Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՄԱՐՏ 2015

«Այդպես անելը հաճելի եղավ քեզ»

«Այդպես անելը հաճելի եղավ քեզ»

«Այս բաները իմաստուններից ու գիտուններից թաքցրիր և մանուկներին հայտնեցիր» (ՂՈՒԿ. 10։21

1. Ի՞նչը մղեց Հիսուսին «սուրբ ոգով ցնծալու» (տե՛ս 7-րդ էջի նկարը)։

ՊԱՏԿԵՐԱՑՐՈՒ, թե ինչպիսին էր Հիսուսի դեմքը, երբ «նա սուրբ ոգով ցնծաց»։ Ակներևաբար, նրա դեմքին լայն ժպիտ հայտնվեց, իսկ աչքերը ուրախությունից փայլեցին։ Իսկ ո՞րն էր նրա ուրախության պատճառը։ Նա իր աշակերտներից 70-ին ուղարկել էր քարոզելու Թագավորության բարի լուրը։ Քանի որ բարի լուրի բազմաթիվ թշնամիներ կային, Հիսուսը շատ էր ուզում իմանալ, թե ինչպես էին աշակերտները կատարելու իրենց հանձնարարությունը։ Այդ թշնամիներից էին բանիմաց և կրթված դպիրներն ու փարիսեցիները, որոնք մարդկանց դրդում էին վերևից նայելու Հիսուսին՝ որպես մի ատաղձագործի, իսկ նրա աշակերտներին՝ որպես «անուսում և հասարակ» մարդկանց (Գործ. 4։13; Մարկ. 6։3)։ Այնուամենայնիվ, երբ աշակերտները իրենց հանձնարարությունը կատարելուց հետո վերադարձան, ոգևորությունից շողում էին։ Նրանք քարոզել էին՝ չնայած հակառակությանը, նույնիսկ դևերի հակառակությանը։ Ինչի՞ շնորհիվ էին նրանք ուրախ ու քաջ մնացել (կարդա՛  Ղուկաս 10։1, 17–21

2. ա) Ի՞նչ իմաստով էին Հիսուսի աշակերտները երեխաների պես։ բ) Ինչի՞ շնորհիվ Քրիստոսի հետևորդները հասկացան կարևոր հոգևոր ճշմարտությունները։

2 Հիսուսը Եհովային ասաց. «Հա՛յր, երկնքի և երկրի Տե՛ր, բոլորի առաջ գովաբանում եմ քեզ, որովհետև այս բաները իմաստուններից ու գիտուններից թաքցրիր և մանուկներին հայտնեցիր։ Այո՛, ո՛վ Հայր, քանի որ այդպես վարվելը հաճելի եղավ քեզ» (Մատթ. 11։25, 26)։ Ինչ խոսք, Հիսուսը նկատի չուներ, որ իր աշակերտները  բառի բուն իմաստով երեխաներ էին։ Նա նրանց երեխաների հետ համեմատեց, քանի որ, ի տարբերություն կրթված և բանիմաց դպիրների ու փարիսեցիների, որոնք իրենց աչքին իմաստուն էին երևում, աշակերտները պատրաստ էին սովորելու։ Հիսուսը նրանց սովորեցրել էր լինել երեխաների պես, այսինքն՝ խոնարհ և սովորելու պատրաստ (Մատթ. 18։1–4)։ Իսկ խոնարհ լինելը ի՞նչ օգուտներ բերեց աշակերտներին։ Սուրբ ոգու միջոցով Եհովան օգնեց նրանց հասկանալու հոգևոր ճշմարտությունները, մինչդեռ իմաստուն և խելացի մարդիկ, որոնք արհամարհում էին նրանց, կուրացած էին Սատանայի կողմից և իրենց իսկ հպարտությունից։

3. Ի՞նչ կքննենք այս հոդվածում։

3 Հասկանալի է, թե ինչու էր Հիսուսն այդքան ուրախացել. նա տեսնում էր, թե ինչ ձևով է Եհովան հոգևոր խոր ճշմարտությունները բացում բոլոր տեսակի խոնարհ մարդկանց համար՝ անկախ նրանց կրթությունից և մտային կարողությունից։ Նա ցնծում էր, քանի որ Աստծուն հաճելի էր սովորեցնելու այս պարզ ու հասկանալի ձևը։ Եհովան չի փոխվել։ Իսկ ինչպե՞ս է նա ցույց տալիս, որ այսօր նույնպես իրեն հաճելի է ուսուցման այդ կերպը։ Հոդվածում կքննենք այս հարցը և կզգանք այն ուրախությունը, որն ապրեց Հիսուսը։

ԽՈՐ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՏՉԵԼԻ ԵՆ ԲՈԼՈՐԻՆ

4. Ինչո՞ւ է «Դիտարանի» պարզեցված տարբերակը թանկագին պարգև։

4 Վերջին տարիներին ավելի մեծ շեշտ է դրվում այն բանի վրա, որ Եհովայի կազմակերպության միջոցով տրվող հոգևոր ուսուցումը լինի պարզ ու հասկանալի։ Քննենք դա փաստող երեք օրինակ։ Առաջին՝ հրատարակվեց «Դիտարանի» պարզեցված տարբերակը *։ Այս հրատարակությունը թանկագին պարգև է նրանց համար, ովքեր լավ չեն հասկանում լեզուն կամ դժվարանում են ընթերցել։ Ընտանիքի գլուխներն ասում են, որ իրենց երեխաներն այժմ ավելի շատ են մասնակցում այս ամսագրի ուսումնասիրությանը, որը մեզ հոգևորապես սնելու համար նախատեսված ծրագրի հիմնական մասն է։ Շատերը շնորհակալական նամակներ են գրել։ Օրինակ՝ մի քույր գրեց, որ վարանում էր «Դիտարանի» ուսումնասիրության հանդիպման ժամանակ մեկնաբանություններ տալ։ Բայց հիմա անվարան մեկնաբանում է, քանի որ օգտվում է պարզեցված տարբերակից։ «Այժմ ես մի քանի անգամ եմ մեկնաբանություն տալիս և այլևս չեմ վախենում։ Շնորհակալ եմ Եհովային և ձեզ»,— գրում է նա։

5. Որո՞նք են «Նոր աշխարհ» թարգմանության վերանայված հրատարակության բերած օգուտները։

5 Երկրորդ՝ 2013թ. հոկտեմբերի 5-ին՝ տարեկան հանդիպման ժամանակ, անգլերենով լույս տեսավ Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանության վերանայված տարբերակը *։ Շատ համարներում բառերի քանակը կրճատվել է, բայց դրանց իմաստը չի փոխվել, այլ ավելի հասկանալի է դարձել։ Օրինակ՝ Հոբ 10։1 համարը 27 բառից դարձել է 19, Առակներ 8։6-ը՝ 20-ից 13։ Երկու համարներն էլ ավելի հասկանալի են վերանայված հրատարակությունում։ Մի օծյալ եղբայր, որը տասնամյակներ շարունակ հավատարմորեն ծառայել է Եհովային, ասաց. «Ես կարդում եմ «Հոբ» գիրքը նոր Աստվածաշնչով և կարծես առաջին անգամ եմ հասկանում այն»։ Շատերն են նման կերպով արտահայտվել։

6. Ինչպե՞ս ես վերաբերվում «հավատարիմ և իմաստուն ծառայի» մասին մեր հասկացողության վերաճշտմանը։

6 Երրորդ՝ վերաճշտվեց աստվածաշնչյան որոշ ճշմարտությունների վերաբերյալ մեր հասկացողությունը։ Օրինակ՝ 2013թ. հուլիսի 15-ի «Դիտարանում» վերաճշտվեց «հավատարիմ և իմաստուն ծառայի»  վերաբերյալ մեր հասկացողությունը (Մատթ. 24։45–47)։ Բացատրվեց, որ հավատարիմ ծառան Կառավարիչ մարմինն է, իսկ «տան անդամները» բոլոր նրանք են, ովքեր ստանում են հոգևոր կերակուրը, անկախ այն բանից՝ օծյալ են, թե «ուրիշ ոչխար» (Հովհ. 10։16)։ Ի՜նչ մեծ ուրախություն է այսպիսի ճշմարտություններն իմանալը և դրանք նորերին պատմելը։ Ուրիշ ի՞նչ կերպերով է Եհովան ցույց տվել, որ իրեն հաճելի է ուսուցանելու պարզ և հասկանալի ձևը։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՎԵԼԻ ՊԱՐԶ ԵՎ ՀԱՍԿԱՆԱԼԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ

7, 8. Բեր Աստվածաշնչում արձանագրված ներշնչյալ մարգարեական պատկերների օրինակներ։

7 Եթե տասնամյակներ է, ինչ ծառայում ես Եհովային, հավանաբար նկատել ես, որ մեր գրականությունում աստիճանական փոփոխություններ են եղել աստվածաշնչյան արձանագրությունների բացատրության ձևի մեջ։ Անցյալում մեր գրականության մեջ սուրբգրային արձանագրությունները բացատրելիս հաճախ էր կիրառվում նախապատկեր-պատկեր մոտեցումը։ Աստվածաշնչյան պատմությունը նախապատկերն էր, իսկ այդ պատմության մարգարեական կատարումը՝ պատկերը։ Սուրբգրային հիմք կա՞ աստվածաշնչյան պատմությունները բացատրելիս նախապատկեր-պատկեր մոտեցումը կիրառելու համար։ Այո՛։ Օրինակ՝ Հիսուսը խոսեց «Հովնան մարգարեի նշանի» մասին (կարդա՛  Մատթեոս 12։39, 40)։ Նա բացատրեց, որ այն ժամանակը, երբ Հովնանը ձկան փորում էր, ինչը կարող էր վերջինիս գերեզմանը դառնալ, եթե Եհովան չազատեր նրան, նախապատկերում էր այն ժամանակը, երբ ինքը լինելու էր գերեզմանում։

8 Աստվածաշնչում այլ ներշնչյալ մարգարեական պատկերներ էլ կան։ Պողոս առաքյալը անդրադարձավ դրանցից մի քանիսին։ Օրինակ՝ Աբրահամի փոխհարաբերությունները Հագարի և Սառայի հետ նախապատկերում էին Եհովայի՝ Իսրայել ազգի և իր կազմակերպության երկնային մասի հետ ունեցած փոխհարաբերությունները (Գաղ. 4։22–26)։ Նույն կերպ էլ խորանն ու տաճարը, Քավության օրը, քահանայապետը և Մովսիսական օրենքի այլ երեսակներ պարունակում էին «գալիք օրհնությունների ստվերը» (Եբր. 9։23–25, 10։1)։ Անչափ հետաքրքիր է ուսումնասիրել աստվածաշնչյան այսպիսի մարգարեական պատկերները, որոնք զորացնում են մեր հավատը։ Սակայն պե՞տք է մտածենք, որ աստվածաշնչյան ցանկացած կերպար, իրադարձություն կամ առարկա նախապատկերում է ինչ-որ մեկին կամ ինչ-որ բան։

9. Անցյալում ինչպե՞ս էր բացատրվում Նաբովթի մասին պատմությունը։

9 Անցյալում նման մոտեցում հաճախ էր դրսևորվում։ Քննենք, օրինակ, Նաբովթի մասին արձանագրությունը։ Չար Հեզաբել թագուհին անարդարացիորեն մահապատժի ենթարկեց նրան, որպեսզի իր ամուսինը՝ Աքաաբը, կարողանար տիրանալ նրա խաղողի այգուն (1 Թագ. 21։1–16)։ 1932թ.-ին այս արձանագրությունը ներկայացվում էր որպես մարգարեական պատմություն։ Աքաաբն ու Հեզաբելը նախապատկերում էին Սատանային ու նրա կազմակերպությունը, Նաբովթը ներկայացնում էր Հիսուսին, իսկ նրա մահը խորհրդանշում էր Հիսուսի մահապատիժը։ Տասնամյակներ հետո «Թող սրբացվի քո անունը» գրքում (1961, անգլ.) ասվեց, որ Նաբովթը ներկայացնում էր օծյալներին, իսկ Հեզաբելը՝ քրիստոնյա աշխարհը։ Ուստի այն, որ Նաբովթը սպանվեց Հեզաբելի կողմից, նախապատկերում էր օծյալների հալածանքը վերջին օրերում։ Տարիներ շարունակ այս մոտեցումը զորացնում էր Աստծու ժողովրդի հավատը։ Այդ դեպքում ինչո՞ւ այն փոխվեց։

10. ա) Ինչո՞ւ է «հավատարիմ և իմաստուն ծառան» այժմ ավելի զգույշ աստվածաշնչյան արձանագրությունները բացատրելու հարցում։ բ) Այսօր ավելի շատ ինչի՞ վրա է կենտրոնանում մեր գրականությունը։

10 Տարիների ընթացքում Եհովան օգնել է «հավատարիմ և իմաստուն ծառային» դառնալու ավելի իմաստուն։ Իմաստության  շնորհիվ այժմ նա ավելի զգույշ է աստվածաշնչյան արձանագրությունները մարգարեական պատմություններ կոչելու հարցում, եթե սուրբգրային հստակ հիմք չկա դրա համար։ Բացի այդ, նկատվել է, որ շատերի համար չափազանց դժվար է հասկանալ նախապատկերների և պատկերների վերաբերյալ նախկինում տրված որոշ բացատրություններ։ Դրանց մանրամասները՝ ով ում է ներկայացնում և ինչու, դժվար է ըմբռնել, հիշել և կիրառել։ Սակայն ավելի մտահոգիչ է այն, որ աստվածաշնչյան արձանագրությունների բարոյական և գործնական դասերը կարող են խամրել կամ կորել, եթե փորձենք մանրակրկիտ ուսումնասիրել հավանական նախապատկերների կատարումները։ Ուստի մեր գրականությունն այսօր ավելի շատ կենտրոնանում է հավատի, տոկունության, Աստծու հանդեպ նվիրվածության և այլ կարևոր հատկությունների վերաբերյալ այն պարզ ու գործնական դասերի վրա, որ կան աստվածաշնչյան արձանագրություններում *։

Նաբովթի օրինակը ազդեցիկ դաս է սովորեցնում մեզ (տե՛ս պարբերություն 11)

11. ա) Ինչպե՞ս ենք այժմ հասկանում Նաբովթի մասին պատմությունը, և ինչո՞ւ է նա լավ օրինակ մեզ համար։ բ) Ինչո՞ւ է մեր հրատարակություններում վերջին տարիներին հազվադեպ խոսվում նախապատկերների և պատկերների մասին (տե՛ս «Դիտարանի» այս համարի «Ընթերցողների հարցերը»

11 Նաբովթի մասին պատմությունը այսօր մեկնաբանվում է ավելի պարզ ու հասկանալի ձևով։ Այդ արդար մարդը մահացավ ոչ թե այն պատճառով, որ Հիսուսի կամ օծյալների նախապատկերն էր, այլ որ պահեց իր անարատությունը։ Նա չխախտեց Եհովայի Օրենքը, չնայած որ ծանր ճնշման ենթարկվեց իշխանություն ունեցողների կողմից (Թվեր 36։7; 1 Թագ. 21։3)։ Նաբովթը շատ լավ օրինակ է բոլորիս համար, քանի որ հնարավոր է՝ նույնանման պատճառներով մենք էլ հալածվենք (կարդա՛  2 Տիմոթեոս 3։12)։ Բոլոր քրիստոնյաները կարող են հեշտությամբ հասկանալ, հիշել և կիրառել հավատ զորացնող այս աստվածաշնչյան դասը։

12. ա) Աստվածաշնչյան արձանագրությունների հետ կապված ի՞նչ եզրակացություն չպետք է անենք։ բ) Ինչո՞ւ ենք կարողանում նույնիսկ խոր հասկացողությունները պարզ ձևով բացատրել (տե՛ս ծանոթագրությունը)։

12 Պե՞տք է արդյոք եզրակացնենք, որ աստվածաշնչյան արձանագրությունները միայն գործնական կիրառություն ունեն։ Ո՛չ։ Դրանք բացատրելիս մեր հրատարակություններն այսօր ավելի շատ կենտրոնանում են այն բանի վրա, թե ինչ են հիշեցնում մեզ այդ արձանագրությունները, կամ թե ինչպես  է մի պատմությունը լուսաբանում մյուսը։ Աստվածաշնչյան շատ պատմություններ չեն մեկնաբանվում ըստ նախապատկեր-պատկեր կաղապարի։ Օրինակ՝ կարող ենք միանշանակ ասել, որ հալածանքի ու մահվան սպառնալիքի ներքո Նաբովթի անարատությունը մեզ հիշեցնում է Քրիստոսի և օծյալների անարատության մասին։ Այն մեզ հիշեցնում է նաև Տիրոջ բազմաթիվ հավատարիմ «ուրիշ ոչխարների» մասին։ Նման պարզ ու հասկանալի համեմատությունը, ինչ խոսք, աստվածային ուսուցման նշան է *։

ՀԻՍՈՒՍԻ ԱՌԱԿՆԵՐԻ ԱՎԵԼԻ ՊԱՐԶ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ

13. Ո՞ր օրինակներն են ցույց տալիս, որ Հիսուսի որոշ առակներ այժմ բացատրվում են ավելի պարզ ու հասկանալի ձևով։

13 Հիսուս Քրիստոսը երկրի վրա երբևէ ապրած մեծագույն ուսուցիչն էր։ Նրա սիրած ուսուցանելու մեթոդներից էր առակներ պատմելը (Մատթ. 13։34)։ Առակները վառ նկարագրություններ են ստեղծում մարդու մտքում, որոնք մղում են մտածելու և հասնում են նրա սրտին։ Իսկ տարիների ընթացքում Հիսուսի առակների հետ կապված մեր հրատարակություններում ավելի պարզ ու հասկանալի բացատրություն տրվե՞լ է։ Այո՛։ Մի՞թե ուրախալի չէր «Դիտարանի» 2008թ. հուլիսի 15-ի համարում կարդալ Հիսուսի՝ թթխմորի, մանանեխի հատիկի և ուռկանի մասին առակների վերաբերյալ վերաճշտումները։ Այժմ հստակ հասկանում ենք, որ այդ առակները վերաբերում են Աստծու Թագավորությանը և այն աննախադեպ աճին, որ տեղի է ունենում Քրիստոսի ճշմարիտ հետևորդներին այս չար աշխարհից հավաքելու գործում։

14. ա) Ինչպե՞ս էր բացատրվում բարի սամարացու մասին առակը։ բ) Ինչպե՞ս ենք այժմ հասկանում Հիսուսի առակը։

14 Իսկ ի՞նչ կարելի է ասել այն պատմությունների, կամ՝ առակների մասին, որոնք պատմելիս Հիսուսը ավելի շատ մանրամասներ նշեց։ Որոշները, ինչ խոսք, խորհրդանշական և մարգարեական նշանակություն ունեն, մյուսներն էլ գործնական դասեր են պարունակում։ Բայց ինչպե՞ս իմանանք՝ որոնք են խորհրդանշական, որոնք՝ ոչ։ Տարիների ընթացքում այս հարցի պատասխանը աստիճանաբար ավելի հստակ է դարձել։ Օրինակ՝ նկատի առնենք, թե ինչպես էինք բացատրում բարի սամարացու մասին առակը (Ղուկ. 10։30–37)։ 1924թ.-ին «Դիտարանում» գրվեց, որ սամարացին ներկայացնում է Հիսուսին, Երուսաղեմից Երիքով իջնող ճանապարհը՝ մարդկության վատթարացող վիճակը՝ սկսած Եդեմի ապստամբությունից, ավազակները՝ մեծ ընկերություններին ու սպեկուլյանտներին, իսկ քահանան ու ղևտացին խորհրդանշում են քրիստոնեական աշխարհը։ Այսօր մեր գրականության մեջ բարի սամարացու առակը օգտագործվում է բոլոր քրիստոնյաներին հիշեցնելու համար, որ հարկավոր է անկողմնակալ կերպով օգնել կարիքի մեջ եղողներին, հատկապես հոգևոր առումով։ Մի՞թե ուրախալի չէ տեսնել, որ Եհովան ճշմարտությունը ավելի պարզ է դարձնում մեզ համար։

15. Ի՞նչ ենք քննելու հաջորդ հոդվածում։

15 Հաջորդ հոդվածում կքննենք Հիսուսի պատմած մեկ այլ՝ տասը կույսերի մասին առակը (Մատթ. 25։1–13)։ Ինչպե՞ս էր Հիսուսն ուզում, որ վերջին օրերում իր հետևորդները հասկանային այդ տպավորիչ առակը. որպես մանրամասնորեն շարադրված մարգարեական այլաբանությո՞ւն, որում յուրաքանչյուր մարդ, առարկա կամ իրադարձություն որևէ բան է խորհրդանշում, թե՞ նա ուզում էր, որ իր հետևորդները դրանից գործնական դասեր սովորեին, ինչը կօգներ նրանց վերջին օրերում։ Եկեք տեսնենք։

^ պարբ. 4 «Դիտարանի» պարզեցված տարբերակը առաջին անգամ լույս տեսավ անգլերենով 2011թ. հուլիսին։ Հետո այն մատչելի դարձավ նաև մի քանի այլ լեզուներով։

^ պարբ. 5 Աշխատանքներ են տարվում, որպեսզի Աստվածաշնչի վերանայված հրատարակությունը տպագրվի նաև այլ լեզուներով։

^ պարբ. 10 Օրինակ՝ «Ընդօրինակեք նրանց հավատը» գրքում մանրամասնորեն խոսվում է աստվածաշնչյան 14 տարբեր կերպարների մասին։ Այս գիրքը կենտրոնանում է գործնական դասերի, ոչ թե խորհրդանշական կամ մարգարեական նշանակությունների վրա։

^ պարբ. 12 Աստծու Խոսքում կան նաև «դժվարհասկանալի բաներ», օրինակ՝ Պողոսի նամանկներից որոշ հատվածներ։ Բայց հիշենք, որ Աստվածաշնչի բոլոր գրողները ներշնչված են եղել սուրբ ոգուց։ Եվ այդ նույն ուժը այսօր օգնում է ճշմարիտ քրիստոնյաներին հասկանալու աստվածաշնչային ճշմարտությունները։ Սուրբ ոգու շնորհիվ մեր սահմանափակ հասկացողությամբ մենք կարողանում ենք ըմբռնել «նույնիսկ Աստծու խորունկ գաղտնիքները» (2 Պետ. 3։16, 17; 1 Կորնթ. 2։10