Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՄԱՅԻՍ 2015

Նրանք «տեսան» խոստացված բաները

Նրանք «տեսան» խոստացված բաները

«Նրանք.... թեպետև չստացան խոստացված բաները, սակայն հեռվից տեսան դրանք» (ԵԲՐ. 11։13

1. Ինչո՞վ է օգտակար մտովի պատկերացնելու ունակությունը (տե՛ս 19-րդ էջի նկարը)։

ԵՀՈՎԱՆ մեզ հիանալի պարգև է տվել՝ պատկերացնել այն, ինչ չենք տեսել։ Այս ունակության շնորհիվ մենք անհամբերությամբ լավ բաների ենք սպասում, նախօրոք ծրագրեր ենք կազմում ու խուսափում ենք խնդիրներից։ Եհովան կարողանում է կանխատեսել ապագա իրադարձությունները և Սուրբ Գրքում հաճախ նախապես հայտնում է, թե ինչ է լինելու։ Թեև մենք չենք տեսնում այն, ինչ տեղի է ունենալու, բայց կարող ենք մտովի պատկերացնել։ Իրականում, անտեսանելի բաները պատկերացնելը օգնում է մեզ հավատ դրսևորելու (2 Կորնթ. 4։18

2, 3. ա) Ինչո՞ւ է կարևոր այն, թե ինչի վրա են հիմնված մեր պատկերացումները։ բ) Ի՞նչ հարցեր ենք քննարկելու այս հոդվածում։

2 Բայց մեր պատկերացումները միշտ չէ, որ հիմնված են իրականության վրա։ Օրինակ՝ երբ փոքրիկ աղջիկը պատկերացնում է իրեն թիթեռի վրա թռչելիս, դա պարզապես ֆանտազիա է։ Իսկ Սամուելի մայրը՝ Աննան, երբ շարունակ մտածում էր այն օրվա մասին, երբ իր որդուն տանելու էր խորան, որ ծառայի այնտեղ, պարզապես չէր երազում. նա հիմքեր ուներ նման բան պատկերացնելու համար։ Նրա պատկերացումը հիմնված էր մի բանի վրա, ինչ ինքը որոշել էր անել, և դա օգնեց նրան կենտրոնանալու իր նպատակի վրա (1 Սամ. 1։22)։ Երբ պատկերացնում ենք  այն, ինչ Աստված խոստացել է անել, մտածում ենք մի բանի մասին, ինչն անպայման կիրականանա (2 Պետ. 1։19–21

3 Անկասկած, աստվածաշնչյան ժամանակներում ապրած բազմաթիվ հավատարիմ մարդիկ պատկերացրել են Աստծու խոստացած բաները։ Ի՞նչ օգուտներ են քաղել նրանք՝ պատկերացնելով ապագա օրհնությունները։ Եվ ի՞նչ օգուտներ մենք կքաղենք՝ մտածելով այն հիասքանչ բաների մասին, որ Աստված խոստացել է հնազանդ մարդկությանը։

ԱՊԱԳԱՆ «ՏԵՍՆԵԼԸ» ԱՄՐԱՑՐԵՑ ՆՐԱՆՑ

4. Ապագան մտովի պատկերացնելու համար ի՞նչ հիմքեր ուներ Աբելը։

4 Արդյոք Աբելը՝ առաջին հավատարիմ մարդը, «տեսա՞վ» Եհովայի խոստացած բաներից որևէ մեկը։ Չենք կարող ասել, որ նա կանխատեսել էր, թե ինչ կլինի վերջնական արդյունքն այն խոստման, որը պարփակված էր օձին ուղղված Աստծու խոսքերում. «Ես թշնամություն եմ դնելու քո և կնոջ միջև, քո սերնդի ու նրա սերնդի միջև։ Նա քո գլուխը պիտի ջախջախի, իսկ դու նրա գարշապարը պիտի խայթես» (Ծննդ. 3։14, 15)։ Այնուհանդերձ, Աբելը հավանաբար շատ էր մտածել այդ խոստման մասին և հասկացել էր, որ ինչ-որ մեկի գարշապարը պետք է խայթվի, որպեսզի մարդկությունը կարողանա նորից կատարյալ դառնալ, ինչպիսին Ադամն ու Եվան էին նախքան մեղք գործելը։ Ինչ էլ Աբելը պատկերացրած լիներ ապագայի հետ կապված, նա ուներ Աստծու խոստումների վրա հիմնված հավատ, և այդ պատճառով Եհովան ընդունեց նրա զոհը (կարդա՛  Ծննդոց 4։3–5; Եբրայեցիներ 11։4

5. Ինչո՞ւ ապագան պատկերացնելը կարող էր քաջալերական լինել Ենոքի համար։

5 Հավատարիմ Ենոքը հավատ դրսևորեց, չնայած որ ապրում էր անաստված մարդկանց մեջ, ովքեր սարսափելի բաներ էին խոսում Աստծու դեմ։ Նա Աստծու կողմից ներշնչվեց մարգարեանալու, որ Եհովան գալու է «իր բյուրավոր սուրբ հրեշտակներով, որպեսզի դատաստան տեսնի բոլորի հետ և դատապարտի բոլոր անաստվածներին իրենց աստվածամերժ գործերի և բոլոր այն սարսափելի խոսքերի համար, որ անաստված մեղավորները խոսեցին նրա դեմ» (Հուդա 14, 15)։ Լինելով հավատ ունեցող մարդ՝ Ենոքը թերևս մտովի պատկերացնում էր անաստված մարդկանցից զերծ մի աշխարհ (կարդա՛  Եբրայեցիներ 11։5, 6

6. Ինչի՞ մասին էր Նոյը թերևս մտածում Ջրհեղեղից հետո։

6 Նոյը փրկվեց Ջրհեղեղից իր հավատի շնորհիվ (Եբր. 11։7)։ Ջրհեղեղից հետո հավատը մղեց նրան կենդանական զոհեր մատուցելու (Ծննդ. 8։20)։ Աբելի նման՝ նա անկասկած հավատում էր, որ մարդիկ ի վերջո կազատվեն մեղքի ու մահվան կապանքներից։ Անգամ հետջրհեղեղյան խավար դարաշրջանում, երբ Նեբրովթը գործում էր ընդդեմ Եհովայի, Նոյը ամուր հավատ և հույս ուներ (Ծննդ. 10։8–12)։ Շատ հավանական է, որ նա սիրտ էր առնում, երբ մտածում էր այն ժամանակի մասին, երբ մարդկությունը ազատված կլինի դաժան ղեկավարներից, ժառանգած մեղքից ու մահից։ Մենք նույնպես կարող ենք «տեսնել» այս հրաշալի ժամանակը, որը իսկապես մոտ է (Հռոմ. 6։23

ՆՐԱՆՔ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ ԿԱՏԱՐՎԱԾ ԷԻՆ «ՏԵՍՆՈՒՄ»

7. Ի՞նչ ապագա կարող էին Աբրահամը, Իսահակը և Հակոբը «տեսնել»։

7 Աբրահամը, Իսահակը և Հակոբը կարող էին հիանալի ապագա պատկերացնել, քանի որ Աստված խոստացել էր, որ իրենց սերունդների միջոցով երկրի բոլոր ազգերը օրհնվելու էին (Ծննդ. 22։18; 26։4; 28։14)։ Այս նահապետների ժառանգները շատանալու էին և բնակվելու էին Ավետյաց երկրում (Ծննդ. 15։5–7)։ Հավատի շնորհիվ այդ աստվածավախ մարդիկ կարող էին «տեսնել» իրենց սերունդներին որպես այդ երկրի տերեր։ Եվ չնայած այն բանին, որ մարդկությունը զրկվել էր կատարելությունից, Եհովան հավաստիացրել է իր հավատարիմ  ծառաներին, որ Ադամի կորցրած օրհնությունները առհավետ կորած չեն։

8. Ի՞նչն օգնեց Աբրահամին մեծ հավատ դրսևորելու։

8 Հավանաբար, այն, որ Աբրահամը մտովի պատկերացնում էր Աստծու խոստացած բաները, օգնեց իրեն հավատի մեծ գործեր անելու։ Սուրբ Գիրքն ասում է, որ թեև Աբրահամը և Աստծու մյուս հավատարիմ ծառաները իրենց կյանքի ընթացքում «չստացան խոստացված բաները», «հեռվից տեսան դրանք և ողջունեցին» (կարդա՛  Եբրայեցիներ 11։8–13)։ Աբրահամը գիտեր, որ անցյալում Եհովան միշտ պահել է իր տված խոստումները, ուստի վստահ էր, որ ապագայի վերաբերյալ նրա բոլոր խոստումները նույնպես կիրականանան։

9. Աստծու խոստումների հանդեպ հավատը ինչպե՞ս օգնեց Աբրահամին։

9 Աստծու խոստումների հանդեպ հավատը ամրացրեց Աբրահամի վճռականությունը կատարելու Աստծու կամքը։ Հավատով նա թողեց Ուր քաղաքը և չցանկացավ մշտական բնակություն հաստատել Քանանի քաղաքներից որևէ մեկում։ Ինչպես Ուրը, դրանք անկայուն հիմքեր ունեին, քանի որ դրանց ղեկավարները չէին ծառայում Եհովային (Հեսու 24։2)։ Իր կյանքի մնացած մասը Աբրահամը «սպասում էր իսկական հիմքեր ունեցող քաղաքին, որի կառուցողն ու ստեղծողը Աստված է» (Եբր. 11։10)։ Աբրահամը «տեսավ», որ մշտապես բնակվում է մի վայրում, որի ղեկավարը Եհովան է։ Աբելը, Ենոքը, Նոյը, Աբրահամը և ուրիշներ հավատում էին հարությանը և անհամբերությամբ սպասում էին, թե երբ են ապրելու այն երկրի վրա, որը ղեկավարելու է Աստծու Թագավորությունը՝ «իսկական հիմքեր ունեցող քաղաքը»։ Այսպիսի օրհնությունների մասին խորհրդածելը օգնեց նրանց ամրացնելու Եհովայի հանդեպ ունեցած իրենց հավատը (կարդա՛  Եբրայեցիներ 11։15, 16

10. Թերևս ի՞նչ պատկերացրեց Սառան երեխա ունենալու վերաբերյալ Աբրահամին տված խոստման հիման վրա։

10 Նկատի առնենք Աբրահամի կնոջ՝ Սառայի օրինակը։ Նա 90 տարեկան էր և ամուլ էր, բայց անձկագին սպասում էր այն ժամանակին, երբ երեխա կունենար։ Եվ դա օգնեց նրան հավատով գործելու։ Սառան «տեսավ», թե ինչպես են իր սերունդները վայելում Եհովայի խոստացած օրհնությունները (Եբր. 11։11, 12)։ Նման ակնկալիքի ի՞նչ հիմք ուներ նա։ Եհովան ասել էր նրա ամուսնուն. «Ես կօրհնեմ նրան և քեզ որդի կտամ նրանից, ես կօրհնեմ նրան, ու նրանից ազգեր ու ժողովուրդների թագավորներ կսերվեն» (Ծննդ. 17։16)։ Երբ Սառան լույս աշխարհ բերեց Իսահակին, նա հիմք ուներ պատկերացնելու Աբրահամին տված Աստծու խոստման մնացած մասի կատարումը։ Մենք նույնպես հիանալի պարգև ունենք՝ մտովի պատկերացնել Աստծու խոստացած բաները, որոնք անպայման իրականանալու են։

ՆԱ ԱՉՔԵՐԸ ՀԱՌԵԼ ԷՐ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆԸ

11, 12. Ինչպե՞ս Մովսեսը սեր զարգացրեց Եհովայի հանդեպ։

11 Մեկ այլ անձնավորություն, որը հավատ դրսևորեց Եհովայի հանդեպ՝ խոր սեր զարգացնելով նրա նկատմամբ, Մովսեսն էր։ Մեծանալով եգիպտական թագավորական ընտանիքում՝ Մովսեսը հեշտությամբ կարող էր սեր զարգացնել իշխանության և հարստության հանդեպ։ Իր եբրայեցի ծնողներից, սակայն, նա ակներևաբար սովորել էր Եհովայի և նրա նպատակի մասին՝ ազատել եբրայեցիներին գերությունից և տալ Ավետյաց երկիրը (Ծննդ. 13։14, 15; Ելք 2։5–10)։ Եթե Մովսեսը հաճախ մտածեր Աստծու ժողովրդի համար պահված օրհնությունների մասին, ըստ քեզ՝ նրա սրտում ի՞նչ կզարգանար՝ ճանաչված լինելու ցանկությո՞ւն, թե՞ սեր Եհովայի հանդեպ։

12 Աստվածաշունչը ասում է. «Հավատով Մովսեսը, երբ մեծացավ, հրաժարվեց փարավոնի աղջկա որդին կոչվելուց. նա նախընտրեց Աստծու ժողովրդի հետ դաժան վերաբերմունքի արժանանալ և ոչ թե մեղքի ժամանակավոր հաճույքը վայելել,  որովհետև նախատինքը, որը նա կրեց որպես օծյալ, ավելի մեծ հարստություն համարեց, քան Եգիպտոսի գանձերը, քանի որ աչքերը հառել էր վարձատրությանը» (Եբր. 11։24–26

13. Ինչպե՞ս Աստծու խոստումների մասին խորությամբ մտածելն օգնեց Մովսեսին։

13 Քանի որ Մովսեսը խորությամբ մտածում էր, թե ինչ է Եհովան խոստացել իսրայելացիներին, իր հավատն ու սերը նրա հանդեպ ավելի մեծացան։ Մյուս աստվածավախ մարդկանց պես՝ նա հավանաբար մտովի պատկերացրել էր այն ժամանակը, երբ Եհովան ազատելու է մարդկանց մահից (Հոբ 14։14, 15; Եբր. 11։17–19)։ Զարմանալի չէ, որ Մովսեսը մղվեց սիրելու Աստծուն, որը կարեկցում էր եբրայեցիներին և ողջ մարդկությանը։ Մովսեսն իր ամբողջ կյանքի ընթացքում առաջնորդվեց հավատով ու սիրով (2 Օրենք 6։4, 5)։ Նույնիսկ երբ փարավոնը սպառնաց սպանել նրան, Աստծու հանդեպ հավատն ու սերը և հավանաբար պայծառ ապագան մտովի պատկերացնելը զորացրին նրան, որ չվախենա սպառնալից խոսքերից (Ելք 10։28, 29

ՊԱՏԿԵՐԱՑՐՈՒ ԱՅՆ, ԻՆՉ ԻՐԱԳՈՐԾԵԼՈՒ Է ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

14. Ո՞ր մտածելակերպն է լոկ երազանք։

14 Շատ մարդիկ այսօր անիրական պատկերացումներ ունեն ապագայի հետ կապված։ Օրինակ՝ թեև նյութական քիչ միջոցներ ունեն, նրանք երազում են անհավանական հարուստ և լիովին ապահով լինելու մասին։ Մինչդեռ մարդկային կյանքը լի է «նեղությամբ ու տառապանքով» (Սաղ. 90։10)։ Նրանք պատկերացնում են, թե մարդկային կառավարության ներքո ապրում են անհոգ կյանքով, մինչդեռ Սուրբ Գիրքն ասում է, որ Աստծու Թագավորությունն է մարդկության միակ իրական հույսը (Դան. 2։44)։ Բազմաթիվ մարդիկ կարծում են, որ Աստված չի կործանի այս չար համակարգը, բայց Աստվածաշունչը բոլորովին այլ բան է ասում (Սոփ. 1։18; 1 Հովհ. 2։15–17)։ Ապագայի վերաբերյալ Եհովայի նպատակներն անտեսող մարդկանց նմանատիպ հույսերը լոկ երազանք են։

Պատկերացնո՞ւմ ես քեզ նոր աշխարհում (տե՛ս պարբերություն 15)

15. ա) Ինչպե՞ս է ապագան պատկերացնելն օգնում քրիստոնյաներին։ բ) Նշի՛ր, թե հատկապես ինչին ես անհամբերությամբ սպասում։

15 Մենք՝ քրիստոնյաներս, անկախ նրանից՝ երկնային կյանքի հույս ունենք, թե երկրային, քաջալերվում ենք, երբ պատկերացնում ենք, թե ինչ հիանալի ապագա է մեզ սպասում։ Պատկերացնո՞ւմ ես քեզ Աստծու խոստումները վայելելիս։ Երբ մտածում ես, թե ինչ ես անելու, երբ Աստված իրագործի իր խոստումները, անկասկած, սիրտդ ուրախությամբ է լցվում։ Հավանաբար, «տեսնում» ես քեզ երկրի վրա հավիտյան ապրելիս։ Մտածիր, թե ինչպես ես համագործակցում ուրիշների հետ մոլորակը դրախտի վերածելու գործում։ Քո հարևանները սիրում են Եհովային, ինչպես որ դու։ Դու առողջ ես, էներգիայով լի և ոչ մի անհանգստություն չունես։ Վերականգնողական աշխատանքները վերահսկողները անկեղծորեն հոգ են տանում քո մասին, ուստի դու վայելում ես կյանքը։ Եվ ուրախ ես, քանի որ քո տաղանդը և հմտությունները կարողանում ես օգտագործել հօգուտ ուրիշների և ի փառս Աստծու։ Օրինակ՝ օգնում ես հարություն առածներին ճանաչելու Եհովային (Հովհ. 17։3; Գործ. 24։15)։ Սա ամենևին էլ երազանք չէ։ Այս հրաշալի տեսարանը հիմնված է ապագայի մասին ճշմարտությունների վրա, որոնք գրված են Սուրբ Գրքում (Ես. 11։9; 25։8; 33։24; 35։5–7; 65։22

ԽՈՍԻՐ ՔՈ ՀՈՒՅՍԻ ՄԱՍԻՆ

16, 17. Ի՞նչ օգուտներ ենք ստանում մեր հույսի մասին խոսելիս։

16 Երբ մյուս քրիստոնյաների հետ խոսում ենք այն մասին, թե ինչ կցանկանայինք անել նոր աշխարհում, ավելի վառ ենք պատկերացնում ապագան։ Թեև մեզնից ոչ ոք հստակ չգիտի, թե ինչ հանգամանքներ կունենա այդ ժամանակ, սակայն երբ պատմում ենք, թե ինչ կուզենայինք անել նոր աշխարհում՝ քաջալերում ենք իրար և արտահայտում մեր հավատը  այն բանի հանդեպ, որ Աստծու խոստումներն իրական են։ Երբ Պողոս առաքյալը այցելեց Հռոմի եղբայրներին, նրանք «փոխադարձ քաջալերություն» ստացան։ Թող որ մենք էլ այդպես վարվենք այս դժվարին ժամանակներում (Հռոմ. 1։11, 12

17 Ապագան պատկերացնելը կարող է նաև օգնել մեզ վերահսկելու մեր դժվարությունների հետ կապված բացասական մտքերը։ Մի անգամ Պետրոս առաքյալը մտահոգված էր և հարցրեց Հիսուսին. «Ահա մենք ամեն բան թողել ու քեզ ենք հետևել. հիմա մեզ ի՞նչ կլինի»։ Օգնելով Պետրոսին և մյուս ներկաներին մտովի պատկերացնելու ապագան՝ Հիսուսը պատասխանեց. «Ճշմարիտ ասում եմ ձեզ. վերաստեղծման ժամանակ, երբ մարդու Որդին նստի իր փառքի գահին, դուք էլ, որ հետևեցիք ինձ, կնստեք տասներկու գահերին ու կդատեք Իսրայելի տասներկու ցեղերին։ Եվ ամեն ոք, ով թողել է տներ, եղբայրներ, քույրեր, հայր, մայր, զավակներ կամ արտեր իմ անվան համար, բազմապատիկը կստանա և հավիտենական կյանքը կժառանգի» (Մատթ. 19։27–29)։ Այդպիսով Պետրոսը և մյուս աշակերտները կարող էին իրենց պատկերացնել ղեկավարելիս այն կառավարությունում, որն իշխելու է երկրի վրա և անսահման օրհնություններ է բերելու հնազանդ մարդկությանը։

18. Ինչո՞ւ է Աստծու խոստումների մասին խորհելը օգտակար մեզ համար։

18 Աստծու երկրային ծառաներին միշտ էլ օգուտներ է բերել նրա խոստումների իրականացման մասին մտածելը։ Այն, ինչ գիտեր Աբելը Աստծու խոստումների մասին, բավական էր ավելի լավ ապագա պատկերացնելու, հավատ դրսևորելու և իրական հույս փայփայելու համար։ Աբրահամը կարողացավ հավատի մեծ գործեր անել, քանի որ «տեսավ» այն ժամանակը, երբ իրականանալու էր խոստացված սերնդի մասին մարգարեությունը (Ծննդ. 3։15)։ Մովսեսը «աչքերը հառել էր վարձատրությանը». նա գործեց հավատով և սեր զարգացրեց Եհովայի հանդեպ (Եբր. 11։26)։ Մեր հավատն ու սերը Աստծու նկատմամբ նույնպես կմեծանան, եթե մտովի պատկերացնենք Եհովայի խոստումների իրականացումը։ Հաջորդ հոդվածում կխոսենք այն մասին, թե ինչպես կարող ենք լավագույնս օգտագործել այս պարգևը։