Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՄԱՅԻՍ 2015

 ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Առաջին սերս Աստծու հանդեպ օգնել է, որ տոկամ

Առաջին սերս Աստծու հանդեպ օգնել է, որ տոկամ

1970 ԹՎԱԿԱՆԻ ամառվա սկիզբն էր։ Պառկած էի Ուելի Ֆորջ հոսպիտալում (Ֆենիքսվիլ, Փենսիլվանիա, ԱՄՆ)։ Բուժեղբայրը կես ժամը մեկ չափում էր իմ արյան ճնշումը։ 20 տարեկան զինվոր էի և տառապում էի լուրջ ինֆենկցիոն հիվանդությունից։ Բուժեղբայրը, որը մի քանի տարի էր մեծ ինձանից, անհանգստացած էր։ Քանի որ ճնշումս շարունակում էր ընկնել, նրան հարցրի. «Մեռնող մարդ երբեք չես տեսել, չէ՞»։ Նրա դեմքը գունատվեց։ Նա պատասխանեց. «Չէ՛, չեմ տեսել»։

Այդ պահին ապագաս շատ մռայլ էր թվում։ Բայց ինչպե՞ս էի հայտնվել հիվանդանոցում։ Թույլ տվեք մի փոքր պատմեմ իմ կյանքից։

ՊԱՏԵՐԱԶՄ

Հիվանդացել էի Վիետնամի պատերազմի ժամանակ, երբ ծառայում էի որպես վիրահատական սենյակի աշխատող։ Սիրում էի օգնել հիվանդներին ու վիրավորներին, ուստի նպատակ ունեի դառնալու վիրաբույժ։ 1969թ. հուլիսն էր, երբ ժամանեցի Վիետնամ։ Ինչպես մյուս բոլոր նորեկներին, ինձ էլ մի շաբաթ ժամանակ տվեցին, որ հարմարվեմ ժամային գոտուն և շատ շոգ կլիմային։

Ինձ նշանակեցին ծառայելու Մեկոնգ դելտայում (Դոնգ Թամ) գտնվող մի վիրաբուժական հոսպիտալում։ Նոր էի սկսել ծառայությունս, երբ մի օր բազմաթիվ ուղղաթիռներով վիրավորներ բերեցին։ Ես շատ հայրենասեր էի և սիրում էի աշխատել, ուստի անմիջապես գործի անցա։ Վիրավորներին պատրաստում էին և արագ տեղափոխում օդափոխության համակարգով փոքր մետաղյա կոնտեյներներ, որոնք ծառայում էին որպես վիրահատական սենյակներ։ Վիրաբույժը, անեսթեզիոլոգը և երկու բուժեղբայր այդ փոքր տարածքում ամեն բան անում էին, որ փրկեին մարդկանց կյանքերը։ Նկատեցի, որ որոշ ուղեբեռներ, որ մեծ սև տոպրակներով էին, չէին բեռնաթափվում ուղղաթիռներից։ Ինձ ասացին, որ դրանց մեջ զինվորների մարմնի մասեր են, որոնք պատերազմի դաշտում ականի պայթյունի հետևանքով այս ու այն կողմ էին նետվել։ Ահա այսպիսի դեմքով ինձ ներկայացավ պատերազմը։

ՓՆՏՐՈՒՄ ԵՄ ԱՍՏԾՈՒՆ

Երիտասարդ տարիքում մի քիչ ծանոթացել էի ճշմարտությանը

Երիտասարդ տարիքում մի քիչ ծանոթացել էի ճշմարտությանը, որ սովորեցնում էին Եհովայի վկաները։ Իմ շատ սիրելի մայրը ուսումնասիրեց Աստվածաշունչը Վկաների հետ, բայց այդպես էլ չմկրտվեց։ Երբ մորս հետ Աստվածաշունչ էին  ուսումնասիրում, սիրում էի նստել և լսել։ Մոտավորապես այդ ժամանակ էր, երբ մի օր խորթ հորս հետ անցնում էինք Թագավորության սրահի կողքով։ Նրան հարցրի. «Ի՞նչ է սա»։ Նա պատասխանեց. «Այդ մարդկանցից հեռու կմնաս»։ Ես սիրում և վստահում էի խորթ հորս, ուստի հետևեցի նրա խորհրդին։ Այդպես կորցրի կապը Եհովայի վկաների հետ։

Վիետնամից վերադառնալուց հետո զգացի, որ Աստծու կարիքը շատ ունեմ։ Ծանր հիշողությունները ընդարմացրել էին զգացմունքներս։ Թվում էր՝ ոչ ոք իրականում չի հասկանում, թե ինչ է տեղի ունենում Վիետնամում։ Հիշում եմ՝ ցույցերի ժամանակ ցուցարարները Միացյալ Նահանգների զինվորներին կոչում էին մանկասպաններ այն լուրերի պատճառով, թե պատերազմի ժամանակ անմեղ երեխաներ են մորթվում։

Հոգևոր քաղցս բավարարելու համար սկսեցի հաճախել տարբեր եկեղեցիներ։ Ես միշտ սիրել եմ Աստծուն, բայց ինձ չէր տպավորում այն, ինչ տեսնում էի եկեղեցիներում։ Ի վերջո, 1971թ. փետրվար ամսին՝ մի կիրակի օր, գնացի Դելրեյ Բիչում (Ֆլորիդա) գտնվող Եհովայի վկաների Թագավորության սրահ։

Երբ ներս մտա, հանրային ելույթը գրեթե ավարտվում էր։ Մնացի «Դիտարանի» ուսումնասիրության հանդիպմանը։ Չեմ հիշում, թե ինչ նյութ էր քննարկվում, բայց շատ լավ հիշում եմ այն փոքր երեխաներին, որոնք թերթում էին Աստվածաշնչի էջերը, որպեսզի գտնեին համարները։ Դա շատ տպավորեց ինձ։ Ես լուռ լսում էի և նայում շուրջս։ Երբ ուզում էի դուրս գալ Թագավորության սրահից, մոտ 80 տարեկան մի եղբայր մոտեցավ ինձ. Ջիմ Գարդներն էր։ Նա մեկնեց ինձ մի գիրք՝ «Ճշմարտություն, որ հավիտենական կյանքի է առաջնորդում», և հարցրեց. «Կուզե՞ս այս գիրքը»։ Մենք պայմանավորվեցինք հինգշաբթի առավոտյան Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել։

Կիրակի գիշերը պետք է աշխատեի։ Բոկա-Ռատոնում (Ֆլորիդա) գտնվող մի մասնավոր հիվանդանոցում գործի էի ընդունվել։ Աշխատում էի վերակենդանացման բաժանմունքում երեկոյան ժամը տասնմեկից մինչև առավոտյան ժամը յոթը։ Քանի որ այդ գիշեր գործը թեթև էր, կարողացա կարդալ «Ճշմարտություն» գիրքը։ Ավագ քույրը մոտեցավ ինձ, ձեռքիցս խլեց այն, նայեց շապիկին և գոռալով ասաց. «Չե՛ս պատրաստվում նրանցից մեկը դառնալ, չէ՞»։ Ես նրա ձեռքից խլեցի գիրքը և ասացի. «Դեռ գրքի կեսն եմ հասել, բայց, ինչպես երևում է, դառնալու եմ»։ Նա հեռացավ, այդ գիշեր ես կարդացի ամբողջ գիրքը։

Ինձ Աստվածաշունչ է ուսուցանել Ջիմ Գարդները՝ օծյալ մի եղբայր, որը ճանաչել է Չարլզ Թեյզ Ռասելին

Երբ հանդիպեցի եղբայր Գարդների հետ, հարցրի. «Իսկ ի՞նչ ենք ուսումնասիրելու»։ Նա պատասխանեց. «Այն գիրքը, որ տվել էի քեզ»։ Ասացի, որ արդեն կարդացել եմ այն։ Եղբայր Գարդները մեղմորեն պատասխանեց. «Լավ, արի պարզապես քննարկենք առաջին գլուխը»։ Զարմացել էի, թե որքան բան չէի նկատել։ Եղբայր Գարդների հետ մի շարք համարներ կարդացինք իմ Աստվածաշնչից՝ «Ջեյմս թագավորի թարգմանության» այն հրատարակությունից, որում Հիսուսի խոսքերը կարմիր տառերով են գրված։ Վերջապես սկսեցի սովորել ճշմարիտ Աստծու՝ Եհովայի մասին։ Եղբայր Գարդները, ում մտերմիկ  ձևով Ջիմ էի անվանում, այդ առավոտ «Ճշմարտություն» գրքից երեք գլուխ ուսումնասիրեց ինձ հետ։ Այդուհետ ամեն հինգշաբթի առավոտյան երեք գլուխ քննարկում էինք։ Ես մեծ բավականություն էի ստանում այդ ուսումնասիրություններից։ Ինձ համար մեծ պատիվ էր կրթվել այդ օծյալ եղբոր կողմից։ Նա անձամբ ճանաչել էր Չարլզ Թ. Ռասելին։

Մի քանի շաբաթ հետո դարձա բարի լուրի քարոզիչ։ Ջիմն օգնեց ինձ հաղթահարելու շատ խնդիրներ, այդ թվում՝ տնետուն ծառայելու հետ կապված դժվարությունները (Գործ. 20։20)։ Քանի որ Ջիմը ինձ հետ ծառայում էր, սկսեցի սիրել քարոզչական ծառայությունը։ Մինչ օրս այն մեծագույն առանձնաշնորհում եմ համարում։ Որքա՜ն հաճելի է լինել Աստծու համագործակիցը (1 Կորնթ. 3։9

ԱՌԱՋԻՆ ՍԵՐՍ ԵՀՈՎԱՅԻ ՀԱՆԴԵՊ

Այժմ պատմեմ մի շատ անձնական բանի՝ Եհովայի հանդեպ իմ առաջին սիրո մասին (Հայտն. 2։4)։ Այդ սերն օգնել է ինձ մոռանալու պատերազմի ցավալի հիշողությունները և հաղթահարելու բազմաթիվ փորձություններ (Ես. 65։17

Եհովայի հանդեպ ունեցած սերս օգնել է ինձ մոռանալու պատերազմի ցավալի հիշողությունները և հաղթահարելու բազմաթիվ փորձություններ

Մկրտվեցի 1971թ. հուլիսին «Յանկի» մարզադաշտում «Աստծու անունը» մարզային համաժողովի ժամանակ

Ապրում էի ծնողներիս բնակարանում, որտեղ թույլ էին տվել մնալ։ Բայց մի օր ինձ դուրս արեցին այնտեղից. խորթ հայրս չէր կարող հանդուրժել, որ իր տանը Եհովայի վկա ապրի։ Այդ ժամանակ շատ փող չունեի։ Երկու շաբաթը մեկ էի աշխատավարձ ստանում։ Վճարագրիս ողջ գումարով հագուստ էի գնել, որպեսզի կարողանայի մասնակցել ծառայությանը և պատշաճ կերպով ներկայացնել Եհովային։ Մի քիչ խնայած փող ունեի, բայց դա բանկում էր՝ Միչիգանի նահանգում, որտեղ մեծացել էի։ Այդ պատճառով մի քանի օր ստիպված էի ապրել մեքենայիս մեջ։ Սափրվում և լոգանք էի ընդունում գազալցակայանների լոգարաններում։

Դա 1971թ. գարնանն էր։ Բայց մի օր առանձնահատուկ դարձավ ինձ համար։ Հիվանդանոցում հերթափոխն ավարտելուց հետո գնացի  Թագավորության սրահ։ Դեռ մի քանի ժամ կար, որ խումբը հավաքվեր ծառայության դուրս գալու համար։ Ու մինչ սպասում էի, Վիետնամի հետ կապված հիշողությունները սկսեցին պարուրել ինձ. այրված դիակների հոտ, արյուն, չորացած արյուն։ Աչքիս առաջ եկան երիտասարդ զինվորները, լսեցի նրանց աղերսագին ձայները. «Չեմ մեռնի, չէ՞, ես չեմ մեռնի, չէ՞»։ Գիտեի, որ մեռնելու են, բայց ջանում էի ամեն կերպ հանգստացնել նրանց և փորձում էի զսպել զգացմունքներս, որ աչքերիս մեջ չկարդան ճշմարտությունը։ Ծանր ապրումների մեջ ընկա։

Ամեն ջանք թափել եմ, հատկապես փորձությունների և դժվարությունների ժամանակ, որ երբեք չմոռանամ Եհովայի հանդեպ ունեցած իմ առաջին սերը

Սկսեցի աղոթել. արցունքները հեղեղի պես թափվում էին այտերիս վրայով (Սաղ. 56։8)։ Խորությամբ մտածեցի հարության հույսի մասին։ Հանկարծ հասկացա. հարության միջոցով Եհովան մոռացության կմատնի արյունահեղությունները, որոնց ականատես եմ եղել, և այն էմոցիոնալ ցավը, որ ես և ուրիշներ ապրել ենք։ Աստված կյանքի է բերելու այդ բոլոր երիտասարդներին, և նրանք հնարավորություն են ունենալու սովորելու իր մասին ճշմարտությունը (Գործ. 24։15)։ Այդ պահին սիրտս լցվեց Եհովայի հանդեպ սիրով, որը մինչև հոգուս խորքը ցնցեց ինձ։ Առայսօր դա կյանքիս ամենահիշարժան օրն է։ Այդ օրվանից սկսած՝ ամեն ջանք թափել եմ, հատկապես փորձությունների և դժվարությունների ժամանակ, որ երբեք չմոռանամ Եհովայի հանդեպ ունեցած իմ առաջին սերը։

ԵՀՈՎԱՆ ԲԱՐԻ Է ԵՂԵԼ ԻՄ ՀԱՆԴԵՊ

Պատերազմի ժամանակ մարդիկ սարսափելի բաներ են անում։ Եվ ես բացառություն չէի։ Ինձ օգնել է այն, որ խորհրդածել եմ երկու սուրբգրային համարների շուրջ, որոնք շատ եմ սիրում։ Առաջինը Հայտնություն 12։10, 11 համարներն են, որոնցում ասվում է, որ Սատանան հաղթվում է ոչ միայն մեր վկայության խոսքով, այլև Գառան արյունով։ Երկրորդը Գաղատացիներ 2։20-ն է։ Այս խոսքերից գիտեմ, որ Քրիստոս Հիսուսը մահացել է «ինձ համար»։ Եհովան նայում է ինձ Հիսուսի արյան միջով, և նա ներել է իմ սխալները։ Այս փաստն իմանալու շնորհիվ մաքուր խիղճ ունեմ և մղվում եմ անելու ամեն բան, որ օգնեմ ուրիշներին իմանալու մեր ողորմած Աստծու՝ Եհովայի մասին ճշմարտությունը (Եբր. 9։14

Երբ հետ եմ նայում կյանքիս, երախտագիտությամբ եմ լցվում Աստծու հանդեպ, քանի որ նա միշտ հոգ է տարել իմ մասին։ Օրինակ՝ երբ Ջիմն իմացավ, որ ապրում եմ մեքենայիս մեջ, հենց նույն օրը քայլեր ձեռնարկեց, որ կապ հաստատեմ մի քրոջ հետ, որը վարձակալման սենյակներ ուներ։ Միանգամայն համոզված եմ, որ Ջիմի և այդ սիրելի քրոջ միջոցով Եհովան հոգ տարավ, որ ապրելու լավ տեղ ունենամ։ Նա այնքա՜ն բարի է. միշտ հոգ է տանում իր հավատարիմ երկրպագուների մասին։

ՆԱԽԱՆՁԱԽՆԴԻՐ, ԲԱՅՑ ՈՉ ՆՐԲԱՆԿԱՏ

1971թ. մայիսին հարկ եղավ գնալու Միչիգան՝ որոշ գործեր անելու համար։ Նախքան Դելրեյ Բիչի (Ֆլորիդա) ժողովից հեռանալը մեքենայիս բեռնախցիկը լցրի գրականությամբ և 75-րդ ավտոմայրուղով ճանապարհ ընկա դեպի հյուսիս։ Երբ հասա սահմանակից Ջորջիա նահանգ, բեռնախցիկն արդեն դատարկ էր։ Եռանդորեն քարոզում էի Թագավորության մասին բարի լուրը բոլոր վայրերում։ Կանգնում էի բանտերի մոտ և թերթիկներ տալիս տղամարդկանց նույնիսկ հանգստի սենյակների զուգարաններում։ Մինչև հիմա մտածում եմ. «Տեսնես այդ ցանված սերմերից որևէ մեկը ծլարձակե՞ց» (1 Կորնթ. 3։6, 7

Պետք է, սակայն, խոստովանեմ, որ երբ նոր էի իմացել ճշմարտությունը, այնքան էլ նրբանկատ չէի, հատկապես հարազատներիս հետ խոսելիս, քանի որ Եհովայի հանդեպ սերն այնքան ուժեղ էր այրվում իմ մեջ, որ համարձակորեն, բայց կտրուկ էի քարոզում նրանց։ Շատ էի սիրում եղբայրներիս՝ Ջոնին և Ռոնին, և պարտադրում էի, որ լսեն ճշմարտությունը։ Հետո ստիպված էի լինում ներողություն խնդրել աննրբանկատ պահվածքիս համար։ Երբեք չեմ դադարում աղոթելուց, որ նրանք էլ ընդունեն ճշմարտությունը։ Եհովան կրթել է ինձ, և ես ավելի նրբանկատ եմ դարձել քարոզելիս և ուսուցանելիս (Կող. 4։6

 ՄԱՐԴԻԿ, ՈՒՄ ՇԱՏ ՍԻՐՈՒՄ ԵՄ

Ինչ խոսք, հիշելով Եհովայի հանդեպ սերս՝ չեմ մոռանում այն մարդկանց, ում շատ սիրում եմ։ Նրանցից մեկը թանկագին կինս է՝ Սյուզանը։ Ուզում էի այնպիսի կողակից ունենալ, որը կաջակցեր ինձ Թագավորության գործում։ Սյուզանը ուժեղ, հոգևոր կին է։ Այսօրվա պես հիշում եմ. երբ ընկերություն էինք անում, մի օր գնացի Քրանստոնում (Ռոդ Այլենդ) գտնվող նրա ծնողների տուն՝ նրան տեսնելու։ Սյուզանը նստած էր ծածկապատշգամբում և «Դիտարան» էր ընթերցում։ Նրա ձեռքում նաև Աստվածաշունչ կար։ Ինձ շատ տպավորեց այն, որ նա լրացուցիչ հոդված կարդալիս բացում էր նշված աստվածաշնչյան համարները։ Մտածեցի. «Նա հոգևոր մարդ է»։ 1971թ. դեկտեմբերին ամուսնացանք։ Երախտապարտ եմ նրան, որ մինչև հիմա կողքիս է ու աջակցում է ինձ։ Հատկապես գնահատում եմ այն, որ թեև նա ինձ սիրում է, բայց Եհովային ավելի շատ է սիրում։

Կնոջս՝ Սյուզանի և մեր որդիների՝ Փոլի ու Ջեսիի հետ

Ես ու Սյուզանը երկու որդի ունեցանք՝ Ջեսիին և Փոլին։ Նրանք մեծանում էին, և Եհովան նրանց հետ էր (1 Սամ. 3։19)։ Որդիներս ճշմարտությունը իրենցը դարձրին, և դա պատիվ է բերում ինձ ու Սյուզանին։ Նրանք շարունակում են ծառայել Եհովային, քանի որ հիշում են նրա հանդեպ ունեցած իրենց առաջին սերը։ Յուրաքանչյուրը լիաժամ ծառայության մեջ է ավելի քան 20 տարի։ Հպարտանում եմ նաև իմ գեղեցիկ հարսներով՝ Ստեֆանիով և Ռաքելով, որոնք հարազատ աղջիկների պես են ինձ համար։ Երկու որդիներս էլ հոգևոր  կանանց հետ են ամուսնացել, որոնք սիրում են Եհովա Աստծուն իրենց ամբողջ սրտով ու հոգով (Եփես. 6։6

Սիրում էինք ընտանիքով քարոզել հազվադեպ մշակվող տարածքներում

Մկրտությունից հետո մոտ 16 տարի ծառայեցի Ռոդ Այլենդում, որտեղ թանկագին ընկերներ ձեռք բերեցի։ Բազմաթիվ հաճելի հիշողություններ ունեմ այն հրաշալի երեցների հետ կապված, որոնց հետ ծառայել եմ։ Երախտապարտ եմ նաև շրջագայող վերակացուներին, որոնք լավ ազդեցություն են թողել ինձ վրա։ Նրանք այնքան շատ են, որ չեմ կարող թվել։ Ինձ համար մեծ պատիվ է եղել ծառայել այն եղբայրների հետ, ովքեր պահպանել են Եհովայի հանդեպ ունեցած իրենց առաջին սերը։ Իսկ երբ 1987թ.-ին տեղափոխվեցինք Հյուսիսային Կարոլինա՝ ծառայելու այնտեղ, որտեղ քարոզիչների մեծ կարիք կար, ընկերացանք նաև այլ հրաշալի մարդկանց հետ։ *

Շրջագայական ծառայության ժամանակ քարոզչական ծառայության հանդիպում անցկացնելիս

2002թ. օգոստոսին ես ու Սյուզանը հրավեր ստացանք դառնալու Պատերսոնի (Միացյալ Նահանգներ) Բեթելի ընտանիքի անդամ։ Ես աշխատեցի ծառայողական բաժնում, իսկ Սյուզանը՝ լվացքատանը։ Նա սիրում էր աշխատել այնտեղ։ Իսկ 2005թ. օգոստոսից առանձնաշնորհում ունեմ ծառայելու որպես Կառավարիչ մարմնի անդամ։ Այս նշանակումը խոնարհեցրել է ինձ։ Սիրելի կինս անհանգստացած էր, քանի որ այդ նշանակումը իր հետ բերում է լուրջ պատասխանատվություն, մեծ աշխատանք և հաճախակի ճանապարհորդություններ։ Սյուզանը երբեք չի սիրել ինքնաթիռ նստել, բայց թռիչքներն անխուսափելի են։ Կինս ասում է, որ Կառավարիչ մարմնի մյուս անդամների կանայք սիրով օգնել են իրեն լցվելու վճռականությամբ հնարավորինս շատ աջակցելու ինձ։ Նա, ինչ խոսք, այդպես էլ անում է, և ես սիրում եմ նրան դրա համար։

Իմ գրասենյակում բազմաթիվ նկարներ կան, որոնք շատ մեծ նշանակություն ունեն ինձ համար։ Դրանք հիշեցնում են ինձ, թե ինչ հիասքանչ կյանք եմ ունեցել։ Ես արդեն բազմաթիվ հիանալի պարգևներ եմ ստացել այն բանի համար, որ իմ լավագույնն եմ արել հիշելու Եհովայի հանդեպ ունեցած իմ առաջին սերը։

Ընտանիքիս հետ ժամանակ անցկացնելը մեծ ուրախություն է պարգևում ինձ

^ պարբ. 31 Եղբայր Մորիսի լիաժամ ծառայության վերաբերյալ մանրամասներ կարող եք կարդալ «Դիտարանի» 2006թ. մարտի 15-ի համարի 26-րդ էջում։