Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՀՈՒՆԻՍ 2015

Քրիստոս. Աստծու զորությունը

Քրիստոս. Աստծու զորությունը

«Քրիստոսը Աստծու զորությունն է» (1 ԿՈՐՆԹ. 1։24

1. Ինչո՞ւ Պողոսը կարող էր ասել, որ «Քրիստոսը Աստծու զորությունն է»։

ԵՀՈՎԱՆ իր զորությունը Հիսուս Քրիստոսի միջոցով զարմանալի կերպերով է դրսևորել։ Չորս Ավետարանները հավատը զորացնող մանրամասներ են հայտնում Քրիստոսի արած որոշ հրաշքների մասին։ Ակներևաբար, նա ուրիշ շատ հրաշքներ էլ է գործել (Մատթ. 9։35; Ղուկ. 9։11)։ Այո՛, Աստծու զորությունը դրսևորվում էր Հիսուսի միջոցով։ Ահա թե ինչու Պողոս առաքյալը նրա մասին կարող էր ասել. «Քրիստոսը Աստծու զորությունն է» (1 Կորնթ. 1։24

2. Ի՞նչ կարող ենք սովորել Հիսուսի հրաշքներից։

2 Պետրոս առաքյալը ասաց, որ Հիսուսը «հրաշքներ» գործեց (Գործ. 2։22)։ Զորավոր գործերը, որ նա արեց երկրի վրա, նախաշողն էին ավելի մեծ օրհնությունների, որ լինելու են նրա թագավորական իշխանության օրոք։ Դրանք նախաշուքն էին այն հրաշքների, որ Հիսուսն անելու է Աստծու նոր աշխարհում ողջ երկրի մասշտաբով։ Նրա հրաշքները նաև օգնում են մեզ ավելի լավ հասկանալու, թե ինչպիսի անձնավորություն են ինքն ու իր Հայրը։ Եկեք քննենք Հիսուսի հրաշքներից մի քանիսը և տեսնենք, թե ինչ ազդեցություն դրանք կարող են ունենալ մեր կյանքի վրա հիմա և ապագայում։

 ԱՌԱՏԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ ՍՈՎՈՐԵՑՆՈՂ ՀՐԱՇՔ

3. ա) Ո՞ր հանգամանքները մղեցին Հիսուսին գործելու իր առաջին հրաշքը։ բ) Ինչպե՞ս Հիսուսը առատաձեռնություն դրսևորեց Կանայում։

3 Գալիլեայի Կանայում հարսանեկան խնջույքի ժամանակ Հիսուսը կատարեց իր առաջին հրաշքը։ Հարսանիքի ժամանակ ինչ-ինչ պատճառներով գինին վերջացավ. գուցե ավելի շատ հյուրեր էին եկել, քան ակնկալվում էր։ Հյուրերի թվում էր Մարիամը՝ Հիսուսի մայրը։ Արդյո՞ք նա խնդրեց իր որդուն օգնել, քանի որ հավատում էր, որ վերջինս չբացահայտված զորություն ունի։ Տարիներ շարունակ Մարիամը, անկասկած, խորհրդածել էր բոլոր այն մարգարեական խոստումների շուրջ, որոնք կապված էին Հիսուսի հետ, որը, ինչպես ինքը գիտեր, կոչվելու էր «Բարձրյալի Որդի» (Ղուկ. 1։30–32; 2։52)։ Ամեն դեպքում մի բան հստակ է. Կանայում Մարիամն ու Հիսուսը կարեկցանք դրսևորեցին նորապսակների հանդեպ և ցանկացան դուրս բերել նրանց անհարմար վիճակից։ Հիսուսը գիտեր, որ հյուրասիրությունը պարտականություն է։ Ուստի հրաշքով մոտ 380 լիտր ջուրը «լավ գինու» վերածեց (կարդա՛  Հովհաննես 2։3, 6–11)։ Իսկ Հիսուսը պարտավո՞ր էր այս հրաշքն անել։ Ո՛չ։ Իրականում, նա մտածում էր մարդկանց մասին և ընդօրինակում էր իր երկնային Հոր առատաձեռնությունը։

4, 5. ա) Ի՞նչ է Հիսուսի առաջին հրաշքը սովորեցնում մեզ։ բ) Կանայում կատարած հրաշքից ի՞նչ ենք իմանում ապագայի մասին։

4 Հիսուսը հրաշքով ջուրը մեծ քանակությամբ լավ գինու վերածեց, որը բավարար էր շատ թվով մարդկանց համար։ Նկատո՞ւմ ես, թե ինչ է սովորեցնում այս հրաշքը։ Այն, որ Հիսուսը պատրաստակամորեն գործեց այդ հրաշքը, հավաստիացնում է մեզ, որ մարդկանց զգացմունքները կարևոր են նրա և իր Հոր համար։ Ո՛չ Հայրը, ո՛չ Որդին ժլատ չեն։ Հիմա պատկերացրու, թե ինչպես է Եհովան առատաձեռնորեն օգտագործելու իր զորությունը նոր աշխարհում, որպեսզի ողջ երկրում «բոլոր ժողովուրդների համար» ճոխ խնջույք կազմակերպի (կարդա՛  Եսայիա 25։6

5 Միայն մտածիր. գալիս է ժամանակը, երբ կբավարարվեն յուրաքանչյուր մարդու պատշաճ ցանկություններն ու կարիքները, օրինակ՝ ամեն ոք սննդարար կերակուր և հարմարավետ տուն կունենա։ Եկեք սրտի թրթիռով սպասենք այն լավ բաներին, որ Եհովան առատաձեռնորեն տալու է երկրային դրախտում։

Երբ առատաձեռնորեն տրամադրում ենք մեր ժամանակը, ցույց ենք տալիս, որ սովորում ենք Հիսուսից (տե՛ս պարբերություն 6)

6. Ո՞ւմ հանդեպ Հիսուսը օգտագործեց իր հրաշագործ զորությունը, և ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրան։

6 Հետաքրքրական է, որ երբ Բանսարկուն փորձեց Հիսուսին՝ ասելով, որ նա քարերը հաց դարձնի, վերջինս իր հրաշագործ զորությունը չօգտագործեց իր ցանկությունները բավարարելու համար (Մատթ. 4։2–4)։ Բայց ուրիշներին օգնելու համար Հիսուսը պատրաստակամորեն իր զորությունն օգտագործում էր։ Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել մարդկանց հանդեպ դրսևորած նրա անեսասեր վերաբերմունքը։ Նա քաջալերեց Աստծու ծառաներին՝ ասելով՝ տվեք (Ղուկ. 6։38)։ Կարո՞ղ ենք դրսևորել այս հրաշալի հատկությունը՝ առատաձեռնությունը՝ ուրիշներին հրավիրելով մեր տուն ճաշելու և հոգևոր խնջույք վայելելու։ Կարո՞ղ ենք հանդիպումներից հետո առատաձեռնորեն մեր ժամանակը տրամադրել նրան, ով մեր կարիքն ունի, օրինակ՝ լսել եղբորը, երբ նա փորձում է իր ելույթը։ Ինչպե՞ս կարող ենք օգնել նրանց, ովքեր  աջակցության կարիք ունեն ծառայության մեջ։ Հնարավորության դեպքում նյութապես և հոգևորապես առատաձեռնորեն աջակցելով ուրիշներին՝ մենք ցույց ենք տալիս, որ սովորում ենք Հիսուսից։

«ԲՈԼՈՐԸ ԿԵՐԱՆ ՈՒ ԿՇՏԱՑԱՆ»

7. Ի՞նչը գոյություն կունենա, քանի դեռ ապրում ենք այս համակարգում։

7 Աղքատությունը նոր բան չէ։ Եհովան ասաց հին Իսրայելին, որ երկրում միշտ էլ աղքատներ կլինեն (2 Օրենք 15։11)։ Դարեր անց Հիսուսն ասաց. «Աղքատները միշտ ձեզ հետ են, բայց ես միշտ չեմ լինի ձեզ հետ» (Մատթ. 26։11)։ Արդյո՞ք Հիսուսը նկատի ուներ այն, որ միշտ աղքատ մարդիկ են լինելու երկրի վրա։ Ո՛չ, նա ուզում էր ասել, որ աղքատներ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ գոյություն ունի այս ապականված աշխարհը։ Ուստի որքա՜ն քաջալերական է իմանալ, որ Հիսուսի հրաշքները նախաշուքն են ավելի լավ ժամանակների, որ լինելու են Թագավորության ներքո. բոլորը առատ սնունդ կունենան և բավարարված կլինեն։

8, 9. ա) Ի՞նչը մղեց Հիսուսին հրաշքով կերակրելու հազարավոր մարդկանց։ բ) Այս հրաշքի հետ կապված ի՞նչն է քեզ տպավորում։

8 Սաղմոսերգուն ասաց Եհովայի մասին. «Դու բաց ես անում քո ձեռքը և գոհացնում ամեն կենդանի արարածի փափագը» (Սաղ. 145։16)։ Կատարելապես ընդօրինակելով իր Հորը՝ Քրիստոսը՝ Աստծու զորությունը, հաճախ բաց էր անում իր ձեռքը և բավարարում իր հետևորդների ցանկությունները։ Նա դա չէր անում պարզապես իր զորությունը ցույց տալու համար, այլ քանի որ իսկապես մտահոգված էր մարդկանց բարօրությամբ։ Եկեք նկատի առնենք Մատթեոս 14։14–21 համարները (կարդա՛)։ Մի մեծ բազմություն քաղաքներից ոտքով եկել էր Հիսուսի հետևից (Մատթ. 14։13)։ Երեկոյան աշակերտները, որոնք ակներևաբար ոչ միայն քաղցած էին, այլև մտահոգված էին քաղցած և հոգնած ժողովրդի համար, եկան Հիսուսի մոտ և ասացին, որ նա արձակի բազմությանը, որպեսզի մարդիկ գնան և ուտելու բան գնեն։ Ի՞նչ էր անելու Հիսուսը։

9 Հինգ հացով և երկու ձկով նա կերակրեց 5000 տղամարդու, ինչպես նաև կանանց և երեխաների։ Մի՞թե չենք տպավորվում, երբ մտածում ենք, թե ինչպես Հիսուսն օգտագործեց իր հրաշագործ զորությունը, որպեսզի ողորմածաբար կերակրի ընտանիքներին, այդ թվում՝ երեխաներին։ Կարելի է եզրակացնել, որ ուտելիքն առատ էր, քանի որ բազմությունը «կերավ ու կշտացավ»։ Հիսուսը ոչ թե մի կտոր հաց տվեց նրանց, այլ բավարար կերակուր, որ դիմանային տունդարձի երկար ճանապարհին (Ղուկ. 9։10–17)։ Դեռ տասներկու զամբյուղ ուտելիք էլ ավելացավ։

10. Ի՞նչ է շուտով լինելու աղքատությանը։

10 Այսօր հարյուր միլիոնավոր մարդիկ ապրում են աղքատության մեջ անարդար մարդկային կառավարությունների պատճառով։ Նույնիսկ մեր եղբայրներից ոմանք թեև կարողանում են պահպանել իրենց գոյությունը, բայց բավականաչափ սնունդ չունեն։ Սակայն մոտ է այն ժամանակը, երբ հնազանդ մարդկությունը կապրի մի աշխարհում, որում չեն լինի կոռուպցիա և աղքատություն։ Եթե ի զորու լինեիր, մի՞թե չէիր բավարարի մարդկանց կարիքները։ Ամենակարող Աստված դա անելու թե՛ զորություն, թե՛ ցանկություն ունի և շուտով գործի կանցնի։ Այո՛, մոտ է այն ժամանակը, երբ աղքատությունը կվերանա (կարդա՛  Սաղմոս 72։16

11. Ինչո՞ւ ես համոզված, որ Քրիստոսը շուտով կօգտագործի իր զորությունը ողջ երկրով, և ի՞նչ անելու ես մղվում։

11 Երբ Հիսուսը երկրի վրա էր, սահմանափակ ժամանակահատվածում՝ երեքուկես տարի, ծառայեց համեմատաբար փոքր տարածքում (Մատթ. 15։24)։ Բայց ապագայում փառավորված Թագավորի իշխանության սահմանները կձգվեն մինչև երկրի չորս ծայրերը (Սաղ. 72։8)։ Հիսուսի հրաշքները վստահեցնում են մեզ, որ նա կարող է և ցանկանում է գործի դնել իր իշխանությունը հանուն մեր բարօրության։ Թեև մենք չենք կարող հրաշքներ անել, բայց կարող ենք խանդավառությամբ մարդկանց ուշադրությունը հրավիրել Աստծու ներշնչված Խոսքի վրա։ Աստվածաշնչյան մարգարեությունները  հրաշալի ապագա են երաշխավորում։ Որպես Եհովայի վկաներ՝ մենք արժեքավոր գիտելիքներ ունենք ապագայի վերաբերյալ։ Մի՞թե մեր «պարտքը» չէ մարդկանց այդ մասին հայտնելը (Հռոմ. 1։14, 15)։ Թող որ այդ մասին խորհրդածելը մղի մեզ պատմելու ուրիշներին Աստծու Թագավորության բարի լուրը (Սաղ. 45։1; 49։3

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ԲՆՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՐԻ ՎՐԱ

12. Ինչո՞ւ կարող ենք համոզված լինել, որ Հիսուսը շատ լավ գիտի երկրի էկոլոգիական համակարգը։

12 Աստված իր միածին Որդու հետ, որը նրա կողքին «հմուտ վարպետ» էր, ստեղծեց երկիրն ու նրանում եղած բաները (Առակ. 8։22, 30, 31; Կող. 1։15–17)։ Այդ պատճառով Հիսուսը շատ լավ գիտի երկրի էկոլոգիական համակարգը։ Նա գիտի՝ ինչպես տնօրինել երկրի ռեսուրսները և հավասարապես բաշխել դրանք։

Ինչո՞վ է տպավորում քեզ այն, թե ինչպես էր Հիսուսը օգտագործում իր հրաշագործ զորությունը (տե՛ս պարբերություն 13, 14)

13, 14. Բե՛ր օրինակ, թե ինչպես Քրիստոսը կարող է վերահսկել բնության ուժերը։

13 Երբ երկրի վրա էր, Հիսուսը ցույց տվեց, որ ինքն «Աստծու զորությունն է»՝ վերահսկելով բնության ուժերը։ Նկատի առնենք, թե ինչպես նա սաստեց փոթորկին, որը սպառնում էր իր աշակերտների կյանքին (կարդա՛  Մարկոս 4։37–39)։ Մի աստվածաշնչագետ նշում է. «Հունարեն բառը [«փոթորիկ»՝ Մարկոս 4։37] գործածվում է մատնանշելու համար կատաղի փոթորիկ կամ մրրիկ։ Այն երբեք չի գործածվում սովորական հողմի դեպքում.... այլ փոթորկի, որը հանկարծակի սկսվում է սև ամպերի կատաղի որոտով ուղեկցվող քամու ուժգին պոռթկումով ու տեղատարափ անձրևով և ամեն բան տակնուվրա է անում»։ Մատթեոսի արձանագրությունը նկարագրում է այս փոթորիկը որպես «մեծ ալեկոծություն» (Մատթ. 8։24

14 Պատկերացրու հետևյալ տեսարանը. Քրիստոսը ծառայությունից հետո շատ հոգնած է։ Փոթորկոտ ծովի կատաղի ալիքները զարկվում են նավին՝ սառը ջրափոշին և սպիտակ փրփուրը շաղ տալով նավի մեջ։ Բայց չնայած որ փոթորիկը ոռնում է, իսկ նավը ուժգնորեն տարուբերվում, Հիսուսը շարունակում է քնել. նա հանգստի կարիք ունի։ Սարսափած աշակերտները արթնացնում են նրան և գոչում՝ «կործանվո՛ւմ ենք» (Մատթ. 8։25)։ Հիսուսն արթնանում է և սաստում քամուն ու ծովին՝ ասելով. «Լռի՛ր։ Հանդարտվի՛ր»։ Եվ մոլեգին քամին դադարում է (Մարկ. 4։39)։ Այո՛, Հիսուսը հրամայեց քամուն ու ծովին լռել և հանդարտ մնալ։ Ի՞նչ եղավ արդյունքում։ Կարդում ենք. «Կատարյալ հանդարտություն տիրեց»։ Զորության ինչպիսի՜ դրսևորում։

15. Ինչպե՞ս է Ամենակարող Աստված ցույց տվել, որ ի զորու է ղեկավարելու բնության ուժերը։

15 Քրիստոսի զորության Աղբյուրը հենց Եհովան է, ուստի մենք հիմքեր ունենք հավատալու, որ Ամենակարող Աստված լիովին ի զորու է ղեկավարելու բնության ուժերը։ Նկատի առնենք մի քանի օրինակ։ Ջրհեղեղից առաջ Եհովան ասաց. «Եվս յոթ օր, ու ես երկրի վրա քառասուն օր ու քառասուն գիշեր անձրև կբերեմ» (Ծննդ. 7։4Ելք 14։21-ում կարդում ենք. «Եհովան ուժգին արևելյան քամիով ծովը հետ քաշեց»։ Իսկ Հովնան 1։4-ում գրված է. «Եհովան մի մեծ քամի բերեց ծովի վրա, և մի մեծ փոթորիկ բարձրացավ, ու քիչ էր մնում, որ նավը խորտակվեր»։ Քաջալերական է իմանալ, որ Եհովան կարող է կառավարել բնության տարրերը։ Հստակ է, որ Երկիր մոլորակի ապագան հուսալի ձեռքերում է։

16. Ինչո՞ւ է մխիթարական իմանալ, որ մեր Արարիչն ու իր միածին Որդին իշխանություն ունեն բնության ուժերի վրա։

16 Որքա՜ն մխիթարական է իմանալ, որ մեր Արարիչն ու իր «հմուտ վարպետը» իշխանություն ունեն բնության ուժերի վրա։ Երբ նրանք իրենց ողջ ուշադրությունը 1000 տարվա ընթացքում կենտրոնացնեն երկրի վրա, բոլոր մարդիկ ապահովության մեջ կբնակվեն։ Սարսափելի բնական աղետները անցյալի գիրկը կանցնեն։ Նոր աշխարհում այլևս չենք վախենա թայֆուններից, ցունամիներից, հրաբուխներից և երկրաշարժերից։ Որքա՜ն հրաշալի է մտածել այն  ժամանակի մասին, երբ բնության ոչ մի ուժ չի սպանի կամ վնասի, քանի որ «Աստծու խորանը մարդկանց հետ է» լինելու (Հայտն. 21։3, 4)։ Մենք կարող ենք համոզված լինել, որ Հազարամյակի ընթացքում Քրիստոսի միջոցով դրսևորվող Աստծու զորությունը կղեկավարի բնության ուժերը։

ԸՆԴՕՐԻՆԱԿԻՐ ԱՍՏԾՈՒՆ ԵՎ ՔՐԻՍՏՈՍԻՆ ԱՅՍՕՐ

17. Ո՞րն է Աստծուն և Քրիստոսին ընդօրինակելու կերպերից մեկը այսօր։

17 Ինչ խոսք, ի տարբերություն Եհովայի և Հիսուսի՝ չենք կարող կանխել բնական աղետները, բայց մենք նույնպես զորություն ունենք։ Ինչպե՞ս ենք այն օգտագործում։ Կերպերից մեկը Առակներ 3։27կիրառելն է (կարդա՛)։ Երբ մեր եղբայրները դժվարությունների մեջ են ընկնում, մենք կարող ենք մխիթարել նրանց և աջակցել ֆիզիկապես, զգացապես ու հոգևորապես (Առակ. 17։17)։ Օրինակ՝ կարող ենք օգնել նրանց բնական աղետից հետո։ Մի այրի կին անկեղծորեն արտահայտեց իր երախտագիտությունը այն բանից հետո, երբ փոթորիկը ավերել էր իր տունը. «Ես անչափ երախտապարտ եմ, որ Եհովայի կազմակերպության մեջ եմ ոչ միայն ֆիզիկական օգնության, այլև հոգևոր օգնության համար»։ Ահա թե ինչ է ասում մի ամուրի քույր, որն իրեն անօգնական և շփոթված էր զգում այն բանից հետո, երբ տեսել էր, թե փոթորիկը ինչ վնաս է հասցրել իր տանը։ Օգնություն ստանալուց հետո նա ասաց. «Դա աննկարագրելի է։ Ես չեմ կարող լիովին արտահայտել իմ զգացմունքները.... Շնորհակալ եմ, Եհո՛վա»։ Մենք ուրախ ենք, որ մաս ենք կազմում մի եղբայրության, որն անկեղծորեն հոգ է տանում ուրիշների մասին։ Ուրախության ավելի մեծ պատճառ է այն, որ Եհովան և Հիսուս Քրիստոսը իսկապես մտածում են մեր մասին։

18. Ինչո՞ւ է տպավորիչ այն, թե ինչ մղումներով էր Հիսուսը հրաշքներ գործում։

18 Իր ծառայության ընթացքում Հիսուսը փաստեց, որ «Աստծու զորությունն է»։ Բայց որո՞նք էին նրա մղումները։ Նա իր զորությունը երբեք չի օգտագործել ուրիշներին տպավորելու համար կամ ի շահ իրեն։ Իսկապես, Հիսուսի հրաշքները բացահայտում են մարդկության հանդեպ ունեցած իր սերը։ Դրանում կհամոզվենք հաջորդ հոդվածն ուսումնասիրելիս։