Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան (ուսումնասիրության թողարկում)  |  Հունիս 2015

Մենք կարող ենք բարոյապես մաքուր մնալ

Մենք կարող ենք բարոյապես մաքուր մնալ

«Լվացեք ձեր ձեռքերը.... և մաքրեք ձեր սրտերը» (ՀԱԿ. 4։8

1. Ի՞նչ տեսակետ ունի աշխարհը մաքրության վերաբերյալ։

ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆԸ աշխարհում առաքինություն չի համարվում, հատկապես մեր ժամանակներում։ Շատ երկրներում համասեռամոլությունը և արտամուսնական սեռական հարաբերությունները սովորական բան են։ Նման ապրելակերպը նույնիսկ խրախուսվում է գովազդներում և ժամանցային ծրագրերում (Սաղ. 12։8)։ Անբարոյությունն այնքան է տարածվել, որ գուցե հարցնես. «Իսկապե՞ս հնարավոր է մաքուր կյանքով ապրել»։ Մեր պատասխանը միանշանակ է՝ այո՛, Եհովայի օգնությամբ ճշմարիտ քրիստոնյաները կարող են բարոյապես մաքուր մնալ (կարդա՛  1 Թեսաղոնիկեցիներ 4։3–5

2, 3. ա) Ինչո՞ւ է կարևոր պայքարել անմաքուր ցանկությունների դեմ։ բ) Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

2 Նախևառաջ պետք է գիտակցենք, որ բարոյապես մաքուր կյանք վարելու համար անհրաժեշտ է մերժել անբարո ցանկությունները։ Ինչպես որ ձկնորսական խայծն է գրավում ձկանը, այնպես էլ անբարո մտքերն ու անպարկեշտ ցանկություններն են գրավում քրիստոնյային և գցում ծուղակը, եթե նա անմիջապես չի վանում դրանք։ Այդ ամենը կարող է հաճելի լինել մեր անկատար մարմնին և դրդել անբարո արարքների։ Ժամանակի ընթացքում մեղքի հրապույրը գուցե այնքան ուժգնանա, որ մեր մեջ  անմաքուր ցանկություն «հղիանա»։ Այդ ժամանակ, երբ առիթ ներկայանա, նույնիսկ Եհովայի ծառան գուցե գործի իր ցանկությունից դրդված։ Այո՛, «ցանկությունը.... մեղք է ծնում» (կարդա՛  Հակոբոս 1։14, 15

3 Մենք թերևս սթափվենք, երբ մտածենք, թե ինչպես կարող է ակնթարթային ցանկությունը զարգանալ ու մեզ մեղքի դրդել։ Որքա՜ն քաջալերական է իմանալ, որ եթե թույլ չտանք, որ անմաքուր ցանկությունները արմատ գցեն մեր սրտում, կխուսափենք անբարո վարքից և չենք կրի դրա դառը հետևանքները (Գաղ. 5։16)։ Եկեք քննենք երեք միջոց, որոնք կօգնեն մեզ անմաքուր ցանկությունների դեմ պայքարում՝ մեր մտերիմ հարաբերությունները Եհովայի հետ, նրա Խոսքում արձանագրված խորհուրդները և հասուն հավատակիցների օգնությունը։

«ՄՈՏԵՑԵՔ ԱՍՏԾՈՒՆ»

4. Ինչո՞ւ է կարևոր մոտենալ Եհովային։

4 Նրանց, ովքեր ուզում են «մոտենալ Աստծուն», Աստվածաշունչը հետևյալ խորհուրդն է տալիս. «Լվացեք ձեր ձեռքերը.... և մաքրեք ձեր սրտերը» (Հակ. 4։8)։ Երբ գնահատում ենք Եհովայի հետ ունեցած փոխհարաբերությունները, ձգտում ենք հաճեցնել նրան մեր կյանքի բոլոր բնագավառներում, նաև ջանում ենք, որ մեր մտքերը նույնպես հաճելի լինեն նրան։ Մենք ցանկանում ենք մաքուր սիրտ ունենալ՝ մեր մտքերը կենտրոնացնելով այն բաների վրա, ինչը որ մաքուր է, առաքինի է և գովասանքի է արժանի (Սաղ. 24։3, 4; 51։6; Փիլիպ. 4։8)։ Եհովան հասկանում է, որ անկատար ենք։ Նա գիտի, որ հակված ենք անպատշաճ ցանկություններ ունենալու։ Բայց պետք է գիտակցենք, որ նա ցավ է զգում, երբ սնում ենք մեր սխալ մտքերը՝ փոխանակ ամեն բան անելու, որ մերժենք դրանք (Ծննդ. 6։5, 6)։ Այս փաստի շուրջ խորհելը կօգնի, որ ավելի վճռական լինենեք մեր մտքերը մաքուր պահելու հարցում։

5, 6. Ինչպե՞ս կարող է աղոթքը օգնել անբարո ցանկությունների դեմ պայքարում։

5 Կարևոր կերպերից մեկը, որով ցույց ենք տալիս, որ լիովին ապավինում ենք Եհովային, այն է, որ անմաքուր մտքերի դեմ պայքարելը դարձնում ենք աղոթքի թեմա։ Երբ մոտենում ենք Եհովային աղոթքի միջոցով, նա էլ մոտենում է մեզ։ Նա առատաձեռնորեն տալիս է իր սուրբ ոգին՝ այդպիսով ամրացնելով մեր վճռականությունը մերժել անբարո մտքերը և մաքուր մնալ։ Ուրեմն թող հայտնենք Աստծուն, որ անկեղծորեն ցանկանում ենք՝ մեր սրտի խորհրդածությունը հաճելի լինի իրեն (Սաղ. 19։14)։ Խոնարհաբար խնդրո՞ւմ ենք նրան քննել մեզ՝ գտնելու որևէ «սխալ ճանապարհ»՝ որևէ անմաքուր ցանկություն կամ հակում, որը կարող է մեզ մեղքի դրդել (Սաղ. 139։23, 24)։ Կանոնավորաբար աղերսո՞ւմ ենք նրան օգնել մեզ պահելու անարատությունը, երբ փորձության ենք բախվում (Մատթ. 6։13

6 Մեր դաստիարակությունն ու անցյալը գուցե մեր մեջ սեր են զարգացրել այն բաների հանդեպ, որ Եհովան դատապարտում է։ Բայց անգամ այդ դեպքում Աստված կարող է օգնել, որ անհրաժեշտ փոփոխություններ անենք, որպեսզի կարողանանք շարունակել ընդունելի ծառայություն մատուցել իրեն։ Դավիթ թագավորը գիտակցում էր դա։ Բերսաբեի հետ շնություն գործելուց հետո նա աղաչեց Եհովային. «Մաքուր սիրտ ստեղծիր իմ մեջ.... և նոր ու հաստատուն ոգի դիր իմ ներսում» (Սաղ. 51։10, 12)։ Մեղավոր ընթացքը գուցե շատ դուր գա մեր անկատար մարմնին, բայց Եհովան կարող է մեր ներսում պատրաստակամ ոգի զարգացնել՝ իրեն հնազանդվելու ցանկություն։ Նույնիսկ եթե սխալ ցանկությունները խորապես արմատավորված են մեր մեջ, և անբարո մտքերը պայքար են մղում մեր մաքուր մտքերի դեմ, Եհովան կարող է «հաստատել [մեր] քայլերը», որ կարողանանք հնազանդվել նրա պատվիրաններին և հաջողությամբ շարունակենք ապրել դրանց համաձայն։ Նա կարող է այնպես անել, որ ոչ մի չար բան չտիրի մեզ վրա (Սաղ. 119։133

Երբ ակնթարթային սխալ ցանկությունը սկսում է զարգանալ և արմատ գցել, մենք պետք է արմատախիլ անենք այն (տե՛ս պարբերություն 6)

ԽՈՍՔԸ ԿԱՏԱՐՈՂՆԵՐ ԵՂԵՔ

7. Ինչպե՞ս կարող է Աստծու Խոսքը պաշտպանել մեզ անմաքուր մտքերից։

7 Եհովան կարող է պատասխանել մեր  աղոթքներին իր Խոսքի՝ Աստվածաշնչի միջոցով։ Աստծու Խոսքում պարփակված իմաստությունը «նախևառաջ մաքուր է» (Հակ. 3։17)։ Ամեն օր Սուրբ Գիրքը ընթերցելը և կարդացածի շուրջ խորհրդածելը կօգնեն, որ պաշտպանենք մեր միտքը անբարո մտքերից (Սաղ. 19։7, 11; 119։9, 11)։ Բացի այդ, Աստվածաշնչում կան օրինակներ և կոնկրետ խորհուրդներ, որոնք կարող են օգնել մեզ խուսափելու անմաքուր ցանկությունների զոհը դառնալուց։

8, 9. ա) Ինչո՞ւ պատանին սեռական հարաբերություն ունեցավ անբարո կնոջ հետ։ բ) Արդիական ո՞ր իրավիճակների համար է կիրառելի Առակներ 7-րդ գլխի նախազգուշական օրինակը։

8 Առակներ 5։8-ում կարդում ենք. «Քո ճանապարհը նրանից [անբարո կնոջից] հեռու պահիր և նրա տան մուտքին մի՛ մոտեցիր»։ Այս խորհուրդը անտեսելու վտանգի մասին գրված է Առակներ 7-րդ գլխում, որում կարդում ենք մի պատանու մասին, որը գնացել էր զբոսնելու անբարո կնոջ տան մոտակայքում։ Երեկոյան փողոցի անկյունում նրան դիմավորում է մի կին, որը թերևս բաց հագուստով է։ Նա բռնում է պատանուն և համբուրում։ Կնոջ դյութիչ խոսքերը նրա մեջ ցանկություն են առաջացնում, որին չի կարողանում դիմադրել։ Նրանք անբարոյություն են գործում։ Ակներևաբար, պատանին չէր ծրագրել անբարոյություն գործել։ Նա անփորձ էր և առողջ դատողություն չուներ։ Ու հիմա պետք է կրեր իր արարքների աղետալի  հետևանքերը։ Եթե՜ միայն նա հեռու մնար այդ կնոջից (Առակ. 7։6–27

9 Հնարավոր է՝ մենք էլ երբեմն առողջ դատողություն չդրսևորենք և հայտնվենք վտանգավոր իրավիճակներում, որոնք կարող են սխալ ցանկություններ արթնացնել մեր մեջ։ Օրինակ՝ երեկոյան ժամերին որոշ հեռուստաալիքներ անբարո հաղորդումներ են ցուցադրում, ուստի կարող է վտանգավոր լինել աննպատակ փոխել հեռուստացույցի ալիքները։ Նաև վտանգավոր է ինտերնետում անմտածված կերպով բացել այնպիսի հղումներ, կամ այցելել այնպիսի կայքեր ու զրուցատեղիներ, որոնք հրավիրում են դիտել պոռնկագրություն կամ այլ սեքսուալ ծառայությունների առաջարկներ են անում։ Այսպիսի հանգամանքներում թերևս բախվենք մի բանի, որը անբարո ցանկություններ կառաջացնի մեր մեջ և կթուլացնի մաքուր մնալու մեր պայքարը։

10. Ինչո՞ւ է ֆլիրտը վտանգավոր (տե՛ս 13-րդ էջի նկարը)։

10 Աստվածաշունչը օգնում է մեզ մեկ այլ կերպով ևս։ Այն խորհուրդ է տալիս, թե ինչպես վերաբերվենք հակառակ սեռին (կարդա՛  1 Տիմոթեոս 5։2)։ Այս խորհուրդը միանշանակ բացառում է ֆլիրտը։ Շատերը գուցե անվնաս բան համարեն ռոմանտիկ ակնարկներ պարունակող շարժուձևը, ժեստերը և հայացքները, քանի որ դրանց մեջ ֆիզիկական շփում չկա։ Բայց ֆլիրտը կամ դրան արձագանքելը կարող է անմաքուր մտքեր արթնացնել, որոնք հնարավոր է՝ սեռական բնույթի լուրջ մեղքերի տանեն։ Նման բան շատերի հետ է եղել, և քեզ հետ նույնպես կարող է լինել։

11. Ի՞նչ լավ օրինակ է Հովսեփը մեզ համար։

11 Հովսեփը իմաստուն կերպով վարվեց նման պարագայում։ Երբ տիրոջ՝ Պետափրեսի կինը փորձեց գայթակղել նրան, Հովսեփը մերժեց նրա առաջարկները։ Բայց կինը չհանձնվեց։ Նա ամեն օր ասում էր Հովսեփին, որ «լինի իր հետ» (Ծննդ. 39։7, 8, 10)։ Ըստ մի աստվածաշնչագետի խոսքերի՝ Պետափրեսի կինը իրականում՝ ասում էր. ««Արի պարզապես մի քիչ առանձնանանք»՝ հույս ունենալով, որ այդ դեպքում [Հովսեփը] կանի առաջին քայլը»։ Բայց Հովսեփը վճռել էր երբեք չխրախուսել և նույնիսկ չհանդուրժել նրա գայթակղիչ առաջարկները։ Նա մերժում էր կնոջ սիրախաղերը և ֆլիրտ չէր անում նրա հետ։ Այդպիսով Հովսեփը թույլ չէր տալիս, որ որևէ սխալ ցանկություն արմատ գցի իր սրտում։ Երբ կինը ստիպեց նրան իր հետ սեռական հարաբերություն ունենալ, Հովսեփը վճռականորեն գործեց. «Նա թողեց իր հանդերձը նրա ձեռքում և վազքով տնից դուրս նետվեց» (Ծննդ. 39։12

12. Որտեղի՞ց գիտենք, որ աչքի տեսածը կարող է ազդել մեր սրտի վրա։

12 Աստվածաշունչը նաև զգուշացնում է մեզ, որ թույլ չտանք մեր աչքերին մոլորեցնել մեր սիրտը։ Ցանկասեր աչքերը կարող են մեր մեջ սեռական ցանկություններ արթնացնել կամ ուժգնացնել դրանք։ Հիսուսը զգուշացրեց. «Յուրաքանչյուր ոք, ով շարունակում է նայել որևէ կնոջ այնպես, որ իր մեջ կրքեր են արթնանում նրա հանդեպ, նա արդեն շնություն գործեց նրա հետ իր սրտում» (Մատթ. 5։28)։ Հիշիր, թե ինչ պատահեց Դավիթ թագավորին։ «Տանիքից նա մի կնոջ տեսավ» (2 Սամ. 11։2)։ Դավիթը հայացքը չթեքեց և իր մտքերը ուրիշ բանի վրա չկենտրոնացրեց։ Ուստի ցանկացավ մի կնոջ, որը ուրիշի կինն էր, և քայլեր ձեռնարկեց նրա հետ շնություն գործելու համար։

13. Ինչո՞ւ պետք է «ուխտ կապենք» մեր աչքերի հետ, և ինչպե՞ս դա կարող ենք անել։

13 Անբարո ֆանտազիաների դեմ պայքարելու համար մենք պետք է «ուխտ կապենք» մեր աչքերի հետ, ինչպես արեց հավատարիմ Հոբը (Հոբ 31։1, 7, 9)։ Մենք պետք է վճռենք վերահսկել մեր աչքերը և թույլ չտալ, որ դրանք կրքոտ հայացքով նայեն ինչ-որ մեկի։ Ինչպես նաև փախցնենք մեր հայացքը անբարո պատկերներից, անկախ նրանից՝ դրանք կհայտնվեն համակարգչի էկրանին, կլինեն պաստառների, ամսագրերի շապիկների վրա, թե որևէ այլ տեղ։

14. Ի՞նչ պետք է անենք մաքուր մնալու համար։

 14 Քննարկված նյութի շուրջ մտածելուց հետո թերևս հասկանաս, որ պետք է ավելին անես անբարո ցանկությունների դեմ պայքարելու համար։ Եթե փոփոխություններ անելու կարիք կա, անմիջապես արա։ Աստծու Խոսքի խորհուրդները պատրաստակամորեն ընդունելով՝ կխուսափես սխալներից և մաքուր կմնաս (կարդա՛  Հակոբոս 1։21–25

«ԿԱՆՉԻՐ ԵՐԵՑՆԵՐԻՆ»

15. Եթե պայքարում ես անմաքուր ցանկությունների դեմ, ինչո՞ւ է կարևոր օգնության դիմել։

15 Սեռական սխալ ցանկությունների դեմ պայքարում մեզ կարող են օգնել նաև հավատակիցները։ Ինչ խոսք, ուրիշների հետ այսպիսի անձնական հարց քննարկելը հեշտ չէ։ Բայց եթե քաջություն ունենանք հասուն քրիստոնյային թույլ տալու, որ սիրալիր կերպով մեզ պահի իր ուշադրության կենտրոնում, սխալ ցանկություններ չենք զարգացնի մեր մեջ (Առակ. 18։1; Եբր. 3։12, 13)։ Մեր թուլությունների մասին հոգևորապես հասուն, փորձառու քրիստոնյայի հետ խոսելը կարող է օգնել մեզ տեսնելու այն վտանգները, որ ինքներս չենք տեսնում։ Դա կարող է օգնել, որ անհրաժեշտ փոփոխություններ անենք Եհովայի սիրո մեջ մնալու համար։

16, 17. ա) Ինչպե՞ս կարող են երեցները օգնել նրանց, ովքեր պայքարում են անմաքուր ցանկությունների դեմ։ Բե՛ր օրինակ։ բ) Պոռնկագրություն դիտողների համար ինչո՞ւ է օգտակար անհապաղ օգնության դիմել։

16 Երեցները հատկապես պատրաստված են մեզ օգնելու համար (կարդա՛  Հակոբոս 5։13–15)։ Բրազիլիայից մի երիտասարդ տարիներ շարունակ պայքարում էր սխալ ցանկությունների դեմ։ Նա պատմում է. «Ես գիտեի, որ իմ մտքերը տհաճեցնում են Եհովային, բայց շատ էի ամաչում ուրիշներին իմ զգացմունքների մասին պատմելուց»։ Բարեբախտաբար, մի ուշադիր երեց նկատեց, որ նա օգնության կարիք ունի, և խրախուսեց նրան օգնության դիմել։ Երիտասարդը հիշում է. «Զարմացել էի, թե որքան բարի էին երեցները իմ հանդեպ, ես չէի կարծում, որ արժանի եմ այդպիսի բարի և հասկացող վերաբերմունքի։ Նրանք ուշադիր լսեցին, երբ պատմեցի իմ խնդիրների մասին, և Աստվածաշնչով հավաստիացրին, որ Եհովան սիրում է ինձ։ Նրանք նաև աղոթեցին ինձ հետ։ Դրա շնորհիվ ինձ համար ավելի հեշտ եղավ ընդունել նրանց տված աստվածաշնչյան խորհուրդը»։ Այժմ, երբ տարիներ են անցել, և նա հոգևորապես առաջադիմել է, ասում է. «Հիմա եմ հասկանում, թե որքան կարևոր է օգնության դիմել և ոչ թե փորձել մենակ տանել մեր բեռը»։

17 Եթե անբարո ցանկությունների աղբյուրը պոռնկագրություն դիտելու անմաքուր սովորությունն է, անչափ կարևոր է օգնության դիմել։ Որքան հետաձգենք օգնության դիմելը, այնքան կմեծանա վտանգը, որ անմաքուր ցանկությունները «կհղիանան» և «մեղք կծնեն», ինչը ցավ կպատճառի ուրիշներին և անարգանք կբերի Եհովայի անվանը։ Եհովային հաճեցնելու և ժողովում մնալու ցանկությունը մղել է իր ծառաներից շատերին ընդունելու սիրով տրված օգնությունը (Հակ. 1։15; Սաղ. 141։5; Եբր. 12։5, 6

ՎՃՌԻՐ ՄԱՔՈՒՐ ՄՆԱԼ

18. Ի՞նչ ես վճռել անել։

18 Քանի որ Սատանայի աշխարհի բարոյական արժեքները շարունակում են ընկնել, որքան հպարտ պետք է Եհովան լինի՝ տեսնելով, որ իր նվիրված ծառաները անկեղծորեն ջանում են իրենց միտքը մաքուր պահել և ապրել իր բարոյական բարձր չափանիշների համաձայն։ Թող որ յուրաքանչյուրս վճռի մոտ մնալ Եհովային և ընդունել նրա Խոսքի ու քրիստոնեական ժողովի միջոցով տրվող առաջնորդությունը։ Այսօր մաքուր մնալը բավարարվածության զգացում է առաջացնում և մտքի խաղաղություն է տալիս մեզ (Սաղ. 119։5, 6)։ Իսկ ապագայում, երբ Սատանան այլևս չի լինի, մենք առանձնաշնորհում կունենանք հավիտյան ապրելու մի աշխարհում, որը մաքրված կլինի նրա ապականված ազդեցությունից։