Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՀՈՒԼԻՍ 2015

Ծառայիր Եհովային «աղետաբեր օրերում»

Ծառայիր Եհովային «աղետաբեր օրերում»

«ԱՌՈՂՋԱԿԱՆ խնդիրներս գնալով ավելի ու ավելի են շատանում»,— հոգոց հանելով ասում է Էռնստը *, որը 70-ն անց է։ Ծանո՞թ խոսքեր են։ Եթե դու էլ ես տարիքդ առնում ու զգում ես, որ կորցնում ես առողջությունդ և ուժդ, ուրեմն քեզ գուցե հոգեհարազատ լինի Ժողովող 12-րդ գլխում գրված նկարագրությունը։ Առաջին համարում ծերության օրերը կոչվում են «աղետաբեր օրեր»։ Այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ դատապարտված ես տառապելու։ Դու դեռևս կարող ես բավականություն պատճառող կյանքով ապրել՝ ուրախությամբ ծառայելով Եհովային։

ԱՄՈՒՐ ՀԱՎԱՏ ՊԱՀՊԱՆԻՐ

Սիրելի՛ տարեց քույր կամ եղբայր, դու միակը չես, որ դժվարություններ ես կրում։ Աստվածաշնչյան ժամանակներում ապրած Եհովայի տարեց ծառաները նույնպես ունեցել են նման փորձություններ։ Օրինակ՝ Իսահակը, Հակոբը և Աքիան կորցրել էին իրենց տեսողությունը (Ծննդ. 27։1; 48։10; 1 Թագ. 14։4)։ Սառան իրեն «զառամյալ» էր զգում (Ծննդ. 18։11, 12)։ Դավիթ թագավորը «չէր տաքանում» (1 Թագ. 1։1)։ Հարուստ Բերզելին այլևս չէր կարողանում զգալ իր կերածի համը և լսել երաժշտության ձայնը (2 Սամ. 19։32–35)։ Իսկ Աբրահամն ու Նոեմին զգացին, թե ինչ բան է կողակցի կորստի ցավը (Ծննդ. 23։1, 2; Հռութ 1։3, 12

Ի՞նչն օգնեց նրանցից յուրաքանչյուրին հավատարիմ մնալու Եհովային և պահպանելու ուրախությունը։ Ծեր տարիքում Աբրահամը, հավատալով Աստծու խոստմանը, «զորացավ իր հավատով» (Հռոմ. 4։19, 20)։ Մենք նույնպես ամուր հավատի կարիք ունենք։ Նման հավատ ունենալը կախված չէ մեր տարիքից, ընդունակություններից կամ հանգամանքներից։ Օրինակ՝ Հակոբ նահապետը, նույնիսկ երբ տկար էր, կույր և անկողնուն գամված, ամուր հավատ դրսևորեց Աստծու խոստումների հանդեպ (Ծննդ. 48։1–4, 10; Եբր. 11։21)։ Իսկ մեր օրերում ապրող 93-ամյա Ինեսը, չնայած տառապում է մկանների թուլացումից, ասում է. «Ամեն օր ես ինձ մեծապես վարձատրված եմ զգում Եհովայի կողմից։ Ամեն օր մտածում եմ դրախտի մասին։ Դա ինձ հույս է տալիս»։ Ի՜նչ հիանալի, դրական տրամադրվածություն։

Մենք մեր հավատը ամրացնում ենք աղոթքի, Աստծու Խոսքի ուսումնասիրության և քրիստոնեական հանդիպումներին ներկա լինելու միջոցով։ Տարեց մարգարե Դանիելը կանոնավորաբար օրը երեք անգամ աղոթում էր և շարունակ ուսումնասիրում էր Աստծու Խոսքը (Դան. 6։10; 9։2)։ Տարեց այրի Աննան «երբեք չէր հեռանում տաճարից» (Ղուկ. 2։36, 37)։ Երբ քո հնարավորության սահմաններում հաճախում ես հանդիպումներին և մասնակցում դրանց, դու ոչ միայն քեզ ես թարմացնում, այլև բոլոր ներկաներին։ Եհովային միշտ հաճելի են քո աղոթքները, նույնիսկ եթե հնարավորություն չունես շատ բան անելու (Առակ. 15։8

Քաջալերեք իրար

Ձեզնից շատերը, հավատարի՛մ տարեցներ, շատ կուզեին լավ տեսողություն ունենալ, որ ի վիճակի լինեին կարդալու և բավականաչափ ուժ ունենալ հանդիպումներին ներկա լինելու համար։ Բայց ձեզ համար դա ավելի ու ավելի դժվար է դառնում և գուցե նույնիսկ անհնարին։ Ի՞նչ անել այդ դեպքում։ Լավագույնս օգտվեք ձեզ հասանելի բաներից։ Օրինակ՝ շատերը, ովքեր չեն կարողանում հաճախել հանդիպումներին, ծրագիրը լսում են հեռախոսով։ Չնայած թույլ տեսողությանը՝ 79-ամյա Ինգան պատրաստվում է հանդիպումներին խոշորացված տեքստի միջոցով, որը ժողովի եղբայրներից մեկը համակարգչով պատրաստում է իր համար։

Դու թերևս ունես մի բան, ինչ ուրիշները կուզեին ունենալ՝ ժամանակ։ Օգտագործիր այդ ժամանակը Աստվածաշնչի և աստվածաշնչյան գրականության, ելույթների ու ներկայացումների ձայնագրություններ լսելու համար։ Կարող ես նաև նախաձեռնություն վերցնել և զանգահարել հավատակիցներիդ, որպեսզի «հոգևոր պարգև» փոխանցես նրանց, և միասին «փոխադարձ քաջալերություն ստանաք» (Հռոմ. 1։11, 12

ԱԿՏԻՎ ՄՆԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Խոսքը քարոզեք

«Սարսափելի բան է, երբ գնալով պակաս ակտիվ ես դառնում»,— հառաչելով ասում է Քրիստան, որը մոտ 85 տարեկան է։ Ինչպե՞ս կարող են տարեցները պահպանել իրենց ուրախությունը։ «Եթե դրական  տրամադրվածություն ունենաս,— ասում է 75-ամյա Պիտերը,— և անընդհատ չմտածես այն մասին, ինչ այլևս չես կարող անել, այլ ուրախանաս այն բաներով, ինչ կարողանում ես անել»։

Օրինակ՝ մտածիր վկայություն տալու այն միջոցների մասին, որոնք դեռևս հասանելի են քեզ։ Հայդին այլևս չի կարողանում գնալ տնետուն։ Ուստի 80-ն անց տարիքում սովորեց համակարգչով նամակներ գրել։ Որոշ տարեց քարոզիչներ աստվածաշնչյան թեմաներով քննարկումներ են սկսել՝ այգու կամ կանգառի նստարանին նստած։ Իսկ եթե ապրում ես ծերանոցում, կարող ես քո «տարածքը» ունենալ՝ քարոզելով քեզ հոգ տանող բուժանձնակազմին և ուրիշներին։

Եղեք հյուրասեր

Կյանքի վերջին տարիներին Դավիթ թագավորը եռանդորեն առաջ էր տանում մաքուր երկրպագությունը։ Նա միջոցներ նվիրաբերեց և հոգ տարավ, որ համապատասխան աջակցություն տրամադրվի տաճարի շինարարության ժամանակ (1 Տար. 28։11–29։5)։ Դու կարող ես ակտիվորեն հետաքրքրվել ամբողջ աշխարհում տեղի ունեցող Թագավորության գործով և հնարավորության սահմաններում աջակցել դրան։ Կարո՞ղ ես օգնել ձեր ժողովի ռահվիրաներին և մյուս եռանդուն քարոզիչներին՝ քաջալերական խոսքեր ասելով, փոքրիկ նվեր տալով կամ համեստ հյուրասիրություն ցուցաբերելով։ Քո աղոթքներում կարող ես հիշատակել երիտասարդներին, ընտանիքներին, լիաժամ ծառայողներին, հիվանդներին և նրանց, ովքեր ծանր պատասխանատվություններ ունեն։

Դու շատ թանկ ես, և քո կատարած ծառայությունը նույնպես շատ բարձր է գնահատվում։ Մեր երկնային Հայրը երբեք չի թողնի ձեզ, սիրելի՛ տարեցներ (Սաղ. 71։9)։ Եհովան սիրում և քնքշորեն հոգ է տանում ձեր մասին։ Շուտով գալու են օրեր, երբ կշարունակենք մեծանալ, բայց տարիքն իր հետ չի բերի աղետաբեր օրեր ու տառապանք։ Մենք կատարյալ առողջություն կունենանք և ուժով լի կշարունակենք ծառայել մեր սիրառատ Եհովա Աստծուն ողջ հավիտենության ընթացքում։

^ պարբ. 2 Որոշ անուններ փոխված են։