Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՓԵՏՐՎԱՐ 2015

Պահպանիր եռանդդ ծառայության մեջ

Պահպանիր եռանդդ ծառայության մեջ

ԲԱՐԻ ԼՈՒՐԻ քարոզչությունը երկրի վրա կատարվող ամենակարևոր գործն է այսօր։ Որպես Եհովայի ծառա՝ քեզ համար, անշուշտ, մեծ պատիվ է աշակերտ պատրաստելու գործին մասնակցելը։ Այնուամենայնիվ, կհամաձայնես, որ ռահվիրաների ու մյուս քարոզիչների համար երբեմն դժվար է լինում պահպանել եռանդը ծառայության մեջ։

Ի՞նչը կարող է օգնել քեզ պահպանելու եռանդդ ծառայության մեջ

Որոշ քարոզիչներ տնետան ժամանակ դժվարությամբ են գտնում ինչ-որ մեկին, ում հետ կարելի է զրույց սկսել։ Հաճախ բնակիչների մեծ մասը տանը չի լինում։ Եթե անգամ տանն են լինում, անտարբերությամբ կամ թշնամաբար են արձագանքում Թագավորության լուրին։ Իսկ այն քարոզիչները, ովքեր ծառայում են շատ մեծ ու արդյունավետ տարածքներում, մտավախություն ունեն, որ չեն կարողանա քարոզել տարածքի բոլոր մարդկանց։ Ժողովի անդամներից ոմանք էլ տարիներ է, ինչ քարոզում են, գուցե ավելի երկար, քան ակնկալում էին, և այդ պատճառով վհատվել են։

Պե՞տք է արդյոք մեզ զարմացնի այն, որ Եհովայի բոլոր ծառաները բախվում են դժվարությունների, որոնք կարող են թուլացնել նրանց եռանդը ծառայության մեջ։ Ո՛չ։ Մեզանից ոչ ոք չի էլ ակնկալում, որ կյանքեր փրկող ճշմարտության լուրը հեշտ կլինի հռչակել մի աշխարհում, որը «Չարի»՝ Բանսարկու Սատանայի «իշխանության տակ է» (1 Հովհ. 5։19

Ինչ խնդիրների էլ բախվես բարի լուրը հռչակելիս, վստահ եղիր, որ Եհովան կարող է օգնել քեզ հաղթահարելու դրանք։ Իսկ դո՞ւ ինչ կարող ես անել, որ ավելի մեծ եռանդով կատարես քարոզչական գործը։ Քննենք մի քանի առաջարկ։

ՕԳՆԻՐ ՆՈՐ ՔԱՐՈԶԻՉՆԵՐԻՆ

Ամեն տարի հազարավոր մարդիկ են մկրտվում և դառնում Եհովայի վկա։ Եթե վերջերս ես խորհրդանշել նվիրումդ ջրի մկրտությամբ, անկասկած, կցանկանաս օգուտներ քաղել երկար տարիներ ծառայող քարոզիչների փորձից։ Իսկ եթե վաղուց է, ինչ Թագավորության քարոզիչ ես, արդյոք տեղին չի՞ լինի, որ կրթես նորեկներին։ Այդպես վարվելով՝ բավարարվածության մեծ զգացում կունենաս։

Հիսուսը գիտեր, որ իր աշակերտները առաջնորդության կարիք ունեն, որ արդյունավետ ավետարանիչներ դառնան, ուստի ցույց տվեց, թե ինչպես  պետք է կատարել այդ գործը (Ղուկ. 8։1)։ Այսօր նույնպես կարիք կա կրթելու ուրիշներին, որ արդյունավետ ծառայողներ դառնան։

Չպետք է մտածենք, որ նոր քարոզիչը ուսուցանելու հմտություններ ձեռք կբերի՝ պարզապես ծառայությանը մասնակցելով։ Նա կարիք ունի, որ քարոզիչներից մեկը բարյացակամորեն և սիրալիր կերպով անհատական օգնություն ցույց տա։ Դրա մեջ մտնում է նոր քարոզչին սովորեցնել, թե ինչպես 1) պատրաստել և կիրառել մատուցումը, 2) տանտիրոջը կամ անցորդին ներգրավել զրույցի մեջ, 3) գրականություն առաջարկել, 4) հետաքրքրություն զարգացնել և 5) Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել։ Եթե նոր քարոզիչը դիտունակ լինի և ընդօրինակի այն մեթոդները, որ ծառայության ժամանակ օգտագործում է իրեն օգնող քարոզիչը, հավանականությունը մեծ է, որ լավ արդյունքներ կլինեն (Ղուկ. 6։40)։ Անկասկած, նրա համար մեծ օգնություն կլինի այն, որ կա մեկը, ով կարող է լսել և հարկ եղած դեպքում աջակցել։ Նոր քարոզչի համար օգտակար կլինեն գովեստի խոսքերը և գործնական առաջարկները (Ժող. 4։9, 10

ԶՐՈՒՑԻՐ ԾԱՌԱՅԱԿՑԻԴ ՀԵՏ

Գուցե լինեն օրեր, երբ, չնայած ջանքերիդ, չհաջողվի բնակիչների հետ զրույց սկսել։ Նման դեպքերում լավագույն զրույցը կարող է լինել ծառայակցի հետ զրույցը։ Հիշիր, որ Հիսուսն իր աշակերտներին «երկու-երկու» ուղարկեց քարոզելու (Ղուկ. 10։1)։ Միասին ծառայելով՝ նրանք կարող էին քաջալերել և ոգևորել իրար։ Ուստի մեր եղբայրների ու քույրերի հետ ծառայելը «փոխադարձ քաջալերություն ստանալու» հիանալի առիթ է (Հռոմ. 1։12

Իսկ ի՞նչ թեմաների շուրջ կարող եք զրուցել։ Գուցե ձեզնից մեկի հետ վերջերս քաջալերական դեպք է եղել։ Թերևս անձնական կամ ընտանեկան ուսումնասիրության ժամանակ ինչ-որ հետաքրքիր բան ես կարդացել։ Կամ էլ ժողովի հանդիպմանը քաջալերական միտք ես լսել։ Երբեմն հնարավոր է համագործակցես մի քարոզչի հետ, որին այդքան էլ լավ չես ճանաչում։ Գիտե՞ս, թե ինչպես է ընդունել ճշմարտությունը։ Ի՞նչն է համոզել նրան, որ սա է Եհովայի կազմակերպությունը։ Ի՞նչ առանձնաշնորհումներ և փորձ ունի նա։ Դու էլ կարող ես քո փորձառությունից պատմել։ Անկախ մարդկանց արձագանքից՝ հավատակցի հետ քարոզչությանը մասնակցելը լավ հնարավորություն է «կերտելու միմյանց» (1 Թեսաղ. 5։11

ՇԱՐՈՒՆԱԿԻՐ ԼԱՎ ԱՆՁՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼ

Ծառայության մեջ եռանդուն մնալու համար կարևոր է լավ անձնական ուսումնասիրություն անելու սովորություն զարգացնել և պահպանել այն։ «Հավատարիմ և իմաստուն ծառան» գրականություն է հրատարակում տարբեր թեմաներով (Մատթ. 24։45)։ Ուստի հոգևորապես սնվելու համար դու լայն ընտրություն ունես։ Օրինակ՝ անձնական ուսումնասիրության  շատ լավ թեմա է այն, թե ինչու է Թագավորության լուրը քարոզելը այդքան կարևոր։ «Ինչո՞ւ պետք է պահպանես եռանդդ ծառայության մեջ» շրջանակում գրված են պատճառներից մի քանիսը։

Շրջանակի մտքերը քննելը կմղի քեզ եռանդուն մնալու ծառայության մեջ։ Կարող ես նպատակ դնել ուսումնասիրելու այս թեման և տեսնելու, թե քանի այլ սուրբգրային պատճառներ կարող ես ինքդ թվել։ Այնուհետև խորհրդածիր պատճառների և դրանց թիկունք կանգնող աստվածաշնչյան համարների շուրջ։ Այդպես վարվելով, ինչ խոսք, կմեծացնես ծառայության հանդեպ եռանդդ։

ԸՆԴՈՒՆԻՐ ԵՎ ԿԻՐԱՌԻՐ ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ

Եհովայի կազմակերպությունը կանոնավորաբար առաջարկներ է անում, որ օգնի մեզ բարելավելու ծառայությունը։ Բացի տնետուն ծառայությունից, օրինակ, կարող ենք վկայություն տալ նամակների միջոցով, հեռախոսով, փողոցում կամ այլ հասարակական վայրերում, մասնակցել ոչ պաշտոնական ծառայությանը և քարոզել գործարար տարածքներում։ Կարող ենք նաև այնպես պլանավորել մեր գործերը, որ վկայություն տանք հաճախ չմշակվող տարածքներում։

Ընդունո՞ւմ ես այս առաջարկները։ Փորձե՞լ ես կիրառել դրանցից մի քանիսը։ Շատերը լավ արդյունքների են հասել, երբ կիրառել են դրանք։ Քննենք երեք օրինակ։

Առաջին օրինակն այն մասին է, թե ինչպես Էյփրիլ անունով մի քույր կիրառեց «Թագավորական ծառայություն» թերթիկի հոդվածի առաջարկը Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսելու վերաբերյալ։ Նա իր աշխատակիցներից երեքին առաջարկեց Աստվածաշունչ ուսումնասիրել, ու  երբ, ի զարմանս նրա, երեքն էլ համաձայնվեցին, նա շատ ուրախացավ։ Նրանք նույնիսկ սկսեցին հաճախել ժողովի հանդիպումներին։

Երկրորդ օրինակը կապված է ամսագրեր տարածելու հետ։ Մենք քաջալերվում ենք, երբ գտնում ենք մարդկանց, որոնց հետաքրքրում են մեր ամսագրերից կոնկրետ հոդվածներ։ Միացյալ Նահանգներից մի շրջանային վերակացու որոշեց մի տարածքի անվադողեր վաճառող բոլոր խանութների մենեջերներին առաջարկել «Արթնացե՛ք», որում անվադողերի մասին հոդված կար։ Իսկ իրենց շրջանի 100-ից ավելի բժշկի գրասենյակներում նա ու իր կինը բաժանեցին «Հասկացիր քո բժշկին» «Արթնացե՛ք»-ը։ Եղբայրն ասում է, որ նման այցերի շնորհիվ իրենք մարդկանց ծանոթացրին մեր քարոզչական գործին և գրականությանը։ Տարածքի մարդկանց ավելի լավ ճանաչելուց հետո նրանք կարողանում են ավելի շատ վերայցելություններ անել։

Երրորդ օրինակը հեռախոսով վկայություն տալու մասին է։ Ջուդի անունով մի քույր նամակ գրեց գլխավոր վարչություն՝ շնորհակալություն հայտնելու հեռախոսով վկայություն տալու առաջարկի համար։ Նա գրել էր, որ իր 86-ամյա մայրը, որն առողջական շատ խնդիրներ ունի, կանոնավորաբար մասնակցում է ծառայության այս ձևին և մեծ ուրախություն է ստանում 92 տարեկան մի կնոջ հետ հեռախոսով Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելուց։

Մեր հրատարակություններում նշվող առաջարկները իսկապես գործնական են։ Կիրառիր դրանք։ Այդպես անելով՝ կպահպանես ուրախությունդ և եռանդդ ծառայության մեջ։

ՈՂՋԱՄԻՏ ՆՊԱՏԱԿՆԵՐ ԴԻՐ

Քարոզչական ծառայության մեջ ունեցած հաջողությունը չի չափվում նրանով, թե քանի հրատարակություն ենք բաժանել, քանի Աստվածաշնչի ուսումնասիրություն ենք անցկացնում կամ քանի հոգու ենք օգնել դառնալու Եհովայի վկա։ Ի վերջո, Նոյը իր ընտանիքի անդամներից բացի, քանի՞ հոգու օգնեց դառնալու Եհովայի երկրպագու։ Մինչդեռ նա հաջողակ քարոզիչ էր։ Կարևորն այն է, որ հավատարմորեն ծառայենք Եհովային (1 Կորնթ. 4։2

Շատ Թագավորության քարոզիչներ նկատել են, որ ծառայության հանդեպ իրենց եռանդը խթանելու համար պետք է ողջամիտ նպատակներ դնեն։ Դրանցից մի քանիսը ներկայացված են «Ողջամիտ նպատակներ դիր» շրջանակում։

Եհովայի օգնությամբ փորձիր կերպեր փնտրել քո ծառայությունը արդյունավետ դարձնելու համար։ Երբ հասնես նպատակներիդ, անչափ կուրախանաս և բավարարվածության զգացում կունենաս այն բանի գիտակցումից, որ հնարավորինս ամեն ինչ անում ես բարի լուրը քարոզելու համար։

Ճիշտ է, բարի լուրը քարոզելը կարող է դժվար լինել։ Բայց կան կերպեր, որոնք կօգնեն քեզ լինելու եռանդուն Թագավորության քարոզիչ։ Վայելիր ծառայակցիդ հետ փոխադարձ քաջալերանքը, լավ անձնական ուսումնասիրություն անելու սովորություն զարգացրու և պահպանիր այն, կիրառիր «հավատարիմ և իմաստուն» ծառայի առաջարկները ու ողջամիտ նպատակներ դիր։ Եվ ամենակարևորը, հիշիր, որ Աստված քեզ՝ որպես իր Վկա, վստահել է բարի լուրը քարոզելու անգնահատելի առանձնաշնորհումը (Ես. 43։10)։ Դու մեծ ուրախություն կվայելես, եթե պահպանես եռանդդ ծառայության մեջ։