Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան (ուսումնասիրության թողարկում)  |  Օգոստոս 2015

Խորհրդածիր Եհովայի անսպառ սիրո մասին

Խորհրդածիր Եհովայի անսպառ սիրո մասին

«Պիտի խորհրդածեմ քո բոլոր գործերի մասին» (ՍԱՂ. 77։12

ԵՐԳ 18, 61

1, 2. ա) Ինչո՞ւ ես համոզված, որ Եհովան սիրում է իր ժողովրդին։ բ) Ի՞նչ կարիքով են ստեղծված բոլոր մարդիկ։

ԻՆՉՈ՞Ւ ես համոզված, որ Եհովան սիրում է իր ժողովրդին։ Նախքան այս հարցին պատասխանելը ուշադրություն դարձրու հետևյալ օրինակներին։ Տարիներ շարունակ հավատակիցները սիրով հորդորում էին Թելին անունով մի քրոջ լինել հավասարակշռված և չափից շատ ակնկալիքներ չունենալ իրենից։ Նա ասում է. «Եթե Եհովան չսիրեր ինձ, շարունակաբար խորհուրդներ չէր տա»։ Բրիջիտը, որը ամուսնու մահից հետո երկու երեխա է մեծացրել, նշում է. «Սատանայի աշխարհում երեխաներ մեծացնելը չափազանց դժվար է, հատկապես միայնակ ծնողի համար։ Բայց ես համոզված եմ, որ Եհովան սիրում է ինձ, քանի որ դժվար ժամանակներում, երբ արցունք եմ թափել և հոգեկան ծանր ապրումներ եմ ունեցել, նա միշտ առաջնորդել է ինձ ու երբեք թույլ չի տվել, որ իմ ուժերից վեր դժվարություններ կրեմ» (1 Կորնթ. 10։13)։ Իսկ Սանդրան տառապում է անբուժելի հիվանդությունից։ Համաժողովի ժամանակ նրա հանդեպ հետաքրքրություն ցույց տվեց ճանաչված եղբայրներից մեկի կինը։ Սանդրայի ամուսինն ասում է. «Թեև անձամբ չէինք ճանաչում նրան, բայց նրա ցուցաբերած անկեղծ հետաքրքրությունը մեծ ուրախությամբ լցրեց մեր սրտերը։ Եղբայրների և քույրերի ցուցաբերած սիրո նույնիսկ փոքր դրսևորումներից տեսնում եմ, թե որքան շատ է Եհովան սիրում մեզ»։

 2 Մարդիկ ստեղծվել են սիրելու և սիրված լինելու կարիքով։ Երբ մեզ հետ անսպասելի դեպք է տեղի ունենում կամ հիասթափություն ենք ապրում, առողջական, ֆինանսական խնդիրների ենք բախվում կամ ծառայության մեջ հաջողությունների չենք հասնում, թերևս հեշտ է եզրակացնել, որ Եհովան այլևս չի սիրում մեզ։ Եթե նման զգացումներ ունենք, լավ կլինի հիշել, որ թանկ ենք Աստծու համար, որ նա մեր կողքին է, «բռնում է [մեր] աջ ձեռքից» և օգնում է մեզ։ Եհովան երբեք չի մոռանա մեզ, եթե հավատարիմ լինենք իրեն (Ես. 41։13; 49։15

3. Ի՞նչը կարող է օգնել մեզ ավելի շատ համոզվելու, որ Եհովան անսպառ սիրով սիրում է մեզ։

3 Վերոնշյալ անհատները համոզված էին, որ Աստված իրենց հետ է եղել դժվարին ժամանակներում։ Մենք նույնպես կարող ենք վստահ լինել, որ նա մեր կողքին է (Սաղ. 118։6, 7)։ Այս հոդվածից կիմանանք, թե ինչպես է Աստծու սերը երևում 1) իր ստեղծագործությունից, 2) իր ներշնչյալ Խոսքից, 3) աղոթելու առանձնաշնորհումից և 4) փրկանքից։ Եհովայի արած լավ բաների մասին խորհրդածելը շատ հավանական է, որ կմեծացնի մեր երախտագիտությունը նրա անսպառ սիրո համար (կարդա՛  Սաղմոս 77։11, 12

ԽՈՐՀՐԴԱԾԻՐ ԵՀՈՎԱՅԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

4. Ի՞նչ ենք իմանում, երբ խորհում ենք Եհովայի ստեղծագործությունների մասին։

4 Կարո՞ղ ենք տեսնել Եհովայի անսպառ սերը նրա ստեղծագործության մեջ։ Այո՛, քանի որ հենց ստեղծագործությունն է վկայում Աստծու սիրո մասին (Հռոմ. 1։20)։ Նա Երկիրը ստեղծել է էկոհամակարգով, որի շնորհիվ մարդիկ կարող են ապահով ապրել և շատանալ։ Սակայն նա չի ուզում, որ մենք պարզապես ապրենք։ Օրինակ՝ մարդը պետք է ուտի, որ ապրի։ Եվ քանի որ Աստված ուզում է, որ վայելենք կյանքը, հոգ է տարել, որ երկրի վրա աճեն բույսերի բազմազան տեսակներ, որոնք անսահման են թվում, և որոնցից կարելի է սննդարար ուտելիքներ պատրաստել։ Ահա թե ինչու ենք ուտելուց նաև հաճույք ստանում (Ժող. 9։7)։ Քեթրին անունով մի քույր մեծ բավականություն է ստանում ստեղծագործությունը դիտելուց, հատկապես գարնան ամիսներին, երբ ամեն ինչ ծաղկում է իր երկրում՝ Կանադայում։ Նա ասում է. «Իսկապես զարմանալի է, թե ինչպես է ամեն բան կյանք առնում. ծաղիկները հողից դուրս են գալիս, ինչպես ծրագրված է։ Իսկ թռչունները վերադառնում են միգրացիայից։ Փոքրիկ կոլիբրին գտնում է թռչունների կերամանը, որը տեղադրված է իմ խոհանոցի պատուհանի դրսի կողմում։ Եթե Եհովան այսքան հաճելի բաներ է տվել, ուրեմն սիրում է մեզ»։ Մեր սիրառատ երկնային Հայրը հաճույք է ստանում իր ստեղծագործություններից և ցանկանում է, որ մենք նույնպես վայելենք դրանք (Գործ. 14։16, 17

5. Ինչպե՞ս է Եհովայի սերը երևում այն բանից, թե ինչպես է նա արարել մարդկանց։

5 Եհովան ստեղծել է մեզ արդյունավետ և իմաստալից աշխատանք կատարելու ունակությամբ, ինչը նույնպես նպաստում է, որ վայելենք կյանքը (Ժող. 2։24)։ Նա նպատակադրել էր, որ մարդիկ լցնեն երկիրը, տիրեն նրան և իշխեն ձկների, թռչունների և ուրիշ կենդանի էակների վրա (Ծննդ. 1։26–28)։ Որքա՜ն սիրառատ է Եհովան, որ օժտել է մեզ այնպիսի հատկություններով, որ կարողանանք ընդօրինակել իրեն (Եփես. 5։1

ԳՆԱՀԱՏԻՐ ԱՍՏԾՈՒ ՆԵՐՇՆՉՅԱԼ ԽՈՍՔԸ

6. Ինչո՞ւ պետք է մեծապես գնահատենք Աստծու Խոսքը։

6 Աստված մեծ սեր է դրսևորել մեր հանդեպ՝ տալով իր ներշնչյալ Խոսքը։ Դրանում պարփակված է այն ամենը, ինչ պետք է իմանանք Եհովայի և մարդկանց հետ նրա վարվելակերպի մասին։ Օրինակ՝ Սուրբ Գիրքը հայտնում է, թե ինչպես է նա վարվել իսրայելացիների հետ, որոնք հաճախ չէին հնազանդվում իրեն։ Սաղմոս 78։38-ում կարդում ենք. «Նա ողորմած էր. ներում էր անօրենությունը և չէր կործանում նրանց։  Շատ անգամներ զսպում էր իր բարկությունը և չէր բորբոքում իր ողջ զայրույթը»։ Այս համարի մասին մտածելը կարող է օգնել քեզ տեսնելու, թե ինչպես է Եհովան անձամբ քո հանդեպ դրսևորում իր սերն ու հոգատարությունը։ Վստահ եղիր, որ դու կարևոր ես նրա համար (կարդա՛  1 Պետրոս 5։6, 7

7. Ինչո՞ւ պետք է թանկ գնահատենք Աստվածաշունչը։

7 Մենք պետք է թանկ գնահատենք Սուրբ Գիրքը, քանի որ Աստված հիմնականում դրա միջոցով է հաղորդակցվում մեզ հետ։ Ծնողների ու երեխաների բովանդակալից, բաց և ջերմ հաղորդակցությունը կարևոր է, որպեսզի նրանց միջև փոխադարձ վստահություն և սիրված լինելու զգացում զարգանա։ Իսկ ի՞նչ կարող ենք ակնկալել Եհովայից։ Թեև մենք երբեք չենք տեսել նրան և չենք լսել նրա ձայնը, նա «խոսում է» մեզ հետ իր ներշնչյալ Խոսքի միջոցով, և մենք պետք է լսենք նրան (Ես. 30։20, 21)։ Եհովան ցանկանում է առաջնորդել մեզ՝ իր նվիրված ժողովրդին, և պաշտպանել վնասներից։ Նա նաև ուզում է, որ ճանաչենք և վստահենք իրեն (կարդա՛  Սաղմոս 19։7–11; Առակներ 1։33

Թեև Հեուն ստիպված էր հանդիմանել Հովսափատ թագավորին, Եհովան «լավ բաներ» գտավ նրա մեջ (տե՛ս պարբերություն 8, 9)

8, 9. Ի՞նչ է Եհովան ուզում, որ իմանանք։ Բացատրի՛ր աստվածաշնչյան օրինակով։

8 Եհովան ուզում է, որ ճանաչենք իրեն որպես մեկը, ով սիրում է մեզ և միայն մեր թերությունները չէ, որ տեսնում է։ Նա մեր մեջ լավն է փնտրում (2 Տար. 16։9)։ Դա երևում է Հուդայի Հովսափատ թագավորի օրինակից։ Մի անգամ նա անխոհեմ որոշում կայացրեց՝ համաձայնվելով իսրայելի Աքաաբ թագավորի հետ գնալ վտանգավոր ռազմարշավի՝ ասորիներից հետ գրավելու Ռամոթ-Գաղաադը։ Թեև 400 կեղծ մարգարեներ վստահեցրին չար Աքաաբին,  որ հաղթանակ է տանելու, Եհովայի ճշմարիտ մարգարե Միքիան պարտություն կանխագուշակեց։ Աքաաբը սպանվեց, իսկ Հովսափատը մազապուրծ փախավ։ Երբ թագավորը վերադարձավ Երուսաղեմ, Եհովան Հանանի տեսանողի որդի Հեուի միջոցով նախատեց նրան Աքաաբին միանալու համար։ Այնուամենայնիվ, Հեուն նաև ասաց. «Քո մեջ լավ բաներ գտնվեցին» (2 Տար. 18։4, 5, 18–22, 33, 34; 19։1–3

9 Իր իշխանության ավելի վաղ շրջանում Հովսափատը իշխաններին, ղևտացիներին և քահանաներին պատվիրեց շրջել Հուդայի բոլոր քաղաքներով և սովորեցնել իր հպատակներին Եհովայի օրենքը։ Դա այնքան արդյունավետ էր, որ շրջակա ազգերը սկսեցին վախենալ Եհովայից (2 Տար. 17։3–10)։ Ճիշտ է, Հովսափատը անմիտ արարք գործեց, բայց Եհովան չէր մոռացել այն լավ բաները, որ նա արել էր։ Աստվածաշնչյան այս արձանագրությունը հիշեցնում է մեզ, որ չնայած մեր անկատարությանը՝ Եհովան անսպառ սիրով կսիրի մեզ, եթե ամբողջ սրտով ձգտենք հաճեցնել իրեն։

ԳՆԱՀԱՏԻՐ ԱՂՈԹԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՇՆՈՐՀՈՒՄԸ

10, 11. ա) Ինչո՞ւ է աղոթքը յուրահատուկ պարգև Եհովայից։ բ) Թերևս ինչպե՞ս Աստված պատասխանի մեր աղոթքներին (տե՛ս 9-րդ էջի նկարը)։

10 Սիրող հայրը ժամանակ է տրամադրում իր երեխաներին, երբ նրանք ուզում են խոսել իր հետ։ Նա ուզում է իմանալ նրանց մտահոգությունների և անհանգստությունների մասին, քանի որ հետաքրքրված է, թե ինչ կա նրանց սրտում։ Մեր երկնային Հայրը՝ Եհովան, լսում է մեզ, երբ դիմում ենք իրեն աղոթքով, ինչը թանկ առանձնաշնորհում է։

11 Մենք Եհովային կարող ենք աղոթել ցանկացած ժամանակ։ Նա սահմանափակումներ չի դրել այս հարցում։ Նա մեր ընկերն է, ով միշտ պատրաստ է մեզ լսելու։ Թելին, որի մասին արդեն խոսեցինք, ասում է. «Դու կարող ես պատմել նրան ամեն բան»։ Երբ Աստծուն պատմենք մեր ամենանվիրական մտքերը, նա թերևս պատասխանի մեզ Աստվածաշնչի, մեր որևէ ամսագրի հոդվածներից մեկի կամ հավատակցի քաջալերիչ խոսքերի միջոցով։ Եհովան լսում է մեր խնդրանքները և հասկանում է մեզ, նույնիսկ այն դեպքում, երբ ոչ ոք չի հասկանում։ Մեր աղոթքների պատասխանները մեր հանդեպ ունեցած նրա անսպառ սիրո գեղեցիկ դրսևորումներն են։

12. Ինչո՞ւ պետք է ուշադրություն դարձնենք Աստծու Խոսքում արձանագրված աղոթքներին։ Բե՛ր օրինակ։

12 Մենք շատ բան կարող ենք սովորել Աստծու Խոսքում արձանագրված աղոթքներից։ Ուստի երբեմն գուցե օգտակար համարենք քննել դրանք ընտանեկան երկրպագության ժամանակ։ Երբ խորհրդածենք այն մասին, թե ինչպես են Եհովայի՝ անցյալում ապրած ծառաները պատմել իրենց խորին մտքերը նրան, դա կօգնի, որ հարստացնենք մեր անձնական աղոթքները։ Օրինակ՝ նկատի առ Հովնանի զղջման աղոթքը, որը նա ասաց, երբ հսկա ձկան փորում էր (Հովն. 1։17–2։10)։ Ուշադրություն դարձրու Եհովային ուղղված Սողոմոնի սրտաբուխ աղոթքին տաճարի հանդիսավոր բացման ժամանակ (1 Թագ. 8։22–53)։ Խորհրդածիր տիպար աղոթքի մասին, որ Հիսուսը տվեց մեր օգտի համար (Մատթ. 6։9–13)։ Եվ, որ ամենակարևորն է, կանոնավորաբար «թող [մեր] խնդրանքները հայտնի լինեն Աստծուն»։ Արդյունքում «Աստծու խաղաղությունը, որ գերազանցում է ամեն միտք, կպահպանի [մեր] սրտերն ու մտքերը»։ Այդպիսով Եհովայի անսպառ սիրո համար մեր երախտագիտությունը կմեծանա (Փիլիպ. 4։6, 7

ԵՐԱԽՏԱԳԵՏ ԵՂԻՐ ՓՐԿԱՆՔԻ ՀԱՄԱՐ

13. Ի՞նչ հեռանկար բացեց մարդկության առջև փրկանքը։

13 Հիսուսի քավիչ զոհի անարժան պարգևը տրվել է մեզ, որպեսզի «կյանք ստանանք» (1 Հովհ. 4։9)։ Աստծու սիրո այս մեծագույն դրսևորման վերաբերյալ Պողոս առաքյալը գրեց. «Քրիստոսը նշանակված  ժամանակին մահացավ ամբարիշտների համար։ Դժվար թե որևէ մեկը մահանա արդարի համար, մինչդեռ բարի մարդու համար ինչ-որ մեկը միգուցե համարձակվի մահանալ։ Բայց Աստված իր սերն է դրսևորում մեր հանդեպ նրանով, որ Քրիստոսը մահացավ մեզ համար, երբ մենք դեռ մեղավորներ էինք» (Հռոմ. 5։6–8)։ Աստծու սիրո այս մեծագույն դրսևորումը մարդկության առջև բացեց իր հետ մտերիմ փոխհարաբերություններ ունենալու հեռանկարը։

14, 15. Ի՞նչ է փրկանքը նշանակում ա) օծյալ քրիստոնյաների համար, բ) երկրային հույս ունեցողների համար։

14 Քիչ թվով մարդիկ կան, որ Եհովայի անսպառ սերը յուրահատուկ կերպով են զգում (Հովհ. 1։12, 13; 3։5–7)։ Օծված լինելով սուրբ ոգով՝ նրանք դարձել են «Աստծու զավակներ» (Հռոմ. 8։15, 16)։ Պողոսը օծյալ քրիստոնյաներին նկարագրելիս ասում է, որ Աստված նրանց «կենդանացրել ու նստեցրել է երկնային ոլորտում Քրիստոս Հիսուսի հետ միության մեջ» (Եփես. 2։6)։ Նրանք զբաղեցնում են այս հոգևոր դիրքը, քանի որ «խոստացված սուրբ ոգու կնիքը դրվել է [նրանց] վրա», որը «ժառանգության համար նախապես տրված գրավն է», այսինքն՝ այն «հույսը», որը նրանց համար «պահվում է երկնքում» (Եփես. 1։13, 14; Կող. 1։5

15 Փրկանքի հանդեպ հավատ դրսևորող մարդկանց ճնշող մեծամասնությունը հնարավորություն ունի լինելու Եհովայի ընկերը, ունենալու որպես Աստծու զավակ որդեգրվելու հեռանկարը և հավիտյան ապրելու խոստացյալ երկրային դրախտում։ Ուստի փրկանքի շնորհիվ Եհովան իր սերն է դրսևորում մարդկության հանդեպ (Հովհ. 3։16)։ Եթե երկրի վրա հավիտյան ապրելու հույս ունենք և շարունակում ենք հավատարմորեն ծառայել Եհովային, կարող ենք վստահ լինել, որ նա նոր աշխարհում մեզ հիանալի կյանք կպարգևի։ Որքա՜ն տեղին է, որ փրկանքը համարենք մեր հանդեպ Աստծու անսպառ սիրո մեծագույն ապացույցը։

ՑՈՒՅՑ ՏՈՒՐ ՍԵՐԴ ԵՀՈՎԱՅԻ ՀԱՆԴԵՊ

16. Ի՞նչ կլինի, եթե խորհրդածենք այն բազում ձևերի մասին, որոնցով Եհովան սեր է դրսևորում մեր հանդեպ։

16 Հնարավոր չէ հաշվել, թե ինչ բազում ձևերով է Եհովան դրսևորում իր սերը մեր հանդեպ։ Սաղմոսերգու Դավիթը երգեց. «Որքա՜ն թանկագին են ինձ համար քո մտքերը, ո՛վ Աստված, որչա՜փ մեծ է նրանց թիվը։ Եթե փորձեմ հաշվել, դրանք ավազի հատիկներից էլ շատ են» (Սաղ. 139։17, 18)։ Մենք պետք է թույլ տանք, որ այսպիսի մտքերը Եհովային խորապես սիրելու ցանկություն զարգացնեն մեր մեջ այն բանի համար, որ նա սիրով հոգ է տանում մեր մասին, ինչպես նաև մղեն մեզ միշտ մեր լավագույնը անելու նրա համար։

17, 18. Ի՞նչ կերպերով կարող ենք սեր դրսևորել Աստծու հանդեպ։

17 Մեր սերը Եհովայի հանդեպ կարող ենք դրսևորել բազմաթիվ կերպերով։ Օրինակ՝ մենք սեր ենք դրսևորում Աստծու և դրացու հանդեպ՝ եռանդորեն մասնակցելով Թագավորության բարի լուրի քարոզչությանը (Մատթ. 24։14; 28։19, 20)։ Մենք ցույց ենք տալիս, որ իսկապես սիրում ենք Եհովային՝ հավատարմորեն տոկալով հավատի փորձությունների ներքո (կարդա՛  Սաղմոս 84։11; Հակոբոս 1։2–5)։ Նույնիսկ ծանր փորձությունների բախվելիս կարող ենք վստահ լինել, որ Աստված տեսնում է մեր տառապանքը, և կօգնի մեզ, քանի որ մենք թանկ ենք նրա համար (Սաղ. 56։8

18 Եհովայի հանդեպ ունեցած սերը մղում է մեզ խորհրդածելու նրա ստեղծագործության և այլ հրաշալի գործերի մասին։ Մենք ցույց ենք տալիս, որ սիրում ենք Աստծուն և թանկ ենք համարում նրա Խոսքը, երբ ջանասիրաբար ուսումնասիրում ենք այն։ Եհովայի հանդեպ սերը մղում է մեզ ավելի մտերմանալու նրա հետ աղոթքի միջոցով։ Եվ նրա հանդեպ սերն ավելի է խորանում, երբ խորհում ենք քավիչ զոհի մասին, որ նա տվել է մեր մեղքերի համար (1 Հովհ. 2։1, 2)։ Սրանք Եհովայի՝ մեր հանդեպ դրսևորած անսպառ սիրուն փոխադարձելու բազմաթիվ կերպերից մի քանիսն են միայն։