Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՄԱՅԻՍ 2015

Դու կարո՛ղ ես մարտնչել Սատանայի դեմ և հաղթել

Դու կարո՛ղ ես մարտնչել Սատանայի դեմ և հաղթել

«Ամուր հավատով դեմ կանգնեք [Սատանային]» (1 ՊԵՏ. 5։9

1. ա) Ինչո՞ւ է հատկապես կարևոր այժմ պայքարել Սատանայի դեմ։ բ) Որտեղի՞ց գիտենք, որ հնարավոր է հաղթել Սատանայի դեմ պայքարում։

ՍԱՏԱՆԱՆ պատերազմում է օծյալ մնացորդի և «ուրիշ ոչխարների» դեմ (Հովհ. 10։16)։ Բանսարկուի նպատակն է հնարավորինս շատ Եհովայի ծառաների կուլ տալ այն կարճ ժամանակում, որ իրեն մնացել է (կարդա՛  Հայտնություն 12։9, 12)։ Իսկ կարո՞ղ ենք հաղթել Սատանայի դեմ պայքարում։ Այո՛, կարող ենք։ Աստվածաշունչն ասում է. «Հակառակվեք Բանսարկուին, և նա կփախչի ձեզանից» (Հակ. 4։7

2, 3. ա) Ինչո՞ւ է այն, որ մարդիկ չեն հավատում Սատանայի գոյությանը, իրականում նպաստում նրա նպատակների իրագործմանը։ բ) Որտեղի՞ց գիտես, որ Սատանան իրական անձնավորություն է։

2 Շատերը զավեշտալի են համարում այն միտքը, որ գոյություն ունի Սատանա։ Նրանց համար Սատանան և դևերը նովելների, սարսափ ֆիլմերի և տեսախաղերի հորինված կերպարներ են։ Նման մարդկանց կարծիքով՝ խելացի մարդիկ չեն հավատում չար ոգիների գոյությանը։ Ի՞նչ ես կարծում՝ արդյոք Սատանային անհանգստացնո՞ւմ է այն, որ իրեն և դևերին համարում են բանահյուսության հերոսներ։ Դժվար թե։ Բացի այդ, Սատանայի համար հեշտ է կուրացնել այն մարդկանց մտքերը, ովքեր կասկածում են իր գոյությանը  (2 Կորնթ. 4։4)։ Նա տարածում է այն միտքը, թե ոգեղեն արարածներ գոյություն չունեն, և դա այն բազմաթիվ միջոցներից է, որոնցով նա մոլորեցնում է մարդկանց։

3 Լինելով Եհովայի ծառաներ՝ մենք մոլորված չենք. մենք գիտենք, որ Բանսարկուն իրական անձնավորություն է, քանի որ նա խոսեց Եվայի հետ օձի միջոցով (Ծննդ. 3։1–5)։ Նա չարախոսեց Հոբին Եհովայի առաջ (Հոբ 1։9–12)։ Սատանան էր, որ փորձեց Հիսուսին (Մատթ. 4։1–10)։ Այն բանից հետո, երբ 1914թ.-ին Աստծու Թագավորությունը ծնվեց, նա էր, որ սկսեց «պատերազմ մղել» օծյալ մնացորդի դեմ (Հայտն. 12։17)։ Այդ պատերազմը դեռևս շարունակվում է, քանի որ Սատանան ջանում է կործանել օծյալ մնացորդի և ուրիշ ոչխարների հավատը։ Հաղթելու համար մենք պետք է դեմ կանգնենք նրան և ամուր պահենք մեր հավատը։ Այս հոդվածում քննարկվում է երեք բան, որոնցից զգուշանալով կարող ենք դա անել։

ԶԳՈՒՇԱՑԻՐ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ

4. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Սատանան հպարտության մարմնացում է։

4 Սատանան չափազանց հպարտ է։ Այս չար հրեշտակը հանդգնեց հարցականի տակ դնել Եհովայի գերիշխանությունը և փորձեց այնպես անել, որ մարդիկ Աստծու փոխարեն իրեն երկրպագեն։ Նման քայլի գնալու համար նա առնվազն պետք է հպարտության և մեծամտության մարմնացում լինի։ Ուստի միջոցներից մեկը, որով կարող ենք դեմ կանգնել Սատանային, հպարտությունից զգուշանալն է և խոնարհություն զարգացնելը (կարդա՛  1 Պետրոս 5։5)։ Իսկ ի՞նչ է հպարտությունը։ Արդյոք հպարտանալը մի՞շտ է սխալ։

5, 6. ա) Հպարտանալը մի՞շտ է սխալ։ Բացատրի՛ր։ բ) Ո՞ր հպարտությունն է վտանգավոր, և աստվածաշնչյան ո՞ր օրինակներն են այդ մասին վկայում։

5 Մի բառարանում հպարտությունը սահմանվում է որպես «արժանապատվության և ինքնահարգանքի զգացում» և «բավարարվածություն, որ ունենում ես, երբ դու կամ քեզ մտերիմ մարդիկ մի բարի գործ են անում կամ մի լավ բանի են հասնում»։ Ինչ խոսք, ոչ մի վատ բան չկա նման զգացումներ ունենալու մեջ։ Պողոս առաքյալը թեսաղոնիկեցիներին ասաց. «Այնպես որ մենք հպարտանում ենք ձեզանով Աստծու ժողովներում ձեր տոկունության և հավատի համար, որ դրսևորում եք ձեր կրած բոլոր հալածանքների ու նեղությունների մեջ» (2 Թեսաղ. 1։4)։ Երբ մենք մեզ լավ ենք զգում ուրիշների արած որևէ բանի համար և նույնիսկ մի փոքր հպարտանում ենք, դա կարող է դրականորեն անդրադառնալ մեզ վրա։ Բացի այդ, մենք չպետք է ամաչենք, որ մեծացել ենք այս կամ այն վայրում, ընտանիքում, կամ որ պատկանում ենք այս կամ այն մշակույթին (Գործ. 21։39

6 Բայց կա հպարտություն, որը կարող է քայքայել մարդկանց և հատկապես Եհովայի հետ ունեցած մեր փոխհարաբերությունները։ Դրա պատճառով մեզ տրված խորհուրդը ընդունելու փոխարեն՝ գուցե զայրանանք և մերժենք այն (Սաղ. 141։5)։ Հպարտության այս տեսակը սահմանվում է որպես «ինքնահարգանքի չափից մեծ զգացում» կամ «գոռոզամտություն, որ դրսևորում են մարդիկ, ովքեր մտածում են, հաճախ ոչ արդարացված կերպով, որ իրենք ուրիշներից ավելի լավն են»։ Եհովան ատում է նման հպարտությունը (Ամոս 6։8)։ Իսկ Սատանան պետք է որ ցնծա՝ տեսնելով մարդկանց պարծենկոտությունը, քանի որ դա արտացոլում է իր իսկ գոռոզամտությունը։ Պատկերացրու՝ ինչպես է նա պարծեցել այնպիսի մարդկանցով, ինչպիսիք էին Նեբրովթը, փարավոնը և Աբիսողոմը, մարդիկ, որոնք հպարտության զոհ են դարձել (Ծննդ. 10։8, 9; Ելք 5։1, 2; 2 Սամ. 15։4–6)։ Հպարտությունը նաև պատճառ դարձավ, որ Կայենը կորցնի Եհովայի հետ ունեցած իր փոխհարաբերությունները։ Աստված ինքը խորհուրդ տվեց Կայենին, բայց նա այնքան հպարտ էր, որ չընդունեց այն։ Կայենը համառորեն անտեսեց Եհովայի նախազգուշացումը և առանց խորը մտածելու՝ կործանում բերեց իր վրա (Ծննդ. 4։6–8

7, 8. ա) Ի՞նչ է ռասայականությունը, և ինչպե՞ս է այն կապված հպարտության հետ։ բ) Բացատրի՛ր, թե հպարտությունն ինչպես կարող է խաթարել ժողովի խաղաղությունը։

7 Այսօր մարդիկ հպարտություն են դրսևորում մի շարք վնասակար ձևերով։ Երբեմն հպարտությունը սերտորեն կապված է  լինում ռասայական խտրականության հետ։ Մի բառարանում ռասայականությունը սահմանվում է որպես «նախապաշարում և թշնամանք այն մարդկանց հանդեպ, ովքեր ուրիշ ռասայի են պատկանում», և «համոզմունք, թե տարբեր ռասաների պատկանող մարդիկ տարբեր հատկություններ և ընդունակություններ ունեն, և որոշ ռասաներ գերադաս կամ ստորադաս են մյուսներից»։ Ռասայական հպարտությունը խռովությունների, պատերազմների և նույնիսկ մասսայական ջարդերի պատճառ է եղել։

8 Ինչ խոսք, նման բաներ չպետք է լինեն քրիստոնեական ժողովում։ Բայց հավատակիցների միջև եղած վեճերը, որոնց պատճառը երբեմն հպարտությունն է լինում, կարող են դուրս գալ հսկողությունից։ Ակներևաբար, նման բան եղել էր առաջին դարի որոշ քրիստոնյաների հետ, ում Հակոբոսը հետևյալ հարցը տվեց. «Ո՞րն է ձեր մեջ ծագող վեճերի ու կռիվների պատճառը» (Հակ. 4։1)։ Այո՛, մեր մեջ արմատավորված թշնամանքն ու գերազանցության զգացումը կարող են ազդել մեր խոսքերի ու գործերի վրա՝ անասելի ցավ պատճառելով ուրիշներին (Առակ. 12։18)։ Հստակ է՝ հպարտությունը կարող է խաթարել ժողովի խաղաղությունը։

9. Ինչպե՞ս է Աստվածաշունչը օգնում մեզ պայքարելու ռասայականության և անտեղի հպարտության այլ դրսևորումների դեմ (տե՛ս 14-րդ էջի նկարը)։

9 Եթե հակում ունենք մեզ ուրիշներից վեր դասելու, պետք է հիշենք, որ «բոլոր նրանք, ովքեր սրտով հպարտ են, գարշելի են Եհովայի համար» (Առակ. 16։5)։ Ճիշտ կլինի նաև, եթե ինքնաքննություն անենք և տեսնենք, թե ինչ տեսակետ ունենք այլ ռասայի, ազգության կամ մշակույթի պատկանող մարդկանց մասին։ Եթե ռասայական կամ ազգային հպարտություն ունենք, ուրեմն անտեսում ենք այն փաստը, որ Աստված «մեկ մարդուց ստեղծեց մարդկանց բոլոր ազգերը» (Գործ. 17։26)։ Փաստորեն, ինչ-որ իմաստով միայն մեկ ռասա կա, քանի որ բոլոր մարդիկ մեկ ընդհանուր նախահայր ունեն՝ Ադամը։ Հետևաբար, անհեթեթություն է կարծել, թե որոշ ռասաներ գերադաս կամ ստորադաս են մյուսներից։ Նման մտածելակերպը նպաստում է Սատանայի ծրագրին՝ խաթարել քրիստոնեական սերն ու միասնությունը (Հովհ. 13։35)։ Սատանայի դեմ պայքարելու և հաղթելու համար մենք պետք է մերժենք անտեղի հպարտության բոլոր դրսևորումները (Առակ. 16։18

ԽՈՒՍԱՓԻՐ ՆՅՈՒԹԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ՄԻ՛ ՍԻՐԻՐ ԱՅՍ ԱՇԽԱՐՀԸ

10, 11. ա) Ինչո՞ւ գուցե հեշտ լինի սիրել աշխարհը։ բ) Թերևս ի՞նչը Դեմասը սիրեց աշխարհում։

10 «Այս աշխարհի իշխանը» Սատանան է, և աշխարհը նրա «իշխանության տակ է» (Հովհ. 12։31; 1 Հովհ. 5։19)։ Այդ պատճառով շատ բաներ, որ առաջարկում է աշխարհը, հակասում են աստվածաշնչյան սկզբունքներին։ Ինչ խոսք, աշխարհի առաջարկած ամեն բան չէ, որ չար է։ Բայց կարող ենք համոզված լինել, որ Սատանան, օգտվելով մեր ցանկություններից, իր աշխարհի միջոցով կփորձի մեզ մեղքի դրդել կամ այնպես անել, որ սկսենք սիրել աշխարհը և անտեսենք Եհովային մատուցվող երկրպագությունը (կարդա՛  1 Հովհաննես 2։15, 16

11 Աշխարհի հանդեպ սերը ազդեց առաջին դարի որոշ քրիստոնյաների վրա։ Նրանցից էր Դեմասը։ Պողոսը գրեց. «Դեմասը թողեց ինձ, որովհետև սիրեց այս աշխարհը» (2 Տիմոթ. 4։10)։ Աստվածաշունչը չի ասում, թե աշխարհում կոնկրետ ինչը սիրեց Դեմասը, որ թողեց Պողոսին։ Հնարավոր է՝ նա ավելի շատ սիրեց նյութական բաները, քան Եհովային ծառայելը։ Դեմասը հիանալի հոգևոր առանձնաշնորհումներ կորցրեց։ Եվ հանուն ինչի՞։ Մի՞թե աշխարհը կարող էր նրան ավելի լավ բան առաջարկել, քան այն օրհնություններն էին, որ Եհովան կտար, եթե նա շարունակեր լինել Պողոսի ընկերակիցը (Առակ. 10։22

12. Ինչպե՞ս կարող ենք «հարստության հրապույրի» զոհը դառնալ։

12 Նման բան կարող է նաև մեզ հետ պատահել։ Լինելով քրիստոնյաներ՝ բնական է, որ ուզում ենք հոգալ մեր և մեր ընտանիքի նյութական կարիքները (1 Տիմոթ. 5։8)։ Մենք գիտենք, որ Եհովան ուզում է՝ բարեկեցիկ կյանքով ապրենք. չէ՞ որ նա Ադամին  ու Եվային ապրելու գեղեցիկ վայր էր տվել (Ծննդ. 2։9)։ Բայց Սատանան կարող է «հարստության հրապույրի» միջոցով մեզ դարձնել մեր ցանկությունների զոհը (Մատթ. 13։22)։ Շատերը կարծում են, որ փողը իրենց երջանիկ կդարձնի, կամ որ նյութական ձեռքբերումները հաջողության բանալին են։ Նման մտածելակերպը միանշանակ խաբկանք է և կարող է պատճառ լինել, որ կորցնենք ամենաթանկ ձեռքբերումը՝ Եհովայի հետ ընկերությունը։ Հիսուսն իր հետևորդներին զգուշացրեց. «Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել, որովհետև կա՛մ մեկին կատի և մյուսին կսիրի, կա՛մ էլ մեկին կհարի և մյուսին կարհամարհի։ Չեք կարող ծառայել և՛ Աստծուն, և՛ Հարստությանը» (Մատթ. 6։24)։ Եթե ծառայենք հարստությանը, կդադարենք Եհովային ծառայելուց։ Եվ դա հենց այն է, ինչ Սատանան ուզում է, որ անենք։ Թող որ երբեք թույլ չտանք, որ փողը կամ այն բաները, որ կարող ենք դրանով գնել, Եհովայի ընկերությունից ավելի կարևոր դառնան մեզ համար։ Սատանայի դեմ պայքարելու համար մենք պետք է հավասարակշռված տեսակետ ունենանք նյութական բաների հանդեպ (կարդա՛  1 Տիմոթեոս 6։6–10

ՄԵՐԺԻՐ ԱՆԲԱՐՈՅՈՒԹՅՈՒՆԸ

13. Ինչպե՞ս է այս աշխարհը աղավաղված տեսակետ տարածում ամուսնության և սեռական հարաբերությունների վերաբերյալ։

13 Սատանայի աշխարհի ծուղակներից է նաև անբարոյությունը։ Այսօր շատերի համար ամուսնական հավատարմությունը և նույնիսկ ամուսնական կառույցը, սահմանափակող և հնացած բաներ են։ Օրինակ՝ մի հայտնի դերասանուհի ասաց. «Մենամուսնությունը երկու սեռերի համար էլ անհնար բան է։ Չեմ ճանաչում որևէ մեկի, ով հավատարիմ է կամ ուզում է հավատարիմ լինել»։ Իսկ մի դերասան ասաց. «Չեմ կարծում, որ մեզ բնորոշ է ողջ կյանքի ընթացքում միայն մեկի հետ ապրել»։ Սատանան պետք է որ ուրախանա, երբ ազդեցիկ մարդիկ քննադատաբար են արտահայտվում Աստծու տված պարգևի՝ ամուսնության մասին։ Բանսարկուն, անշուշտ, թիկունք չի կանգնում այդ կառույցին և չի ուզում, որ այն հաջողություն ունենա։ Սատանայի դեմ մարտնչելու և նրան հաղթելու համար մենք պետք է Աստծու տեսակետը ունենանք ամուսնական կառույցի վերաբերյալ։

14, 15. Ինչպե՞ս կարող ենք մերժել անբարոյությունը։

14 Ամուսնացած, թե ամուրի՝ մենք պետք է հաստատակամորեն մերժենք անբարոյության բոլոր ձևերը։ Իսկ դա հե՞շտ է։ Ամենևի՛ն։ Օրինակ՝ եթե պատանի ես, գուցե լսես, թե ինչպես են դպրոցում համադասարանցիներդ պարծենում, որ պատահական սեքսով կամ սեքստինգով են զբաղվել, մի սովորություն, ինչը որոշ վայրերում մանկական պոռնկագրություն տարածելուն հավասար բան է համարվում։ Աստվածաշունչն ասում է. «Նա, ով պոռնկությամբ է զբաղվում, իր իսկ մարմնի դեմ է մեղք գործում» (1 Կորնթ. 6։18)։ Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները շատերի տառապանքի ու մահվան պատճառ են դարձել։ Մի հարցման ժամանակ՝ այն չամուսնացած երիտասարդների մեծ մասը, ովքեր կորցրել են իրենց կուսությունը, ասացին, որ զղջում են դրա համար։ Իրականությունն այն է, որ մինչամուսնական սեքսը շատ է տարբերվում այն բանից, ինչ ներկայացվում է ժամանցային ծրագրերով։ Դրանք մեզ փորձում են հավաստիացնել, թե Աստծու օրենքը խախտելը վատ հետևանքներ չի ունենում։ Նման մտածելակերպը մարդկանց «մեղքի հրապույրի» զոհն է դարձնում (Եբր. 3։13

15 Ի՞նչ կարող ես անել, եթե պայքարում ես անբարոյություն գործելու գայթակղության դեմ։ Ընդունիր, որ խնդիր ունես (Հռոմ. 7։22, 23)։ Աղոթիր Աստծուն, որ ուժ տա քեզ (Փիլիպ. 4։6, 7, 13)։ Խուսափիր այնպիսի իրավիճակներից, որոնք կարող են տանել անբարոյության (Առակ. 22։3)։ Եվ երբ գայթակղության առաջ կանգնես, առանց հապաղելու մերժիր այն (Ծննդ. 39։12

16. Ինչպե՞ս Հիսուսը արձագանքեց Սատանայի գայթակղություններին, և ի՞նչ կարող ենք սովորել նրա օրինակից։

16 Հիսուսը հիանալի օրինակ է թողել գայթակղությունները մերժելու հարցում։ Նա չխաբվեց Սատանայի խոստումներից և երկար-բարակ չմտածեց դրանց շուրջ, այլ  անմիջապես պատասխանեց նրան՝ ասելով՝ «գրված է» (կարդա՛  Մատթեոս 4։4–10)։ Հիսուսը լավ գիտեր Աստծու Խոսքը, ուստի կարողանում էր արագ գործել և գայթակղության բախվելիս սուրբգրային համարներ մեջբերել։ Սատանայի դեմ մարտնչելու և նրան հաղթելու համար մենք չպետք է թույլ տանք, որ անբարոյություն գործելու գայթակղությունը մեզ մեղքի մեջ գցի (1 Կորնթ. 6։9, 10

ՀԱՂԹԻՐ՝ ՏՈԿԱԼՈՎ

17, 18. ա) Ի՞նչ ուրիշ զենքեր կան Սատանայի զինանոցում, և ինչո՞ւ դա չպետք է մեզ զարմացնի։ բ) Ի՞նչ է սպասում Սատանային, և դա ինչպե՞ս է քաջալերում քեզ, որ տոկաս։

17 Հպարտությունը, նյութապաշտությունը և անբարոյությունը Սատանայի զենքերից միայն երեքն են։ Բայց նրա զինանոցում շատ զենքեր կան։ Օրինակ՝ որոշ քրիստոնյաներ հակառակության են բախվում ընտանիքի անդամների կողմից կամ ծաղրանքի են ենթարկվում դպրոցում։ Ոմանք էլ ապրում են այնպիսի երկրներում, որտեղ պետական իշխանությունները սահմանափակումներ են դնում քարոզչական գործունեության վրա։ Նման դժվարությունները չեն զարմացնում մեզ, քանի որ Հիսուսն իր հետևորդներին զգուշացրեց. «Իմ անվան համար ատված կլինեք բոլորի կողմից, բայց ով որ մինչև վերջ տոկա, նա կփրկվի» (Մատթ. 10։22

Սատանան վերջնականապես ոչնչացվում է (տե՛ս պարբերություն 18)

18 Ինչպե՞ս կարող ենք մարտնչել Սատանայի դեմ և հաղթել։ Հիսուսն ասաց իր աշակերտներին. «Ձեր տոկունությամբ կշահեք ձեր հոգիները» (Ղուկ. 21։19)։ Մարդու արած ոչ մի բան չի կարող մեզ հարատև վնաս պատճառել։ Ոչ ոք չի կարող խափանել Աստծու հետ ունեցած մեր ընկերությունը, եթե մենք ինքներս դա թույլ չտանք (Հռոմ. 8։38, 39)։ Նույնիսկ եթե Եհովայի հավատարիմ ծառաներից ոմանք մահանում են, դա չի նշանակում, որ Սատանան հաղթել է, քանի որ Եհովան հոգ կտանի, որ նրանք հարություն առնեն (Հովհ. 5։28, 29)։ Բայց Սատանային, ինչ խոսք, մռայլ ապագա է սպասում։ Իր անաստված աշխարհի կործանումից հետո նա 1000 տարով անդունդը կգցվի (Հայտն. 20։1–3)։ Հիսուսի Հազարամյա Իշխանության վերջում Սատանան «կարճ ժամանակով ազատ կարձակվի» իր «բանտից», որպեսզի վերջին անգամ փորձի մոլորեցնել կատարյալ մարդկանց։ Դրանից հետո Բանսարկուն կոչնչացվի (Հայտն. 20։7–10)։ Սատանայի վախճանը որոշված է, բայց նույնը չի կարելի ասել քո մասին։ Ուստի ամուր հավատով դեմ կանգնիր նրան։ Դու կարո՛ղ ես մարտնչել Սատանայի դեմ և հաղթել։