Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան (ուսումնասիրության թողարկում)  |  Հուլիս 2015

Մեր երկրպագության վայրը

Մեր երկրպագության վայրը

«Քո տան հանդեպ ունեցած նախանձախնդրությունը պիտի ուտի ինձ» (ՀՈՎՀ. 2։17

ԵՐԳ 127, 118

1, 2. ա) Եհովայի ծառաները երկրպագության ի՞նչ վայրեր են օգտագործել անցյալում։ բ) Ի՞նչ զգացումներ ուներ Հիսուսը Երուսաղեմում գտնվող տաճարի հանդեպ։ գ) Ո՞րն է այս հոդվածի նպատակը։

ՎԱՂ ժամանակներից Աստծու ծառաները ունեցել են իրենց երկրպագության վայրերը։ Աբելը Եհովային ընծաներ բերեց թերևս զոհասեղանի վրա (Ծննդ. 4։3, 4)։ Նոյը, Աբրահամը, Իսահակը, Հակոբը և Մովսեսը զոհասեղաններ կանգնեցրին (Ծննդ. 8։20; 12։7; 26։25; 35։1; Ելք 17։15)։ Եհովայի առաջնորդությամբ իսրայելացիները կառուցեցին խորանը (Ելք 25։8)։ Հետագայում նրանք տաճար կառուցեցին Եհովային երկրպագելու համար (1 Թագ. 8։27, 29)։ Բաբելոնի գերությունից վերադառնալուց հետո հրեաները կանոնավորաբար հավաքվում էին ժողովարաններում (Մարկ. 6։2; Հովհ. 18։20; Գործ. 15։21)։ Վաղ քրիստոնյաները հանդիպումներ էին անցկացնում ժողովի անդամների տներում (Գործ. 12։12; 1 Կորնթ. 16։19)։ Այսօր ամբողջ աշխարհում Եհովայի ժողովուրդը հավաքվում է կրթվելու և երկրպագելու տասնյակ հազարավոր Թագավորության սրահներում։

2 Երուսաղեմում գտնվող Եհովայի տաճարի հանդեպ Հիսուսի սերն ու գնահատանքը այնքան մեծ էին, որ ավետարանագիրներից մեկը նրան վերագրեց մարգարեական հետևյալ խոսքերը. «Քո տան հանդեպ ունեցած նախանձախնդրությունը կերավ ինձ» (Սաղ. 69։9; Հովհ. 2։17)։ Ոչ մի Թագավորության սրահ չի կարող իրավամբ կոչվել «Եհովայի տունը» այն նույն իմաստով, ինչ իմաստով որ խոսվում է Երուսաղեմի տաճարի մասին (2 Տար. 5։13; 33։4)։ Այնուհանդերձ,  Աստվածաշնչում կան սկզբունքներ, որոնք սովորեցնում են մեզ, թե ինչպես պետք է օգտագործենք մերօրյա երկրպագության վայրերը և որ պետք է հարգանք դրսևորենք դրանց հանդեպ։ Այս հոդվածի նպատակն է վերհիշել այդ սկզբունքներից մի քանիսը և տեսնել, թե ինչպես պետք է վերաբերվենք Թագավորության սրահներին, ինչպես բարվոք վիճակում պահենք դրանք և ինչպես ֆինանսական աջակցություն ցույց տանք։ *

ՀԱՐԳԱՆՔ ԴՐՍԵՎՈՐԵՆՔ ՄԱՔՈՒՐ ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ

3–5. Ի՞նչ է Թագավորության սրահը, և ինչպե՞ս պետք է վերաբերվենք մեր հանդիպումներին։

3 Թագավորության սրահը տվյալ տարածքում ապրողների համար մաքուր երկրպագության կենտրոն է։ Միջոցներից մեկը, որով Եհովան մեզ հոգևորապես սնում է, ամեն շաբաթ Թագավորության սրահում անցկացվող հանդիպումներն են։ Այստեղ ենք հոգևորապես թարմանում, ինչն անչափ կարևոր է, և առաջնորդություն ստանում նրա կազմակերպության կողմից։ Բոլոր նրանք, ովքեր հաճախում են հանդիպումներին, դա անում են Եհովայի և իր Որդու հրավերով։ Թեև մենք ամեն շաբաթ հրավիրված ենք ուտելու «Եհովայի սեղանից», երբեք չպետք է դա սովորական բան համարենք (1 Կորնթ. 10։21

4 Եհովան երկրպագություն մատուցելու և միմյանց քաջալերելու այս առիթները այնքան է կարևորում, որ ներշնչեց Պողոս առաքյալին հորդորել մեզ բաց չթողնել մեր հավաքույթները (կարդա՛  Եբրայեցիներ 10։24, 25)։ Մի՞թե Եհովայի հանդեպ հարգանք դրսևորած կլինենք, եթե բաց թողնենք քրիստոնեական հանդիպումները անկարևոր պատճառներով։ Իսկապես, մենք ցույց կտանք, թե որքան շատ ենք հարգում Եհովային և գնահատում այդ միջոցառումները՝ պատրաստվելով և ողջ սրտով մասնակցելով դրանց (Սաղ. 22։22

5 Թագավորության սրահի և այնտեղ անցկացվող հոգևոր միջոցառումների հանդեպ մեր վերաբերմունքից պետք է երևա, որ հարգում ենք Եհովային։ Չէ՞ որ դրանց նկատմամբ մեր վերաբերմունքը սերտորեն կապված է այն բանի հետ, թե ինչ ենք զգում Աստծու անվան հանդեպ, ինչը սովորաբար գրված է լինում Թագավորության սրահի ցուցանակին (համեմատի՛ր 1 Թագավորներ 8։17

6. Ինչպե՞ս են արտահայտվել ոմանք մեր Թագավորության սրահների և հանդիպումներին հաճախողների մասին (տե՛ս 27-րդ էջի նկարը)։

6 Հարգանքը, որ դրսևորում ենք մեր երկրպագության վայրերի հանդեպ, հաճախ նկատվում է ոչ Վկաների կողմից։ Օրինակ՝ Թուրքիայում մի տղամարդ ասաց. «Մաքրությունն ու կարգուկանոնը, որ նկատեցի Թագավորության սրահում, տպավորեցին ինձ։ Մարդիկ մաքուր ու կոկիկ տեսք ունեին, դեմքերին ժպիտ կար, ու ինձ ջերմորեն ողջունեցին։ Դա ինձ մեծապես տպավորեց»։ Այդ մարդը սկսեց կանոնավորաբար հաճախել մեր հանդիպումներին և շուտով մկրտվեց։ Իսկ Ինդոնեզիայի քաղաքներից մեկում մի ժողով Թագավորության սրահի նվիրումից առաջ էքսկուրսիայի հրավիրեց տեղի պաշտոնյաներին և հարևաններին։ Քաղաքապետը անչափ տպավորվեց՝ տեսնելով բարձրորակ շինությունը, դիզայնը և գեղեցիկ պարտեզը։ «Այս սրահի մաքրությունը խոսում է ձեր ճշմարիտ հավատի մասին»,— գովեց նա։

Մեր վարքը կարող է ցույց տալ, որ չենք հարգում Աստծուն (տե՛ս պարբերություն 7, 8)

7, 8. Ի՞նչ կարևոր բաներ պետք է հիշեն քրիստոնեական հանդիպումներին հաճախողները։

7 Մեր հարգանքն Աստծու հանդեպ, ով հրավիրել է մեզ քրիստոնեական հանդիպումներին, պետք է երևա մեր վարքից, հագուկապից ու հարդարանքից։ Հարգել նաև նշանակում է խուսափել ծայրահեղություններից։ Նկատվել է, որ ոմանք չափազանց խիստ են այն հարցում, թե ինչ վարք պետք է դրսևորել հանդիպումների ժամանակ, իսկ մյուսներն էլ շատ ազատ են իրենց պահում Թագավորության սրահում։ Ինչ խոսք, Եհովան ուզում է, որ իր ծառաները և հյուրերը անկաշկանդ զգան իրենց այնտեղ։ Բայց միևնույն ժամանակ ներկաները չեն ցանկանա  անհարգալից վարք դրսևորել՝ չափազանց ազատ ոճի հագուստ կրելով, տեքստային հաղորդագրություններ ուղարկելով, ծրագրի ժամանակ զրուցելով, ինչ-որ բան ուտելով ու խմելով և այլն։ Ծնողները պետք է սովորեցնեն իրենց երեխաներին, որ Թագավորության սրահը վազվզելու և խաղալու վայր չէ (Ժող. 3։1

8 Բարկությամբ լցված՝ Հիսուսը Աստծու տաճարից դուրս վռնդեց առևտրով զբաղվողներին (Հովհ. 2։13–17)։ Մեր Թագավորության սրահները նույնպես մաքուր երկրպագություն մատուցելու և հոգևոր կրթություն ստանալու վայրեր են։ Ուստի ցանկացած գործ, որը ոչ մի առնչություն չունի հոգևոր բաների հետ, պետք է արվի սրահից դուրս (համեմատի՛ր Նեեմիա 13։7, 8

ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆՔ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՍՐԱՀՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ

9, 10. ա) Ինչպե՞ս են նոր Թագավորության սրահները կառուցվում և ֆինանսավորվում, ու ինչպիսի՞ն է եղել արդյունքը։ բ) Ի՞նչ օգնություն է ցույց տրվել այն ժողովներին, որոնք ֆինանսական միջոցներ չունեին Թագավորության սրահ կառուցելու համար։

9 Եհովայի կազմակերպությունը ահռելի ջանքեր է թափում, որպեսզի համեստ Թագավորության սրահներ կառուցի և ֆինանսապես աջակցի դրանց։ Դրանք նախագծվում, կառուցվում և վերանորոգվում են կամավորների կողմից։ Ինչպիսի՞ն է եղել արդյունքը։ 1999թ. նոյեմբերի 1-ից սկսած՝ մաքուր երկրպագության ավելի քան 28000 գեղեցիկ նոր կենտրոններ են կառուցվել ամբողջ աշխարհում։ Դա նշանակում է, որ վերջին 15 տարիների ընթացքում մեկ տարում միջին հաշվով հինգ նոր Թագավորության սրահ է կառուցվել։

10 Որտեղ էլ որ Թագավորության սրահների կարիք է լինում, Եհովայի կազմակերպությունը օգնում է կառուցելու դրանք։ Այդպիսով այն առաջնորդվում է սուրբգրային մի սկզբունքով, որի համաձայն՝ մեկի ավելցուկը լրացնում է մյուսի պակասը, «որպեսզի հավասարություն լինի» (կարդա՛  2 Կորնթացիներ 8։13–15)։ Արդյունքը եղել է այն, որ գեղեցիկ նոր երկրպագության կենտրոններ են կառուցվել այն ժողովների համար, որոնք իրենց միջոցներով երբեք չէին կարողանա կառուցել Թագավորության սրահ։

11. Ի՞նչ են ասում որոշ հավատակիցներ իրենց նոր Թագավորության սրահի մասին, և ի՞նչ զգացումներ է դա քո մեջ արթնացնում։

11 Կոստա Ռիկայի ժողովներից մեկը, որը օգուտ է քաղել այս օգնությունից, հետևյալը գրեց. «Երբ կանգնում ենք Թագավորության սրահի առջև, մեզ թվում է, թե երազի մեջ ենք։ Չենք կարողանում հավատալ, որ սրահ ունենք։ Մեր գեղեցիկ սրահը կառուցվեց ընդամենը ութ օրում։ Դա հնարավոր եղավ Եհովայի օրհնության, իր կազմակերպության և եղբայրների աջակցության շնորհիվ։ Երկրպագության այս վայրը իսկապես թանկ նվեր է՝ մի գանձ, որ Եհովան տվել է մեզ։ Մենք անչափ ուրախ ենք»։ Մի՞թե սիրտդ չի ջերմանում երախտագիտության այսպիսի խոսքերից, մի՞թե չես ուրախանում՝ իմանալով, որ նույն ցնծությունն ապրում են մեր եղբայրները աշխարհի հազարավոր վայրերում։ Հստակ է, որ սա Եհովայի  գործն է, քանի որ հենց Թագավորության սրահի շինարարությունն ավարտվում է, հաճախ ավելի շատ ազնվասիրտ մարդիկ են սկսում հաճախել հանդիպումներին՝ մեր սիրառատ Ստեղծչի մասին ավելի շատ բան իմանալու համար (Սաղ. 127։1

12. Ինչպե՞ս կարող ես աջակցել Թագավորության սրահի շինարարությանը։

12 Շատ եղբայրներ և քույրեր մեծ ուրախություն են ստացել՝ մասնակցելով Թագավորության սրահի շինարարությանը։ Անկախ այն բանից՝ կարող ենք աշխատել շինհրապարակում, թե ոչ, բոլորս առանձնաշնորհում ունենք աջակցելու այսպիսի նախագծերին մեր նվիրաբերություններով։ Աստվածաշնչյան ժամանակներում մաքուր երկրպագության հանդեպ նախանձախնդրությունը մղել է Աստծու ժողովրդին ֆինանսավորելու աստվածապետական նախագծերը, նույնը կարելի է ասել մեր օրերի մասին (Ելք 25։2; 2 Կորնթ. 9։7

ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՍՐԱՀԻ ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆԸ

13, 14. Սուրբգրային ո՞ր սկզբունքները կարելի է կիրառել Թագավորության սրահը մաքուր և կոկիկ պահելու հարցում։

13 Երբ Թագավորության սրահի շինարարությունն ավարտված է, անհրաժեշտ է այն մաքուր պահել, որպեսզի արտացոլի կարգուկանոն սիրող Աստծու հատկությունները, այն Աստծու, որին երկրպագում ենք (կարդա՛  1 Կորնթացիներ 14։33, 40)։ Աստվածաշունչը սրբությունը և հոգևոր մաքրությունը կապում է ֆիզիկական մաքրության հետ (Հայտն. 19։8)։ Ուստի եթե մարդիկ ցանկանում են ունենալ Եհովայի հաճությունը, պետք է նաև հետևեն հիգիենայի կանոններին։

14 Այս սկզբունքներին ներդաշնակ՝ մենք պետք է մաքուր և կոկիկ պահենք մեր սրահը, որպեսզի հետաքրքրվող անձանց միշտ անկաշկանդ հրավիրենք մեր հանդիպումներին՝ վստահ լինելով, որ սրահի լավ վիճակը կհամապատասխանի  բարի լուրին, որ քարոզում ենք։ Նրանք կտեսնեն, որ երկրպագում ենք սուրբ Աստծու, որը շուտով երկիրը վերածելու է մաքուր մի վայրի՝ դրախտի (Ես. 6։1–3; Հայտն. 11։18

15, 16. ա) Ինչո՞ւ կարող է դժվար լինել Թագավորության սրահը մաքուր պահելը, բայց ինչո՞ւ է դա անհրաժեշտ։ բ) Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում Թագավորության սրահը մաքրելու համար, և ի՞նչ առանձնաշնորհում ունի յուրաքանչյուրս։

15 Մարդիկ տարբեր կարծիքներ ունեն մաքրության վերաբերյալ։ Ինչո՞ւ։ Պատճառը կարող է լինել դաստիարակությունը։ Ոմանք ապրել են փոշոտ տեղերում կամ այնպիսի վայրերում, որտեղ փողոցները կեղտոտ ու ցեխոտ են։ Ուրիշներն էլ չեն ունեցել բավարար ջուր կամ մաքրության պարագաներ։ Անկախ այն բանից, թե ինչ հանգամանքներում ենք ապրում, և թե մեր տեղանքում ինչ վերաբերմունք ունեն մաքրության մասին, մեր Թագավորության սրահը պետք է այս հարցում օրինակ լինի, քանի որ այն կրում է Եհովայի անունը և մաքուր երկրպագության վայր է (2 Օրենք 23։14

16 Թագավորության սրահի մաքրությանը չի կարելի անլրջորեն վերաբերվել։ Յուրաքանչյուր երեցների խորհուրդ պետք է միջոցներ ձեռնարկի, որ գրաֆիկ կազմվի և բավարար քանակությամբ մաքրության պարագաներ լինեն, որպեսզի ժողովի երկրպագության վայրը լավ վիճակում պահվի։ Քանի որ մաքրության որոշ գործեր պետք է անել ամեն հանդիպումից հետո, որոշ գործեր էլ ոչ այդքան հաճախ, լավ համագործակցություն և վերահսկողություն է անհրաժեշտ՝ վստահ լինելու համար, որ ոչ մի բան չի անտեսվում։ Ժողովի բոլոր անդամները առանձնաշնորհում ունեն այս հարցում համագործակցության ոգի դրսևորելու։

ԲԱՐՎՈՔ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆՔ ՊԱՀՈՒՄ ՄԵՐ ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԸ

17, 18. ա) Մաքուր երկրպագության վայրերը բարվոք վիճակում պահելու ի՞նչ սուրբգրային նախօրինակներ կան։ բ) Ինչո՞ւ պետք է Թագավորության սրահները լավ վիճակում պահել։

17 Եհովայի ծառաները նաև ջանքեր են թափում, որպեսզի իրենց երկրպագության վայրերը վերանորոգեն։ Հուդայի Հովաս թագավորը կարգադրեց քահանաներին Եհովայի տան համար արված նվիրաբերություններն օգտագործել «տան վնասված տեղերը նորոգելու» համար (2 Թագ. 12։4, 5)։ Ավելի քան 200 տարի անց Հովսիա թագավորը նույնպես օգտագործեց տաճարի նվիրաբերությունները՝ անհրաժեշտ վերանորոգման աշխատանքների համար (կարդա՛  2 Տարեգրություն 34։9–11

18 Մասնաճյուղերի հաշվետվություններից երևում է, որ որոշ երկրներում մարդիկ սովորաբար առաջնահերթ չեն համարում շինությունները կամ սարքավորումները բարվոք վիճակում պահելը։ Թերևս այսպիսի երկրներում քչերը գիտեն, թե ինչպես անել այդ գործը, կամ էլ բավարար գումար չունեն վերանորոգման համար։ Հստակ է, սակայն, որ եթե Թագավորության սրահը բարվոք վիճակում պահելու աշխատանքներն անտեսվեն, ապա արդյունքում շինությունը ժամանակից շուտ կկորցնի իր պատշաճ տեսքը և լավ վկայություն չի լինի տարածքի բնակիչների համար։ Մյուս կողմից՝ երբ ժողովի անդամները հնարավորինս ամեն բան անում են Թագավորության սրահը լավ վիճակում պահելու համար, այդպիսով փառաբանում են Եհովային և խնայում հավատակիցների արած նվիրաբերությունները։

Թագավորության սրահը մաքուր և բարվոք վիճակում պահելու աշխատանքները չպետք է անտեսվեն (տե՛ս պարբերություն 16, 18)

19. Ի՞նչ ես վճռել անել մաքուր երկրպագության համար օգտագործվող մեր շինությունների առնչությամբ։

19 Թագավորության սրահը շինություն է, որը նվիրված է Եհովային։ Ուստի չի կարելի իրավամբ ասել, որ այն որևէ անհատի կամ ժողովի սեփականությունն է, անկախ նրանից, թե իրավաբանորեն ում է պատկանում։ Աստվածաշնչյան սկզբունքներից երևում է, որ մենք պետք է լավ համագործակցենք, որպեսզի այս շինությունը համապատասխանի այն նպատակին, ինչի համար կառուցված է։ Ժողովի բոլոր անդամները կարող են նպաստել դրան՝ մեր երկրպագության վայրերի հանդեպ հարգանք դրսևորելով, նոր շինարարության համար նվիրաբերություններ անելով և հոժարակամորեն տրամադրելով իրենց ժամանակն ու ուժերը, որ Թագավորության սրահները լավ մաքրված ու բարվոք վիճակում լինեն։ Այդպես վարվելով՝ ցույց կտանք, որ Հիսուսի նման՝ նախանձախնդիր ենք Եհովայի մաքուր երկրպագության հանդեպ (Հովհ. 2։17

^ պարբ. 2 Թեև հոդվածում խոսվում է հիմնականում Թագավորության սրահների մասին, նույն սկզբունքները կիրառելի են նաև համաժողովների սրահների և մաքուր երկրպագության համար գործածվող մյուս շինությունների առնչությամբ։