Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան (ուսումնասիրության թողարկում)  |  Փետրվար 2015

Ընդօրինակիր Հիսուսի քաջությունն ու խորաթափանցությունը

Ընդօրինակիր Հիսուսի քաջությունն ու խորաթափանցությունը

«Թեև դուք երբեք չեք տեսել նրան, սակայն սիրում եք։ Թեև դուք հիմա էլ նրան չեք տեսնում, սակայն հավատ եք դրսևորում նրա հանդեպ» (1 ՊԵՏ. 1։8

1, 2. ա) Ինչպե՞ս կարող ենք հասնել փրկության։ բ) Ի՞նչը կարող է օգնել մեզ մնալու փրկության տանող ճանապարհի վրա։

ՔՐԻՍՏՈՍԻ աշակերտ դառնալով՝ մենք սկսում ենք ընթանալ մի ճանապարհով, որը կարող է առաջնորդել կա՛մ երկնային, կա՛մ երկրային կյանքի։ Հիսուսն ասաց. «Ով որ մինչև վերջ համբերի [մինչև իր կյանքի վերջը կամ մինչև այս չար աշխարհի վերջը], նա՛ կփրկվի» (Մատթ. 24։13)։ Այո՛, եթե քայլենք հավատարմության ճանապարհով, կհասնենք փրկության։ Սակայն պետք է զգույշ լինենք, որ չշեղվենք ճանապարհից ու չմոլորվենք (1 Հովհ. 2։15–17)։ Իսկ ի՞նչ կարող ենք անել, որպեսզի մնանք փրկության տանող ճանապարհի վրա։

2 Մեր Օրինակը՝ Հիսուսը, անցել է այդ ճանապարհով։ Նրա ճանապարհորդության մասին գրված է Աստվածաշնչում։ Ուսումնասիրելով այդ արձանագրությունը՝ կիմանանք, թե ինչպիսին էր Աստծու Որդին, կսիրենք նրան և հավատ կդրսևորենք նրա հանդեպ (կարդա՛  1 Պետրոս 1։8, 9)։ Հիշենք, որ Պետրոս առաքյալն ասաց, որ Հիսուսը օրինակ թողեց մեզ, որպեսզի սերտորեն նրա հետքերին հետևենք (1 Պետ. 2։21)։ Այդպես վարվելով՝ կհասնենք  մեր «հավատի արդյունքին»՝ փրկության *։ Նախորդ հոդվածից տեսանք, թե ինչպես կարող ենք ընդօրինակել Քրիստոսի խոնարհությունն ու գորովանքը։ Իսկ այժմ կքննենք, թե ինչպես կարող ենք հետևել նրա հետքերին՝ քաջություն և խորաթափանցություն դրսևորելով։

ՀԻՍՈՒՍԸ ՔԱՋ Է

3. Ի՞նչ է քաջությունը, և ինչպե՞ս կարող ենք քաջ լինել։

3 Քաջությունը ներքին համոզվածություն է, որը կարող է զորացնել և ուժ տալ մարդուն։ Մի աղբյուրում ասվում է, որ քաջ լինել նշանակում է «տոկալ դժվարությունների բախվելիս», «պայքարել ճշտի համար» և «տառապել արժանապատվությամբ ու հավատով»։ Քաջությունը սերտորեն կապված է վախի, հույսի և սիրո հետ։ Աստծու հանդեպ վախը քաջություն է տալիս հաղթահարելու մարդավախությունը (1 Սամ. 11։7; Առակ. 29։25)։ Իրական հույսը օգնում է ներկայիս դժվարություններից այն կողմ տեսնելու և ապագային վստահությամբ նայելու (Սաղ. 27։14)։ Իսկ անձնազոհ սերը մղում է քաջ լինելու նույնիսկ կյանքին սպառնացող իրավիճակներում (Հովհ. 15։13)։ Մենք քաջ կլինենք, եթե վստահենք Աստծուն և հետևենք նրա Որդու հետքերին (Սաղ. 28։7

4. Ինչպե՞ս Հիսուսը տաճարում քաջություն դրսևորեց (տե՛ս 10-րդ էջի նկարը)։

4 Երբ Հիսուսը 12 տարեկան էր, քաջաբար թիկունք կանգնեց ճշմարտությանը։ Ուշադրություն դարձնենք, թե ինչ տեղի ունեցավ, երբ նա «տաճարում» էր՝ «ուսուցիչների մեջ նստած» (կարդա՛  Ղուկաս 2։41–47)։ Այդ ուսուցիչները լավատեղյակ էին ոչ միայն Մովսիսական օրենքից, այլև մարդակերտ ավանդույթներից, որոնց պատճառով մարդիկ դժվարանում էին պահել Օրենքը։ Բայց նրանց գիտելիքները չվախեցրին Հիսուսին. նա լուռ չմնաց։ Կարդում ենք, որ Հիսուսը «հարցեր էր տալիս» ուսուցիչներին։ Ինչ խոսք, նրա տված հարցերը պարզապես այնպիսի հարցեր չէին, որոնք սովորաբար տալիս են հետաքրքրասեր երեխաները։ Կարող ենք պատկերացնել, թե ինչպես էր նա մտածելու տեղիք տվող հարցեր տալիս, որ այդ բանիմաց ուսուցիչները ուշադրություն էին դարձնում դրանց։ Եվ երբ նրանք փորձում էին վիճելի հարցերով Հիսուսին ծուղակը գցել, դա նրանց չէր հաջողվում։ Այդ պատճառով բոլոր նրան լսողները, այդ թվում ուսուցիչները «հիանում էին նրա հասկացողությամբ և պատասխաններով»։ Հիսուսն, անշուշտ, իր պատասխաններով պաշտպանում էր Աստծու Խոսքի ճշմարտությունը։

5. Ի՞նչ կերպերով Հիսուսը քաջություն դրսևորեց իր ծառայության ընթացքում։

5 Իր ծառայության ընթացքում Հիսուսը տարբեր կերպերով քաջություն դրսևորեց։ Նա քաջաբար քողազերծեց կրոնական առաջնորդներին, որոնք կեղծ ուսմունքներով մոլորեցնում էին մարդկանց (Մատթ. 23։13–36)։ Նա թույլ չտվեց, որ աշխարհը ապականի իրեն (Հովհ. 16։33)։ Շարունակեց քարոզել՝ չնայած հակառակորդների ճնշմանը (Հովհ. 5։15–18; 7։14)։ Երկու անգամ Քրիստոսը համարձակորեն մաքրեց տաճարը՝ դուրս անելով նրանց, ովքեր պղծել էին այնտեղ մատուցվող երկըրպագությունը (Մատթ. 21։12, 13; Հովհ. 2։14–17

6. Ինչպե՞ս Հիսուսը քաջություն դրսևորեց իր երկրային կյանքի վերջին օրը։

6 Մեր հավատը զորանում է, երբ իմանում ենք, թե ինչպես Հիսուսը քաջություն դրսևորեց տառապանքի ներքո։ Ուշադրություն դարձնենք, թե ինչպես նա քաջաբար վարվեց իր երկրային կյանքի վերջին օրը։ Հիսուսը գիտեր, թե ինչ հաջորդականությամբ էին զարգանալու դեպքերը, երբ իրեն մատնեին։ Այնուամենայնիվ, Պասեքի ընթրիքին նա Հուդային ասաց. «Ինչ որ անելու ես, շո՛ւտ արա» (Հովհ. 13։21–27)։ Գեթսեմանի պարտեզում իրեն ձերբակալելու եկած զինվորներին նա անվախորեն հայտնեց իր ով լինելը։ Եվ չնայած որ իր կյանքը վտանգի տակ էր՝ Քրիստոսը պաշտպանեց  աշակերտներին՝ ասելով. «Թողեք, որ նրանք գնան» (Հովհ. 18։1–8)։ Երբ Սինեդրիոնի առաջ նրան հարցաքննում էին, նա համարձակորեն հաստատեց, որ ինքը Քրիստոսն է և Աստծու Որդին՝ թեև գիտեր, որ քահանայապետը իրեն սպանելու պատճառ էր փնտրում (Մարկ. 14։60–65)։ Հիսուսը մինչև մահ պահեց իր անարատությունը։ Տանջանքի ցցի վրա վերջին շունչը քաշելիս նա հաղթանակած ասաց՝ կատարվե՛ց (Հովհ. 19։28–30

ԸՆԴՕՐԻՆԱԿԻՐ ՀԻՍՈՒՍԻ ՔԱՋՈՒԹՅՈՒՆԸ

7. Պատանինե՛ր, ինչպե՞ս եք վերաբերվում Եհովայի անունը կրելուն և ինչպե՞ս կարող եք քաջություն դրսևորել։

7 Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հիսուսի քաջությունը։ Դպրոցում։ Պատանինե՛ր, դուք քաջություն եք դրսևորում, երբ ներկայանում եք որպես Եհովայի վկա, չնայած այն բանին, որ համադասարանցիները կամ ուրիշներ գուցե ծաղրեն ձեզ։ Այդպես դուք ցույց եք տալիս, որ ձեզ համար պատիվ է կրել Եհովայի անունը (կարդա՛  Սաղմոս 86։12)։ Հնարավոր է՝ ձեզ վրա ճնշում բանեցնեն, որ ընդունեք էվոլյուցիոն տեսությունը։ Բայց դուք հիմնավոր պատճառներ ունեք համոզված լինելու, որ այն, ինչ Աստվածաշունչն ասում է արարչագործության վերաբերյալ, ճիշտ է։ «Կյանքի ծագումը. հինգ հարց, որ արժե քննել» գրքույկի միջոցով կարող եք հիմնավոր պատասխան տալ նրանց, ովքեր «բացատրություն կպահանջեն ձեր մեջ եղած հույսի համար» (1 Պետ. 3։15)։ Այդ ժամանակ դուք բավարարվածության զգացումով կլցվեք, քանի որ պաշտպանել եք Աստծու Խոսքի ճշմարտությունը։

8. Ի՞նչ պատճառներ ունենք համարձակորեն քարոզելու։

8 Ծառայության ժամանակ։ Լինելով ճշմարիտ քրիստոնյաներ՝ մենք պետք է շարունակենք «համարձակությամբ խոսել Եհովայի իշխանությամբ» (Գործ. 14։3)։ Իսկ ի՞նչ պատճառներ ունենք համարձակությամբ քարոզելու։ Մենք գիտենք, որ այն, ինչ քարոզում ենք, ճշմարտություն է, քանի որ հիմնված է Աստվածաշնչի վրա (Հովհ. 17։17)։ Նաև գիտակցում ենք, որ «Աստծու համագործակիցներն ենք», և որ սուրբ ոգին աջակցում է մեզ (1 Կորնթ. 3։9; Գործ. 4։31)։ Բացի այդ, հասկանում ենք, որ եռանդորեն վկայություն տալով՝ ցույց ենք տալիս, որ նվիրված ենք Եհովային և սիրում ենք մեր մերձավորին (Մատթ. 22։37–39)։ Ուստի քաջությամբ լցված՝ մենք չենք լռի, այլ վճռականորեն կքողազերծենք կրոնական ստերը, որոնք կուրացնում են մարդկանց, որ չտեսնեն ճշմարտությունը (2 Կորնթ. 4։4)։ Եվ կշարունակենք քարոզել բարի լուրը՝ չնայած անտարբերությանը, ծաղրանքին և հակառակությանը (1 Թեսաղ. 2։1, 2

9. Ինչպե՞ս կարող ենք քաջ լինել, երբ տառապում ենք։

9 Երբ տառապում ենք։ Դժբախտությունների ժամանակ Աստծուն վստահելը մեզ հավատ և քաջություն է տալիս։ Երբ մեր սիրելի անձնավորությունը մահանում է, մենք սգում ենք նրա մահը, բայց չենք կորցնում մեր հույսը։ Մենք համոզված ենք, որ «ամենայն մխիթարության Աստվածը» կզորացնի մեզ (2 Կորնթ. 1։3, 4; 1 Թեսաղ. 4։13)։ Երբ լուրջ հիվանդություն կամ վնասվածք ենք ունենում, ցավ ենք զգում, բայց զիջումների չենք գնում՝ ընդունելով բուժման այնպիսի ձև, որը հակասում է աստվածաշնչյան սկզբունքներին (Գործ. 15։28, 29)։ Վհատվելիս գուցե «մեր սրտերը դատապարտեն մեզ», բայց քանի որ վստահում ենք Աստծուն, որը «մոտ է սրտով կոտրվածներին», չենք հանձնվի * (1 Հովհ. 3։19, 20; Սաղ. 34։18

ՀԻՍՈՒՍԸ ԽՈՐԱԹԱՓԱՆՑ Է

10. Ի՞նչ է խորաթափանցությունը, և ինչպե՞ս է Եհովայի խորաթափանց ծառան խոսում և գործում։

10 Խորաթափանցությունը առողջ դատողությունն է՝ ճիշտը սխալից զանազանելու և հետո ճիշտ ուղի ընտրելու կարողությունը (Եբր. 5։14)։ Մի բառարանում այն սահմանվում  է որպես «հոգևոր հարցերում առողջ դատողություն դրսևորելու կարողություն»։ Աստծու խորաթափանց ծառան իր խոսքերով և գործերով հաճեցնում է նրան։ Նման անհատը ընտրում է այնպիսի խոսքեր, որոնք օգնում են ուրիշներին, ոչ թե ցավեցնում (Առակ. 11։12, 13)։ Նա «չի շտապում բարկանալ» (Առակ. 14։29)։ Այդպիսի մարդը «ուղիղ է գնում», այսինքն՝ մնում է կյանքի ճիշտ ուղու վրա (Առակ. 15։21)։ Ուրեմն ինչպե՞ս կարող ենք խորաթափանցություն ձեռք բերել։ Հարկավոր է ուսումնասիրել Աստծու Խոսքը և կիրառել սովորածը (Առակ. 2։1–5, 10, 11)։ Հատկապես օգտակար է խորհրդածել Հիսուսի՝ երբևէ ապրած ամենախորաթափանց մարդու օրինակի շուրջ։

11. Ինչպե՞ս Հիսուսը խորաթափանցություն դրսևորեց իր խոսքերով։

11 Հիսուսը խորաթափանցություն էր դրսևորում իր բոլոր խոսքերով և գործերով։ Իր խոսքերով։ Նա բարի լուրը քարոզելիս առողջ դատողություն էր դրսևորում՝ ընտրելով «շնորհալի խոսքեր», որոնք հիացնում էին ունկնդիրներին (Ղուկ. 4։22; Մատթ. 7։28)։ Հաճախ նա թույլ էր տալիս, որ Աստծու Խոսքը խոսի իր փոխարեն՝ կարդալով, մեջբերելով և հիշատակելով հենց այն խոսքերը, որոնք տեղին էին տվյալ իրավիճակի համար (Մատթ. 4։4, 7, 10; 12։1–5; Ղուկ. 4։16–21)։ Բացի այդ, Հիսուսը բացատրում էր Սուրբ Գրքերը, և մարդիկ խորապես տպավորվում էին նրա խոսքերից։ Երբ նա հարություն էր առել, Էմմաուսի ճանապարհին իր երկու աշակերտների հետ զրուցելիս «բացատրեց նրանց այն ամենը, ինչ որ իր մասին գրված էր բոլոր Գրքերում» (Ղուկ. 24։27, 32)։ Ավելի ուշ աշակերտներն ասացին. «Մի՞թե չէին վառվում մեր սրտերը, երբ նա.... բացատրում [էր] Սուրբ Գրքերը» (Ղուկ. 24։27, 32

12, 13. Ո՞ր օրինակներն են ցույց տալիս, որ Հիսուսը չէր «շտապում բարկանալ» և ողջամիտ էր։

12 Իր «ոգին զսպելով» և ողջամտություն դրսևորելով։Խորաթափանցությունն օգնեց Հիսուսին զսպելու իր ոգին. նա չէր «շտապում բարկանալ» (Առակ. 16։32)։ Քրիստոսը «հեզ» էր (Մատթ. 11։29)։ Նա միշտ համբերատարությամբ էր վերաբերվում իր աշակերտներին՝ չնայած նրանց թերություններին (Մարկ. 14։34–38; Ղուկ. 22։24–27)։ Հիսուսը հանգստություն պահպանեց անգամ այն ժամանակ, երբ իր հետ անարդարացիորեն վարվեցին (1 Պետ. 2։23

13 Խորաթափանցության շնորհիվ Հիսուսը նաև ողջամիտ էր։ Նա Մովսիսական օրենքի տառից չէր կառչում, այլ հասկանում էր այդ Օրենքի ոգին և գործում էր համապատասխանաբար։ Օրինակ՝ ուշադրություն դարձնենք Մարկոս 5։25–34 համարներում գրված դեպքին (կարդա՛)։ Արյունահոսությամբ տառապող մի կին, ամբոխի միջով անցնելով, դիպավ նրա վերնահագուստին և բուժվեց։ Ըստ Օրենքի՝ նա անմաքուր էր, ուստի չպետք է ոչ ոքի դիպչեր (Ղևտ. 15։25–27)։ Բայց Հիսուսը, որը հասկանում էր, որ «Օրենքի ավելի ծանրակշիռ բաներից» են նաև «ողորմությունն ու հավատարմությունը», չնախատեց նրան իր հագուստին դիպչելու համար (Մատթ. 23։23)։ Փոխարենը՝ բարյացակամորեն ասաց. «Դո՛ւստր, քո հավատը բուժեց քեզ։ Գնա՛ խաղաղությամբ և քեզ տանջող հիվանդությունից առո՛ղջ եղիր»։ Որքա՜ն հուզիչ է տեսնել, թե ինչպես խորաթափանցությունը մղեց Հիսուսին այսպիսի բարություն դրսևորելու։

14. Կյանքի ի՞նչ ուղի ընտրեց Հիսուսը և ինչպե՞ս մնաց այդ ուղու վրա։

14 Իր վարած կյանքով։ Հիսուսը խորաթափանցություն դրսևորեց՝ կյանքի ճիշտ ուղի ընտրելով և դրանից չշեղվելով. նա իրեն նվիրեց բարի լուրի քարոզչությանը՝ այն դարձնելով իր կյանքի ամենակարևոր գործը (Ղուկ. 4։43)։ Հիսուսը մնաց այդ ուղու վրա՝ կայացնելով այնպիսի որոշումներ, որոնք օգնեցին կենտրոնացած մնալու իր գործի վրա և այն հաջողությամբ ավարտին հասցնելու։ Օրինակ՝ նա իմաստնորեն վարվեց և որոշեց պարզ կյանքով ապրել, որպեսզի կարողանա իր ուժն ու ժամանակը տրամադրել ծառայությանը (Ղուկ. 9։58)։ Նա գիտեր, որ պետք է կրթի ուրիշներին, որպեսզի իր մահից հետո նրանք շարունակեն քարոզչական գործը (Ղուկ. 10։1–12; Հովհ. 14։12)։ Հիսուսն իր հետևորդներին խոստացավ, որ կշարունակի աջակցել այդ գործին  «մինչև աշխարհի վախճանը» (Մատթ. 28։ 19, 20

ԸՆԴՕՐԻՆԱԿԻՐ ՀԻՍՈՒՍԻ ԽՈՐԱԹԱՓԱՆՑՈՒԹՅՈՒՆԸ

Հասկացիր, թե ինչ հետաքրքրություններ ունեն մարդիկ և նրանց կարիքներին համապատասխան բառեր ընտրիր (տե՛ս պարբերություն 15)

15. Ինչպե՞ս կարող ենք մեր խոսքերով խորաթափանցություն դրսևորել։

15 Տեսնենք, թե ուրիշ ինչ կերպով կարող ենք ընդօրինակել Հիսուսին։ Մեր խոսքերով։ Հավատակիցների հետ զրուցելիս մենք ընտրում ենք այնպիսի խոսքեր, որոնք կերտում են, ոչ թե վհատեցնում (Եփես. 4։29)։ Մարդկանց հետ Աստծու Թագավորության մասին խոսելիս, մեր խոսքերը «աղով» ենք համեմում (Կող. 4։6)։ Մենք փորձում ենք հասկանալ, թե ինչ կարիքներ ու հետաքրքրություններ ունեն մարդիկ և համապատասխան բառեր ենք ընտրում։ Հիշում ենք, որ վայելուչ խոսքերը կարող են դռներ ու սրտեր բացել։ Բացի այդ, երբ մարդկանց բացատրում ենք մեր հավատալիքները, ձգտում ենք թույլ տալ, որ Աստվածաշունչը խոսի մեր փոխարեն։ Ուստի հնարավորության դեպքում կարդում ենք Աստծու Խոսքից, որը հեղինակություն է։ Մենք գիտակցում ենք, որ աստվածաշնչյան լուրը շատ ավելի զորավոր է, քան որևէ խոսք, որ կասենք (Եբր. 4։12

16, 17. ա) Ինչպե՞ս կարող ենք լինել ողջամիտ և դանդաղ զայրանալու մեջ։ բ) Ինչպե՞ս կարող ենք կենտրոնացած մնալ մեր ծառայության վրա։

16 Մեր «ոգին զսպելով» և ողջամտություն դրսևորելով։ Խորաթափանցությունն օգնում է մեզ զսպելու մեր ոգին և «դանդաղ [լինելու] զայրանալու մեջ» (Հակ. 1։19)։ Երբ մեզ վիրավորում են, մենք փորձում ենք հասկանալ դիմացինի խոսքերի և արարքների պատճառը։ Նման խորաթափանց մոտեցումը կարող է մեղմել բարկությունը և օգնել մեզ «հանցանքին ուշադրություն չդարձնելու» (Առակ. 19։11)։ Խորաթափանցությունն օգնում է մեզ նաև ողջամիտ լինելու։ Այդպես փորձում ենք իրատես լինել մեր ակնկալիքներում՝ հիշելով, որ մեր հավատակիցները գուցե այնպիսի դժվարություններ են կրում, որոնց մասին լիարժեք պատկերացում չունենք։ Մենք պատրաստ ենք լսելու նրանց տեսակետը և, եթե հարկ է, զիջումների գնալու և չպնդելու մեր կարծիքը (Փիլիպ. 4։5

17 Մեր վարած կյանքով։ Լինելով Հիսուսի հետևորդներ՝ հասկանում ենք, որ բարի լուրի քարոզչությանը մասնակցելուց ավելի մեծ առանձնաշնորհում չկա։ Մենք շարունակում ենք ընթանալ ճիշտ ուղով՝ այնպիսի որոշումներ կայացնելով, որոնք հնարավորություն են տալիս կենտրոնացած մնալու մեր ծառայության վրա։ Ինչպես նաև նախընտրում ենք հոգևոր բաները առաջին տեղում դնել և պարզ կյանք վարել, որպեսզի նախքան այս աշխարհի վախճանը մեր ժամանակն ու ուժերը նվիրենք ամենակարևոր գործին՝ քարոզչությանը (Մատթ. 6։33; 24։14

18. Ինչպե՞ս կարող ենք մնալ փրկության տանող ճանապարհի վրա։ Ի՞նչ ես վճռել անել։

18 Մի՞թե հաճելի չէր անդրադառնալ Հիսուսի գրավիչ հատկություններից մի քանիսին։ Անշուշտ, անչափ օգտակար կլինի ուսումնասիրել նաև նրա մյուս հատկությունները և իմանալ, թե ինչպես կարող ենք ավելի շատ նմանվել նրան։ Եկեք ուրեմն վճռենք սերտորեն հետևել Հիսուսի հետքերին։ Այդպես վարվելով՝ կմնանք փրկության տանող ճանապարհի վրա և ավելի կմոտենանք Եհովային՝ նրան, ում Հիսուսը կատարելապես ընդօրինակեց։

^ պարբ. 2 1 Պետրոս 1։8, 9 համարները առաջին հերթին վերաբերում են երկնային կյանքի հույս ունեցող քրիստոնյաներին։ Բայց, ընդհանուր առմամբ, դրանք նաև վերաբերում են երկրային կյանքի հույս ունեցողներին։

^ պարբ. 9 Տե՛ս, թե ինչպես են մարդիկ տառապելիս քաջություն դրսևորել՝ «Դիտարան», 2000, դեկտեմբերի 1, էջ 24–28, «Արթնացե՛ք», 2003, ապրիլի 22, էջ 18–21 (անգլ., ռուս.), «Արթնացե՛ք», 1995, հունվարի 22, էջ 11–15 (անգլ.)։