Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան (ուսումնասիրության թողարկում)  |  Օգոստոս 2015

Հեռու մնա վատ ընկերակցություններից այս վերջին օրերում

Հեռու մնա վատ ընկերակցություններից այս վերջին օրերում

«Վատ ընկերակցությունները ապականում են օգտակար սովորությունները» (1 ԿՈՐՆԹ. 15։33

ԵՐԳ 73, 119

1. Ի՞նչ ժամանակաշրջանում ենք ապրում։

ՄԵՆՔ ապրում ենք շատ դժվար ժամանակներում, որոնք սկսվել են 1914թ.-ից։ Աստվածաշունչը այս ժամանակաշրջանը կոչում է «վերջին օրեր»։ Այս «չափազանց դժվար ժամանակներում» աշխարհի վիճակը այնքան է վատացել, որ նախկինում երբեք այդպիսին չի եղել (2 Տիմոթ. 3։1–5)։ Դեռ ավելին, աշխարհի վիճակը կշարունակի վատանալ, քանի որ Աստվածաշնչում կանխագուշակված է, որ «չար և խաբեբա մարդիկ ավելի ու ավելի առաջ կգնան չարության մեջ» (2 Տիմոթ. 3։13

2. Զվարճության ո՞ր ձևերն են բնորոշ այս աշխարհին (տե՛ս 24-րդ էջի նկարը)։

2 Շատերը զվարճանալու համար դիտում կամ անում են այնպիսի բաներ, որոնք Աստվածաշունչը դատապարտում է. բռնություն, անբարոյություն, ոգեհարցություն և այլ նողկալի բաներ։ Օրինակ՝ ինտերնետը, հեռուստատեսային ծրագրերը, ֆիլմերը, պատմվածքները և ամսագրերը բռնությունն ու անբարոյությունը հաճախ դրական լույսի ներքո են ներկայացնում։ Այնպիսի վարքը, որը մի ժամանակ անընդունելի էր համարվում, այժմ որոշ վայրերում նույնիսկ ընդունելի է օրենքով։ Բայց դա չի նշանակում, որ նման վարքը  Աստծու համար նույնպես ընդունելի է դարձել (կարդա՛  Հռոմեացիներ 1։28–32

3. Աշխարհը հաճախ ինչպիսի՞ն է համարում աստվածաշնչյան չափանիշներով ապրող մարդկանց։

3 Առաջին դարում Հիսուսի հետևորդները հեռու էին մնում անմաքուր զվարճություններից և աստվածահաճո վարք էին դրսևորում։ Դրա համար նրանց վատաբանում և հալածում էին։ Պետրոս առաքյալը գրեց. «Քանի որ դուք [քրիստոնյաներդ] չեք շարունակում նրանց հետ վազել ցոփության նույն ճահճի մեջ, նրանք տարակուսանքի մեջ են ու ձեր մասին վիրավորական խոսքերով են արտահայտվում» (1 Պետ. 4։4)։ Այսօր նույնպես աշխարհը տարօրինակ է համարում նրանց, ովքեր ապրում են Աստծու չափանիշներով։ Բացի այդ, «բոլոր նրանք, ովքեր ցանկանում են որպես Քրիստոս Հիսուսի հետևորդներ ապրել Աստծու հանդեպ նվիրվածությամբ.... պիտի հալածվեն» (2 Տիմոթ. 3։12

«ՎԱՏ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՊԱԿԱՆՈՒՄ ԵՆ ՕԳՏԱԿԱՐ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

4. Ի՞նչ խորհուրդ է տալիս Սուրբ Գիրքը։

4 Նրանց, ովքեր ուզում են Աստծու կամքն անել, Սուրբ Գիրքը խորհուրդ է տալիս չսիրել աշխարհը և նրա գործերը (կարդա՛  1 Հովհաննես 2։15, 16)։ Աշխարհի կրոնական, քաղաքական և կոմերցիոն տարրերը, այդ թվում դրանց լրատվության միջոցները «այս աշխարհի աստծու»՝ Բանսարկու Սատանայի ազդեցության տակ են (2 Կորնթ. 4։4; 1 Հովհ. 5։19)։ Ուստի մենք՝ քրիստոնյաներս, պետք է հեռու մնանք վատ ընկերակցություններից։ Աստծու ներշնչյալ Խոսքը հայտնում է հետևյալ հիմնարար ճշմարտությունը. «Մի՛ մոլորվեք։ Վատ ընկերակցությունները ապականում են օգտակար սովորությունները» (1 Կորնթ. 15։33

5, 6. Ո՞ւմ հետ մենք չպետք է ընկերանանք և ինչո՞ւ։

5 Եթե չենք ուզում, որ մեր օգտակար սովորությունները ապականվեն, չպետք է մտերմանանք նրանց հետ, ովքեր վատ գործեր են անում։ Եվ խոսքը ոչ միայն Վկա չհանդիսացող մարդկանց մասին է, այլ նաև նրանց, ովքեր պնդում են, թե երկրպագում են Եհովային, բայց միտումնավոր կերպով խախտում են նրա օրենքները։ Եթե իրենց քրիստոնյա ձևացնող այսպիսի անհատները լուրջ մեղք են գործում և չեն զղջում, մենք այլևս չենք շփվում նրանց հետ (Հռոմ. 16։17, 18

6 Եթե ընկերակցենք նրանց հետ, ովքեր չեն հնազանդվում Աստծու օրենքներին, գուցե հակված լինենք անելու այն, ինչ նրանք են անում, որպեսզի ընդունվենք նրանց կողմից։ Օրինակ՝ եթե մտերմանանք անբարո մարդկանց հետ, գուցե տրվենք անբարոյություն գործելու գայթակղությանը։ Նման բան եղել է որոշ քրիստոնյաների հետ, և նրանցից ոմանք, ովքեր չեն զղջացել, զրկվել են ընկերակցությունից (1 Կորնթ. 5։11–13)։ Եվ եթե նրանք չվերադառնան Եհովայի մոտ, կարող են հայտնվել այնպիսի իրավիճակում, որի մասին խոսեց Պետրոսը (կարդա՛  2 Պետրոս 2։20–22

7. Ովքե՞ր պետք է լինեն մեր մտերիմ ընկերները։

7 Թեև մենք ուզում ենք բարյացակամ լինել նույնիսկ նրանց հանդեպ, ովքեր չեն հետևում Աստծու օրենքներին, մենք չպետք է դառնանք նրանց մտերիմ համագործակիցները կամ ընկերները։ Հետևաբար սխալ կլինի, եթե ամուրի Եհովայի վկան մտերմություն անի հակառակ սեռի անհատի հետ, որը Աստծուն նվիրված և հավատարիմ ծառա չէ և չի հարգում Նրա բարձր չափանիշները։ Քրիստոնեական անարատությունը պահելը շատ ավելի կարևոր է, քան ընդունված լինելը այն մարդկանց կողմից, ովքեր չեն ապրում Եհովայի օրենքներով։ Մեր մտերիմ ընկերները պետք է լինեն նրանք, ովքեր կատարում են Աստծու կամքը։ Հիսուսն ասաց. «Ով կատարում է Աստծու կամքը, նա է իմ եղբայրը, քույրը և մայրը» (Մարկ. 3։35

8. Վատ ընկերակցությունն ինչպե՞ս անդրադարձավ հին Իսրայելի վրա։

8 Օրինակ՝ իսրայելացիները կրեցին վատ ընկերակցության աղետալի հետևանքները։ Երբ Եհովան Եգիպտոսի ստրկությունից ազատելուց հետո առաջնորդում էր նրանց դեպի Ավետյաց երկիր, այնտեղի բնակիչների  հետ շփվելու վերաբերյալ հետևյալն ասաց. «Նրանց աստվածների առաջ չխոնարհվես ու չծառայես նրանց, ոչինչ չշինես նրանց պատկերների նմանությամբ, այլ անպատճառ քանդիր նրանց ու անպատճառ կոտրիր նրանց սուրբ սյուները։ Ծառայեք ձեր Աստծուն՝ Եհովային» (Ելք 23։24, 25)։ Բայց իսրայելացիների մեծ մասը չհնազանդվեց Աստծու հրահանգներին (Սաղ. 106։35–39)։ Նրանք անհավատարիմ դարձան, և հետագայում Հիսուսը նրանց ասաց. «Ահա ձեր տունը լքված է թողնվում ձեզ» (Մատթ. 23։38)։ Եհովան մերժեց Իսրայել ազգին և նրա փոխարեն սկսեց օրհնել նոր կազմավորված քրիստոնեական ժողովը (Գործ. 2։1–4

ԶԳՈՒՅՇ ԵՂԻՐ, ԹԵ ԻՆՉ ԵՍ ԿԱՐԴՈՒՄ ԵՎ ԴԻՏՈՒՄ

9. Այս աշխարհի մեդիան ինչո՞ւ կարող է վտանգավոր լինել։

9 Այն նյութերի մեծ մասը, որ տրամադրում է այս աշխարհի մեդիան, կարող է հոգևորապես վնասել քրիստոնյաներին։ Դրանք նախատեսված չեն Եհովայի և նրա խոստումների հանդեպ հավատ կերտելու համար, ընդհակառակը՝ արտացոլում են Սատանայի չար աշխարհի ոգին ու դրա նպատակները։ Ուստի մենք պետք է շատ զգույշ լինենք, որպեսզի չդիտենք, չկարդանք ու չլսենք այնպիսի նյութեր, որոնք կարող են «աշխարհային ցանկություններ» արթնացնել մեր մեջ (Տիտոս 2։12

10. Ի՞նչ է շուտով լինելու ընթերցելու և դիտելու համար նախատեսված վնասակար նյութերին։

10 Շուտով ընթերցելու և դիտելու համար նախատեսված վնասակար նյութերը կվերանան։ Դա կլինի այն ժամանակ, երբ Սատանայի աշխարհը՝ այն աշխարհը, որին դրանք ներկայացնում են, կործանվի։ Աստծու Խոսքն ասում է. «Աշխարհն անցնում է, և նրա ցանկությունն էլ, բայց Աստծու կամքը կատարողը մնում է հավիտյան» (1 Հովհ. 2։17)։ Իսկ սաղմոսերգուն երգեց. «Չարագործները կկործանվեն, իսկ Եհովային վստահողները երկիրը կժառանգեն.... Սակայն հեզերը կժառանգեն երկիրը և անսահման կուրախանան խաղաղության առատությամբ»։ Որքա՞ն ժամանակ։ Սաղմոսերգուն ասում է. «Արդարները կժառանգեն երկիրը և հավիտյան կբնակվեն նրա վրա» (Սաղ. 37։9, 11, 29

11. Ինչպե՞ս է Աստված իր ժողովրդին ապահովում կերտիչ հոգևոր սննդով։

11 Ի տարբերություն այս աշխարհի՝ Եհովայի կազմակերպությունը այս վերջին օրերում տրամադրում է նյութեր, որոնք այնպիսի վարք են խրախուսում, որը հավիտենական կյանքի է տանում։ Եհովային աղոթելիս Հիսուսն ասաց. «Սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ՝ միակ ճշմարիտ Աստծուդ, և Հիսուս Քրիստոսին, որին դու ուղարկեցիր» (Հովհ. 17։3)։ Իր կազմակերպության միջոցով մեր երկնային Հայրը առատորեն ապահովում է մեզ կերտիչ հոգևոր սննդով։ Մեզ համար մեծ օրհնություն են մեր ամսագրերը, գրքույկները, գրքերը, տեսանյութերը և վեբ կայքը, որոնք նպաստում են ճշմարիտ երկրպագության առաջխաղացմանը։ Աստծու կազմակերպությունը հոգ է տանում նաև, որ ամբողջ աշխարհում կանոնավորաբար հանդիպումներ անցկացվեն ավելի քան 110000 ժողովներում։ Այս հանդիպումներին և համաժողովներին մենք ուսումնասիրում ենք Աստվածաշնչի վրա հիմնված նյութեր, որոնք ամրացնում են մեր հավատը Աստծու և նրա խոստումների հանդեպ (Եբր. 10։24, 25

ԱՄՈՒՍՆԱՑԻՐ «ՄԻԱՅՆ ՏԻՐՈՋ ՀԵՏԵՎՈՐԴԻ ՀԵՏ»

12. Բացատրի՛ր «միայն Տիրոջ հետևորդի հետ» ամուսնանալու աստվածաշնչյան պատվերը։

12 Ընկերակցությունների հարցում հատկապես պետք է զգույշ լինեն այն ամուրի քրիստոնյաները, ովքեր ուզում են ամուսնանալ։ Աստծու Խոսքը հստակ խորհուրդ է տալիս. «Անհավատների հետ անհավասար լծակից մի՛ եղեք, որովհետև ի՞նչ ընկերակցություն ունի արդարությունը անօրենության հետ։ Կամ ի՞նչ ընդհանուր բան ունի լույսը խավարի հետ» (2 Կորնթ. 6։14)։ Աստվածաշունչը Աստծու ծառաներին, որոնք կողակից են փնտրում, հորդորում է ամուսնանալ  «միայն Տիրոջ հետևորդի հետ», այսինքն՝ ամուսնանալ միայն նվիրված ու մկրտված Եհովայի երկրպագուի հետ, որն ապրում է սուրբգրային ուսմունքներին ներդաշնակ (1 Կորնթ. 7։39)։ Ամուսնանալով հավատակցի հետ՝ քրիստոնյան ձեռք է բերում մի այնպիսի ընկերակից, որը նվիրված է Եհովային և կօգնի իրեն պահպանելու իր անարատությունը։

13. Ամուսնության վերաբերյալ ի՞նչ պատվեր տվեց Աստված իսրայելացիներին։

13 Եհովան գիտի, թե ինչն է լավագույնը իր ծառաների համար, և հետևողական է եղել ամուսնության վերաբերյալ իր տեսակետը հայտնելու հարցում։ Օրինակ՝ ուշադրություն դարձնենք այն պարզ պատվերին, որ նա Մովսեսի միջոցով տվեց Իսրայելին։ Շրջակա ազգերի բնակիչների վերաբերյալ, որոնք չէին ծառայում Եհովային, իսրայելացիները հետևյալ հրահանգը ստացան. «Նրանց հետ խնամություն չանես։ Աղջկադ նրա որդուն չտաս և որդուդ համար նրա աղջկան կնության չառնես։ Նա քո որդուն կշեղի ինձ հետևելուց, ու նրանք ուրիշ աստվածների կծառայեն։ Այդ ժամանակ Եհովայի բարկությունը կբռնկվի քո դեմ, և նա իսկույն կոչնչացնի քեզ» (2 Օրենք 7։3, 4

14, 15. Եհովայի պատվերն անտեսելը ինչպե՞ս անդրադարձավ Սողոմոնի վրա։

14 Դավթի որդի Սողոմոնը իր իշխանության վաղ շրջանում Աստծուց իմաստություն խնդրեց, և Աստված նրան առատությամբ տվեց այն։ Այդպիսով Սողոմոն թագավորը հայտնի դարձավ որպես բարգավաճ երկրի իմաստուն կառավարիչ։ Երբ Սաբայի թագուհին այցելեց Սողոմոնին, այնքան էր հիացել նրա իմաստությամբ, որ ասաց. «Ես չէի հավատում այդ խոսքերին, մինչև որ անձամբ չեկա ու իմ աչքերով չտեսա։ Եվ ահա կեսն էլ ինձ չեն պատմել։ Իմաստությամբ ու բարեկեցությամբ դու գերազանցեցիր այն ամենը, ինչ որ քո մասին լսել էի» (1 Թագ. 10։7)։ Բայց Սողոմոնի օրինակը նաև ցույց է տալիս, թե ինչ ցավալի հետևանքներ կարող են լինել, եթե անհատն անտեսի ամուսնության վերաբերյալ Աստծու պատվերը (Ժող. 4։13

15 Չնայած այն ամենին, ինչ Աստված արել էր Սողոմոնի համար, վերջինս չհնազանդվեց նրա պատվերին և ամուսնացավ շրջակա ազգերի կանանց հետ, որոնք չէին երկրպագում Եհովային։ Սողոմոնը «շատ օտարազգի կանանց» սիրեց և արդյունքում յոթ հարյուր կին ու երեք հարյուր հարճ ունեցավ։ Ի՞նչ եղավ հետևանքը։ Երբ թագավորը ծերացավ, նրա հեթանոս կանայք «նրա սիրտը հեռացրին Աստծուց.... [և] նա սկսեց չարություն գործել Եհովայի աչքում» (1 Թագ. 11։1–6)։ Վատ ընկերակցությունները կործանեցին Սողոմոնի իմաստությունը, և դրանց պատճառով նա թողեց ճշմարիտ երկրպագությունը։ Ինչպիսի՜ նախազգուշական օրինակ այն քրիստոնյաների համար, որոնք գուցե մտածում են ամուսնանալ Եհովային չսիրող անհատի հետ։

16. Ի՞նչ խորհուրդ է տալիս Աստվածաշունչը նրանց, ում կողակիցը չի երկրպագում Աստծուն։

16 Իսկ ի՞նչ կարող է անել անհատը, եթե Աստծու երկրպագու է դառնում, երբ արդեն ամուսնացած է Աստծուն չերկրպագող մարդու հետ։ Աստվածաշունչն ասում է. «Դուք, կանա՛յք, հպատակվեք ձեր ամուսիններին, որպեսզի եթե ոմանք չեն հնազանդվում խոսքին, առանց խոսքի շահվեն իրենց կանանց վարքով» (1 Պետ. 3։1)։ Ճիշտ է, այս խոսքերն ուղղված են քրիստոնյա կանանց, բայց դրանք վերաբերում են նաև այն տղամարդկանց, որոնք դարձել են Եհովայի երկրպագու, երբ արդեն ամուսնացած են եղել։ Աստվածաշնչի խորհուրդը հստակ է. եղիր լավ կողակից և ապրիր ամուսնության վերաբերյալ Աստծու բարձր չափանիշների համաձայն։ Շատ կողակիցներ ընդունել են ճշմարտությունը, երբ տեսել են, թե ինչպես է իրենց ամուսինը կամ կինը փոխվել՝ կիրառելով Աստծու պահանջները։

ԸՆԿԵՐԱՑԻՐ ՆՐԱՆՑ ՀԵՏ, ՈՎՔԵՐ ՍԻՐՈՒՄ ԵՆ ԵՀՈՎԱՅԻՆ

17, 18. Ինչո՞ւ Նոյն ու առաջին դարի քրիստոնյաները փրկվեցին։

17 Ի տարբերություն վատ ընկերակցությունների, որոնք ապականում են օգտակար սովորությունները, լավ ընկերակցությունները դրական արդյունքներ են բերում։ Նոյը,  որն ապրում էր չար աշխարհում, չէր ցանկանում, որ այդ աշխարհի բնակիչները իր մտերիմ ընկերները դառնան։ Այդ ժամանակ «Եհովան տեսավ, որ մարդկանց չարությունը շատացել է երկրի վրա, և նրանց սրտի մտքերը ամեն ժամանակ հակված են միայն դեպի չարը» (Ծննդ. 6։5)։ Ուստի նա որոշեց Համաշխարհային ջրհեղեղ բերել և վերացնել այդ չար համակարգը ու դրա աջակիցներին։ Բայց «Նոյը արդար մարդ էր։ Նա անարատ էր իր ժամանակակիցների մեջ։ Նա ճշմարիտ Աստծու հետ քայլեց» (Ծննդ. 6։7–9

18 Նոյը, անշուշտ, չէր ընկերակցում անաստված մարդկանց հետ։ Նա և իր ընտանիքի յոթ անդամները ամբողջությամբ զբաղված էին Աստծու տված աշխատանքը կատարելով, որը ներառում էր տապան կառուցելը։ Նոյը նաև «արդարության քարոզիչ» էր (2 Պետ. 2։5)։ Քարոզչական գործը, տապան կառուցելը և ընտանիքի անդամների հետ շփումը օգնեցին Նոյին զբաղված մնալու բարի գործերով, ինչը հաճելի էր Աստծուն։ Արդյունքում Նոյն ու իր ընտանիքը փրկվեցին Ջրհեղեղից։ Մենք պետք է երախտապարտ լինենք այդ մարդկանց. այսօր բոլորս հետնորդներն ենք հավատարիմ Նոյի, Նոյի կնոջ, նրա որդիների ու իրենց կանանց՝ այն մարդկանց, ովքեր ծառայել են Եհովային։ Առաջին դարի նվիրված ու հնազանդ քրիստոնյաները նույնպես հեռու մնացին անաստված մարդկանցից ու 70թ.-ին փրկվեցին Երուսաղեմի ու հրեական համակարգի կործանումից (Ղուկ. 21։20–22

Հավատակիցների հետ կերտիչ ընկերակցություն վայելելով՝ զգում ենք նոր աշխարհի համն ու հոտը (տե՛ս պարբերություն 19)

19. Աստծու հավանությունն ունենալու համար ի՞նչ պետք է անենք։

19 Լինելով Եհովայի երկրպագուներ՝ մենք պետք է ընդօրինակենք Նոյին, նրա ընտանիքի անդամներին և առաջին դարի հնազանդ քրիստոնյաներին։ Մենք պետք է հեռու մնանք մեզ շրջապատող չար համակարգի վատ ընկերակցություններից և ձգտենք կերտիչ ընկերակցություն վայելել մեր միլիոնավոր հավատարիմ քույր-եղբայրների հետ։ Եթե մտերիմ լինենք նրանց հետ, ովքեր առաջնորդվում են աստվածատուր իմաստությամբ, այս շատ դժվար ժամանակներում կկարողանանք «հավատի մեջ հաստատ կանգնել» (1 Կորնթ. 16։13; Առակ. 13։20)։ Միայն մտածիր, թե ինչ հիանալի հեռանկար մենք ունենք։ Եթե հեռու մնանք վատ ընկերակցություններից այս վերջին օրերում, անձամբ կարող ենք վերապրել այս չար աշխարհի կործանումից և մտնել Եհովայի արդար նոր աշխարհ, որն այնքան մոտ է։