Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՄԱՐՏ 2015

Արթուն կմնա՞ս

Արթուն կմնա՞ս

«Ուստի արթո՛ւն եղեք, որովհետև ո՛չ օրը գիտեք, ո՛չ ժամը» (ՄԱՏԹ. 25։13

1, 2. ա) Ի՞նչ հայտնեց Հիսուսը վերջին օրերի մասին։ բ) Ի՞նչ հարցեր ենք քննելու։

ՀԻՍՈՒՍԸ նստած էր Ձիթենյաց լեռան վրա և նայում էր Երուսաղեմի տաճարին։ Այդ ժամանակ նա հայտնեց իր ամենատպավորիչ մարգարեություններից մեկը։ Պետրոսը, Անդրեասը, Հակոբոսը և Հովհաննեսը ուշադիր լսում էին, մինչ նա մարգարեանում էր, թե ինչ է լինելու հեռավոր ապագայում։ Հիսուսը շատ բաներ հայտնեց նրանց այս չար աշխարհի վերջին օրերի մասին՝ այն ժամանակի, երբ ինքը իշխելու էր Աստծու Թագավորությունում։ Նա ասաց, որ այդ կարևոր ժամանակներում երկրի վրա իրեն ներկայացնելու է «հավատարիմ և իմաստուն ծառան» և ժամանակահարմար հոգևոր կերակուր է տալու իր հետևորդներին (Մատթ. 24։45–47

2 Այնուհետև նույն մարգարեության մեջ Հիսուսը պատմեց տասը կույսերի մասին առակը (կարդա՛  Մատթեոս 25։1–13)։ Եկեք ուշադրություն դարձնենք այդ առակի հետ կապված երեք հարցի։ 1) Ո՞րն է առակի գլխավոր միտքը, 2) ինչպե՞ս են հավատարիմ օծյալները կիրառել առակի միջոցով տրված խորհրդին,  և ի՞նչ է եղել արդյունքում, 3) ինչպե՞ս կարող է յուրաքանչյուրս օգուտ քաղել Հիսուսի առակից։

Ո՞ՐՆ Է ԱՌԱԿԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ

3. Անցյալում տասը կույսերի մասին առակը բացատրելիս ի՞նչ մոտեցում է դրսևորվել, և ի՞նչ հետևանք դա հնարավոր է ունեցած լիներ։

3 Նախորդ հոդվածից տեսանք, որ վերջին տասնամյակներում հավատարիմ ծառան աստիճանաբար սկսել է Աստվածաշունչը բացատրել՝ ավելի շատ կենտրոնանալով դրա գործնական կիրառության և ոչ թե խորհրդանշական իմաստ ունեցող մարգարեական պատկերների վրա։ Օրինակ՝ անցյալում մեր գրականությունը տասը կույսերի մասին առակը բացատրելիս երբեմն այնտեղ նշված նույնիսկ փոքր մանրամասներին է կոնկրետ խորհրդանշական իմաստներ վերագրել, այդ թվում ճրագներին, ձեթին և սրվակներին։ Հնարավո՞ր է, որ փոքր բաների վրա կենտրոնանալով՝ մեր ուշադրությունը շեղվեր առակի պարզ և անչափ կարևոր մտքից։ Ինչպես կտեսնենք, այս հարցի պատասխանը կենսական է։

4. Ինչպե՞ս ենք իմանում, թե առակում ա) ով է փեսան, բ) ովքեր են կույսերը։

4 Եկեք քննենք, թե գլխավորապես ինչու Հիսուսը պատմեց այս առակը։ Նախ տեսնենք, թե ովքեր են գլխավոր կերպարները։ Ո՞վ է փեսան։ Պարզ է, որ Հիսուսն ինքն իրեն նկատի ուներ, քանի որ մեկ այլ առիթով նա իր մասին խոսել էր որպես փեսայի (Ղուկ. 5։34, 35)։ Իսկ ովքե՞ր են կույսերը։ Առակում Հիսուսն ասում է, որ երբ փեսան գար, կույսերը, ճրագները վառած, պետք է պատրաստ լինեին։ Նկատենք, որ Հիսուսը նման պատվեր տվեց իր օծյալ հետևորդների «փոքր հոտին»՝ ասելով. «Թող ձեր մեջքերը գոտևորված լինեն, և ձեր ճրագները՝ վառված, իսկ դուք նման եղեք այն մարդկանց, ովքեր սպասում են, թե իրենց տերը երբ կվերադառնա հարսանիքից» (Ղուկ. 12։32, 35, 36)։ Բացի այդ, և՛ Պողոս, և՛ Հովհաննես առաքյալները Աստծու ներշնչմամբ Քրիստոսի օծյալ հետևորդներին նմանեցրին մաքուր կույսերի (2 Կորնթ. 11։2; Հայտն. 14։4)։ Հստակ է, որ Մատթեոս 25։1–13-ում գրված Հիսուսի առակը խորհուրդ և նախազգուշացում է՝ ուղղված օծյալներին։

5. Ինչպե՞ս Հիսուսը ցույց տվեց, թե որ ժամանակահատվածին է վերաբերում իր առակը։

5 Տեսնենք, թե որ ժամանակահատվածին է վերաբերում Հիսուսի խորհուրդը։ Առակի վերջում Հիսուսը հայտնում է հստակ ժամանակը՝ ասելով. «Փեսան եկավ» (Մատթ. 25։10)։ «Դիտարանի» 2013թ. հուլիսի 15-ի համարում քննարկվեց Մատթեոս 24 և 25-րդ գլուխներում գրված Հիսուսի մարգարեությունը, որում ութ անգամ խոսվում է նրա «գալու» մասին։ Ամեն անգամ գործածվում է նույն հունարեն բառաձևը։ Յուրաքանչյուր դեպքում այդ բառը գործածելիս Հիսուսը անդրադառնում է մեծ նեղության ընթացքում այն ժամանակահատվածին, երբ գալու է դատելու և կործանելու այս աշխարհը։ Ուստի կարող ենք եզրակացնել, որ թեև այս առակը վերաբերում է վերջին օրերին, առակի կուլմինացիան, այսինքն՝ փեսայի գալը, կլինի մեծ նեղության ժամանակ։

6. Հաշվի առնելով առակի համատեքստը՝ ո՞րն է դրա գլխավոր միտքը։

6 Ո՞րն է առակի գլխավոր միտքը։ Քննենք համատեքստը։ Մատթեոս 24-րդ գլխում Հիսուսը խոսեց «հավատարիմ և իմաստուն ծառայի մասին»։ Այդ ծառան լինելու էր օծյալ տղամարդկանցից բաղկացած մի փոքր խումբ, որն առաջնորդելու էր Քրիստոսի հետևորդներին վերջին օրերում։ Հիսուսը նախազգուշացրեց այդ տղամարդկանց, որ նրանք պետք է հավատարիմ մնան։ Հաջորդ գլխում նա պատմեց տասը կույսերի մասին առակը՝ նախազգուշացնելով իր բոլոր օծյալ հետևորդներին «արթուն մնալ» վերջին օրերում, որպեսզի չկորցնեն իրենց երկնային պարգևը (Մատթ. 25։13)։ Եկեք այժմ  քննենք այդ առակը և տեսնենք, թե ինչպես են օծյալները հետևել խորհրդին։

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ՕԾՅԱԼՆԵՐԸ ՀԵՏԵՎԵԼ ԱՌԱԿԻ ՄԻՋՈՑՈՎ ՏՐՎԱԾ ԽՈՐՀՐԴԻՆ

7, 8. ա) Ո՞ր երկու բանի շնորհիվ էին խոհեմ կույսերը պատրաստ։ բ) Ինչպե՞ս են օծյալները փաստել, որ պատրաստված են։

7 Հիսուսի առակը ընդգծում է այն միտքը, որ խոհեմ կույսերը, ի տարբերություն հիմար կույսերի, պատրաստ էին փեսայի գալստին։ Ինչո՞ւ։ Երկու բանի շնորհիվ՝ պատրաստված լինելու և զգոնության։ Կույսերը պետք է գիշերն իրենց ճրագները վառած պահեին ու սպասեին փեսային և նախքան հարսանեկան խնջույքը երկար ժամեր արթուն մնային։ Ի տարբերություն հիմար կույսերի՝ հինգ կույսերը իսկապես պատրաստվել էին՝ սրվակներով ձեթ վերցնելով իրենց ճրագների հետ։ Իսկ հավատարիմ օծյալները փաստե՞լ են, որ պատրաստված են Հիսուսի գալստին։

8 Անշուշտ փաստել են։ Վերջին օրերի ընթացքում օծյալ քրիստոնյաները, խոհեմ կույսերի պես, պատրաստվել են, որպեսզի կարողանան մինչև վերջ հավատարմորեն կատարել իրենց նշանակումը։ Նրանք հասկանում են, որ Աստծուն հավատարմորեն ծառայելու համար պետք է հրաժարվեն Սատանայի աշխարհում եղող բազմաթիվ նյութական բաներից, և պատրաստ են զոհողությունների գնալու։ Այս քրիստոնյաները նվիրվել են միմիայն Եհովային և ծառայում են նրան ոչ թե այն պատճառով, որ վերջը մոտ է, այլ քանի որ սիրում են նրան ու նրա Որդուն և հավատարիմ են նրանց։ Նրանք պահում են իրենց անարատությունը և չեն որդեգրում այս չար աշխարհի ոգին՝ թույլ չեն տալիս, որ դրա նյութապաշտական, անբարո և եսասիրական մտածելակերպը ազդի իրենց վրա։ Այսպիսով նրանք պատրաստ են մնում՝ շարունակելով փայլել ինչպես լուսատուներ և համբերատար կերպով սպասելով Փեսայի գալստին, նույնիսկ եթե թվա, թե նա ուշանում է (Փիլիպ. 2։15

9. ա) Ի՞նչ նախազգուշացում տվեց Հիսուսը նիրհելու բնական հակումի մասին։ բ) Օծյալներն ինչպե՞ս են արձագանքել «ահա՛ փեսան» աղաղակին (տե՛ս նաև ծանոթագրությունը)։

9 Հաջորդ բանը, որ օգնեց կույսերին պատրաստ լինելու, իրենց զգոնությունն էր։ Հնարավո՞ր է, որ առանձին օծյալներ երկար գիշերվա ընթացքում սկսեն նիրհել։ Այո՛, հնարավոր է։ Նկատի առնենք, որ Հիսուսը տասը կույսերի մասին ասաց, որ «բոլորը սկսեցին նիրհել և քուն մտան», մինչ թվում էր, թե փեսան ուշանում էր։ Հիսուսը լավ գիտեր, որ մարմնական թուլության պատճառով գուցե նույնիսկ պատրաստակամ մարդը դժվարանա արթուն մնալ։ Հավատարիմ օծյալներն ուշադրություն են դարձրել այս անուղղակի նախազգուշացմանը և ավելի մեծ ջանքեր են թափել, որպեսզի զգոն և արթուն մնան։ Առակում բոլոր կույսերը արձագանքեցին կեսգիշերին հնչած աղաղակին. «Ահա՛ փեսան»։ Բայց միայն զգոն կույսերը պատրաստ սպասեցին մինչև վերջ (Մատթ. 25։5, 6; 26։41)։ Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր օրերի հավատարիմ օծյալների մասին։ Վերջին օրերի ընթացքում նրանք արձագանքել են «ահա՛ փեսան» աղաղակին։ Նրանք ընդունել են այն հզոր փաստը, որ Հիսուսը ուր որ է գալու է, և պատրաստ են նրա գալստին *։ Այժմ եկեք քննենք առակի կուլմինացիոն կետը, որը կենտրոնանում է կոնկրետ ժամանակահատվածի վրա։

 ԽՈՀԵՄՆԵՐԸ ՎԱՐՁԱՏՐՎՈՒՄ ԵՆ, ԻՍԿ ՀԻՄԱՐՆԵՐԸ՝ ՊԱՏԺՎՈՒՄ

10. Ի՞նչ շփոթեցնող հարց է առաջացնում խոհեմ և հիմար կույսերի զրույցը։

10 Թերևս առակում ամենաշփոթեցնողը հիմար և խոհեմ կույսերի զրույցն է (կարդա՛  Մատթեոս 25։8, 9)։ Այն մի հարց է առաջացնում. «Աստծու ժողովրդի պատմության մեջ ե՞րբ են հավատարիմները հրաժարվել օգնություն խնդրողներին օգնելուց»։ Շփոթմունքը, սակայն, վերանում է, երբ հաշվի ենք առնում, թե որ ժամանակամիջոցին է վերաբերում առակը։ Հիշենք այն վերաճշտված հասկացողությունը, որ Հիսուսը՝ Փեսան, գալիս է դատելու մեծ նեղության գրեթե վերջում։ Հնարավո՞ր է՝ առակի այս մասը վերաբերի այն բանին, ինչ տեղի է ունենում նախքան այդ դատաստանը։ Այո՛, հնարավոր է, քանի որ այդ ժամանակ օծյալները արդեն ստացած կլինեն իրենց վերջնական կնիքը։

11. ա) Ի՞նչ է լինելու մեծ նեղությունից անմիջապես առաջ։ բ) Ի՞նչ նկատի ունեին խոհեմ կույսերը՝ հիմար կույսերին ասելով, որ գնան ձեթ վաճառողների մոտ։

11 Այսպիսով՝ նախքան մեծ նեղությունը բոլոր հավատարիմ օծյալները ստանալու են իրենց վերջնական կնիքը (Հայտն. 7։1–4)։ Այդ պահից սկսած՝ նրանց երկնային կոչը հաստատված է լինելու։ Բայց մտածիր մեծ նեղությանը նախորդող տարիների մասին։ Ի՞նչ է լինելու այն օծյալներին, որոնք արթուն չեն մնացել, չեն պահել իրենց անարատությունը։ Նրանք կկորցնեն իրենց երկնային պարգևը։ Հստակ է, որ նրանք չեն ստանա իրենց վերջնական կնիքը նախքան մեծ նեղությունը։ Այդ ժամանակ այլ հավատարիմ քրիստոնյաներ կօծվեն նրանց փոխարեն։ Եվ երբ նեղությունը սկսվի, հիմարները թերևս ապշեն՝ տեսնելով Մեծ Բաբելոնի կործանումը։ Գուցե միայն այդ ժամանակ նրանք հասկանան, որ պատրաստ չեն Փեսայի գալստին։ Իսկ ի՞նչ կլինի, երբ այդ ուշ ժամին, նրանք հուսահատ օգնություն խնդրեն։ Հիսուսի առակը խիստ պատասխան է տալիս այս հարցին։ Խոհեմ կույսերը իրենց ձեթից չեն տալիս հիմարներին՝ ասելով, որ վերջիններս գնան ձեթ վաճառողների մոտ։ Հիշենք, սակայն, որ այդ ժամանակ «կեսգիշեր» էր։ Կկարողանայի՞ն նրանք այդ ժամին ձեթ վաճառող գտնել։ Ո՛չ։ Արդեն շատ ուշ էր։

12. ա) Մեծ նեղության ժամանակ ի՞նչ անհույս վիճակում են հայտնվելու նրանք, ովքեր մի ժամանակ օծյալ էին, բայց նախքան վերջնական կնիք ստանալը չեն պահել անարատությունը։ բ) Ի՞նչ է սպասում նրանց, ովքեր նման են հիմար կույսերի։

12 Նույն կերպ էլ մեծ նեղության ընթացքում հավատարիմ օծյալները չեն կարողանալու օգնել որևէ մեկին, ով անհավատարիմ է դարձել։ Օգնություն ստանալու հնարավորություն չի լինելու։ Արդեն շատ ուշ է լինելու։ Իսկ ի՞նչ է սպասում անհավատարիմներին։ Հիսուսն ասում է, որ երբ հիմար կույսերը զուր տեղը գնացին ձեթ գնելու, «փեսան եկավ, և այն կույսերը, որոնք պատրաստ էին, նրա հետ հարսանեկան խնջույքին մտան, և դուռը փակվեց»։ Երբ Քրիստոսը նեղության վերջում գա իր փառքով, իր հավատարիմ օծյալներին կհավաքի երկնքում (Մատթ. 24։31; 25։10; Հովհ. 14։1–3; 1 Թեսաղ. 4։17)։ Դուռն իսկապես փակ է լինելու անհավատարիմների համար, որոնք հիմար կույսերի են նման։ Նրանք գուցե աղաղակեն՝ «տե՛ր, տե՛ր, բա՛ց արա», բայց կստանան այն նույն պատասխանը, որ բազմաթիվ այծանման մարդիկ են ստանալու դատաստանի այդ ժամին. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, ես ձեզ չեմ ճանաչում»։ Որքա՜ն ցավալի է (Մատթ. 7։21–23; 25։11, 12

13. ա) Ինչո՞ւ կարիք չկա եզրակացնելու, որ օծյալներից շատերը անհավատարիմ են գտնվելու։ բ) Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Հիսուսի նախազգուշացումը արտահայտում է նաև իր համոզվածությունը օծյալների հանդեպ (տե՛ս 12-րդ էջի նկարը)։

13 Ի՞նչ կարող ենք եզրակացնել վերոհիշյալից։ Արդյո՞ք Հիսուսն ուզում էր ասել,  որ իր օծյալ ծառաներից շատերը անհավատարիմ են գտնվելու և անհրաժեշտ է լինելու նրանց փոխարինել։ Ո՛չ։ Հիշենք, որ նա պարզապես զգուշացրեց իր «հավատարիմ և իմաստուն ծառային» չդառնալ չար ծառա։ Դա չէր նշանակում, որ նա ակնկալում էր նման բան։ Այս առակը նույնպես ուժեղ նախազգուշացում է։ Ինչպես որ հինգ հիմար և հինգ իմաստուն կույսերը, այնպես էլ յուրաքանչյուր օծյալ հնարավորություն ունի ընտրելու կա՛մ պատրաստված և զգոն լինել, կա՛մ՝ անմիտ ու անհավատարիմ։ Իր օծյալ հավատակիցներին դիմելիս Պողոս առաքյալը Աստծու ներշնչմամբ նման միտք հայտնեց (կարդա՛  Եբրայեցիներ 6։4–9; համեմատի՛ր 2 Օրենք 30։19)։ Ուշադրություն դարձնենք, որ Պողոսի նախազգուշացումը շատ խիստ էր, բայց դրանից հետո նա ասում է, որ համոզված է՝ իր քույրերն ու եղբայրները «ավելի լավ վիճակում են»։ Հիսուսի առակի նախազգուշացումն էլ տրված է այն համոզվածությամբ, որ յուրաքանչյուր օծյալ ծառա կարող է հավատարիմ մնալ և ստանալ հիասքանչ պարգևը։

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՆ ՔՐԻՍՏՈՍԻ «ՈՒՐԻՇ ՈՉԽԱՐՆԵՐԸ» ՕԳՈՒՏ ՔԱՂԵԼ

14. Ինչո՞ւ «ուրիշ ոչխարների» մաս կազմողները նույնպես կարող են օգուտ քաղել տասը կույսերի մասին առակից։

14 Պե՞տք է արդյոք եզրակացնենք, որ եթե Հիսուսի՝ տասը կույսերի մասին առակը վերաբերում է իր օծյալ հետևորդներին, ապա «ուրիշ ոչխարները» չեն կարող օգուտներ քաղել դրանից (Հովհ. 10։16)։ Ամենևի՛ն։ Առակի միտքը շատ պարզ է. «Արթո՛ւն մնացեք»։ Արդյո՞ք սա միայն օծյալներին է վերաբերում։ Հիսուսը մի անգամ ասաց. «Ինչ որ ձեզ ասում եմ, բոլորին եմ ասում՝ արթո՛ւն մնացեք» (Մարկ. 13։37)։ Նա իր բոլոր հետևորդներից պահանջում է, որ պատրաստեն իրենց սրտերը հավատարմորեն ծառայելու համար և արթուն մնան։ Ուստի բոլոր քրիստոնյաները այս հարցում հետևում են օծյալների լավ օրինակին՝ ծառայությունը կյանքում առաջին տեղում դնելով։ Չմոռանանք նաև այն, որ հիմար կույսերը խոհեմ կույսերից մի քիչ ձեթ խնդրեցին։ Նրանց զուր խնդրանքը մեզ հիշեցնում է այն, որ ոչ ոք չի կարող հավատարիմ լինել մեր փոխարեն, ճշմարտության մեջ մնալ մեր փոխարեն կամ մեր փոխարեն արթուն մնալ։ Ամեն մեկս պատասխան է տալու Եհովայի նշանակած արդար Դատավորի առաջ։ Ուստի պետք է պատրաստ լինենք, քանի որ նա շուտով գալու է։

Ձեթ խնդրելը մեզ հիշեցնում է, որ ոչ ոք չի կարող մեր փոխարեն հավատարիմ լինել կամ արթուն մնալ

15. Ինչո՞ւ է Քրիստոսի և իր հարսի հարսանիքը ոգևորիչ իրադարձություն բոլոր ճշմարիտ քրիստոնյաների համար։

15 Բոլոր քրիստոնյաները կարող են օգուտ քաղել նաև Հիսուսի առակում նշված գլխավոր իրադարձությունից։ Չէ՞ որ բոլորս էլ ոգևորությամբ սպասում ենք այդ ապագա հարսանիքին։ Օծյալները կլինեն երկնքում, և Արմագեդոն պատերազմից հետո նրանք կդառնան Քրիստոսի հարսը (Հայտն. 19։7–9)։ Երկրի վրա եղող բոլոր մարդիկ օգուտներ կքաղեն այդ երկնային հարսանիքից, քանի որ այն լինելու է կատարյալ կառավարության երաշխիք։ Անկախ նրանից երկնային կյանքի հույս ունենք, թե երկրային, եկեք վճռենք կիրառել տասը կույսերի մասին առակի կարևոր դասը՝ լինենք պատրաստված և արթուն մնանք, որպեսզի վայելենք այն փառահեղ ապագան, որ Եհովան պատրաստել է մեզ համար։

^ պարբ. 9 Առակում որոշակի ժամանակամիջոց կա «ահա՛ փեսան» (6-րդ համար) աղաղակի և Փեսայի փաստացի գալստի միջև (10-րդ համար)։ Վերջին օրերի ընթացքում զգոն օծյալները նկատել են Հիսուսի ներկայության նշանը։ Ուստի նրանք գիտեն, որ նա իշխում է որպես Թագավոր։ Այնուամենայնիվ, նրանք պետք է շարունակեն արթուն մնալ և սպասել նրա գալստին։