Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան (ուսումնասիրության թողարկում)  |  Հունիս 2015

«Դուք տոկունության կարիք ունեք»

«Դուք տոկունության կարիք ունեք»

ԱՅՆ բանից հետո, երբ Անիտան * մկրտվեց և դարձավ Եհովայի վկա, նրա ամուսինը սկսեց խիստ հակառակվել։ Անիտան ասում է. «Նա թույլ չէր տալիս ինձ, որ գնամ հանդիպումներին, և նույնիսկ արգելում էր Աստծու անունը տալ։ Եհովայի անունը տալը արդեն բավական էր, որ ամուսինս հունից դուրս գար»։

Իր երեխաներին Եհովայի մասին սովորեցնելը մեկ այլ լուրջ դժվարություն էր Անիտայի համար։ «Եհովային երկրպագելը բառի բուն իմաստով արգելված էր իմ տանը։ Չէի կարողանում բացեիբաց երեխաներիս հետ ուսումնասիրություն անցկացնել, ոչ էլ կարողանում էի հանդիպումներին տանել նրանց»։

Ինչպես երևում է Անիտայի օրինակից, ընտանիքի անդամների կողմից եկող հակառակությունը քրիստոնեական անարատությունը պահելու հարցում կարող է լուրջ փորձություն լինել։ Նույնը կարելի է ասել այն դեպքերի առնչությամբ, երբ առողջական քրոնիկ խնդիրներ ունես, կորցրել ես երեխայիդ կամ կողակցիդ, կամ երբ ընտանիքիդ անդամը թողել է Եհովային։ Իսկ ի՞նչը կարող է օգնել քրիստոնյային հավատարիմ մնալու Եհովային։

Նման փորձությունների բախվելիս ի՞նչ կանես։ Պողոս առաքյալն ասաց. «Դուք տոկունության կարիք ունեք» (Եբր. 10։36)։ Իսկ ի՞նչը կարող է օգնել քեզ, որ տոկաս։

ԱՊԱՎԻՆԻՐ ԵՀՈՎԱՅԻՆ՝ ԱՂՈԹԵԼՈՎ ՆՐԱՆ

Հիմնական միջոցներից մեկը, որով կարող ենք անհրաժեշտ զորություն ստանալ փորձությունների ժամանակ տոկալու համար, Աստծուն աղոթելն է։ Քննենք մի օրինակ։ Մի երկուշաբթի՝ կեսօրին, Անայի ընտանիքում դժբախտություն եղավ։ Նրա ամուսինը, ում հետ ամուսնացած էր 30 տարի, հանկարծակի մահացավ։ Անան ասում է. «Ամուսինս այդպես էլ չվերադարձավ աշխատանքից։ Նա ընդամենը 52 տարեկան էր»։

Ինչպե՞ս Անան դիմացավ ամուսնու կորստի ցավին։ Նա պետք է աշխատեր։ Գործի բնույթն այնպիսին էր, որ պետք է ամբողջովին կենտրոնանար աշխատանքի վրա։ Դա օգնեց Անային, բայց չվերացրեց նրա ցավը։ Նա ասում է. «Սիրտս դատարկեցի Եհովայի առաջ և աղաչեցի նրան, որ օգնի դիմանալու սարսափելի կորստին»։ Արդյոք պատասխանե՞ց Եհովան նրա աղոթքներին։ Անան համոզված է, որ Եհովան պատասխանել է։ Նա ասում է. «Այն խաղաղությունը, որ միայն Աստված կարող է տալ, փաղաքշեց հոգիս և օգնեց, որ հոգեկան հավասարակշռություն պահպանեմ։ Ես չեմ կասկածում, որ Եհովան հարություն կտա ամուսնուս» (Փիլիպ. 4։6, 7

«Աղոթքներ Լսողը» խոստանում է, որ իր ծառաներին կտա այն ամենը, ինչ նրանց անհրաժեշտ է իրեն հավատարիմ մնալու համար (Սաղ. 65։2)։ Համաձայն չե՞ս, որ սա հավատ զորացնող հավաստիացում է։ Մի՞թե այն չի վստահեցնում քեզ, որ դու նույնպես կարող ես տոկալ։

ՄՈՏ ՄՆԱ ՀԱՎԱՏԱԿԻՑՆԵՐԻԴ

Եհովան աջակցում է իր ժողովրդին քրիստոնեական հանդիպումների միջոցով։ Օրինակ՝ այն ընթացքում, երբ Թեսաղոնիկեի ժողովը դաժան հալածանքներ էր կրում, Պողոսը հորդորեց այնտեղի քրիստոնյաներին «շարունակել մխիթարել և կերտել միմյանց, ինչպես որ [նրանք] անում էին» (1 Թեսաղ. 2։14; 5։11)։ Միմյանց հետ մտերմանալու և իրար օգնելու շնորհիվ Թեսաղոնիկեի քրիստոնյաները կարողացան հաղթահարել իրենց հավատի փորձությունը։ Նրանց տոկունության վերաբերյալ արձանագրությունը հիանալի օրինակ է մեզ համար և բացահայտում է մի բան, ինչը կարող է օգնել մեզ տոկալու։

Ժողովի անդամների հետ մտերմանալը կարող է «նպաստել միմյանց կերտելուն» (Հռոմ. 14։19)։ Սա հատկապես կարևոր է դժվար ժամանակներում։ Պողոսն ինքը բազմաթիվ դժվարությունների բախվեց, և Եհովան ուժ տվեց նրան, որ տոկա։ Երբեմն Աստված հատկապես քաջալերում էր Պողոսին հավատակիցների միջոցով։ Օրինակ՝ երբ նա անհատական բարևներ ուղարկեց Կողոսայի ժողովի անդամներին, իր ընկերների մասին ասաց. «Հենց նրանք էին, որ զորավիգ եղան ինձ [մխիթարութիւն եղան, «Արարատ» թարգմանություն]» (Կող. 4։10, 11)։ Այո՛, Պողոսի հետ ունեցած մտերմությունը մղեց  նրանց մխիթարելու և աջակցելու նրան, երբ նա օգնության կարիք ուներ։ Թերևս դու էլ նման քաջալերանք ու աջակցություն ես ստացել քո ժողովի անդամներից։

ԴԻՄԻՐ ԵՐԵՑՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՆԸ

Աստված օգնության մեկ այլ միջոց էլ է տվել մեզ՝ երեցներին։ Հոգևորապես հասուն այս տղամարդիկ կարող են «քամու դեմ եղող պատսպարանի պես» լինել և «փոթորկի դեմ եղող թաքստոցի պես, անջուր երկրում վտակների պես» և «չորացած երկրում՝ մեծ ապառաժի ստվերի պես» (Ես. 32։2)։ Որքա՜ն մխիթարական են այս խոսքերը։ Ուստի երբ դժվարություններ ես ունենում, դիմիր երեցներին։ Նրանց տված քաջալերանքի ու աջակցության շնորհիվ կկարողանաս տոկալ։

Ինչ խոսք, երեցները հրաշագործներ չեն։ Նրանք անկատար մարդիկ են, որոնք «նույն թուլություններն ունեն, որոնք [մենք] ունենք» (Գործ. 14։15)։ Այնուհանդերձ, մեր օգտի համար արված նրանց աղոթքները շատ բան կարող են անել (Հակ. 5։14, 15)։ Իտալիայում ապրող մի եղբայր, որը երկար տարիներ է, ինչ տառապում է մկանների հետաճման հետևանքներից, ասաց. «Եղբայրների սերն ու հոգատարությունը, ինչպես նաև նրանց հաճախակի այցելությունները օգնում են ինձ, որ տոկամ»։ Լիարժեքորեն օգտվո՞ւմ ես Եհովայի տրամադրած այս սիրառատ միջոցից՝ երեցների օգնությունից։

ԿԱՆՈՆԱՎՈՐԱԲԱՐ ՀՈԳԵՎՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԻՐ

Ուրիշ բաներ էլ կան, որոնք կարող են օգնել մեզ տոկալու։ Դրանցից մեկը կանոնավորաբար հոգևոր գործունեությամբ զբաղվելն է։ Նկատի առնենք 39-ամյա Ջոնի օրինակը, որի մոտ հայտնաբերեցին քաղցկեղի՝ հազվադեպ հանդիպող մի տեսակ։ Նա խոստովանում է. «Ինձ թվում էր՝ կյանքն ինձ հետ անարդարացիորեն է վարվում. ես այնքա՜ն երիտասարդ էի»։ Այդ ժամանակ Ջոնի որդին ընդամենը երեք տարեկան էր։ Ջոնն ասում է. «Դա նշանակում էր, որ կինս ոչ միայն պետք է հոգ տաներ մեր փոքրիկի մասին, այլ նաև իմ մասին, բացի այդ պետք է օգներ ինձ գնալու բժշկի»։ Քիմիաբուժության պատճառով Ջոնը ուժասպառ էր լինում և սրտխառնոց էր ունենում։ Եվ դա դեռ ամենը չէր։ Ջոնի հայրը անբուժելի հիվանդություն ձեռք բերեց, և կարիք առաջացավ, որ ընտանիքի անդամները խնամեն նրան։

Ինչպե՞ս Ջոնը և նրա ընտանիքը հաղթահարեցին այս դժվար իրավիճակը։ Նա պատմում է. «Չնայած ուժասպառ էի լինում, բայց հոգ էի տանում, որ ընտանիքս կանոնավորաբար հոգևոր գործունեությամբ զբաղվի։ Մենք հաճախում էինք բոլոր հանդիպումներին, ամեն շաբաթ մասնակցում էինք ծառայությանը և կանոնավորաբար ընտանեկան երկրպագություն անցկացնում, նույնիսկ երբ դժվար էր դա անել»։ Այո՛, Ջոնը համոզվեց, որ ցանկացած դժվարության ներքո տոկալու գաղտնիքը հոգևորապես ամուր մնալն է։ Ծանր հանգամանքներում եղողներին Ջոնն ասում է. «Սկզբում շոկ ես ապրում և տանջող մտքեր ես ունենում։ Բայց դրանից հետո զգում ես Եհովայի զորությունն ու սերը։ Եհովան կարող է զորացնել քեզ, ինչպես որ ինձ է զորացրել»։

Անկասկած, Աստծու օգնությամբ մենք կարող ենք տոկալ դժվար փորձությունների ժամանակ և ծանր իրավիճակներում, որոնց գուցե բախվենք այժմ կամ ապագայում։ Ուստի եկեք ապավինենք Եհովային՝ աղոթելով նրան, մտերմանանք մեր ժողովի անդամների հետ, դիմենք երեցների օգնությանը և կանոնավորաբար հոգևոր գործունեությամբ զբաղվենք։ Այդպես անելով՝ ցույց կտանք, որ հիշում ենք Պողոսի հետևյալ խոսքերը. «Դուք տոկունության կարիք ունեք»։

^ պարբ. 2 Հոդվածում որոշ անուններ փոխված են։