Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՄԱՅԻՍ 2015

Ընդօրինակիր նրան, ով հավիտենական կյանք է խոստանում

Ընդօրինակիր նրան, ով հավիտենական կյանք է խոստանում

«Ընդօրինակեք Աստծուն սիրելի զավակների պես» (ԵՓԵՍ. 5։1

1. Ո՞ր ունակությունը կօգնի մեզ ընդօրինակելու Աստծու հատկությունները։

ՄԵՆՔ Եհովայի կողմից օժտված ենք մեզ դիմացինի դրության մեջ դնելու ունակությամբ։ Եթե նույնիսկ որևէ իրավիճակում երբեք չենք եղել, ունակ ենք որոշ չափով պատկերացնելու այն (կարդա՛  Եփեսացիներ 5։1, 2)։ Ինչպե՞ս կարող ենք այս պարգևն իմաստությամբ օգտագործել։ Եվ ինչո՞ւ պետք է զգույշ լինենք, թե ինչպես ենք այն օգտագործում։

2. Երբ նեղությունների մեջ ենք, ի՞նչ է զգում Եհովան։

2 Եհովան մեզ հիանալի ապագա է խոստացել, որը զերծ է լինելու տառապանքից։ Հավատարիմ օծյալներին նա խոստացել է անմահ կյանք երկնքում, իսկ Հիսուսի նվիրված «ուրիշ ոչխարներին»՝ հավիտենական կյանք երկրի վրա (Հովհ. 10։16; 17։3; 1 Կորնթ. 15։53)։ Բայց Եհովան հասկանում է, թե ինչ ցավ ենք ապրում այսօր։ Նա ցավ էր զգում, երբ տեսնում էր, թե ինչ տառապանքներ էին կրում իսրայելացիները Եգիպտոսում. «Նրանց բոլոր նեղությունների մեջ նա էլ էր նեղվում» (Ես. 63։9)։ Իսկ երբ դարեր անց հրեաները վախի մեջ էին թշնամիների պատճառով, որոնք հակառակվում էին տաճարի վերականգնողական աշխատանքներին, Աստված ասաց. «Ձեզ դիպչողը իմ աչքի բիբին է դիպչում»  (Զաք. 2։8)։ Ինչպես որ մայրն է սիրում իր երեխային, այնպես էլ Եհովան է սիրում իր ժողովրդին և ուզում է օգնել նրան (Ես. 49։15)։ Եհովան կարող է մտնել ուրիշների դրության մեջ և մեզ նույնպես օժտել է այդ ունակությամբ (Սաղ. 103։13, 14

ԻՆՉՊԵՍ ՀԻՍՈՒՍԸ ԱՐՏԱՑՈԼԵՑ ԱՍՏԾՈՒ ՍԵՐԸ

3. Ի՞նչն է ցույց տալիս, որ Հիսուսը կարեկից է։

3 Հիսուսը զգում էր ուրիշների ցավը, նույնիսկ այն մարդկանց, որոնց հանգամանքներում երբեք չէր եղել։ Նկատի առնենք հետևյալը. ժողովուրդը վախենում էր կրոնական առաջնորդներից, որոնք խաբում և բազմաթիվ մարդակերտ օրենքներով ծանրացնում էին նրանց կյանքը (Մատթ. 23։4; Մարկ. 7։1–5; Հովհ. 7։13)։ Ճիշտ է, Հիսուսը երբեք չէր վախեցել կրոնական առաջնորդներից և չէր հավատացել նրանց ստերին, բայց հասկանում էր, թե ինչ է զգում ժողովուրդը։ «Տեսնելով մարդկանց բազմությունը՝ նա խղճաց նրանց, որովհետև կեղեքված էին և ցիրուցան եղած, ինչպես ոչխարներ, որ հովիվ չունեն» (Մատթ. 9։36)։ Իր Հոր նման՝ Հիսուսը սիրում և կարեկցում էր մարդկանց (Սաղ. 103։8

4. Մարդկանց տառապանքը տեսնելը ինչպե՞ս էր անդրադառնում Հիսուսի վրա։

4 Երբ Հիսուսը տեսնում էր տառապող մարդկանց, մղվում էր սեր դրսևորելու նրանց հանդեպ։ Այդպիսով նա կատարելապես արտացոլում էր իր Հոր սերը։ Մի անգամ քարոզչական երկար շրջագայությունից հետո Հիսուսը և իր առաքյալները պատրաստվում էին մեկուսի վայրում մի փոքր հանգիստ առնել։ Բայց տեսնելով իրեն սպասող ամբոխին՝ նա խղճաց և «սկսեց շատ բաներ սովորեցնել» (Մարկ. 6։30, 31, 34

ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԸԴՆՕՐԻՆԱԿԵԼ ԵՀՈՎԱՅԻ ՍԵՐԸ

5, 6. Աստծու սերը ընդօրինակելու համար ինչպե՞ս պետք է վերաբերվենք մեր մերձավորին։ Բե՛ր օրինակ (տե՛ս 24-րդ էջի նկարը)։

5 Մենք Աստծու սերը կարող ենք ընդօրինակել մերձավորի հանդեպ դրսևորած մեր վերաբերմունքով։ Պարզաբանենք օրինակով։ Մի երիտասարդ, որին կանվանենք Ալեն, մտածում է մի տարեց եղբոր մասին, որը վատ տեսողություն ունի։ Նա դժվարանում է կարդալ և քայլել։ Ալենը հիշում է Հիսուսի խոսքերը. «Այն, ինչ ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, նույնը դուք արեք նրանց» (Ղուկ. 6։31)։ Ուստի հարցնում է իրեն. «Ի՞նչ կուզեի, որ մարդիկ անեն ինձ համար»։ Նրա անկեղծ պատասխանը հետևյալն է. «Կուզեի, որ նրանք ֆուտբոլ խաղային ինձ հետ»։ Բայց տարեց եղբայրը, ինչ խոսք, չի կարող ֆուտբոլ խաղալ։ Հիսուսի խոսքերը պարփակում են այն միտքը, որ մենք պետք է ինքներս մեզ հարցնենք. «Եթե ես իմ մերձավորի հանգամանքներում լինեի, ի՞նչ կուզեի, որ ինձ համար անեին»։

6 Ալենը տարեց չէ, բայց կարող է հասկանալ տարեց մարդու ապրումները։ Նա ժամանակ է անցկացնում տարեց եղբոր հետ և ուշադրությամբ լսում է նրան։ Աստիճանաբար հասկանում է, թե ինչ է նշանակում լինել տարեց անձնավորություն, որի համար դժվար է կարդալ Աստվածաշունչը կամ տնից տուն գնալ։ Երբ Ալենը զգում է տարեց եղբոր ցավը, հասկանում է, թե ինչի կարիք նա ունի, և ուզում է օգնել։ Մենք կարող ենք նույնն անել։ Աստծու սերը ընդօրինակելու համար պետք է մեզ ուրիշի տեղը դնենք (1 Կորնթ. 12։26

Ընդօրինակենք Եհովային՝ սեր դրսևորելով (տե՛ս պարբերություն 7)

7. Ինչպե՞ս կարող ենք դիմացինին այնքան լավ ճանաչել, որ զգանք նրա ցավը։

7 Միշտ չէ, որ հեշտ է հասկանալ ուրիշների ցավը։ Շատ մարդիկ այնպիսի դժվարություններ ունեն, որոնց մենք երբեք չենք բախվել։ Ոմանք տառապում են վնասվածքի, հիվանդության կամ ծերության պատճառով։ Ուրիշներն էլ պայքարում են դեպրեսիայի, տագնապային խանգարումների կամ ճնշումների հետևանքով առաջացած էմոցիոնալ խնդիրների դեմ։ Ոմանք ապրում են կրոնապես բաժանված ընտանիքում կամ միայնակ ծնող են։ Յուրաքանչյուր մարդ որոշակի խնդիրներ ունի, և դրանցից շատերը տարբերվում են մեր խնդիրներից։ Ուրեմն ինչպե՞ս կարող ենք  ընդօրինակել Աստծու սերը։ Եթե ուշադրությամբ լսենք այնքան, որ որոշ չափով հասկանանք դիմացինի զգացմունքները։ Դա մեզ կմղի ընդօրինակելու Եհովայի սերը՝ դիմացինի կարիքներին համապատասխանաբար գործելով։ Տարբեր մարդիկ տարբեր կարիքներ ունեն, բայց մենք կարող ենք հոգևորապես քաջալերել նրանց և օգնել ուրիշ կերպերով ևս (կարդա՛  Հռոմեացիներ 12։15; 1 Պետրոս 3։8

ԸՆԴՕՐԻՆԱԿԵՆՔ ԵՀՈՎԱՅԻ ԲԱՐՈՒԹՅՈՒՆԸ

8. Ի՞նչն օգնեց Հիսուսին բարություն դրսևորելու։

8 Աստծու Որդին ասաց. «Բարձրյալը.... բարի է ապերախտների և չարերի հանդեպ» (Ղուկ. 6։35)։ Հիսուսը ընդօրինակեց Աստծու բարությունը։ Ի՞նչն օգնեց նրան։ Նա բարությամբ էր վերաբերվում մարդկանց՝ նախապես մտածելով, թե ինչպես իր խոսքերն ու գործերը կարող են ազդել դիմացինի զգացմունքների վրա։ Օրինակ՝ մի կին, որը ճանաչված էր որպես մեղավոր, մոտեցավ Հիսուսին, լաց եղավ և արցունքներով սրբեց նրա ոտքերը։ Հիսուսը հասկացավ, որ նա զղջացել է, և պատկերացրեց, թե որքան թևաթափ կլինի այդ կինը, եթե նրա հետ վատ վերաբերվի։ Ուստի գովեց և ներեց նրան։ Երբ փարիսեցիներից մեկը հավանություն չտվեց կատարվածին, Հիսուսը նրա հետ նույնպես բարությամբ խոսեց (Ղուկ. 7։36–48

9. Ի՞նչը կօգնի մեզ ընդօրինակելու Աստծու բարությունը։ Բե՛ր օրինակ։

9 Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Աստծու բարությունը։ Պողոս առաքյալը գրեց. «Տիրոջ ծառան չպետք է վիճի, այլ պետք է բոլորի հանդեպ հեզահոգի լինի» (2 Տիմոթ. 2։24)։ Այս համարում հեզահոգի թարգմանված հունարեն բառը ունի նաև նրբանկատ լինելու իմաստը։ Նրբանկատ մարդիկ հասկանում են, թե ինչպես պահեն իրենց, որպեսզի չվիրավորեն ուրիշների զգացմունքները։ Մտածիր, թե ինչպես կարող ես բարի լինել հետևյալ իրավիճակներում։ Աշխատանքի վայրում գործատերդ իր գործը լավ չի անում։ Ինչպե՞ս կարձագանքես։ Եղբայրը, որը ամիսներ շարունակ չի եկել հանդիպումներին, գալիս է ժողով։ Ի՞նչ կասես նրան։ Ծառայության ժամանակ բնակիչն ասում է. «Ես շատ զբաղված եմ և չեմ կարող այս պահին խոսել ձեզ հետ»։ Նրբանկատություն կդրսևորե՞ս։ Տանը կողակիցդ հարցնում է. «Ինչո՞ւ ինձ չէիր ասել, թե ինչ ես ծրագրել շաբաթ օրվա համար»։ Բարությա՞մբ կարձագանքես։ Եթե մեզ դնենք դիմացինի դրության մեջ՝ փորձելով կանխատեսել, թե մեր խոսքերն ինչպես կանդրադառնան նրա վրա, կիմանանք, թե ինչպես խոսենք ու վարվենք, որպեսզի ընդօրինակենք Եհովայի բարությունը (կարդա՛  Առակներ 15։28

ԸՆԴՕՐԻՆԱԿԻՐ ԱՍՏԾՈՒ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ

10, 11. Ի՞նչը կօգնի մեզ ընդօրինակելու Աստծու իմաստությունը։ Բե՛ր օրինակ։

10 Երբ հասկանում ենք այն իրավիճակները, որոնցում չենք եղել, կարողանում ենք նաև ընդօրինակել Եհովայի իմաստությունը և կանխատեսել մեր արարքների հավանական հետևանքները։ Իմաստությունը Եհովայի հիմնական հատկություններից է։ Եվ երբ նա ցանկանում է, ամենայն մանրամասնությամբ կարողանում է կանխատեսել տվյալ արարքի հետևանքները։ Թեև մենք չենք կարող նրա պես հեռատես լինել, բայց լավ կլինի, որ մտածենք, թե ինչ հետևանքներ կունենա մեր այս կամ այն արարքը։ Իսրայելացիները հաշվի չառան Աստծու հանդեպ անհնազանդ գտնվելու հավանական հետևանքները։ Մովսեսը գիտեր, որ չնայած այն ամենին, ինչ Եհովան արել էր նրանց համար, նրանք անելու են այն, ինչ չար է Աստծու աչքին։ Իսրայելի ողջ ժողովի առաջ նա ասաց հետևյալ խոսքերը. «Սա մի ազգ է, որ զուրկ է դատողությունից, նրանց մեջ մի հասկացող էլ չկա։ Երանի՜ թե իմաստուն լինեին, այդ ժամանակ կմտածեին այդ բանի մասին։ Նրանք կխորհեին, թե ինչ է  լինելու իրենց վերջը» (2 Օրենք 31։29, 30; 32։28, 29

11 Աստծու իմաստությունն ընդօրինակելու համար լավ կլինի, որ մտածենք կամ նույնիսկ պատկերացնենք, թե ինչ հավանական հետևանքներ կունենան մեր արարքները։ Օրինակ՝ մտերմության շրջանում լավ կլինի հիշել, որ երբ ինչ-որ մեկը մեզ դուր է գալիս, դժվար է վերահսկել զգացմունքներն ու սեռական ցանկությունները։ Թող որ երբեք այնպիսի ծրագիր չկազմենք կամ չանենք այնպիսի բան, որը կվնասի Եհովայի հետ ունեցած մեր թանկ հարաբերությունները։ Փոխարենը՝ եկեք վարվենք այս ներշնչյալ խոսքերին ներդաշնակ. «Խորագետը տեսնում է փորձանքը և թաքնվում, բայց անփորձները առաջ են գնում ու պատժվում» (Առակ. 22։3

ԽՈՒՍԱՓԻՐ ՎՆԱՍԱԿԱՐ ՄՏՔԵՐԻ ՎՐԱ ԿԵՆՏՐՈՆԱՆԱԼՈՒՑ

12. Ինչպե՞ս է հնարավոր, որ խորհրդածելու ունակությունը վնասի մեզ։

12 Խորագետ մարդը գիտակցում է, որ խորհրդածելու ունակությունը կրակի նման է։ Եթե կրակը ճիշտ օգտագործենք, այն օգտակար կլինի, օրինակ՝ երբ դրա վրա կերակուր պատրաստենք։ Բայց եթե չվերահսկենք կրակը, այն կարող է մահացու լինել. հրդեհել մեր տունը և սպանել մեզ։ Նույնպեսև խորհրդածելը օգտակար է, եթե օգնում է ընդօրինակելու Եհովային։ Սակայն այն կվնասի, եթե անբարո ցանկություններ բորբոքի մեր մեջ։ Օրինակ՝ եթե սովորություն ունենք մտածելու անբարո բաների մասին և պատկերացնելու մեզ նման բաներ անելիս, ապա ի վերջո կվարվենք մեր պատկերացրածի համաձայն։ Այո՛, անբարո ֆանտազիաներին տրվելը կարող է հոգևորապես սպանել մեզ (կարդա՛  Հակոբոս 1։14, 15

13. Ի՞նչ կյանք հավանաբար Եվան պատկերացրեց իր մտքում։

13 Նկատի առնենք, թե ինչպես առաջին կինը՝ Եվան, ցանկություն զարգացրեց ուտելու «բարին ու չարը գիտենալու ծառից», որի պտղից Աստված արգելել էր ուտել (Ծննդ. 2։16, 17)։ Օձն ասաց նրան. «Դուք, անշուշտ, չեք մեռնի, քանի որ Աստված գիտի, որ հենց այն օրը, երբ ուտեք դրանից, ձեր աչքերը կբացվեն, և դուք Աստծու պես կլինեք՝ բարին ու չարը իմացող»։ Ակներևաբար, Եվան ինչ-որ գրավիչ բան գտավ Սատանայի խոսքերում. այդուհետ ոչ թե իրեն կասեին, թե ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ, այլ ինքը կորոշեր դա։ Եվան «տեսավ, որ ծառի պտուղը լավ է ուտելու համար, որ փափագելի է աչքերին»։ Ի՞նչ եղավ արդյունքը։ «Նա վերցրեց նրա պտղից և սկսեց ուտել։ Իսկ հետո, երբ ամուսինն իր հետ էր, նրան էլ տվեց պտղից, և նա կերավ» (Ծննդ. 3։1–6)։ Նրա մեղավոր ամուսնու՝ Ադամի միջոցով «մեղքը մտավ աշխարհ, և մեղքով էլ մահը» (Հռոմ. 5։12

14. Ինչպե՞ս է Աստվածաշունչն օգնում, որ զգուշանանք անբարոյությունից։

14 Ճիշտ է, Եդեմի պարտեզում Եվայի  գործած մեղքը անբարոյություն չէր, սակայն Հիսուսը զգուշացրեց մտովի անբարո բաներ պատկերացնելու մասին։ Նա ասաց. «Յուրաքանչյուր ոք, ով շարունակում է նայել որևէ կնոջ այնպես, որ իր մեջ կրքեր են արթնանում նրա հանդեպ, նա արդեն շնություն գործեց նրա հետ իր սրտում» (Մատթ. 5։28)։ Ավելին, Պողոսը զգուշացրեց. «Մի՛ ծրագրեք, թե ինչպես կատարել մարմնի ցանկությունները» (Հռոմ. 13։14

15. Ինչպիսի՞ գանձեր պետք է դիզենք և ինչո՞ւ։

15 Մեկ այլ վնասակար միտք է այն, որ երազում ենք շատ հարստանալ և քիչ ենք մտածում Աստծուն հաճեցնելու մասին։ Իրականում, հարուստ մարդու հարստությունը «պաշտպանող պարսպի է նման» «նրա երևակայության մեջ» (Առակ. 18։11)։ Հիսուսը մի առակ պատմեց, ցույց տալու համար, թե ինչ խղճուկ վիճակում է այն մարդը, «որն իր համար գանձ է կուտակում, բայց Աստծու աչքին հարուստ չէ» (Ղուկ. 12։16–21)։ Երբ «գանձեր ենք դիզում երկնքում» և Աստծուն հաճելի բաներ ենք անում, ուրախացնում ենք նրան և մեզ երջանիկ ենք զգում (Մատթ. 6։20; Առակ. 27։11)։ Եհովայի հետ մտերիմ փոխհարաբերությունը, անխոս, ամենաթանկ գանձն է, որ կարող ենք ունենալ։

ՎԵՐԱՀՍԿԵՆՔ ՄՏԱՀՈԳՈՂ ՄՏՔԵՐԸ

16. Ո՞րն է մտահոգությունները վերահսկելու ձևերից մեկը։

16 Մի պահ պատկերացրու, թե որքան շատ մտահոգություններ կունենաս, եթե ձգտես գանձեր դիզել երկրի վրա (Մատթ. 6։19)։ Հիսուսը առակի միջոցով ցույց տվեց, որ «աշխարհի հոգսերը և հարստության հրապույրը» կարող են խեղդել Թագավորության խոսքը (Մատթ. 13։18, 19, 22)։ Որոշ մարդիկ, անկախ նրանից՝ մտահոգվում են փողի մասին, թե ոչ, անընդհատ անհանգստանում են բոլոր այն վատ բաների համար, որ հնարավոր է՝ պատահեն իրենց։ Սակայն չվերահսկվող մտահոգությունները կարող են վտանգել մեր առողջությունը և վնասել մեզ հոգևորապես։ Ուրեմն եկեք վստահենք Եհովային և հիշենք, որ «անհանգստությունը ընկճում է մարդու սիրտը, բայց բարի խոսքը ուրախացնում է այն» (Առակ. 12։25)։ Մեզ հասկացող մարդու քաջալերական խոսքերը կարող են ուրախացնել մեր սիրտը։ Եթե մեր անհանգստությունների մասին պատմենք ծնողներին, կողակցին կամ վստահելի ընկերոջը, որը հարցերի վերաբերյալ ունի Աստծու տեսակետը, դա կօգնի, որ ձերբազատվենք մտահոգություններից։

17. Ինչպե՞ս է Եհովան օգնում մեզ, որ պայքարենք մտահոգությունների դեմ։

17 Ոչ ոք Եհովայից ավելի լավ չի հասկանում մեր մտահոգությունները։ Պողոսը գրեց. «Ոչ մի բանի մասին մի՛ մտահոգվեք, այլ ամեն ինչում աղոթքով և աղաչանքով շնորհակալության հետ մեկտեղ թող ձեր խնդրանքները հայտնի լինեն Աստծուն, և Աստծու խաղաղությունը, որ գերազանցում է ամեն միտք, կպահպանի ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսի միջոցով» (Փիլիպ. 4։6, 7)։ Հիշիր, որ հոգևոր վտանգներից պաշտպանվելու համար մեզ օգնում են հավատակիցները, երեցները, հավատարիմ և իմաստուն ծառան, հրեշտակները, Հիսուսը և հենց Եհովան։

18. Ինչպե՞ս կարող է պատկերացնելու ունակությունը օգնել մեզ։

18 Ինչպես տեսանք, մենք ընդօրինակում ենք Եհովայի հատկությունները, օրինակ՝ սերը, երբ գործի ենք դնում դիմացինի զգացմունքները հասկանալու մեր ունակությունը (1 Տիմոթ. 1։11; 1 Հովհ. 4։8)։ Մենք երջանիկ կլինենք, եթե անկեղծ սեր դրսևորենք, հաշվի առնենք մեր արարքների հետևանքները և չմտահոգվենք, քանի որ դա կխլի մեր ուրախությունը։ Թող որ լավագույնս օգտագործենք ապագան պատկերացնելու աստվածատուր պարգևը և ընդօրինակենք Եհովայի սերը, բարությունը, իմաստությունն ու ուրախությունը (Հռոմ. 12։12