Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան (ուսումնասիրության թողարկում)  |  Հուլիս 2015

Անձնվիրաբար ծառայողների կյանքից. Ռուսաստան

Անձնվիրաբար ծառայողների կյանքից. Ռուսաստան

1991թ.-ին Ռուսաստանում Եհովայի վկաները ուրախությունից ցնծում էին, երբ իրենց գործունեության վրա երկար ժամանակ դրված արգելքը հանվեց, և նրանք պետական գրանցում ստացան։ Այդ ժամանակ քչերը կարող էին պատկերացնել, որ Վկաների թիվը տասնապատիկ կմեծանա՝ հասնելով 170000-ի։ Թագավորության այս ջանասեր քարոզիչների թվում են արտասահմանից եկած Վկաները, որոնք տեղափոխվել են Ռուսաստան, որպեսզի օգնեն հոգևոր հնձի գործում (Մատթ. 9։37, 38)։ Եկեք խոսենք նրանցից մի քանիսի մասին։

ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ՕԳՆՈՒՄ ԵՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԺՈՂՈՎՆԵՐԸ

Այն ժամանակ, երբ Ռուսաստանում արգելքը հանվեց, Մեթյուն, որը Մեծ Բրիտանիայից է, 28 տարեկան էր։ Այդ տարվա համաժողովներից մեկի ժամանակ մի ելույթում խոսվեց այն մասին, որ Արևելյան Եվրոպայի ժողովներում օգնության կարիք կա։ Օրինակ՝ հռետորը նշեց, որ Սանկտ Պետերբուրգում (Ռուսաստան) կա մի ժողով, որտեղ երեցներ չկան, այլ կա միայն մեկ ծառայող օգնական։ Իսկ քարոզիչները մի քանի հարյուր Աստվածաշնչի ուսումնասիրություն են անցկացնում։ Մեթյուն ասում է. «Այդ ելույթից հետո անընդհատ Ռուսաստանի մասին էի մտածում, ուստի տեղափոխվելու իմ ցանկության մասին կոնկրետ աղոթեցի Եհովային»։ Նա մի քիչ փող խնայեց, վաճառեց իր ունեցվածքի մեծ մասը և 1992թ.-ին տեղափոխվեց Ռուսաստան։ Իսկ ի՞նչ եղավ հետո։

Մեթյուն

Մեթյուն պատմում է. «Լեզուն խնդիր էր ինձ համար. չէի կարողանում հոգևոր լավ քննարկումներ անցկացնել»։ Նրա համար մեկ այլ դժվարություն էր կացարան գտնելը։ Եղբայրն ասում է. «Արդեն կորցրել եմ հաշիվը, թե քանի անգամ է եղել, որ անսպասելի պահանջել են ազատել բնակարանը»։ Չնայած սկզբնական շրջանում ունեցած դժվարություններին՝ Մեթյուն ասում է. «Ռուսաստան տեղափոխվելը լավագույն որոշումն է, որ երբևէ կայացրել եմ»։ Նա բացատրում է. «Այստեղ ծառայելով՝ սովորել եմ ավելի շատ վստահել Եհովային և տեսել եմ, թե ինչպես է նա շատ կերպերով առաջնորդություն տվել»։ Հետագայում եղբայրը նշանակվեց երեց ու հատուկ ռահվիրա, իսկ այժմ ծառայում է Սանկտ Պետերբուրգի մասնաճյուղում։

1999թ.-ին Հերոոն 25 տարեկանում ավարտեց Ծառայության կատարելագործման դպրոցը Ճապոնիայում։ Ուսուցիչներից մեկը խրախուսեց նրան ծառայել օտարախոս դաշտում։ Հերոոն լսել էր,  որ Ռուսաստանում քարոզիչների կարիք կա, ուստի սկսեց ռուսերեն սովորել։ Եղբայրը այլ գործնական քայլ էլ ձեռնարկեց։ Նա պատմում է. «Ես վեց ամսով գնացի Ռուսաստան։ Քանի որ այնտեղ ձմեռները խստաշունչ են, գնացի նոյեմբեր ամսին, որպեսզի տեսնեմ՝ կկարողանամ դիմանալ ցրտին, թե ոչ»։ Այդ ձմեռը բարեհաջող անցկացնելուց հետո Հերոոն վերադարձավ Ճապոնիա և սկսեց ապրել շատ պարզ կյանքով, որպեսզի բավականաչափ գումար խնայի Ռուսաստան վերադառնալու համար, այս անգամ մնալու նպատակով։

Հերոոն և Սվետլանան

Հերոոն արդեն 12 տարի է, ինչ ապրում է Ռուսաստանում։ Նա ծառայել է մի քանի ժողովներում։ Եղել է այնպես, որ Հերոոն հոգ է տարել ավելի քան 100 քարոզչի մասին՝ լինելով միակ երեցը։ Մի ժողովում ամեն շաբաթ նա անցկացնում էր Ծառայողական հանդիպման ծրագրի մեծ մասը, Աստվածապետական ծառայության դպրոցը, «Դիտարանի» ուսումնասիրությունը և հինգ տարբեր Գրքի ուսումնասիրության հանդիպումներ։ Եղբայրը նաև շատ հովվական այցելություններ էր անում։ Հետ նայելով այդ տարիներին՝ Հերոոն ասում է. «Մեծ ուրախություն է օգնել եղբայրներին ու քույրերին հոգևորապես ամուր մնալու»։ Ինչպե՞ս է անդրադառնում եղբոր վրա ծառայելը այնտեղ, որտեղ կարիքը մեծ է։ Նա ասում է. «Նախքան Ռուսաստան գնալը ես ծառայում էի երեց ու ռահվիրա, բայց կարծում եմ՝ այստեղ գալուց հետո բոլորովին այլ փոխհարաբերություններ եմ զարգացրել Եհովայի հետ։ Սովորել եմ ավելի շատ վստահել նրան կյանքիս բոլոր բնագավառներում»։ 2005թ.-ին Հերոոն ամուսնացավ Սվետլանայի հետ, և նրանք երկուսով շարունակեցին ռահվիրա ծառայել։

Մայքլը և Օլգան Մարինայի ու Մեթյուի հետ

Մեթյուն, որը 34 տարեկան է, և նրա եղբայրը՝ Մայքլը, որը 28 տարեկան է, Կանադայից են։ Երկուսն էլ այցելեցին Ռուսաստան և զարմացան՝ տեսնելով, որ շատ հետաքրքրվողներ են այցելում ժողով, բայց քիչ եղբայրներ կան ժողովները անցկացնելու համար։ Մեթյուն ասում է. «Իմ այցելած ժողովում հանդիպումներին ներկա էր լինում 200 հոգի, բայց ժողովները անցկացնում էին մի տարեց երեց և մի ծառայող օգնական։ Տեսնելով այս ամենը՝ ցանկացա տեղափոխվել և աջակցել եղբայրներին»։ 2002թ.-ին Մեթյուն տեղափոխվեց Ռուսաստան։

Չորս տարի անց Մայքլը տեղափոխվեց Ռուսաստան և շուտով հասկացավ, որ եղբայրների կարիքը դեռևս մեծ է։ Լինելով ծառայող օգնական՝ նա նշանակվեց որպես հաշվետար և գրականության ու տարածքների պատասխանատու։ Նրան նաև խնդրեցին անել ժողովի քարտուղարի գործը, հանրային ելույթներ ներկայացնել, օգնել կազմակերպելու համաժողովներ և Թագավորության սրահների շինարարությունը։ Առայսօր ժողովներում օգնության մեծ կարիք կա։ Չնայած ժողովում բազմաթիվ պատասխանատվություններ ունենալը հեշտ չէ, Մայքլը, որն այժմ երեց է ծառայում, ասում է. «Եղբայրներին աջակցելով՝ ես բավարարվածության մեծ զգացում եմ ունենում։ Սա կյանքիս տարիները անցկացնելու լավագույն ձևն է»։

Այդ ընթացքում Մեթյուն ամուսնացավ Մարինայի հետ, իսկ Մայքլը՝ Օլգայի։ Երկու զույգն էլ մյուս բազմաթիվ կամավորների հետ շարունակում են աջակցել մեծացող ժողովներին։

ԵՌԱՆԴՈՒՆ ՔՈՒՅՐԵՐԸ ՕԳՆՈՒՄ ԵՆ ՀՆՁԻ ԳՈՐԾՈՒՄ

Տատյանա

1994թ.-ին, երբ Տատյանան 16 տարեկան էր, Չեխիայից, Լեհաստանից և Սլովակիայից վեց հատուկ ռահվիրաներ տեղափոխվեցին Ուկրաինա՝ նրա ժողով։ Քույրը սիրով հիշում է նրանց՝ ասելով. «Նրանք եռանդուն ռահվիրաներ էին, մատչելի ու բարի մարդիկ, որոնք լավ գիտեին Աստվածաշունչը»։ Տատյանան տեսավ, թե ինչպես է Եհովան օրհնում նրանց անձնազոհ ոգին և մտածեց. «Ես ուզում եմ նրանց պես լինել»։

Ռահվիրաների օրինակից քաջալերված՝ Տատյանան դպրոցական արձակուրդներին ուրիշ քարոզիչների հետ գնաց Ուկրաինայի և Բելառուսի հեռավոր տարածքներ, որտեղ Վկաները երբեք չէին քարոզել։ Նրան այնքան դուր եկան քարոզչական այս ճանապարհորդությունները, որ ծրագրեց տեղափոխվել Ռուսաստան և ընդլայնել ծառայությունը։ Սկզբում կարճ ժամանակով գնաց Ռուսաստան, որպեսզի այցելի արտասահմանից այնտեղ տեղափոխված մի քրոջ, ինչպես նաև աշխատանք փնտրի, որ կարողանա հոգալ իր ֆիզիկական կարիքները և ռահվիրայություն  անել։ 2000թ.-ին Տատյանան տեղափոխվեց Ռուսաստան։ Իսկ հե՞շտ էր նրա համար։

Քույրը պատմում է. «Քանի որ հնարավորություն չունեի սեփական բնակարան ունենալու, ստիպված էի ուրիշների տանը սենյակ վարձել։ Այդպես ապրելը հեշտ չէր։ Լինում էին պահեր, երբ ուզում էի տուն վերադառնալ։ Բայց Եհովան միշտ օգնում էր ինձ տեսնելու, որ օգուտներ կստանամ՝ շարունակելով ծառայությունս»։ Այսօր Տատյանան միսիոներ է Ռուսաստանում։ Նա ասում է. «Այն բոլոր տարիներին, որ անց եմ կացրել հայրենի երկրիցս հեռու, կյանքի անգին փորձ և շատ ընկերներ եմ ձեռք բերել։ Իսկ, որ ամենակարևորն է, այդ տարիները ամրացրել են հավատս»։

Մասակոն

Ճապոնիայից Մասակոն, որն այժմ 50-ն անց է, իր ողջ կյանքում ցանկացել է միսիոներ ծառայել։ Սակայն առողջական խնդիրների պատճառով դա անհնար էր թվում նրան։ Բայց երբ նրա առողջությունը որոշ չափով բարելավվեց, քույրը որոշեց տեղափոխվել Ռուսաստան, որպեսզի օգնի հնձի գործում։ Թեև դժվար էր հարմարավետ կացարան և կայուն աշխատանք գտնել, ճապոներեն ուսուցանելով և մաքրության գործեր անելով՝ նա կարողացավ հոգալ իր կարիքները ու ռահվիրայություն անել։ Իսկ ի՞նչն է օգնել նրան շարունակելու ծառայությունը։

Ավելի քան 14 տարի է, ինչ Մասակոն ծառայում է Ռուսաստանում։ Հետ նայելով այդ տարիներին՝ նա ասում է. «Ծառայության բերած ուրախությունը ծածկում է ցանկացած դժվարություն, որին բախվում եմ։ Քարոզելով այն տարածքներում, որտեղ Թագավորության քարոզիչների կարիք կա՝ ավելի ակտիվ ու հետաքրքիր կյանքով եմ ապրում»։ Քույրն ավելացնում է. «Ինձ համար ժամանակակից հրաշք է անձամբ տեսնել, թե ինչպես է Եհովան տարիներ շարունակ սննդով, հագուստով և կացարանով ապահովում ինձ»։ Բացի ծառայելուց Ռուսաստանի այն տարածքներում, որտեղ կարիքը ավելի մեծ է, Մասակոն նաև քարոզել է Ղրղըզստանում։ Նա աջակցել է նաև անգլիախոս, չինախոս և ույղուրախոս խմբերին։ Այժմ քույրը ռահվիրա է ծառայում Սանկտ Պետերբուրգում։

ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ ԵՎ ՕՐՀՆՎՈՒՄ

Ինգան և Միխայելը

Տնտեսական անապահովության պատճառով ընտանիքները հաճախ տեղափոխվում են արտերկիր՝ իրենց ֆինանսական վիճակը բարելավելու համար։ Բայց հնում ապրած Աբրահամի և Սառայի պես՝ որոշ ընտանիքներ տեղափոխվում են արտասահման՝ հոգևոր նպատակներ հետապնդելով (Ծննդ. 12։1–9 Օրինակ՝ Ուկրաինայից ամուսիններ Միխայելը և Ինգան Ռուսաստան տեղափոխվեցին 2003թ.-ին։ Շուտով նրանք Ռուսաստանում գտան աստվածաշնչյան ճշմարտությունը փնտրող մարդկանց։

Միխայելը պատմում է. «Մի անգամ, երբ ծառայում էինք այն տարածքում, որտեղ Վկաները չէին քարոզել, մի տարեց մարդ բացեց դուռը և հարցրեց. «Դուք քարոզիչնե՞ր եք»։ Երբ պատասխանեցինք՝ այո, նա ասաց. «Գիտեի, որ մի օր գալու եք։ Անհնար է, որ Հիսուսի ասած խոսքերը չկատարվեն»։ Այնուհետև մեջբերեց Մատթեոս 24։14 համարը»։ Միխայելն ավելացնում է. «Այդ տարածքում նաև գտանք բապտիստ կանանց մի խումբ, որոնք անկեղծ մարդիկ էին և ծարավ էին ճշմարտության։ Նրանք ունեին «Հավիտյան ապրել» գիրքը և ամեն շաբաթ դրա օգնությամբ ուսումնասիրում էին Աստվածաշունչը։ Մենք ժամեր շարունակ մնացինք նրանց մոտ. պատասխանեցինք նրանց հարցերին, միասին երգեցինք Թագավորության երգերը և ընթրեցինք։ Անչափ հաճելի հիշողություններ են մնացել այդ այցելությունից»։ Միխայելն ու Ինգան համաձայնվում են, որ ծառայելով այն տարածքներում, որտեղ Թագավորության քարոզիչների կարիքը մեծ է, ավելի են մտերմացել Եհովայի հետ, մարդկանց հանդեպ նրանց սերը մեծացել է, և նրանք օրհնվել են՝ ունենալով բավարարվածության մեծ զգացում բերող կյանք։ Այսօր նրանք շրջանային ծառայություն են անում։

Օկսանան, Ալեքսեյը և Յուրին

Ուկրաինայից Յուրին և Օկսանան, որոնք այժմ մոտ 35 տարեկան ամուսիններ են, և նրանց որդին՝ Ալեքսեյը (այժմ՝ 13 տարեկան), 2007թ.-ին այցելեցին Ռուսաստանի մասնաճյուղ։ Այնտեղ նրանք տեսան Ռուսաստանի քարտեզը, որում հսկայական չնշանակված տարածքներ էին նշված։ Օկսանան ասում է. «Այդ քարտեզը տեսնելուց հետո հասկացանք, որ իրոք Թագավորության քարոզիչների մեծ կարիք կա։ Դա օգնեց մեզ մտովի պատրաստվելու Ռուսաստան տեղափոխվելուն»։ Իսկ ի՞նչն օգնեց նրանց հետագայում։ Յուրին ասում է. «Մեր հրատարակություններում այնպիսի հոդվածներ կարդալը, ինչպիսին «Կարո՞ղ ես ծառայել օտարախոս դաշտում» հոդվածն է *, օգտակար եղավ մեզ համար։ Մենք այցելեցինք այն տարածք, որը մասնաճյուղը առաջարկել էր մեզ, և սկսեցինք կացարան ու աշխատանք փնտրել»։ 2008թ.-ին նրանք տեղափոխվեցին Ռուսաստան։

Սկզբում աշխատանք գտնելը հեշտ չէր, և մի քանի անգամ նրանք ստիպված մի բնակարանից մյուսը տեղափոխվեցին։ Յուրին ասում է. «Հաճախ աղոթում էինք, որ չվհատվենք, և շարունակում էինք քարոզել՝ վստահ լինելով, որ Եհովան կօգնի։ Եվ համոզվեցինք, որ երբ Թագավորության շահերը առաջին տեղում ես դնում, Եհովան հոգ է տանում քո մասին։ Այս ծառայությունը ամրացրեց մեր ընտանիքը» (Մատթ. 6։22, 33)։ Իսկ դա ինչպե՞ս անդրադարձավ Ալեքսեյի վրա։ Օկսանան ասում է. «Նա շատ ավելի լավն է դարձել։ Մեր որդին նվիրվեց Եհովային և ինը տարեկանում մկրտվեց։ Տեսնելով, թե Թագավորության քարոզիչների որքան մեծ կարիք կա՝ Ալեքսեյը ամեն անգամ դպրոցական արձակուրդներին ենթառահվիրա է ծառայում։ Մենք շատ ենք ուրախանում, երբ տեսնում ենք նրա սերն ու եռանդը ծառայության հանդեպ»։ Այսօր Յուրին և Օկսանան հատուկ ռահվիրաներ են։

«ՄԻԱԿ ԲԱՆԸ, ՈՐԻ ՀԱՄԱՐ ԱՓՍՈՍՈՒՄ ԵՄ»

Ինչպես երևում է այս «հնձվորների» խոսքերից, ծառայությունը ընդլայնելու նպատակով այլ վայրեր տեղափոխվելու համար պետք է լիովին վստահես Եհովային։ Ինչ խոսք, նրանք, ովքեր ծառայում են այնտեղ, որտեղ կարիքը մեծ է, դժվարությունների են բախվում, բայց նաև զգում են այն մեծ ուրախությունը, որը գալիս է բարի լուրը հայտնելուց այն մարդկանց, ովքեր դրականորեն են արձագանքում։ Կկարողանա՞ս օգնել հնձի գործում՝ տեղափոխվելով այնտեղ, որտեղ Թագավորության քարոզիչների կարիքը դեռևս մեծ է։ Եթե որոշես նման բան անել, շուտով կզգաս այն, ինչ զգում է Յուրին, որը այլ վայր տեղափոխվելու իր որոշման մասին ասում է. «Միակ բանը, որի համար ափսոսում եմ, այն է, որ այդ որոշումը ավելի շուտ չեմ կայացրել»։

^ պարբ. 20 Տե՛ս «Դիտարանի» 1999թ. հոկտեմբերի 15-ի համարը (էջ 23–27, անգլ., ռուս.)։