Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան (ուսումնասիրության թողարկում)  |  Օգոստոս 2015

Ինչ կարող ենք սովորել Հովհաննայից

Ինչ կարող ենք սովորել Հովհաննայից

ԲԱԶՄԱԹԻՎ մարդիկ գիտեն, որ Հիսուսը 12 առաքյալներ է ունեցել, բայց նրանք գուցե չգիտեն, որ Հիսուսի աշակերտների մեջ եղել են նաև կանայք, որոնք սերտորեն համագործակցել են նրա հետ։ Հովհաննան այդ կանանցից մեկն էր (Մատթ. 27։55; Ղուկ. 8։3

Իսկ ի՞նչ դեր է ունեցել Հովհաննան Հիսուսի ծառայության մեջ, և ի՞նչ կարող ենք սովորել նրանից։

Ո՞Վ ԷՐ ՀՈՎՀԱՆՆԱՆ

Հովհաննան «Հերովդեսի գործավար Քուզայի կինն» էր։ Քուզան հավանաբար վարել է Հերովդես Անտիպասի տան հետ կապված գործերը։ Հովհաննան այն մի քանի կանանցից էր, որոնց Հիսուսը բուժել էր։ Նա Հիսուսի և իր առաքյալների հետ շրջող կանանց մեջ էր (Ղուկ. 8։1–3

Հրեա ռաբբիները սովորեցնում էին, որ կանայք չպետք է որևէ առնչություն ունենան այն տղամարդկանց հետ, որոնք իրենց հարազատները չեն, էլ ուր մնաց, թե շրջեին նրանց հետ։ Հրեա տղամարդիկ պետք է քիչ խոսեին կանանց հետ։ Չնայած այս սովորույթներին՝ Հիսուսը թույլ էր տալիս, որ Հովհաննան և մյուս հավատացյալ կանայք ուղեկցեն իրենց։

Հիսուսի և իր առաքյալների հետ ընկերակցությունը Հովհաննային կանգնեցնում էր հասարակության քննադատությանն արժանանալու վտանգի առաջ։ Բոլոր նրանք, ովքեր շրջում էին Հիսուսի հետ, պետք է պատրաստ լինեին փոփոխություններ անելու իրենց առօրյա կյանքում։ Այդպիսի հետևորդների մասին Քրիստոսն ասաց. «Իմ մայրն ու եղբայրները սրանք են, որ լսում են Աստծու խոսքը և կատարում» (Ղուկ. 8։19–21; 18։28–30)։ Մի՞թե չես քաջալերվում՝ իմանալով, որ Հիսուսը այդքան մտերիմ է համարում նրանց, ովքեր զոհողություններ են անում իրեն հետևելու համար։

ՆԱ ԾԱՌԱՅՈՒՄ ԷՐ՝ ԿԻՍԵԼՈՎ ԻՐ ՈՒՆԵՑԱԾԸ

Հովհաննան և բազմաթիվ այլ կանայք ծառայում էին Հիսուսին և տասներկու առաքյալներին՝ «կիսելով նրանց հետ իրենց ունեցածը» (Ղուկ. 8։3)։ Մի գրող նշում է. «Ղուկասը իր ընթերցողներին չի ասում, որ կանայք ուտելիք էին պատրաստում, լվանում էին ափսեները և կարկատում հագուստները։ Հնարավոր է՝ նրանք անում էին այս ամենը.... բայց Ղուկասը այդ մասին չի խոսում»։ Ըստ երևույթին, կանայք օգտագործում էին իրենց փողը, իրերը կամ ունեցվածքը, որպեսզի հոգ տանեին իրենց ուղեկիցների մասին։

Քարոզչական շրջագայությունների ժամանակ ո՛չ Հիսուսը, ո՛չ էլ առաքյալները չէին աշխատում։ Ուստի նրանք, հավանաբար, չունեին բավարար միջոցներ, որպեսզի վճարեին թերևս 20 հոգուց բաղկացած խմբին ուտելիքով և այլ անհրաժեշտ բաներով ապահովելու համար։ Մարդիկ գուցե հյուրասիրություն դրսևորեին, բայց այն փաստը, որ Քրիստոսը և  առաքյալները իրենց հետ «փողի արկղ» ունեին, ցույց է տալիս, որ նրանք միշտ չէ, որ իրենց հույսը դնում էին մարդկանց հյուրընկալության վրա (Հովհ. 12։6; 13։28, 29)։ Հովհաննան և մյուս կանայք թերևս նվիրաբերություններ էին անում, որպեսզի փակեին ծախսերը։

Ոմանք առարկում են՝ ասելով, որ հրեա կանայք չէին կարող ֆինանսական միջոցներ ունենալ։ Բայց այն ժամանակվա ձեռագրերը նշում են, որ հրեաների շրջանում կինը կարող էր ֆինանսական միջոցներ ձեռք բերել տարբեր ճանապարհներով։ Օրինակ՝ 1) նա կարող էր ժառանգություն ստանալ, եթե նրա հայրը մահանար՝ առանց որդիներ ունենալու, 2) նրան կարող էին ունեցվածք փոխանցել, 3) եթե ամուսնալուծության հարց առաջանար, ապա կարող էր ամուսնական պայմանագրում նշված պայմանի համաձայն գումար ստանալ, 4) ապրուստի միջոց ստանալ հանգուցյալ ամուսնու ունեցվածքից, 5) ֆինանսական միջոցներ ձեռք բերել սեփական աշխատանքով։

Անկասկած, Հիսուսի հետևորդները նվիրաբերում էին այնքան, որքան կարողանում էին։ Հավանաբար նրանց թվում կային հարուստ կանայք։ Քանի որ Հովհաննան Հերովդեսի գործավարի կինն էր կամ եղել էր նրա կինը, ոմանք եզրակացնում են, որ նա հարուստ է եղել։ Թերևս նրա պես մեկն էր Հիսուսին տվել այն թանկարժեք առանց կարի հագուստը, որ վերջինս հագնում էր. մի բան, ինչը «ձկնորսների կանայք չէին կարող տված լինել», ինչպես նշում է մի գրող (Հովհ. 19։23, 24

Սուրբ Գրքում կոնկրետ չի ասվում, որ Հովհաննան ֆինանսական նվիրաբերություններ է արել։ Բայց նա արել է այն, ինչ կարող էր։ Այստեղից սովորում ենք, որ մեզ է թողնված, թե ինչ կտանք Թագավորության շահերը առաջ տանելու համար, կամ կտանք որևէ բան, թե ոչ։ Աստծու համար կարևորն այն է, որ ուրախությամբ անենք այն, ինչ կարող ենք (Մատթ. 6։33; Մարկ. 14։8; 2 Կորնթ. 9։7

ՀԻՍՈՒՍԻ ՄԱՀՎԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԵՎ ԴՐԱՆԻՑ ՀԵՏՈ

Ակներևաբար, Հովհաննան այն կանանց թվում էր, որոնք ներկա էին Հիսուսի մահապատժին։ Նրանք «ուղեկցում և ծառայում էին նրան, երբ նա Գալիլեայում էր։ Ուրիշ շատ կանայք էլ կային, որ նրա հետ միասին եկել էին Երուսաղեմ» (Մարկ. 15։41)։ Երբ Հիսուսի մարմինը հանեցին ցցից, որ թաղեն, «այն կանայք, որ Գալիլեայից եկել էին նրա հետ, նույնպես գնացին ու տեսան գերեզմանը, նաև թե ինչպես նրա մարմինը դրեցին այնտեղ, ապա հետ դարձան, որպեսզի հոտավետ խոտեր ու անուշահոտ յուղեր պատրաստեն»։ Այս կանայք, ինչպես Ղուկասն է ասում, «Մարիամ Մագդաղենացին, Հովհաննան և Հակոբոսի մայր Մարիամը», շաբաթից հետո վերադարձան և տեսան հրեշտակներին, որոնք հայտնեցին նրանց Հիսուսի հարության մասին (Ղուկ. 23։55–24։10

Հովհաննան և մյուս հավատացյալ կանայք իրենց Տիրոջ համար արեցին այն, ինչ կարող էին

Թերևս Հովհաննան այն աշակերտների թվում էր, որոնք Հիսուսի մոր և եղբայրների հետ 33թ. Պենտեկոստեին հավաքվել էին Երուսաղեմում (Գործ. 1։12–14)։ Արքունիքի հետ ունեցած կապերի շնորհիվ Հովհաննան, ինչպես ոմանք են կարծում, հնարավոր է՝ եղել է Ղուկասի ինֆորմացիայի գաղտնի աղբյուրը և պատմել է Հերովդես Անտիպասի մասին։ Նման ենթադրություն կարելի է անել հատկապես այն պատճառով, որ Ղուկասը միակ ավետարանագիրն է, որը անունով է նշում Հովհաննայի մասին (Ղուկ. 8։3; 9։7–9; 23։8–12; 24։10

Հովհաննայի մասին պատմությունից որոշ դասեր ենք սովորում, որոնց շուրջ արժե խորհել։ Նա ծառայեց Հիսուսին՝ իր հնարավորության սահմաններում լավագույնն անելով։ Հովհաննան պետք է որ ուրախ լիներ, որ իր միջոցներով օգնեց Հիսուսին, տասներկու առաքյալներին և մյուս աշակերտներին միասին ճանապարհորդելու և քարոզելու։ Նա ծառայեց Հիսուսին և հավատարիմ մնաց նրան այն փորձությունների ժամանակ, որ կրեցին Քրիստոսը և նրա ընկերակիցները։ Լավ կլինի, որ քրիստոնյա կանայք ընդօրինակեն նրա դրսևորած ոգին։