Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՄԱՅԻՍ 2015

 ՄԵՐ ԱՐԽԻՎԻՑ

Կաֆետերիան սիրո շնորհիվ է աշխատում

Կաֆետերիան սիրո շնորհիվ է աշխատում

ԵՀՈՎԱՅԻ խնջույքի սեղանի շուրջ հավաքվելը միշտ էլ իր ուրույն տեղն է ունեցել աստվածապետության մեջ։ Երբ Աստծու ժողովուրդը հավաքվում է հոգևոր խնջույքի, ֆիզիկական սնունդ վայելելը նույնպես նպաստում է նրա ուրախությանը։

1919թ. սեպտեմբերին Աստվածաշունչ ուսումնասիրողները կազմակերպեցին ութ օր տևող համաժողով Սիդար Փոյնթում (Օհայո, ԱՄՆ)։ Հյուրանոցները պետք է համարներ և սնունդ տրամադրեին պատվիրակներին, բայց սպասվածից մի քանի հազար հոգի ավել եկան։ Հավաքված ամբոխին տեսնելով՝ մատուցողները խուճապի մեջ ընկան և խմբովին հրաժարական տվեցին։ Հայտնվելով անելանելի վիճակում՝ կաֆետերիայի տնօրենը հարցրեց, թե արդյոք երիտասարդ պատվիրակները կարող են օգնել, և շատերը պատրաստակամորեն արձագանքեցին։ Սեդի Գրինը նրանցից մեկն էր։ «Երբեք մատուցողուհի չէի աշխատել,— պատմում է նա,— բայց լավ ժամանակ անցկացրինք»։

Սիեռա Լեոնե, 1982թ.

Հաջորդ տարիներին համաժողովի կաֆետերիաներում բազմաթիվ կամավորներ ծառայեցին իրենց եղբայրներին ու քույրերին։ Հավատակիցների հետ աշխատելը նաև օգնեց շատ երիտասարդների հոգևոր նպատակներ դնելու։ Գլեդիս Բոլտոնը ծառայեց կաֆետերիայում 1937թ. համաժողովներից մեկի ժամանակ։ Նա ասում է. «Ես ծանոթացա տարբեր երկրներից եկած մարդկանց հետ և իմացա, թե ինչպես են հաղթահարել իրենց խնդիրները։ Այդ ժամանակ էր, որ սկսեցի մտածել ռահվիրա դառնալու մասին»։

Պատվիրակներից մեկը՝ Բյուլա Քովին, ասել էր. «Գործի հանդեպ աշխատողների նվիրվածության շնորհիվ ամեն ինչ ժամացույցի ճշգրտությամբ է կատարվում»։ Սակայն դժվարություններ էլ կային։ 1969-ին Անջելու Մներան Լոս Անջելեսի (Կալիֆորնիա) «Դոդջեր» մարզադաշտ ժամանելուց հետո միայն իմացավ, որ նշանակվել է աշխատելու կաֆետերիայում։ Նա խոստովանում է. «Դա կյանքիս ամենամեծ ցնցումն էր»։ Համաժողովի նախապատրաստական աշխատանքների մեջ էր մտնում դեպի խոհանոց գազի խողովակ անցկացնելու համար 0,4 կիլոմետր երկարությամբ փոս փորելը։

Ֆրանկֆուրտ (Գերմանիա), 1951թ.

1982թ.-ին Սիեռա Լեոնեում ջանասեր կամավորները նախ պետք է մաքրեին տարածքը և հետո միայն կաֆետերիա կառուցեին՝ օգտագործելով ձեռքի տակ եղած նյութերը։ 1951-ին Ֆրանկֆուրտում (Գերմանիա) հնարամիտ եղբայրները շոգեքարշ վարձեցին գոլորշու վրա 40 կաթսաներով ուտելիք պատրաստելու համար։ Մատուցողները մի ժամում 30000 հոգու ուտելիք էին բաժանում։ Սպասքի լվացման բաժնի 576  աշխատողների գործը թեթևացնելու համար համաժողովի պատվիրակները իրենց հետ բերում էին դանակներ և պատառաքաղներ։ Յանգոնում (Մյանմա) խելացի խոհարարները տարբեր երկրներից եկած պատվիրակների կերակուրների մեջ սովորականից ավելի քիչ էին կծու համեմունքներ օգտագործում։

«ՆՐԱՆՔ ԿԱՆԳՆԱԾ ԵՆ ՈՒՏՈՒՄ»

Էնի Փոգենսին պատմում է, թե 1950-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած մի համաժողովի ժամանակ կաֆետերիայում կիզիչ արևի տակ հերթ կանգնելը ինչ ուրախություն բերեց իրեն։ Նա ասում է. «Ամբողջությամբ տարվել էի երկու քույրերի ջերմ զրույցով։ Նրանք նավով եկել էին Եվրոպայից»։ Յուրաքանչյուրը պատմում էր, թե ինչպես է Եհովան օգնել, որ ներկա լինի համաժողովին։ «Այդ երկու քույրերի պես ոչ ոք այդքան ուրախ չէր,— ասաց Էնին։— Հերթը և անտանելի շոգը ոչ մի նշանակություն չունեին նրանց համար»։

Սեուլ (Կորեա), 1963թ.

Մեծ համաժողովներից շատերի ժամանակ ընդարձակ վրաններ էին կանգնեցնում և շարքով բարձր սեղաններ էին դնում, որոնց առաջ մարդիկ կանգնած արագ ուտում էին, որպեսզի մյուսների համար տեղ ազատվի։ Այլ կերպ հնարավոր չէր լինի հազարավոր մարդկանց կերակրել ընդմիջման ժամին։ Մի մարդ, որը Վկա չէր, նկատեց. «Դա տարօրինակ կրոն է։ Նրանք կանգնած են ուտում»։

Զինվորական և քաղաքական իշխանությունները հիացած էին՝ տեսնելով կատարվող աշխատանքի արդյունվետությունն ու կազմակերպվածությունը։ Այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգների բանակի զինվորականները ստուգեցին «Յանկի» մարզադաշտում (Նյու Յորք) գտնվող մեր կաֆետերիան, Բրիտանիայի ռազմական նախարարության մայոր Ֆոլքներին խրախուսեցին նման ստուգում անցկացնել։ Այդ նպատակով նա և իր կինը 1955-ին Թուիքենհեմում (Անգլիա) ներկա եղան «Հաղթական Թագավորությունը» համաժողովին։ Նա ասաց, որ կաֆետերիան սիրո շնորհիվ է աշխատում։

Տասնամյակներ շարունակ պատրաստակամ աշխատողները սննդարար և ոչ թանկ ուտելիքներ են մատուցել համաժողովի ներկաներին։ Բայց այս ահռելի գործը կատարելու համար հաճախ բազմաթիվ կամավորներ ժամեր շարունակ աշխատել են և նույնիսկ բաց են թողել համաժողովի ծրագրի որոշ մասեր կամ ամբողջ ծրագիրը։ 1970-ականների վերջում համաժողովի ժամանակ սնունդ մատուցելու այս կարգը շատ երկրներում պարզեցվեց։ Իսկ 1995-ից սկսած՝ պատվիրակներին խնդրեցին իրենց հետ ուտելիք բերել համաժողովի վայր։ Սրա շնորհիվ նրանք, ովքեր ուտելիք էին պատրաստում և մատուցում, հնարավորություն ունեցան վայելելու հոգևոր ծրագիրը և հավատակիցների հետ շփումը։ *

Որքա՜ն թանկ Եհովան պետք է որ գնահատած լինի նրանց, ովքեր ջանասիրաբար ծառայել են իրենց հավատակիցներին։ Ոմանք գուցե կարոտով են հիշում կաֆետերիայում աշխատելու ուրախ օրերը։ Ինչևէ... մի բան առայսօր անփոփոխ է. սերը շարունակում է մնալ մեր համաժողովների հիմնական համեմունքը (Հովհ. 13։34, 35

^ պարբ. 12 Ինչ խոսք, կամավորները դեռ բազմաթիվ հնարավորություններ ունեն աջակցելու համաժողովի մյուս բաժիններին։

Իմացիր ավելին

Հիշողություններ «Աշխարհի շուրջը» համաժողովից

50 տարի առաջ 583 Եհովայի վկաներ մեկնեցին 10 շաբաթյա ճամփորդության աշխարհի 23 երկրներով։

Հիշարժան պահեր 1963 թ. միջազգային համաժողովներից

Դիտեք դրվագներ 1963-ին անցկացված «Հավիտենական ավետիս» վերնագրով միջազգային համաժողովների մասին երկու ժամանոց ֆիլմից։

Եհովան ժողովում է իր ուրախ ժողովրդին

Ինչո՞վ են աստվածաշնչյան ժամանակների տոնակատարությունները նման Եհովայի վկաների համաժողովներին։ Ինչո՞ւ մեզ համար օգտակար կլինի ներկա լինել այդ համաժողովներին։