՏՎԱԾ մարդկանց ստեղծել է ազատ կամքով, այսինքն՝ ընտրություն անելու ազատությամբ։ Նա առաջին տղամարդուն և կնոջը, ինչպես նաև նրանց սերունդներին մի պարգև է տվել, որը արժեքավոր առաջնորդություն կարող է տալ։ Դա խիղճն է՝ ճիշտը սխալից զանազանելու ներքին զգացումը։ Եթե մեր խիղճը ճիշտ օգտագործենք, այն կարող է օգնել մեզ բարի գործեր անելու և խուսափելու սխալ արարքներից։ Այն, որ օժտված ենք խղճով, ցույց է տալիս, որ Աստված սիրում է մեզ և ցանկանում է, որ բոլոր մարդիկ բարի գործեր անեն։

2 Թեև այսօր շատերը շեղվել են աստվածաշնչյան չափանիշներից, կան մարդիկ, որոնք հաճախ անում են այն, ինչ բարի է, և ատում են չարությունը (կարդա՛  Հռոմեացիներ 2։14, 15)։ Շատերի խիղճը թույլ չի տալիս չափազանց վատ գործեր անելու։ Պատկերացրու, թե որքան ավելի վատը կլիներ աշխարհը, եթե ոչ ոք խիղճ չունենար։ Մենք ավելի շատ վատ լուրեր կլսեինք։ Որքա՜ն երախտապարտ պետք է լինենք Աստծուն, որ մարդկանց խիղճ է տվել։

3. Ինչո՞ւ է մարզված խիղճը նպաստում ժողովի բարօրությանը։

3 Ի տարբերություն մնացած մարդկանց՝ Եհովայի ծառաները ցանկանում են մարզել իրենց խիղճը։ Նրանք ուզում են, որ այն գործի ճշտի ու սխալի, լավի ու վատի վերաբերյալ աստվածաշնչյան չափանիշների համաձայն։ Լավ մարզված խիղճը  մեծապես նպաստում է քրիստոնեական ժողովի բարօրությանը։ Բայց այն մարզելու և գործի դնելու համար բավարար չէ միայն իմանալ աստվածաշնչյան չափանիշները, մենք պետք է նաև սիրենք դրանք և հավատանք, որ այդ չափանիշները մեր օգտի համար են։ Պողոսը գրեց. «Այս պատվերի նպատակը սերն է, որ բխում է անարատ սրտից, մաքուր խղճից և կեղծավորությունից զերծ հավատից» (1 Տիմոթ. 1։5)։ Եթե մարզենք մեր խիղճը և լսենք նրա ձայնին, Եհովայի հանդեպ ունեցած մեր սերը կմեծանա, իսկ հավատը կամրանա։ Իրականում, այն, թե ինչպես ենք գործի դնում մեր խիղճը, ցույց է տալիս, թե ինչ հոգևոր վիճակում ենք, ինչպիսի սիրտ ունենք, և թե որքան ուժգին է Եհովային հաճեցնելու մեր ցանկությունը։ Այո՛, մեր այս ներքին ձայնը ցույց է տալիս, թե իրականում ինչպիսի անձնավորություն ենք։

4. Ինչպե՞ս կարող ենք մարզել մեր խիղճը։

4 Իսկ ինչպե՞ս կարող ենք մարզել մեր խիղճը։ Հիմնական միջոցներն են Աստվածաշունչը կանոնավոր և խորությամբ ուսումնասիրելը, խորհրդածելը և Եհովային աղոթելը, որ օգնի կիրառենք այն, ինչ սովորել ենք։ Պարզ է, որ ուսումնասիրելիս մեր նպատակը չպետք է լինի միայն փաստեր հավաքելը և կանոններ սովորելը. ուսումնասիրությունը պետք է օգնի մեզ աստիճանաբար ավելի հստակ տեսնելու, թե ինչպիսի անձնավորություն է Եհովան, ինչ հատկություններ ունի, ինչ է սիրում և ինչ չի սիրում։ Այդպես մեր խիղճը կսկսի գործել Եհովա Աստծու ուղիներին ներդաշնակ։ Այն կազդի մեր սրտի վրա՝ մեր մեջ ցանկություն առաջացնելով ավելի ու ավելի նմանվելու Աստծուն։

5. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

5 Բայց գուցե մտածես. «Ինչպե՞ս կարող է լավ մարզված խիղճը օգնել մեզ որոշումներ կայացնելիս։ Ինչպե՞ս կարող ենք հարգել հավատակցի՝ խղճի վրա թողնված որոշումները։ Եվ ինչպե՞ս կարող է խիղճը մղել մեզ բարի գործեր անելու»։ Ի մտի ունենալով այս հարցերը՝ քննենք երեք ոլորտ, որոնցում մեր խիղճը կարող է հուսալի առաջնորդ լինել՝ 1) առողջություն, 2) զվարճություն և հանգիստ, 3) ծառայություն։

ԵՂԻՐ ԽՈՀԵՄ

6. Ո՞րն է այն ոլորտներից մեկը, որի հետ կապված հարցեր և որոշումներ կայացնելու անհրաժեշտություն է առաջանում։

6 Աստվածաշունչը հորդորում է մեզ խուսափել վնասակար գործերից և չափավոր լինել մեր սովորություններում, օրինակ՝ ուտելու և խմելու հարցում (Առակ. 23։20; 2 Կորնթ. 7։1)։ Ճիշտ է, աստվածաշնչյան սկզբունքները կարող են օգնել մեզ ինչ-որ չափով պահպանելու մեր առողջությունը, բայցևայնպես մենք ծերանում և հիվանդանում ենք։ Որոշ երկրներում մարդկանց հասանելի են պաշտոնական բժշկությունը և այլընտրանքային բուժման տարբեր մեթոդներ։ Այդ իսկ պատճառով շատ եղբայրներ և քույրեր մասնաճյուղերին նամակներ են գրում բուժման այս կամ այն ձևի մասին՝ հարցնելով. «Այս բուժման մեթոդը ընդունելի՞ է Եհովայի ծառայի համար»։

7. Ինչպե՞ս կարող ենք որոշում կայացնել բուժման մեթոդների հետ կապված։

7 Ո՛չ մասնաճյուղը, ո՛չ էլ ժողովի երեցները իրավունք չունեն առողջության հետ կապված հարցերում որոշում կայացնելու Վկայի փոխարեն, նույնիսկ եթե վերջինս խնդրում է այդ մասին (Գաղ. 6։5)։ Բայց, ինչ խոսք, նրանք կարող են անհատի ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, թե ինչ է ասում Եհովան, և դա գուցե անդրադառնա նրա որոշման վրա։ Օրինակ՝ քրիստոնյան պետք է հիշի «հեռու մնալ.... արյունից» աստվածաշնչյան պատվերը (Գործ. 15։29)։ Դա միանշանակ բացառում է բուժման այն մեթոդները, որոնք ներառում են ամբողջական արյան կամ դրա չորս հիմնական բաղադրիչների ընդունումը։ Սա իմանալը կարող է ազդել քրիստոնյայի խղճի վրա, նույնիսկ երբ նա որոշում է կայացնում արյան չորս հիմնական բաղադրիչներից մեկից ստացված մանր  բաղադրամասերի վերաբերյալ։ * Իսկ ուրիշ ի՞նչ խորհուրդներ կան Աստվածաշնչում, որոնք կարող են առաջնորդություն տալ մեզ, երբ մտածում ենք, թե բուժման ինչ մեթոդ ընտրել։

8. Փիլիպպեցիներ 4։5-ը ինչպե՞ս կարող է օգնել մեզ առողջության հետ կապված որոշումներ կայացնելիս։

8 Առակներ 14։15-ում ասվում է. «Անփորձը հավատում է ամեն խոսքի, բայց խորագետը կշռադատում է իր քայլերը»։ Կան որոշ հիվանդություններ, որոնք դեռևս չունեն հայտնի բուժման մեթոդներ, ուստի իմաստուն կլինի զգուշավորություն դրսևորել, երբ հարցը վերաբերում է բուժման այնպիսի ձևերի, որոնց արդյունավետության վերաբերյալ ապշեցնող խոստումներ են տրվում, բայց դրանց հավատալու համար հիմնավոր փաստեր չկան։ Պողոսը, Աստծուց ներշնչված, գրեց. «Թող ձեր խոհեմությունը հայտնի լինի բոլոր մարդկանց» (Փիլիպ. 4։5)։ Խոհեմությունը նաև օգնում է, որ այնքան շատ չկենտրոնանանք առողջական խնդիրների վրա, որ հոգևորը հետին պլան մղվի։ Եթե թույլ տանք, որ առողջության հետ կապված հարցերով զբաղվելը դառնա մեր կյանքի գլխավոր նպատակը, գուցե դառնանք եսակենտրոն (Փիլիպ. 2։4)։ Ամենակարևորը հոգևոր բաներն են, իսկ ինչ վերաբերում է առողջությանը, ապա պետք է խոհեմ լինենք մեր ակնկալիքներում (կարդա՛  Փիլիպպեցիներ 1։10

Պարտադրո՞ւմ ես քո տեսակետը (տե՛ս պարբերություն 9)

9. Ինչպե՞ս են Հռոմեացիներ14։13, 19 համարները ազդում առողջության հետ կապված մեր որոշումների վրա, և գուցե ինչպե՞ս մեր միասնությունը վտանգվի։

9 Խոհեմ քրիստոնյան իր տեսակետը ուրիշներին չի պարտադրում։ Եվրոպական երկրներից մեկում մի ամուսնական զույգ ջանադրաբար որոշակի սննդային հավելումներ և սննդակարգ էր գովազդում։ Նրանք հավատակիցներից ոմանց համոզեցին ընդունել այդ սննդային հավելումները, բայց մյուսները հրաժարվեցին։ Արդյունքները չարդարացրին ակնկալիքները, և հավատակիցների մեջ համատարած դժգոհության ալիք բարձրացավ։ Ամուսինները իրավունք ունեին որոշելու, թե իրենք ինչ սննդակարգի են հետևելու կամ ինչ սննդային հավելումներ են ընդունելու։ Բայց մի՞թե խոհեմության դրսևորում էր այդպիսով վտանգել ժողովի միասնությունը։ Հին Հռոմի քրիստոնյաները տարբեր կարծիքներ ունեին որոշ ուտելիքների և տոների հետ կապված։ Ի՞նչ խորհուրդ տվեց Պողոսը նրանց։ Նա ասաց. «Մեկը մի օրը մյուսից կարևոր է համարում, իսկ մյուսի համար բոլոր օրերն էլ նույնն են. թող յուրաքանչյուր մարդ լիովին համոզված լինի իր մտքում»։ Նրանք պետք է զգույշ լինեին, որ գայթակղության քար չդնեին ուրիշների առաջ (կարդա՛  Հռոմեացիներ 14։5, 13, 15, 19, 20

10. Ինչո՞ւ պետք է հարգենք ուրիշների անձնական որոշումները (տե՛ս 8-րդ էջի նկարը)։

10 Եթե չենք կարողանում հասկանալ, թե ինչու է մեր հավատակիցը խղճի վրա թողնված ինչ-որ հարցում տվյալ որոշումը կայացրել, չպետք է շտապենք դատել նրան կամ չպետք է ճնշում բանեցնենք, որ մտափոխվի։ Գուցե նրա խիղճը դեռ  «թույլ» է, և նա պետք է ավելի շատ մարզի այն, կամ այն չափազանց զգայուն է որոշակի հարցերի հետ կապված (1 Կորնթ. 8։11, 12)։ Մյուս կողմից, սակայն, գուցե կարիք կա, որ մենք ստուգենք մե՛ր խիղճը և մարզենք այն աստվածային սկզբունքներին ներդաշնակ։ Առողջության հետ կապված հարցերում յուրաքանչյուրս պետք է իր որոշումը կայացնի և պատասխանատվություն կրի այդ որոշման համար։

ԺԱՄԱՆՑ ԵՎ ՀԱՆԳԻՍՏ

11, 12. Աստվածաշնչյան ո՞ր խորհուրդները պետք է հիշենք, երբ ժամանցի ձև ենք ընտրում։

11 Եհովան այնպես է ստեղծել մարդկանց, որ նրանք կարողանան զվարճանալ և օգուտ քաղել դրանից։ Սողոմոնը գրեց, որ կա «ծիծաղելու ժամանակ» և «պարելու ժամանակ» (Ժող. 3։4)։ Բայց ոչ բոլոր զվարճություններն են օգտակար ու թարմացնող, և ճիշտ չի լինի չափից շատ կամ շատ հաճախ զվարճանալ։ Ինչպե՞ս կարող է մեր խիղճը օգնել, որ ժամանցն ու հանգիստը կերտիչ և օգտակար լինեն մեզ համար։

12 Սուրբ Գիրքը զգուշացնում է, որ հեռու մնանք «մարմնի գործերից»։ Այդ գործերից են «պոռնկությունը, անմաքրությունը, անառակ վարքը, կռապաշտությունը, ոգեհարցությունը, թշնամությունները, պառակտումները, խանդը, զայրույթի պոռթկումները, վեճերը, բաժանումները, աղանդավորությունը, նախանձը, հարբեցողությունները, խրախճանքները և նման բաները»։ Պողոսը գրեց, որ «այսպիսի բաներ անողները Աստծու թագավորությունը չեն ժառանգի» (Գաղ. 5։19–21)։ Ուստի կարող ենք ինքներս մեզ հարցնել. «Խիղճս մղո՞ւմ է ինձ խուսափելու այնպիսի սպորտաձևերից, որոնք ագրեսիվ ու բռնի են, մրցակցության են հրահրում և ազգայնամոլության ոգի են արթնացնում։ Իմ ներքին ձայնը նախազգուշացնո՞ւմ է ինձ, երբ գայթակղություն է առաջանում դիտել այնպիսի ֆիլմ, որի մեջ կան պոռնկագրական տեսարաններ, կամ որը խրախուսում է անբարոյություն, հարբեցողություն կամ ոգեհարցություն»։

13. Ինչպե՞ս կարող են 1 Տիմոթեոս 4։8 և Առակներ 13։20 համարներում գրված սկզբունքները օգնել մեզ ժամանցի ձև ընտրելիս։

13 Աստվածաշնչում կան սկզբունքներ, որոնք կարող են օգնել մեզ մարզելու մեր խիղճը ժամանցի և հանգստի ձև ընտրելու հարցում։ Դրանցից մեկն այն է, որ «մարմնի մարզումը քիչ բանի համար է օգտակար» (1 Տիմոթ. 4։8)։ Շատերը եկել են այն եզրակացության, որ կանոնավորաբար ֆիզիկական վարժություններ անելը նպաստում է լավ առողջությանը և թարմացնում է մարմինն ու միտքը։ Իսկ եթե ցանկանում ենք մասնակցել խմբակային մարզումների, նշանակություն ունի՞, թե ում հետ ենք մարզվելու։ Առակներ 13։20-ն ասում է. «Իմաստունների հետ քայլողը իմաստուն կդառնա, բայց հիմարների հետ գործ ունեցողը կտուժի»։ Մի՞թե սա չի նշանակում, որ պետք է առաջնորդվենք Աստվածաշնչով կրթված մեր խղճով և ընտրողական լինենք ժամանցի հարցում։

14. Ինչպե՞ս մի ընտանիք կիրառեց Հռոմեացիներ 14։2–4 համարներում գրված սկզբունքները։

14 Քրիստիանն ու Դանիելան երկու դեռահաս աղջիկ ունեն։ Քրիստիանը պատմում է. «Մեր ընտանեկան երկրպագության ժամանակ խոսեցինք ժամանցի մասին։ Եվ եկանք ընդհանուր եզրահանգման, որ ժամանցի որոշ ձևեր ընդունելի են, իսկ որոշները՝ ոչ։ Իսկ երբ խոսեցինք այն մասին, թե ում հետ շփվելը կարող է համարվել լավ ընկերակցություն, մեր աղջիկներից մեկը գանգատվեց, որ դասամիջոցին որոշ Վկա պատանիներ այնպիսի վարք են դրսևորել, որը, իր կարծիքով, պատշաճ չէ։ Եվ նրա մեջ էլ է ցանկություն առաջացել նույն կերպ վարվելու։ Մենք նրա հետ տրամաբանեցինք, որ յուրաքանչյուր մարդ իր խիղճն ունի, և մենք պետք է մեր խղճով առաջնորդվենք, երբ ընտրում ենք, թե ինչ անել և ում հետ» (կարդա՛  Հռոմեացիներ 14։2–4

Աստվածաշնչով կրթված քո խիղճը կարող է օգնել քեզ խուսափելու վտանգներից (տե՛ս պարբերություն 14)

15. Մատթեոս 6։33 համարը ինչպե՞ս կարող է օգտակար լինել ժամանց ծրագրելիս։

15 Նաև հարց է առաջանում, թե երբ տեղին կլինի ժամանակ հատկացնել ժամանցին ու հանգստին։ Ինչպե՞ս ես ծրագրում քո  ժամանցն ու հանգիստը՝ հարմարեցնում ես աստվածապետական գործերի՞դ, օրինակ՝ հանդիպումներին, քարոզչական ծառայությանը և անձնական ուսումնասիրությանը, թե՞ հակառակը՝ փորձում ես հոգևոր գործերով զբաղվել, երբ ժամանցից հետո ազատ ժամանակ է մնում։ Ի՞նչ առաջնահերթություններ ես դնում։ Հիսուսն ասաց. «Ուրեմն շարունակեք նախ թագավորությունը և Աստծու արդարությունը փնտրել, և այդ բոլոր բաները կտրվեն ձեզ» (Մատթ. 6։33)։ Արդյոք խիղճդ մղո՞ւմ է քեզ Հիսուսի խորհրդին ներդաշնակ առաջնահերթություններ դնելու։

ՄՂՎՈՒՄ ԵՆՔ ԲԱՐԻ ԳՈՐԾԵՐԻ

16. Ի՞նչ անելու է մղում մեզ մեր խիղճը։

16 Մարզված խիղճը միայն հետ չի պահում մեզ սխալներ անելուց, այն նաև մղում է բարի գործերի։ Իսկ ամենաբարի գործը քարոզչությանը մասնակցելն է, օրինակ՝ տնից տուն ծառայելը և ոչ պաշտոնական վկայություն տալը։ Պողոսի խիղճը մղում էր նրան այդպես վարվելու։ Նա գրեց. «Ինձ վրա պարտավորություն է դրված։ Եվ վա՛յ ինձ, եթե չհռչակեմ բարի լուրը» (1 Կորնթ. 9։16)։ Եթե ընդօրինակենք նրան, մեր խիղճը կհավաստիացնի մեզ, որ ճիշտ ենք վարվում։ Բացի այդ, բարի լուրը քարոզելով՝ մենք արթնացնում ենք նրանց խիղճը, ում քարոզում ենք։ Պողոսն ասաց. «Ճշմարտությունը հայտնի դարձնելով՝ Աստծու առաջ լավ օրինակ ենք թողնում բոլոր մարդկանց [մարդկանց խղճին]» (2 Կորնթ. 4։2, ծնթ.)։

17. Ինչպե՞ս մի պատանի քույր վարվեց իր խղճի համաձայն։

17 Ժակլինը 16 տարեկան էր, երբ կենսաբանության դասին մանրամասնորեն ուսումնասիրում էին էվոլյուցիոն տեսությունը։ Նա պատմում է. «Խիղճս թույլ չէր տա, որ լիարժեքորեն մասնակցեի քննարկմանը, ինչպես որ սովորաբար անում էի։ Ես չէի կարող թիկունք կանգնել էվոլյուցիոն տեսությանը։ Ուստի մոտեցա ուսուցչիս և բացատրեցի իմ դիրքորոշումը։ Ի զարմանս ինձ՝ նա շատ ընկերական էր և ինձ թույլ տվեց, որ դասարանի առաջ խոսեմ ստեղծագործության թեմայով»։ Ժակլինը բավարարվածության խոր զգացում ուներ, քանի որ լսել էր Աստվածաշնչով կրթված իր խղճի ձայնին և վարվել էր դրա համաձայն։ Քո խի՞ղճն էլ է մղում քեզ անելու այն, ինչ ճիշտ է։

18. Ինչո՞ւ պետք է ձգտենք մարզված և հուսալի խիղճ ունենալ։

18 Որքա՜ն լավ է, երբ նպատակ ենք ունենում մեր կյանքը ավելի ու ավելի համապատասխանեցնելու Եհովայի սկզբունքներին և ուղիներին։ Մեր խիղճը անգնահատելի միջոց կարող է լինել այս նպատակին հասնելու համար։ Երբ կանոնավորաբար խորությամբ ուսումնասիրում ենք Աստծու Խոսքը, խորհրդածում ենք սովորածի շուրջ և ձգտում ենք կիրառել այն, մարզում ենք մեր խիղճը։ Ա՛յս դեպքում այն հուսալի առաջնորդ կլինի մեր քրիստոնեական կյանքում։

^ պարբ. 7 Տե՛ս «Դիտարանի» 2004թ. հունիսի 15-ի համարի «Ընթերցողների հարցերը», էջ 29–31։