Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան (ուսումնասիրության թողարկում)  |  Հունիս 2015

Նա սիրեց մարդկանց

Նա սիրեց մարդկանց

«Այն, ինչ ուրախացնում էր ինձ, մարդկանց որդիներին էր առնչվում» (ԱՌԱԿ. 8։31

1, 2. Ո՞րն է մարդկության հանդեպ Հիսուսի մեծ սիրո ապացույցներից մեկը։

ԱՍՏԾՈՒ միածին Որդին նրա անսահման իմաստության ամենավաղ և մեծագույն դրսևորումն էր։ Նա անձնավորված իմաստություն էր, «հմուտ վարպետ» իր Հոր կողքին։ Միայն պատկերացրու Հիսուսի ուրախությունն ու բավականության զգացումը, երբ Հայրը «պատրաստում էր երկինքը» և «հաստատում էր երկրի հիմքերը»։ Թեև նա գնահատում էր Աստծու ստեղծած այս անշունչ բաները, բայց նրան հատկապես «ուրախացնում էր» այն, ինչ «մարդկանց որդիներին էր առնչվում» (Առակ. 8։22–31)։ Այո՛, Հիսուսը իր մինչմարդկային գոյության հենց սկզբից սիրում էր մարդկանց։

2 Հետագայում Աստծու միածին Որդին փաստեց Հոր հանդեպ ունեցած իր նվիրվածությունն ու սերը, ինչպես նաև «մարդկանց որդիների» հանդեպ ունեցած իր մեծ սերը, երբ պատրաստակամորեն «զրկեց իրեն ամեն ինչից» և «դարձավ մարդկանց նման»։ Նա այդպես վարվեց, որպեսզի «փրկանք տա շատերի փոխարեն» (Փիլիպ. 2։5–8; Մատթ. 20։28)։ Սիրո ինչպիսի՜ դրսևորում։ Երբ Հիսուսը երկրի վրա էր, Աստված հրաշքներ գործելու զորություն տվեց նրան։ Այդ հրաշքներից երևում է, թե որքան շատ էր Աստծու Որդին սիրում մարդկանց։ Այդպիսով նա ցույց տվեց,  թե ինչ հիանալի բաներ է շուտով անելու ամբողջ աշխարհում։

3. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

3 Երկիր գալով՝ Հիսուսը նաև հնարավորություն ունեցավ «Աստծու թագավորության բարի լուրը» քարոզելու (Ղուկ. 4։43)։ Նա գիտեր, որ այս Թագավորությունը սրբացնելու է Հոր անունը և մեկընդմիշտ վերացնելու է բոլոր մարդկանց խնդիրները։ Զարմանալի չէ, որ Հիսուսի քարոզչական շրջագայությունների անբաժանելի մասն էին մարդկանց հանդեպ անկեղծ հոգատարության դրսևորումները՝ հրաշքները։ Ինչո՞ւ դրանք պետք է հետաքրքրեն մեզ։ Քանի որ այն, ինչ կիմանանք Հիսուսի արածների մասին, մեզ հույսով ու հավատով կլցնի ապագայի նկատմամբ։ Եկեք քննենք նրա հրաշքներից չորսը։

«ԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՐ, ՈՐՊԵՍԶԻ ԲՈՒԺԵՐ ՄԱՐԴԿԱՆՑ»

4. Նկարագրի՛ր Հիսուսի հանդիպումը բորոտի հետ։

4 Իր ծառայության ընթացքում Հիսուսը գնաց Գալիլեա։ Այդտեղի քաղաքներից մեկում Հիսուսի առջև մի խղճալի տեսարան բացվեց (Մարկ. 1։39, 40)։ Նա հանդիպեց սարսափելի հիվանդությունից՝ բորոտությունից տառապող մի մարդու։ Ղուկասը այդ մարդու մասին գրեց, որ նա «բորոտությամբ լեցուն» էր, որպեսզի ցույց տա, որ հիվանդությունը վերջին փուլում էր գտնվում (Ղուկ. 5։12)։ «Երբ այդ մարդը [բորոտը] Հիսուսին տեսավ, երեսի վրա ընկավ ու սկսեց աղաչել. «Տե՛ր, եթե միայն ուզենաս, կարող ես մաքրել ինձ»»։ Այս մարդը չէր կասկածում, որ Հիսուսը իշխանություն ունի իրեն բուժելու. ուզում էր իմանալ՝ արդյոք նա ցանկություն ունի՞ դա անելու։ Ի՞նչ էր Հիսուսը մտածում, երբ նայում էր այս մարդուն, որի մարմինը հիվանդությունից հավանաբար այլանդակվել էր։ Ինչպե՞ս նա կարձագանքեր այս անկեղծ խնդրանքին։ Արդյո՞ք կվարվեր փարիսեցիների նման, որոնք անկարեկից վերաբերմունք ունեին բորոտությունից տառապող մարդկանց հանդեպ։ Իսկ դո՞ւ ինչ կանեիր։

5. Բորոտին բուժելիս ի՞նչը մղեց Հիսուսին ասելու՝ ուզո՛ւմ եմ։

5 Ակներևաբար, բորոտ մարդը չէր բղավել՝ «անմաքո՜ւր, անմաքո՜ւր», ինչպես Մովսիսական օրենքն էր պահանջում։ Բայց Հիսուսը չանդրադարձավ դրան, այլ կենտրոնացավ այդ մարդու և նրա կարիքների վրա (Ղևտ. 13։43–46)։ Մենք կոնկրետ չգիտենք, թե ինչ մտքեր էին պտտվում Հիսուսի գլխում, բայց գիտենք, թե ինչ կար նրա սրտում։ Կարեկցանքից մղված՝ Հիսուսը մի անհավանական բան արեց։ Նա մեկնեց իր ձեռքը, դիպավ բորոտին և զորություն ու քնքշություն արտահայտող ձայնով ասաց. «Ուզո՛ւմ եմ։ Մաքրվի՛ր»։ Եվ «բորոտությունն անհետացավ նրանից» (Ղուկ. 5։13)։ Պարզ է, որ Եհովայի զորությունն այնտեղ էր, բայց ոչ միայն այն պատճառով, որ Քրիստոսը նման հրաշք գործեր, այլ որ նա ցույց տար, թե որքան շատ է սիրում մարդկանց (Ղուկ. 5։17

6. Հիսուսի հրաշքները ինչո՞վ են ուշագրավ, և ի՞նչ են դրանք ցույց տալիս։

6 Աստծու զորությունը Հիսուս Քրիստոսին հնարավորություն տվեց շատ տարբեր զարմանալի հրաշքներ գործելու։ Նա ոչ միայն բորոտությունն էր բուժում, այլև ամեն տեսակ հիվանդություն ու տկարություն։ Ներշնչյալ արձանագրությունում կարդում ենք. «Ժողովուրդը ապշում էր՝ տեսնելով համրերին խոսելիս, կաղերին քայլելիս և կույրերին տեսնելիս» (Մատթ. 15։31)։ Որպեսզի կարեկցանքի նման գործեր աներ, Հիսուսը կարիք չուներ դոնորների, որոնց օրգաններն օգտագործում են փոխպատվաստման համար։ Նա բուժում էր հենց հիվանդ օրգանը և մարմնի այն մասը, որը ախտահարված էր։ Եվ բուժում էր անմիջապես, անգամ հեռավորության վրա (Հովհ. 4։46–54)։ Ի՞նչ են այս զարմանահրաշ օրինակները ցույց տալիս։ Այն, որ Հիսուսը, որն այժմ երկնքում Թագավոր է, ոչ միայն զորություն, այլ նաև  ցանկություն ունի հավիտյան վերացնելու բոլոր հիվանդությունները։ Իմանալով, թե ինչպես էր Աստծու Որդին վերաբերվում մարդկանց՝ լցվում ենք համոզվածությամբ, որ նոր աշխարհում աստվածաշնչյան հետևյալ մարգարեությունը անպայման կկատարվի. «Նա կխղճա աղքատին ու խեղճին» (Սաղ. 72։13)։ Այո՛, այդ ժամանակ Հիսուսը կգործի բոլոր տառապողներին օգնելու իր սրտի ցանկության համաձայն։

«ՎԵ՛Ր ԿԱՑ, ՎԵՐՑՐՈ՛Ւ ՊԱՏԳԱՐԱԿԴ ՈՒ ՔԱՅԼԻ՛Ր»

7, 8. Ի՞նչ էր անում Հիսուսը Գալիլեայից Հրեաստան ճանապարհորդելիս։

7 Ամիսներ էին անցել, ինչ Հիսուսը Գալիլեայում բուժել էր բորոտ մարդուն։ Նա Գալիլեայից գնացել էր Հրեաստան, որպեսզի քարոզի և հռչակի Աստծու Թագավորության մասին բարի լուրը։ Հիսուսի հայտնած լուրը և նրա վարվելակերպը, ակներևաբար, անդրադարձան հազարավոր մարդկանց կյանքերի վրա։ Նա իսկապես ուզում էր աղքատներին բարի լուր հռչակել, գերիներին ազատություն քարոզել և կոտրված սրտերին վիրակապ դնել (Ես. 61։1, 2; Ղուկ. 4։18–21

8 Եկավ Նիսան ամիսը։ Հոր պատվերին հնազանդվելով՝ Հիսուսը Պասեքը նշելու համար գնաց Երուսաղեմ։ Քաղաքը եռուզեռի մեջ էր, քանի որ մարդիկ եկել էին՝ սուրբ տոնին մասնակցելու։ Տաճարից հյուսիս Բեթզաթա կոչվող մի ավազան կար, որտեղ Հիսուսը հանդիպեց մի հիվանդ մարդու։

9, 10. ա) Ինչո՞ւ էին մարդիկ գնում Բեթզաթա ավազանի մոտ։ բ) Ի՞նչ էր Հիսուսն անում ավազանի մոտ, և ի՞նչ ենք դրանից սովորում (տե՛ս 8-րդ էջի նկարը)։

9 Հիվանդ ու արատ ունեցող մարդկանց մի մեծ բազմություն հավաքվել էր Բեթզաթա ավազանի մոտ։ Ի՞նչն էր նրանց այստեղ բերել։ Որոշ անբացատրելի պատճառներով նրանք հավատում էին, որ երբ ջուրը շարժվելիս հիվանդը մտնի ավազանի մեջ, հրաշքով կապաքինվի։ Պատկերացրու, թե ինչ զգացումներով էին համակված այդ մարդիկ՝ վհատված էին, անհանգստացած և հուսահատ։ Իսկ ի՞նչն էր Հիսուսին այստեղ բերել, չէ՞ որ նա կատարյալ էր և ֆիզիկական արատ չուներ։ Կարեկցանքից մղված՝ Հիսուսը մոտեցավ մի մարդու, որը հիվանդ էր ավելի երկար ժամանակ, քան ինքն ապրում էր երկրի վրա (կարդա՛  Հովհաննես 5։5–9

10 Պատկերացնո՞ւմ ես հիվանդի հուսահատ աչքերը, երբ Հիսուսը հարցրեց նրան, թե ուզում է առողջանալ։ Վերջինս անմիջապես պատասխանեց, որ ուզում է բուժվել, բայց չգիտի՝ ինչպես, քանի որ ոչ ոք չունի, որ ջուրը շարժվելիս իրեն ավազանի մեջ իջեցնի։ Հիսուսը նրան պատվիրեց անել անհնարինը՝ վերցնել պատգարակը և քայլել։ Վստահելով Հիսուսին՝ մարդը վերցրեց պատգարակը և սկսեց քայլել։ Այս հրաշքը նախաշող է այն բանի, ինչ Հիսուսն անելու է նոր աշխարհում։ Այս արարքի մեջ նաև տեսնում ենք Հիսուսի կարեկցանքը։ Նա փնտրում էր օգնության կարիք ունեցողներին։ Հիսուսի օրինակը պետք է մղի մեզ շարունակելու մեր տարածքում փնտրել մարդկանց, ովքեր վհատված են աշխարհում տեղի ունեցող սարսափելի բաների պատճառով։

«Ո՞Վ ԴԻՊԱՎ ԻՄ ՎԵՐՆԱՀԱԳՈՒՍՏԻՆ»

11. Ինչպե՞ս են Մարկոս 5։25–34 համարները ցույց տալիս, որ Հիսուսը կարեկցում է հիվանդությունից տառապող մարդկանց։

11 Կարդա՛ Մարկոս 5։25–34։ 12 տարի կինն ամոթահար էր ապրում։ Հիվանդությունը անդրադառնում էր նրա կյանքի բոլոր բնագավառների վրա, այդ թվում՝ երկրպագության։ Թեև նա «շատ բժիշկների կողմից բազում չարչարանքներ էր կրել, ծախսել էր իր ողջ ունեցածը», նրա վիճակն ավելի էր վատացել։ Բայց առողջանալու համար մի օր նա այլ ծրագիր մշակեց. որոշեց մոտենալ Հիսուս անունով մարդուն։ Կինը մտավ բազմության մեջ և դիպավ Հիսուսի վերնահագուստին (Ղևտ. 15։19, 25)։ Հիսուսը զգաց, որ իրենից զորություն  դուրս եկավ։ «Վախից դողալով»՝ կինը «ընկավ նրա առաջ ու ողջ ճշմարտությունը պատմեց»։ Հասկանալով, որ իր Հայրը՝ Եհովան է բուժել կնոջը՝ Հիսուսը բարությամբ ասաց նրան. «Դո՛ւստր, քո հավատը բուժեց քեզ։ Գնա՛ խաղաղությամբ և քեզ տանջող հիվանդությունից առո՛ղջ եղիր»։

Իր հրաշքներով Հիսուսը փաստեց, որ իսկապես մտածում է մեր և մեր խնդիրների մասին (տե՛ս պարբերություն 11, 12)

12. ա) Մինչ այժմ քննարկածը հաշվի առնելով՝ ինչպե՞ս կնկարագրեիր Հիսուսին։ բ) Ի՞նչ օրինակ է Հիսուսը թողել մեզ։

12 Որքա՜ն բարի է Հիսուսը։ Մենք տեսնում ենք, որ նա իր սրտում միշտ տեղ ունի հիվանդություններից տառապող մարդկանց համար։ Սատանան ուզում է հավաստիացնել մեզ, որ մենք սիրված չենք ու ոչ ոքի պետք չենք։ Հիսուսն իր հրաշքներով հստակ ցույց տվեց, որ իսկապես մտածում է մեր և մեր խնդիրների մասին։ Ինչպիսի՜ ցավակից Թագավոր և Քահանայապետ ունենք մենք (Եբր. 4։15)։ Մեզ համար գուցե հեշտ չլինի հասկանալ նրանց զգացմունքները, ովքեր տառապում են քրոնիկ հիվանդությունից, հատկապես, եթե երբեք նման հիվանդություն չենք ունեցել։ Բայց հիշենք, որ Հիսուսը կարեկցում էր հիվանդ մարդկանց, չնայած որ երբեք հիվանդ չէր եղել։ Թող որ Հիսուսի օրինակը մղի մեզ լավագույնս ընդօրինակելու նրան (1 Պետ. 3։8

«ՀԻՍՈՒՍԻ ԱՉՔԵՐԻՑ ԱՐՑՈՒՆՔՆԵՐ ՀՈՍԵՑԻՆ»

13. Ղազարոսի հարությունն ի՞նչ է բացահայտում Հիսուսի մասին։

13 Հիսուսը խորապես ազդվում էր, երբ տեսնում էր ուրիշների ցավը։ Օրինակ՝ երբ տեսավ, թե ինչպես են մարդիկ սգում իր ընկեր Ղազարոսի մահը, «հառաչեց» և «հուզվեց», չնայած գիտեր, որ քիչ անց հարություն է տալու նրան (կարդա՛  Հովհաննես 11։33–36)։ Հիսուսը չէր ամաչում իր զգացմունքներն արտահայտելուց։ Մարդիկ տեսան, թե որքան  շատ էր նա սիրում Ղազարոսին և նրա ընտանիքին։ Աստվածատուր իր զորությունն օգտագործելով՝ Հիսուսը կյանքի վերադարձրեց իր ընկերոջը։ Կարեկցանքի ինչպիսի՜ դրսևորում (Հովհ. 11։43, 44

14, 15. ա) Ի՞նչն է ցույց տալիս, որ Եհովան մեծ ցանկություն ունի մարդկությանը տառապանքից ազատելու։ բ) Ինչո՞վ է ուշագրավ «հիշատակի դամբաններ» արտահայտությունը։

14 Աստվածաշունչն ասում է, որ Հիսուսը «[Ստեղծչի] էության ճշգրիտ պատկերն» է (Եբր. 1։3)։ Ուստի Հիսուսի հրաշքները ցույց են տալիս, որ ինքն ու իր Հայրը ուզում են վերացնել հիվանդության ու մահվան պատճառած ցավը։ Դա նշանակում է, որ շուտով Եհովան ու իր Որդին ավելի մեծ թվով մարդկանց են հարություն տալու։ Հիսուսն ասաց. «Գալիս է ժամը, երբ բոլոր նրանք, ովքեր գերեզմաններում են [հիշատակի դամբաններում].... դուրս կգան» (Հովհ. 5։28, 29, ծնթ.)։

15 «Հիշատակի դամբաններ» արտահայտությունը ցույց է տալիս, որ հարությունը կապված է Աստծու հիշողության հետ։ Ամենակալ Աստված, որը ստեղծել է ընդարձակ տիեզերքը, կարող է հիշել մեր մահացած սիրելիների հետ կապված ամեն մանրամասնություն, այդ թվում՝ նրանց բնածին և ձեռքբերովի գծերը (Ես. 40։26)։ Բայց Եհովան ոչ միայն կարող է հիշել, այլև ինքն ու իր Որդին ուզում են այդպես վարվել։ Ղազարոսի հարությունը և Աստվածաշնչում արձանագրված հարության մյուս դեպքերը նախաշուքն են այն բանի, ինչ տեղի է ունենալու նոր աշխարհում համաշխարհային մասշտաբով։

ՀԻՍՈՒՍԻ ՀՐԱՇՔՆԵՐԸ ԵՎ ԴՈՒ

16. Ի՞նչ առանձնաշնորհում են ունենալու այսօրվա քրիստոնյաներից շատերը։

16 Եթե պահենք մեր անարատությունը, կարող ենք ականատես լինել բոլոր ժամանակների ամենամեծ հրաշքներից մեկին՝ վերապրել մեծ նեղությունից։ Արմագեդոնից շատ չանցած՝ ավելի շատ հրաշքներ են լինելու, որոնց միջոցով վերականգնվելու է մարդկանց առողջությունը (Ես. 33։24; 35։5, 6; Հայտն. 21։4)։ Պատկերացրու՝ մարդիկ դեն են նետում իրենց ակնոցները, ձեռնափայտերը, անթացուպերը, հաշմանդամի սայլակները, լսողական ապարատները և նման այլ բաներ։ Արմագեդոնից վերապրածներին Եհովան լավ առողջություն է տալու, որի շնորհիվ նրանք շատ գործ են անելու. մեծ եռանդով Երկիր մոլորակը՝ Աստծուց տրված պարգևը, վերածելու են համաշխարհային դրախտի (Սաղ. 115։16

17, 18. ա) Ինչո՞ւ Հիսուսը հրաշքներ գործեց։ բ) Ինչո՞ւ պետք է ամեն ջանք թափես, որպեսզի լինես Աստծու նոր աշխարհում։

17 Հիսուսի կատարած բուժումները քաջալերում են «մեծ բազմության» անդամներին և ամրացնում ապագայում բոլոր հիվանդություններից զերծ լինելու նրանց հույսը (Հայտն. 7։9)։ Դրանք արտացոլում են Աստծու միածին Որդու խոր զգացմունքները և ցույց են տալիս, թե որքան շատ է նա սիրում մարդկանց (Հովհ. 10։11; 15։12, 13)։ Հիսուսի դրսևորած կարեկցանքը ցույց է տալիս, թե Եհովան որքան շատ է սիրում իր յուրաքանչյուր ծառային (Հովհ. 5։19

18 Այսօր մարդիկ հառաչում են, ցավի մեջ են և մահանում են (Հռոմ. 8։22)։ Ուստի մենք Աստծու նոր աշխարհի կարիքն ունենք։ Այնտեղ, ինչպես որ Աստված խոստացել է, կատարելապես առողջ կլինենք։ Մաղաքիա 4։2-ը վստահեցնում է, որ «պարարտ հորթերի պես ցատկոտելու» ենք՝ ուրախությունից ցնծալով, որ ազատվել ենք անկատարության կապանքներից։ Թող որ Աստծու հանդեպ երախտագիտության զգացումը և նրա խոստումների հանդեպ մեր մեծ հավատը մղեն մեզ այսօր ամեն բան անելու, որպեսզի կարողանանք ապրել նոր աշխարհում։ Որքա՜ն է մեր սիրտը զորանում այն մտքից, որ Հիսուսի կատարած հրաշքները նախաշողն էին այն ազատագրման, որ մարդկությունը շուտով վայելելու է նրա Մեսիական իշխանության ներքո։