Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՄԱՐՏ 2015

Սովորենք տաղանդների մասին առակից

Սովորենք տաղանդների մասին առակից

«Մեկին հինգ տաղանդ տվեց, մյուսին՝ երկու, մյուսին էլ մեկ տաղանդ» (ՄԱՏԹ. 25։15

1, 2. Ինչո՞ւ Հիսուսը պատմեց տաղանդների մասին առակը։

ՀԻՍՈՒՍԸ պատմեց տաղանդների մասին առակը, որպեսզի հստակ ցույց տա, թե օծյալները ինչ պարտավորություն ունեն։ Մենք պետք է հասկանանք այս առակի միտքը, քանի որ այն անդրադառնում է բոլոր ճշմարիտ քրիստոնյաների վրա, անկախ այն բանից՝ երկնային, թե երկրային կյանքի հույս ունեն։

2 Տաղանդների մասին առակը Հիսուսը պատմեց, երբ պատասխանում էր աշակերտների այն հարցին, թե «որն է լինելու [իր] ներկայության և աշխարհի վախճանի նշանը» (Մատթ. 24։3)։ Ուստի առակը Հիսուսի ներկայության ու որպես Թագավոր իշխելու նշանի մի մասն է և կատարվում է մեր ժամանակներում։

3. Ի՞նչ ենք սովորում Մատթեոս 24։45–25։46-ում արձանագրված առակներից։

3 Տաղանդների մասին առակը Մատթեոս 24։45–25։46-ում արձանագրված չորս առակներից մեկն է։ Մյուս երեքը՝ հավատարիմ և իմաստուն ծառայի, տասը կույսերի, այծերի ու ոչխարների մասին առակները նա նույնպես պատմեց այն ժամանակ, երբ պատասխանում էր իր ներկայության մասին հարցին։ Չորս առակներում էլ Հիսուսը շեշտում է այն հատկությունները, որոնք  բնորոշելու էին իր ճշմարիտ հետևորդներին վերջին օրերում։ Ծառայի, տասը կույսերի և տաղանդների մասին առակները վերաբերում են օծյալներին։ Հավատարիմ ծառայի առակում Հիսուսը ընդգծեց, որ օծյալների փոքր խումբը, ում վստահվելու է տնեցիներին վերջին օրերում կերակրելու գործը, պետք է հավատարիմ և իմաստուն լինի։ Կույսերի առակում Հիսուսը նշեց, որ իր բոլոր օծյալ հետևորդները պետք է պատրաստված և զգոն լինեն, որովհետև թեև գիտեն, որ Հիսուսը գալիս է, բայց չգիտեն օրն ու ժամը։ Տաղանդների մասին առակում Հիսուսը ցույց տվեց, որ օծյալները պետք է ջանասեր լինեն իրենց քրիստոնեական պարտականությունները կատարելու հարցում։ Իսկ այծերի ու ոչխարների մասին առակը վերաբերում է երկրային հույս ունեցողներին։ Հիսուսը շեշտեց, որ նրանք պետք է հավատարիմ լինեն և լիարժեքորեն աջակցեն երկրի վրա գտնվող իր օծյալ եղբայրներին *։ Այժմ քննենք տաղանդների մասին առակը։

ՏԵՐԸ ԻՐ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ ՀԱՆՁՆՈՒՄ Է ԾԱՌԱՆԵՐԻՆ

4, 5. Ո՞ւմ է ներկայացնում մարդը՝ տերը, և ի՞նչ արժեք ունի մեկ տաղանդը։

4 Կարդա՛ Մատթեոս 25։14–30-ը։ Մեր հրատարակություններում երկար ժամանակ բացատրվում էր, որ առակում մարդը՝ տերը, Հիսուսն է, ու նա գնաց օտար երկիր, երբ համբարձվեց երկինք 33թ.-ին։ Մեկ այլ առակում Հիսուսը հայտնեց, թե ինչ նպատակով էր նա մեկնել օտար երկիր՝ «որ թագավորական իշխանություն ստանա» (Ղուկ. 19։12)։ Հիսուսը անմիջապես չստացավ իր ողջ թագավորական իշխանությունը, երբ երկինք վերադարձավ *։ Նա «Աստծու աջ կողմը նստեց ու այդ ժամանակվանից սպասում [էր], մինչև որ իր թշնամիները իր ոտքերի համար պատվանդան դրվեն» (Եբր. 10։12, 13

5 Առակի մարդը ուներ ութ տաղանդ, ինչը բավականին մեծ ունեցվածք էր այն օրերում *։ Նախքան օտար երկիր գնալը նա բաժանեց տաղանդները իր ծառաներին՝ ակնկալելով, որ նրանք իր բացակայության ժամանակ գործի մեջ կդնեն դրանք։ Այդ մարդու նման՝ Հիսուսը նախքան երկինք համբարձվելը շատ արժեքավոր մի բան ուներ։ Ի՞նչ էր դա։ Դա այն գործն էր, որը նա կատարեց երկրի վրա եղած ժամանակ։

6, 7. Ի՞նչ են խորհրդանշում տաղանդները։

6 Հիսուսը մեծ կարևորություն տվեց քարոզելու և աշակերտներ պատրաստելու գործին (կարդա՛  Ղուկաս 4։43)։ Քարոզչական գործի միջոցով նա մշակեց մի «արտ», որը առատ բերք էր տալու։ Որոշ ժամանակ առաջ նա ասել էր իր աշակերտներին. «Բարձրացրեք ձեր աչքերը և նայեք արտերին. դրանք սպիտակել են հնձի համար» (Հովհ. 4։35–38)։ Նա մտադրվել էր շատ ուրիշ ազնվասիրտ մարդկանց էլ հավաքել, որոնք կդառնային իր աշակերտները։ Լավ ագարակատիրոջ պես՝ Հիսուսը անուշադրության չէր մատնի այն արտը, որը հասունացել էր հնձի համար։ Իր հարությունից հետո և համբարձումից առաջ նա աշակերտներին կարևոր հանձնարարություն տվեց. «Ուրեմն գնացեք և.... աշակերտներ պատրաստեք» (Մատթ. 28։18–20)։ Այդպիսով Հիսուսը վստահեց նրանց մի թանկարժեք գանձ՝ քարոզչական գործը (2 Կորնթ. 4։7

 7 Ուրեմն ի՞նչ եզրահանգման ենք գալիս։ Աշակերտներ պատրաստելու հանձնարարությունը տալով՝ Հիսուսը, փաստորեն, հանձնեց նրանց «իր ունեցվածքը»՝ իր տաղանդները (Մատթ. 25։14)։ Պարզ ասած՝ տաղանդները խորհրդանշում են քարոզելու և աշակերտներ պատրաստելու հանձնարարությունը։

8. Թեև ծառաներից յուրաքանչյուրը տարբեր քանակությամբ տաղանդներ ստացավ, ի՞նչ էր տերը ակնկալում նրանցից։

8 Տաղանդների մասին առակում նշվում է, որ տերը ծառաներից մեկին հինգ տաղանդ տվեց, մեկին՝ երկու, իսկ մյուսին՝ միայն մեկ տաղանդ (Մատթ. 25։15)։ Թեև ծառաներից յուրաքանչյուրը տարբեր քանակությամբ տաղանդներ ստացավ, տերն ակնկալում էր, որ բոլորը ջանասեր կլինեն դրանք օգտագործելու հարցում, այսինքն՝ իրենց կարողության սահմաններում լավագույնը կանեն (Մատթ. 22։37; Կող. 3։23)։ Առաջին դարում՝ սկսած 33թ. Պենտեկոստեից, Քրիստոսի հետևորդները գործի մեջ դրեցին տաղանդները։ Քարոզելու և աշակերտներ պատրաստելու գործում դրսևորած նրանց ջանասիրության մասին արձանագրված է «Գործեր» գրքում * (Գործ. 6։7; 12։24; 19։20

 ՏԱՂԱՆԴՆԵՐԸ ԳՈՐԾԻ ՄԵՋ ԵՆ ԴՐՎՈՒՄ ՎԵՐՋԻՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒՄ

9. ա) Ի՞նչ արեցին երկու հավատարիմ ծառաները տաղանդների հետ, և ի՞նչ է դա մատնանշում։ բ) Ի՞նչ դեր են խաղում «ուրիշ ոչխարները»։

9 Վերջին ժամանակներում՝ հատկապես 1919-ից սկսած, Քրիստոսի՝ երկրի վրա եղող հավատարիմ օծյալ ծառաները գործի մեջ են դրել Տիրոջ տաղանդները։ Առաջին երկու ծառաների պես՝ օծյալ եղբայրները և քույրերը լավագույն կերպով են օգտագործել իրենց ունեցածը։ Կարիք չկա ենթադրություններ անելու, թե ով հինգ տաղանդ ստացավ, ով երկու տաղանդ ստացավ։ Առակում երկու ծառաներն էլ կրկնապատկեցին իրենց տիրոջ տվածը, ուստի երկուսն էլ հավասարապես ջանասիրություն դրսևորեցին։ Իսկ ի՞նչ դեր են խաղում այս հարցում երկրային հույս ունեցողները։ Շատ կարևոր դեր։ Այծերի և ոչխարների մասին առակում Հիսուսը սովորեցնում է, որ երկրային հույս ունեցողները պատիվ ունեն նվիրված կերպով աջակցելու իր օծյալ եղբայրներին քարոզելու և ուսուցանելու գործում։ Այս չափազանց դժվար վերջին օրերում երկու խմբերն էլ միասին ծառայում են որպես «մեկ հոտ»՝ եռանդորեն կատարելով աշակերտներ պատրաստելու գործը (Հովհ. 10։16

10. Ո՞րն է Հիսուսի ներկայության նշանի ակնառու առանձնահատկություններից մեկը։

10 Տերը իրավամբ լավ արդյունքներ է ակնկալում։ Ինչպես նշվեց, հավատարիմ աշակերտները առաջին դարում իսկապես ավելացրին նրա ունեցվածքը։ Իսկ ի՞նչ կարելի է ասել այս վերջին ժամանակների վերաբերյալ, երբ կատարվում է տաղանդների մասին առակը։ Հիսուսի հավատարիմ ու ջանասեր ծառաները կատարել են պատմության մեջ ամենահսկայածավալ գործը՝ քարոզել և աշակերտներ են պատրաստել։ Նրանց ներդրած ջանքերի շնորհիվ ամեն տարի հարյուր հազարավոր նոր աշակերտներ համալրել են Թագավորության քարոզիչների շարքերը՝ քարոզելու և ուսուցանելու գործը դարձնելով Հիսուսի՝ Թագավորական իշխանությամբ ներկա լինելու նշանի ակնառու առանձնահատկություններից մեկը։ Նրանց Տերը պետք է որ ուրախ լինի։

Քրիստոսը իր ծառաներին վստահեց քարոզելու թանկ առանձնաշնորհումը (տե՛ս պարբերություն 10)

Ե՞ՐԲ Է ՏԵՐԸ ԳԱԼՈՒ ՀԱՇԻՎ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ

11. Ի՞նչն է մեզ մղում եզրակացնելու, որ Հիսուսը գալու է հաշիվ պահանջելու մեծ նեղության ընթացքում։

11 Հիսուսը գալու է հաշիվ պահանջելու իր ծառաներից գալիք մեծ նեղության ընթացքում՝ Արմագեդոնից առաջ։ Ինչո՞ւ  ենք այդպես եզրակացնում։ Մատթեոս 24 և 25 գլուխներում արձանագրված մարգարեության մեջ Հիսուսն անընդհատ հիշատակում է իր գալստի մասին։ Մեծ նեղության ժամանակ դատաստան իրագործելու վերաբերյալ նա ասաց, որ մարդիկ «մարդու Որդուն կտեսնեն երկնքի ամպերի վրա.... գալիս»։ Նա հորդորեց վերջին օրերում ապրող իր հետևորդներին զգոն լինել՝ ասելով. «Չգիտեք, թե որ օրն է ձեր Տերը գալու.... այն ժամին, որ չեք կարծում, մարդու Որդին կգա» (Մատթ. 24։30, 42, 44)։ Ուստի երբ Հիսուսն ասաց, որ «այդ ծառաների տերը եկավ և սկսեց նրանցից հաշիվ պահանջել», նա, ակներևաբար, նկատի ուներ այն ժամանակը, երբ ինքը պետք է գա դատաստան իրագործելու այս համակարգի վերջում * (Մատթ. 25։19

12, 13. ա) Ի՞նչ է ասում տերը առաջին երկու ծառաներին և ինչո՞ւ։ բ) Ե՞րբ են օծյալները ստանալու վերջնական կնիքը (տե՛ս « Հաշիվ տալ մահվան ժամանակ» շրջանակը)։ գ) Ի՞նչ վարձատրություն կստանան նրանք, ովքեր կդատվեն որպես «ոչխար»։

12 Ըստ առակի՝ երբ տերը գալիս է, տեսնում է, որ առաջին երկու ծառաները՝ հինգ տաղանդ ունեցողը և երկու տաղանդ ունեցողը, հավատարիմ են մնացել՝ կրկնապատկելով իր տաղանդները։ Տերը երկուսին էլ նույն բանն է ասում. «Ապրե՛ս, բարի՛ և հավատարի՛մ ծառա։ Դու քիչ բաների մեջ հավատարիմ եղար, ես քեզ շատ բաների վրա կնշանակեմ» (Մատթ. 25։21, 23)։ Իսկ ի՞նչ է անելու Տերը՝ փառավորված Հիսուսը, երբ ապագայում գա դատաստան իրագործելու։

13 Առաջին երկու ծառաներով ներկայացված ջանասեր օծյալ աշակերտները արդեն ստացած կլինեն իրենց վերջնական կնիքը նախքան մեծ նեղության սկիզբը (Հայտն. 7։1–3)։ Արմագեդոնից առաջ Հիսուսը կտա նրանց խոստացված երկնային վարձատրությունը։ Երկրային հույս ունեցողները, որոնք աջակցել են Քրիստոսի եղբայրներին քարոզչական գործում, կդատվեն որպես «ոչխար» և կստանան Թագավորության ներքո երկրի վրա ապրելու առանձնաշնորհումը (Մատթ. 25։34

ՉԱՐ ԵՎ ԾՈՒՅԼ ԾԱՌԱ

14, 15. Արդյո՞ք Հիսուսն ուզում էր ասել, որ իր օծյալ հետևորդների զգալի մասը լինելու է չար և ծույլ։ Բացատրիր։

14 Առակում վերջին ծառան իր տաղանդը գործի մեջ դնելու կամ վաշխառուներին հանձնելով տոկոս ստանալու փոխարեն՝ թաքցրեց հողի մեջ։ Այս ծառան վատ ոգի դրսևորեց, քանի որ գիտակցաբար գործեց իր տիրոջ շահերի դեմ։ Տերը իրավամբ նրան կոչեց «չար և ծույլ» և նրանից վերցրեց տաղանդը ու տվեց տասը տաղանդ ունեցողին։ Հետո չար ծառան նետվեց «դրսի խավարը»։ Այնտեղ նա լաց էր լինելու և կրճտացնելու էր իր ատամները (Մատթ. 25։24–30; Ղուկ. 19։22, 23

15 Այն, որ տիրոջ ծառաներից մեկը թաքցրեց իր տաղանդը, նշանակո՞ւմ է, որ Հիսուսն ուզում էր ասել, թե իր օծյալ  հետևորդների մեկ երրորդ մասը լինելու է չար և ծույլ։ Ո՛չ։ Քննեք համատեքստը։ Հավատարիմ և իմաստուն ծառայի առակում Հիսուսը խոսեց չար ծառայի մասին, որը ծեծում էր իր ծառայակիցներին։ Հիսուսը չէր կանխագուշակում, որ չար ծառա դասակարգ է առաջ գալու, այլ նախազգուշացնում էր հավատարիմ ծառային չդրսևորել չար ծառային բնորոշ հատկություններ։ Նույն կերպ էլ տասը կույսերի առակում Հիսուսը չէր ուզում ասել, որ իր օծյալ հետևորդների կեսը հինգ հիմար կույսերի նման կլինի։ Նա զգուշացնում էր իր հոգևոր եղբայրներին այն մասին, թե ինչ կլինի, եթե նրանք կորցնեն զգոնությունը և պատրաստված չլինեն *։ Համատեքստից ելնելով՝ ողջամիտ է թվում եզրակացնել, որ տաղանդների առակով Հիսուսը չէր ասում, որ իր օծյալ եղբայրների զգալի մասը վերջին օրերի ընթացքում չար և ծույլ է լինելու։ Նա նախազգուշացնում էր իր օծյալ հետևորդներին, որ անհրաժեշտ է մնալ ջանասեր՝ գործի մեջ դնել տաղանդները, ինչպես նաև չդրսևորել չար ծառայի ոգին և գործերը (Մատթ. 25։16

16. ա) Ի՞նչ ենք սովորում տաղանդների մասին առակից։ բ) Ինչպե՞ս է այս հոդվածը օգնում հասկանալու տաղանդների մասին առակի վերաճշտված բացատրությունը (տե՛ս « Ինչպե՞ս հասկանալ տաղանդների մասին առակը» շրջանակը)։

16 Ի՞նչ երկու դաս ենք սովորում տաղանդների մասին առակից։ Առաջին՝ Տերը՝ Քրիստոսը, վստահեց իր օծյալ ծառաներին մի բան, ինչը թանկ էր համարում՝ քարոզելու և աշակերտներ պատրաստելու գործը։ Երկրորդ՝ Քրիստոսը բոլորիցս ակնկալում է, որ լինենք ջանասեր քարոզչական գործում։ Այդ դեպքում կարող ենք վստահ լինել, որ Տերը կվարձատրի մեզ մեր հավատի, զգոնության և նվիրվածության համար (Մատթ. 25։21, 23, 34

^ պարբ. 3 Այն մասին, թե ով է հավատարիմ և իմաստուն ծառան, քննարկվում է «Դիտարանի» 2013թ. հուլիսի 15-ի համարում (էջ 21, 22, պարբ. 8–10)։ Թե ովքեր են կույսերը, բացատրվեց այս համարի նախորդ հոդվածում։ Այծերի ու ոչխարների մասին առակը բացատրվում է Դիտարանի» 1995թ. հոկտեմբերի 15-ի համարում (էջ 23–28, անգլ., ռուս.) և այս համարի հաջորդ հոդվածում։

^ պարբ. 5 Հիսուսի օրերում մեկ տաղանդը հավասար էր 6000 դինարի։ Մեկ տաղանդ ստանալու համար միջին աշխատողը պետք է ամեն օր մեկ դինար աշխատավարձով 20 տարի աշխատեր։

^ պարբ. 8 Առաքյալների մահից հետո Սատանան տարածեց հավատուրացությունը, որը ծաղկեց դարեր շարունակ։ Այդ ընթացքում շատ քիչ ջանքեր ներդրվեցին Քրիստոսի ճշմարիտ հետևորդներ պատրաստելու գործը կատարելու համար։ Բայց ամեն բան փոխվեց «հնձի» ժամանակ՝ վերջին օրերում (Մատթ. 13։24–30, 36–43)։ Տե՛ս «Դիտարանի» 2013թ. հուլիսի 15-ի համարը, էջ 9–12։

^ պարբ. 11 Տե՛ս «Դիտարանի» 2013թ. հուլիսի 15-ի համարը (էջ 7, 8, պարբ. 14–18)։

^ պարբ. 15 Տե՛ս այս համարի «Արթուն կմնա՞ս» հոդվածի 13-րդ պարբերությունը։