Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան (ուսումնասիրության թողարկում)  |  Հուլիս 2015

Մասնակցիր հոգևոր դրախտի ընդարձակմանը

Մասնակցիր հոգևոր դրախտի ընդարձակմանը

«Ես կփառավորեմ իմ ոտքերի տեղը» (ԵՍ. 60։13

ԵՐԳ 102, 75

1, 2. Եբրայերեն Գրություններում ինչի՞ն կարող է վերաբերել «ոտքերի պատվանդան» արտահայտությունը։

ԵՀՈՎԱ ԱՍՏՎԱԾ հռչակեց. «Երկինքն իմ գահն է, և երկիրը՝ իմ ոտքերի պատվանդանը» (Ես. 66։1)։ «Ոտքերի պատվանդանի» առնչությամբ նա նաև ասաց. «Ես կփառավորեմ իմ ոտքերի տեղը» (Ես. 60։13)։ Ինչպե՞ս է նա դա անում։ Եվ քանի որ մենք ապրում ենք Աստծու «ոտքերի պատվանդանի» վրա, ի՞նչ նշանակություն ունի դա մեզ համար։

2 Երկրի առնչությամբ օգտագործվելուց բացի, «ոտքերի պատվանդան» արտահայտությունը Եբրայերեն Գրություններում փոխաբերական իմաստով օգտագործվում է նաև նկարագրելու համար հին Իսրայելի տաճարը (1 Տար. 28։2; Սաղ. 132։7)։ Տաճարը երկրի վրա ծառայում էր որպես ճշմարիտ երկրպագության կենտրոն, և այն շատ գեղեցիկ էր Եհովայի աչքին։ Ուստի տաճարի գոյությունը փառավորում էր Եհովայի ոտքերի տեղը։

3. Ի՞նչ է Աստծու մեծ հոգևոր տաճարը, և ե՞րբ այն հիմնվեց։

3 Այսօր ճշմարիտ երկրպագության կենտրոնը այլևս բառացի տաճար չէ երկրի վրա։ Սակայն գոյություն ունի հոգևոր տաճար, որն ավելի շատ է փառավորում Եհովային, քան ցանկացած շինություն։ Դա միջոց է, որը հնարավոր է դարձնում հաշտվելու Աստծու հետ Հիսուս Քրիստոսի քահանայության և զոհի շնորհիվ։ Այդ տաճարը հիմնվեց մ.թ. 29-ին, երբ Հիսուսը մկրտվեց ու օծվեց որպես Եհովայի մեծ հոգևոր տաճարի քահանայապետ (Եբր. 9։11, 12

4, 5. ա) Ինչպե՞ս է Սաղմոս 99-ը նկարագրում Եհովայի ճշմարիտ երկրպագուների անկեղծ ցանկությունը։ բ) Ի՞նչ հարց պետք է ուղղենք ինքներս մեզ։

 4 Գնահատանք դրսևորելով հոգևոր տաճարի նկատմամբ՝ մենք գովաբանում ենք Եհովային՝ նրա անունը հայտնի դարձնելով մարդկանց, և փառաբանում ենք նրան՝ իր կողմից ողորմածաբար տրված փրկանքի համար։ Որքա՜ն հուզիչ է իմանալ, որ ութ միլիոնից ավելի ճշմարիտ քրիստոնյաներ այսօր ակտիվորեն փառավորում են Եհովային։ Ի տարբերություն որոշ կրոնասեր մարդկանց, ովքեր սխալմամբ կարծում են, թե կփառաբանեն Աստծուն այն ժամանակ, երբ թողնեն երկիրը և երկինք գնան, բոլոր Եհովայի վկաները գիտակցում են, որ անհրաժեշտ է փառաբանել նրան այստեղ՝ երկրի վրա, և հիմա։

5 Հետևաբար, մենք հետևում ենք Եհովայի հավատարիմ ծառաների օրինակին, որոնց մասին նկարագրվում է Սաղմոս 99։1–3, 5 համարներում (կարդա՛)։ Ինչպես նշվում է սաղմոսում, Մովսեսը, Ահարոնը և Սամուելը իրենց օրերում լիովին թիկունք կանգնեցին ճշմարիտ երկրպագությանը (Սաղ. 99։6, 7)։ Նախքան Հիսուսի հետ երկնքում որպես քահանաներ ծառայելը այսօր օծյալ մնացորդը հավատարմորեն ծառայում է հոգևոր տաճարի երկրային գավիթում։ Միլիոնավոր «ուրիշ ոչխարներ» նվիրված կերպով աջակցում են նրանց (Հովհ. 10։16)։ Թեև երկու խումբն էլ տարբեր հույս ունեն, նրանք միասնաբար երկրպագում են Եհովային այստեղ՝ նրա ոտքերի պատվանդանի վրա։ Սակայն լավ կլինի, որ անհատապես հարցնենք մեզ. «Լիովին աջակցո՞ւմ եմ Եհովայի հաստատած մաքուր երկրպագությանը»։

ԲՆՈՐՈՇՈՒՄ ԵՆՔ ԱՍՏԾՈՒ ՀՈԳԵՎՈՐ ՏԱՃԱՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ

6, 7. Ի՞նչ խնդիր ծագեց վաղ քրիստոնյաների մեջ, և ինչի՞ կարիք առաջացավ դարեր անց։

6 Քրիստոնեական ժողովի հաստատումից մոտ մեկ դար անց սկսեց տարածվել հավատուրացությունը (Գործ. 20։28–30; 2 Թեսաղ. 2։3, 4)։ Դրանից հետո շատ դժվար էր բնորոշել նրանց, ովքեր իսկապես ծառայում էին Աստծուն իր հոգևոր տաճարում։ Միայն դարեր անց եկավ ժամանակը, որ Եհովան ամեն բան հստակեցներ իր գահակալված թագավորի՝ Հիսուս Քրիստոսի միջոցով։

7 1919-ից ի վեր նրանք, ովքեր ստացել էին Եհովայի հավանությունը և ծառայում էին նրա հոգևոր տաճարում, հստակորեն բնորոշվեցին։ Նրանք հոգևորապես մաքրվել էին, որ իրենց ծառայությունը ավելի ընդունելի լիներ Աստծուն (Ես. 4։2, 3; Մաղ. 3։1–4)։ Այն տեսիլքը, որ Պողոս առաքյալը տեսել էր դարեր առաջ, մասամբ սկսեց կատարվել։

8, 9. Բացատրի՛ր «դրախտի» երեք կատարումները, որ Պողոսը տեսավ տեսիլքում։

8 Պողոսի տեսիլքը արձանագրված է 2 Կորնթացիներ 12։1–4 համարներում (կարդա՛)։ Այն, ինչ տեսավ առաքյալը գերբնական տեսիլքում, հայտնություն էր։ Դա վերաբերում էր ապագա իրադարձություններին, ոչ թե իր օրերում գոյություն ունեցող մի բանի։ Ի՞նչ «դրախտ» տեսավ Պողոսը, երբ «հափշտակվեց մինչև երրորդ երկինք»։ Դրախտը, որի մասին խոսում էր առաքյալը, ունենալու էր ֆիզիկական, հոգևոր և երկնային կատարում. բոլորը միասին գոյություն են ունենալու ապագայում։ Այն կարող է վերաբերել ֆիզիկական դրախտին, որը դեռ գալու է (Ղուկ. 23։43)։ Նաև կարող է վերաբերել հոգևոր դրախտին, որը լիովին կվայելենք նոր աշխարհում։ Բացի այդ, այն կարող է վերաբերել երկնքում տիրող օրհնված վիճակին՝ «Աստծու դրախտին» (Հայտն. 2։7

9 Ինչո՞ւ Պողոսն ասաց, որ «լսեց անարտահայտելի խոսքեր, որ թույլատրելի չէ մարդուն խոսել»։ Ժամանակը չէր, որ առաքյալը մանրամասնորեն բացատրեր տեսիլքում իր տեսած հրաշալի բաները։ Սակայն այսօր «թույլատրելի» է խոսել այն օրհնությունների մասին, որոնք այժմ  գոյություն ունեն Աստծու ժողովրդի մեջ։

10. Ինչո՞ւ «հոգևոր դրախտը» և «հոգևոր տաճարը» նույնը չեն։

10 «Հոգևոր դրախտ» արտահայտությունը դարձել է մեր աստվածապետական բառապաշարի մի մասը։ Դա նկարագրում է մեր անզուգական, հոգևոր մթնոլորտը, որը թույլ է տալիս մեզ վայելելու խաղաղություն Աստծու և մեր եղբայրների հետ։ Ինչ խոսք, մենք չպետք է եզրակացնենք, որ «հոգևոր դրախտը» և «հոգևոր տաճարը» նույնն են։ Հոգևոր տաճարը Աստծու ճշմարիտ երկրպագությունն է։ Հոգևոր դրախտը հստակորեն բնորոշում է նրանց, ովքեր ունեն Աստծու հավանությունը և այսօր ծառայում են նրան իր հոգևոր տաճարում (Մաղ. 3։18

11. Ի՞նչ առանձնաշնորհում ունենք այսօր հոգևոր դրախտի առնչությամբ։

11 Որքա՜ն ոգևորիչ է իմանալ, որ սկսած 1919-ից՝ Եհովան թույլ է տվել անկատար մարդկանց համագործակցել իր հետ երկրի վրա հոգևոր դրախտը մշակելու, ամրացնելու և ընդարձակելու գործում։ Մասնակցո՞ւմ ես այս հրաշալի գործին։ Մղվո՞ւմ ես շարունակելու համագործակցել Եհովայի հետ «իր ոտքերի տեղը» փառավորելու գործում։

ԵՀՈՎԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԻ Է ԳԵՂԵՑԿԱՆՈՒՄ

12. Ինչո՞ւ ենք բոլորս համոզված, որ Եսայիա 60։17 խոսքերը կատարվում են (տե՛ս 7-րդ էջի նկարը)։

12 Եհովայի կազմակերպության երկրային մասի հետ կապված զարմանալի փոփոխությունների մասին մարգարեացվել է Եսայիա 60։17-ում (կարդա՛)։ Նրանք, ովքեր երիտասարդ են կամ համեմատաբար նոր են ճշմարտության մեջ, կարդացել են այդ փոփոխությունների մասին կամ լսել են ուրիշներից։ Բայց ի՜նչ հրաշալի առանձնաշնորհում են ունեցել այն եղբայրներն ու քույրերը, ովքեր անձամբ են տեսել այդ ամենը։ Զարմանալի չէ, որ նրանք համոզված են, որ իր գահակալված Թագավորի միջոցով Եհովան առաջնորդում և ղեկավարում է իր կազմակերպությունը։ Նրանք հիմքեր ունեն համոզված լինելու, ինչպես որ բոլորս։ Նրանց անկեղծ խոսքերը կարող են զորացնել հավատդ և ամրացնել վստահությունդ Եհովայի հանդեպ։

13. Սաղմոս 48։12–14 համարների համաձայն՝ ի՞նչ պետք է անենք։

13 Անկախ այն բանից, թե որքան երկար ժամանակ ենք ճշմարտության մեջ, մենք պետք է պատմենք բոլորին Եհովայի կազմակերպության մասին։ Հոգևոր դրախտի գոյությունը այս չար, ապականված և անսեր աշխարհում ժամանակակից հրաշք է։ Եհովայի կազմակերպության, կամ՝ «Սիոնի» մասին հրաշալի բաները և հոգևոր դրախտի մասին ճշմարտությունը ուրախությամբ պետք է պատմենք «գալիք սերնդին» (կարդա՛  Սաղմոս 48։12–14

14, 15. 1970-ականներին ի՞նչ կազմակերպչական փոփոխություններ արվեցին, և ինչպե՞ս են դրանք օգտակար եղել։

14 Տարիների ընթացքում մեր տարեցները ականատես են եղել որոշ կազմակերպչական փոփոխությունների, որոնք ավելի են գեղեցկացրել Եհովայի կազմակերպության երկրային մասը։ Նրանք հիշում են այն ժամանակները, երբ ժողովն ուներ ժողովի ծառայող երեցների խորհրդի փոխարեն, երբ երկրներն ունեին մասնաճյուղի ծառայող մասնաճյուղի կոմիտեի փոխարեն, և երբ առաջնորդությունը տրվում էր «Դիտարան ընկերության» նախագահի կողմից Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի փոխարեն։ Թեև բոլոր այս նվիրված եղբայրներին աջակցում էին հավատարիմ օգնականներ, հիմնականում մի հոգի էր որոշումներ կայացնում ժողովներում, մասնաճյուղերում և գլխավոր վարչությունում։ 1970-ականների ընթացքում փոփոխություններ եղան, որպեսզի վերահսկողության պատասխանատվությունն ընկնի երեցների խմբի վրա, ոչ թե անհատների։

 15 Արդյոք այս փոփոխությունները օգտակար եղա՞ն։ Այո՛, և դա տրամաբանական է։ Ինչո՞ւ։ Քանի որ դրանք հիմնված էին Աստվածաշնչի մեր ավելի խոր հասկացողության վրա։ Ժողովն այլևս մեկ հոգու տիրապետող ազդեցության տակ չէ. կազմակերպությունը օգուտներ է քաղում, քանի որ Եհովայի կողմից տրված բոլոր մարդկանց տեսքով պարգևները դրսևորում են իրենց լավ հատկությունները (Եփես. 4։8; Առակ. 24։6

Եհովան բոլոր մարդկանց տալիս է այն առաջնորդությունը, որի կարիքն ունեն (տե՛ս պարբերություն 16, 17)

16, 17. Վերջին փոփոխություններից հատկապես ո՞րն է տպավորել քեզ և ինչո՞ւ։

16 Մտածիր նաև վերջերս տեղի ունեցած փոփոխությունների մասին, օրինակ՝ մեր հրատարակությունների դիզայնի, բովանդակության և տարածման մեթոդների մասին։ Որքա՜ն հաճելի է ծառայության ժամանակ առաջարկել մեր գրավիչ, գործնական և գեղեցիկ հրատարակությունները։ Երբ ճշմարտությունը տարածում ենք վերջին տեխնոլոգիաների միջոցով, օրինակ՝ մեր վեբ կայքի՝ jw.org, մենք ընդօրինակում ենք Եհովային. նա հետաքրքրված է բոլոր մարդկանցով և այնպիսի առաջնորդություն է տալիս, որը մարդկանց մեծ մասը չունի, բայց որի կարիքը անչափ շատ ունի։

17 Չպետք է մոռանանք, թե ինչ խելամիտ փոփոխություն տեղի ունեցավ, որը հնարավորություն է տալիս ընտանեկան երկրպագություն անցկացնելու կամ ավելի շատ ժամանակ տրամադրելու անձնական ուսումնասիրությանը։ Մենք նաև գնահատում ենք այն առաջընթացը, որ տեղի է ունեցել համաժողովների ծրագրում։ Հաճախ ենք ասում, որ դրանք ամեն տարի գնալով ավելի լավն են դառնում։ Եվ մենք անկեղծորեն ուրախանում ենք այն կրթությամբ, որը տրվում է մեր աստվածապետական դպրոցներում։ Այս բոլոր փոփոխությունների մեջ երևում է Եհովայի ձեռքը։ Նա աստիճանաբար գեղեցկացնում է իր կազմակերպությունը  և հոգևոր դրախտը, որը վայելում ենք արդեն այսօր։

ՄԱՍՆԱԿՑԻՐ ՀՈԳԵՎՈՐ ԴՐԱԽՏԻ ԸՆԴԱՐՁԱԿՄԱՆԸ

18, 19. Ինչպե՞ս կարող ենք նպաստել հոգևոր դրախտի գեղեցկացման գործին։

18 Մեծ պատիվ է, որ Եհովան թույլ է տալիս, որ նպաստենք հոգևոր դրախտի գեղեցկացման գործին։ Դա անում ենք՝ եռանդորեն մասնակցելով Թագավորության բարի լուրի հռչակմանը և աշակերտներ պատրաստելու գործին։ Ամեն անգամ, երբ օգնում ենք անհատին առաջադիմելու մինչև նվիրում, նպաստում ենք հոգևոր դրախտի սահմանների ընդարձակմանը (Ես. 26։15; 54։2

19 Մենք նաև կարող ենք գեղեցկացնել հոգևոր դրախտը՝ անընդմեջ բարելավելով մեր քրիստոնեական հատկությունները։ Այդպիսով այս դրախտը ավելի գրավիչ է դառնում մարդկանց աչքին։ Ավելի հաճախ ոչ թե աստվածաշնչյան գիտելիքներն են սկզբում ձգում մարդկանց դեպի կազմակերպություն և, հետևաբար, դեպի Աստված և Քրիստոս, այլ մեր պարկեշտ, խաղաղարար վարքը։

Դու կարող ես մասնակցել հոգևոր դրախտի սահմանները ընդարձակելու գործին (տե՛ս պարբերություն 18, 19)

20. Համաձայն Առակներ 14։35-ի՝ ի՞նչ պետք է լինի մեր ցանկությունը։

20 Որքա՜ն հաճելի պետք է լինի Եհովայի և Հիսուսի համար տեսնել մեր գեղեցիկ հոգևոր դրախտն այսօր։ Հոգևոր դրախտի գեղեցկությունը, որ վայելում ենք հիմա, այն ուրախության կանխավայելումն է, որը կունենանք հետագայում, երբ միասին երկիրը դրախտի վերածենք։ Եկեք միշտ հիշենք Առակներ 14։35 համարը. «Թագավորին հաճելի է հասկացողությամբ վարվող ծառան»։ Թող որ միշտ հասկացողությամբ վարվենք, մինչ ջանասիրաբար մասնակցում ենք հոգևոր դրախտը գեղեցկացնելու գործին։