Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՀՈՒԼԻՍ 2015

Կարևո՞ր է, թե ով է տեսնում քո կատարած աշխատանքը

Կարևո՞ր է, թե ով է տեսնում քո կատարած աշխատանքը

ԲԵՍԵԼԻԵԼԻ ու Օհոլիաբի համար շինարարությունը նոր գործ չէր։ Երբ նրանք Եգիպտոսում ստրուկ էին, հավանաբար այնքան շատ էին աղյուսներ պատրաստել, որ չէին էլ ուզում հիշել այդ մասին։ Բայց այդ տարիները անցյալում էին մնացել։ Այժմ նրանք նշանակվել էին առաջնորդելու խորանի շինարարության գործը, հետևաբար շատ հմուտ արհեստավորներ էին դառնալու (Ելք 31։1–11)։ Այնուամենայնիվ, նրանց արած որոշ զարմանալի գործեր քչերն էին տեսնելու։ Արդյոք ճանաչված չլինելը վհատեցրե՞ց նրանց։ Իսկապես կարևո՞ր էր, թե ով էր տեսնելու նրանց արած գործը։ Իսկ կարևո՞ր է, թե ով է տեսնում քո կատարած աշխատանքը։

ՆՐԲԱԳԵՂ ԳՈՐԾԵՐ, ՈՐ ՔՉԵՐԸ ՏԵՍԱՆ

Խորանի կահավորանքի որոշ մասեր իսկական գլուխգործոցներ էին։ Օրինակ՝ մտածիր ոսկե քերովբեների մասին, որոնք ուխտի տապանակի կափարիչի երկու ծայրերին էին։ Պողոս առաքյալը դրանք նկարագրեց՝ ասելով, որ քերովբեները «փառավոր» էին (Եբր. 9։5)։ Պատկերացրու կոփված ոսկուց պատրաստված այս քանդակների շքեղությունը (Ելք 37։7–9

Եթե Բեսելիելի ու Օհոլիաբի գործերը այսօր հայտնաբերվեին, ապա արժանի կլինեին ցուցադրվելու ամենալավ թանգարաններում, որտեղ բարձր կգնահատվեին մեծ թվով մարդկանց կողմից։ Բայց այն ժամանակ, երբ այդ քանդակները պատրաստվել էին, քանի՞սը իրականում տեսան դրանց շքեղությունը։ Քերովբեները տեղադրված էին Սրբությունների Սրբությունում, ուստի դրանք կարող էր տեսնել միայն քահանայապետը, երբ տարին միայն մեկ անգամ Քավության օրը մտներ այնտեղ (Եբր. 9։6, 7)։ Ուստի շատ քիչ մարդիկ տեսան դրանք։

ԲԱՎԱՐԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԳՏՆԵԼ՝ ԱՌԱՆՑ ՃԱՆԱՉՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ

Եթե Բեսելիելի կամ Օհոլիաբի փոխարեն լինեիր և տքնաջան աշխատեիր այդպիսի արվեստի գլուխգործոց ստեղծելու համար, ի՞նչ կզգայիր, երբ իմանայիր, որ այդքան քիչ մարդ է տեսնելու դրանք։ Այսօր մարդիկ բավարարվածության զգացումով են լցվում, երբ արժանանում են իրենց հասակակիցների գովասանքին և հիացմունքին։ Դրանցով նրանք գնահատում են իրենց գործի արժեքը։ Բայց Եհովայի ծառաները տարբերվում են։ Բեսելիելի և Օհոլիաբի նման՝ մենք բավարարվածություն ենք զգում՝ կատարելով Եհովայի կամքը և նրա հավանությունն ունենալով։

Հիսուսի օրերում սովորական երևույթ էր այն, որ կրոնական առաջնորդները աղոթքներ էին մատուցում՝  մարդկանց տպավորելու համար։ Սակայն Հիսուսը այլ մոտեցում խրախուսեց ունենալ. աղոթել անկեղծորեն՝ առանց դիտորդների կողմից փառքի արժանանալու ցանկության։ Իսկ ի՞նչ կլինի արդյունքը։ «Քո Հայրը, որ դիտում է ծածուկ տեղից, կհատուցի քեզ» (Մատթ. 6։5, 6)։ Հստակ է, որ կարևորն այն չէ, թե ինչ են մեր աղոթքների մասին մտածում ուրիշները, այլ թե ինչ է Եհովան մտածում։ Նրա կարծիքն է մեր աղոթքներն իսկապես արժեքավոր դարձնում։ Նույնը կարելի է ասել ցանկացած բանի մասին, որ անում ենք մեր սուրբ ծառայության մեջ։ Մեր արածի կարևորությունը չի պայմանավորվում նրանով, թե այն համընդհանուր ճանաչում բերում է մեզ, թե ոչ, այլ նրանով, որ փառք է բերում Եհովային, որը «դիտում է ծածուկ տեղից»։

Երբ խորանի շինարարությունն ավարտվեց, ամպը «ծածկեց հանդիպման վրանը, և խորանը Եհովայի փառքով լցվեց» (Ելք 40։34)։ Եհովայի հաճության ինչպիսի՜ դրսևորում։ Քո կարծիքով՝ ի՞նչ էին զգում այդ պահին Բեսելիելն ու Օհոլիաբը։ Թեև նրանց անունները չփորագրվեցին իրենց ձեռքի գործերի վրա, նրանք թերևս բավարարվածության զգացումով էին պարուրված, որ Աստված օրհնել էր իրենց բոլոր ջանքերը (Առակ. 10։22)։ Հետագա տարիներին նրանց սրտերը անշուշտ ջերմանում էին, երբ տեսնում էին, որ իրենց գործերը շարունակում են օգտագործվել Եհովային մատուցվող ծառայության մեջ։ Երբ Բեսելիելն ու Օհոլիաբը հարություն առնեն նոր աշխարհում, անկասկած կուրախանան՝ իմանալով, որ խորանը օգտագործվեց ճշմարիտ երկրպագության մեջ մոտ 500 տարի։

Նույնիսկ եթե ոչ ոք չի տեսնում խոնարհաբար և պատրաստակամորեն կատարած քո ծառայությունը, Եհովան տեսնում է

Այսօր Եհովայի կազմակերպության մեջ անիմատորների, նկարիչների, երաժիշտների, լուսանկարիչների, թարգմանիչների և գրողների անունները չեն հրապարակվում։ Այս իմաստով նրանց աշխատանքը ոչ ոք «չի տեսնում»։ Նույնը կարելի է ասել աշխարհի ավելի քան 110000 ժողովներում կատարվող շատ գործերի մասին։ Ո՞վ է տեսնում, որ հաշվետարը լրացնում է փաստաթղթերը ամսվա վերջում, կամ ժողովի քարտուղարը պատրաստում է քարոզչական ծառայության հաշվետվությունը։ Ո՞վ է տեսնում եղբորը կամ քրոջը, որը Թագավորության սրահում վերանորոգման աշխատանքներ է կատարում։

Իրենց կյանքի վերջում Բեսելիելն ու Օհոլիաբը հաղթանշան, շքանշան կամ պատվոնշան չստացան իրենց փայլուն աշխատանքի և բարձրորակ շինարարության համար։ Բայց ստացան շատ ավելի արժեքավոր մի բան՝ Եհովայի հավանությունը։ Կարող ենք վստահ լինել, որ Աստված նկատել էր նրանց գործը։ Թող որ ընդօրինակենք ծառայության մեջ դրսևորած նրանց խոնարհ և պատրաստակամ ոգին։