Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան (ուսումնասիրության թողարկում)  |  Փետրվար 2015

Եհովան առաջնորդում է համաշխարհային կրթական գործը

Եհովան առաջնորդում է համաշխարհային կրթական գործը

«Ես՝ Եհովաս, քո Աստվածն եմ, Նա, ով օգտակար բաներ է սովորեցնում քեզ, տանում է այն ճանապարհով, որով դու պիտի գնաս» (ԵՍ. 48։17

1. Քարոզչական գործում ի՞նչ խոչընդոտների են բախվել քրիստոնյաները մեր ժամանակներում։

19-ՐԴ ԴԱՐԻ վերջում և 20-րդ դարի սկզբում Աստվածաշունչ ուսումնասիրողները * բազմաթիվ խոչընդոտների բախվեցին։ Առաջին դարի քրիստոնյաների պես՝ նրանք հռչակում էին մի լուր, որը շատերին դուր չէր գալիս։ Նրանք թվով քիչ էին, և աշխարհը, ընդհանուր առմամբ, նրանց չէր համարում կրթված մարդիկ։ Բացի այդ, հետագայում Բանսարկու Սատանան իր «մեծ բարկությունը» թափելու էր նրանց վրա (Հայտն. 12։12)։ Քարոզչական գործը նրանք կատարելու էին «վերջին օրերում»՝ մի դարաշրջանում, որը նկարագրվում է որպես «չափազանց դժվար ժամանակներ» (2 Տիմոթ. 3։1

2. Ի՞նչ է արել Եհովան, որպեսզի մեր օրերում առաջ տանի քարոզչական գործը։

2 Եհովայի նպատակն է, որ մեր օրերում իր ժողովուրդը բարի լուրը հռչակի աննախադեպ մասշտաբներով, և ոչինչ չի կարող խանգարել նրան իրագործելու այդ նպատակը։ Ինչպես որ հնում նա Իսրայել ազգին ազատագրեց Բաբելոնից, այնպես էլ մեր օրերում իր ծառաներին  ազատել է «Մեծ Բաբելոնից»՝ կեղծ կրոնի համաշխարհային կայսրությունից (Հայտն. 18։1–4)։ Եհովան ուսուցանել է մեզ հանուն մեր բարօրության, օգնել է, որ միմյանց հետ խաղաղություն ունենանք, և կրթել է, որ իր մասին սովորեցնենք ուրիշներին (կարդա՛  Եսայիա 48։16–18)։ Թեև Եհովան առաջնորդում է քարոզչական գործը, դա չի նշանակում, որ նա օգտագործում է կանխատեսելու իր կարողությունը, որպեսզի ազդի երկրի վրա տեղի ունեցող բոլոր դեպքերի զարգացման վրա՝ այդ գործն առաջ տանելու նպատակով։ Ճիշտ է, որոշ հանգամանքներ նպաստել են մեր քարոզչական գործունեությանը, բայց միայն Եհովայի օգնությամբ է, որ կարողացել ենք տոկալ հալածանքների և այլ նեղությունների ներքո, որոնց պատճառով Սատանայի իշխանության տակ գտնվող այս աշխարհում դժվար է եղել կատարել մեր հանձնարարությունը (Ես. 41։13; 1 Հովհ. 5։19

3. Ինչպե՞ս են «ճշմարիտ գիտելիքները» շատացել։

3 Դանիելը Աստծու ներշնչմամբ գրեց, որ «վերջի ժամանակում» «ճշմարիտ գիտելիքները» շատանալու են (կարդա՛  Դանիել 12։4)։ Եհովան օգնեց Աստվածաշունչ ուսումնասիրողներին հասկանալու սուրբգրային հիմնական ճշմարտությունները, որոնք երկար ժամանակ խավարի մեջ էին պահվել քրիստոնյա աշխարհի ուսմունքների պատճառով։ Այժմ նա իր ժողովրդի միջոցով ճշմարիտ գիտելիքները հայտնի է դարձնում ողջ երկրով։ Այսօր մենք տեսնում ենք Դանիելի մարգարեության կատարումը։ Մոտ 8000000 մարդ ընդունել է աստվածաշնչյան ճշմարտությունը և այն հռչակում է աշխարհով մեկ։ Որո՞նք են այն գործոններից մի քանիսը, որոնք նպաստել են համաշխարհային քարոզչությանը։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

4. 19-րդ դարում քանի՞ լեզվով թարգմանվեց Աստվածաշունչը։

4 Բարի լուրի հռչակմանը նպաստող գործոններից մեկն այն է, որ այսօր Աստվածաշունչը մատչելի է շատերին։ Դարեր շարունակ քրիստոնյա աշխարհի հոգևորականությունը թույլ չի տվել մարդկանց, որ ընթերցեն Սուրբ Գիրքը, նույնիսկ հալածել է կարդացողներին և սպանել Աստվածաշնչի որոշ թարգմանիչների։ Այնուամենայնիվ, 19-րդ դարում աստվածաշնչյան որոշ ընկերություններ մասամբ կամ ամբողջությամբ մոտ 400 լեզուներով թարգմանեցին ու տպագրեցին այն։ Այդ դարի վերջում բազմաթիվ մարդիկ արդեն Աստվածաշունչ ունեին, բայց չունեին սուրբգրային ուսմունքների վերաբերյալ ճշգրիտ գիտելիքներ։

5. Ի՞նչ են արել Եհովայի վկաները Աստվածաշնչի թարգմանության ոլորտում։

5 Աստվածաշունչ ուսումնասիրողները գիտեին, որ պետք է քարոզեն, ուստի եռանդորեն բացատրում էին մարդկանց այն, ինչ սովորեցնում է Աստվածաշունչը։ Եհովայի ժողովուրդը օգտագործել և տարածել է Աստվածաշնչի տարբեր թարգմանություններ։ Բայց 1950թ.-ից սկսած՝ նրանք ավելի քան 120 լեզվով ամբողջությամբ կամ մասամբ հրատարակեցին Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանությունը։ Իսկ 2013թ.-ին լույս տեսավ անգլերեն «Նոր աշխարհ» թարգմանության վերանայված տարբերակը։ Այս հրատարակությունը կհեշտացնի Աստվածաշնչի թարգմանությունը այլ լեզուներով։ Երբ գործածում ենք այնպիսի Աստվածաշունչ, որն ավելի հասկանալի և դյուրընթեռնելի է, մեզ համար ավելի հեշտ է լինում սովորեցնել մարդկանց ճշմարտությունը։

ԽԱՂԱՂ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ

6, 7. ա) Ի՞նչ պատերազմներ են եղել վերջին 100 տարվա ընթացքում։ բ) Որոշ երկրներում տիրող հարաբերական խաղաղությունը ինչպե՞ս է նպաստել քարոզչական գործին։

6 20-րդ դարում միլիոնավոր մարդիկ մահացել են պատերազմների պատճառով, հատկապես երկու համաշխարհային պատերազմների ընթացքում։ Ուստի գուցե հարցնես. «Աշխարհում ե՞րբ են խաղաղ ժամանակներ եղել»։ 1942թ.-ին, երբ մոլեգնում էր Երկրորդ համաշխարհային պատերազմը, Նաթան Նորը, որը գլխավորում էր Եհովայի վկաների գործունեությունը, համաժողովի ժամանակ ներկայացրեց «Խաղաղություն. կարո՞ղ է այն հարատև լինել» ելույթը։ Հիմնվելով Հայտնություն 17-րդ գլխի վրա՝ նա փաստարկներ ներկայացրեց, որ պատերազմը, որը դեռ փոթորկում էր, չի հանգեցնելու Արմագեդոնին, այլ ավարտվելու է, և  մի որոշ ժամանակ խաղաղություն է լինելու (Հայտն. 17։3, 11

7 Ինչ-խոսք, սա չէր նշանակում, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենուր խաղաղություն էր լինելու։ Մի հաշվետվության համաձայն՝ 1946–2013թթ. ընկած ժամանակահատվածում 331 զինված բախումներ են եղել, որոնց ժամանակ միլիոնավոր մարդիկ են մահացել։ Այնուամենայնիվ, այս տարիների ընթացքում շատ երկրներում հարաբերական խաղաղություն էր տիրում, և Եհովայի ժողովուրդը հռչակեց բարի լուրը՝ օգտվելով խաղաղ պայմաններից։ Ի՞նչ եղավ արդյունքում։ 1944թ.-ին ողջ աշխարհում 110000-ից քիչ Թագավորության քարոզիչներ կային, իսկ այսօր նրանց թիվը 8000000-ի է հասնում (կարդա՛  Եսայիա 60։22)։ Մի՞թե ուրախալի չէ, որ կարողանում ենք քարոզել բարի լուրը խաղաղ պայմաններում։

ՀԵՇՏ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

8, 9. Ի՞նչ առաջխաղացումներ են եղել տրանսպորտի ոլորտում, և ինչպե՞ս են դրանք նպաստել քարոզչական գործին։

8 Տրանսպորտի ոլորտում եղած առաջխաղացումները նպաստել են քարոզչական գործին։ 1900թ.-ին՝ «Դիտարան» ամսագրի առաջին համարի լույսընծայումից 21 տարի անց, Միացյալ Նահանգներում գրանցված էր ընդամենը 8000 ավտոմեքենա, և կային ընդամենը մի քանի հարյուր կիլոմետր երկարությամբ ճանապարհներ, որոնցով հնարավոր էր մեքենա վարել։ Իսկ այսօր ամբողջ աշխարհում կան ավելի քան մեկուկես միլիարդ գրանցված ավտոմեքենաներ և միլիոնավոր կիլոմետրեր ձգվող լավ ճանապարհներ։ Այս ամենի շնորհիվ մեզանից շատերը հնարավորություն ունեն բարի լուրը հասցնելու հեռավոր տարածքներում ապրող մարդկանց։ Բայց նույնիսկ եթե տրանսպորտային միջոցներ չունենք և պետք է ոտքով երկար ճանապարհ անցնենք, մենք ամեն ջանք թափում ենք, որ կարողանանք մասնակցել աշակերտ պատրաստելու գործին (Մատթ. 28։19, 20

9 Մենք օգտագործում ենք տրանսպորտային այլ միջոցներ ևս։ Ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում բեռնատար մեքենաներով, նավերով և գնացքներով աստվածաշնչյան գրականությունը հասնում է ամենահեռավոր տարածքներ։ Ինքնաթիռների միջոցով շրջանային վերակացուները, մասնաճյուղի կոմիտեի անդամները, միսիոներները և ուրիշներ շատ արագ հասնում են համաժողովների անցկացման վայրեր կամ էլ ճանապարհորդում են աստվածապետական հանձնարարություններ կատարելու համար։ Կառավարիչ մարմնի անդամները և գլխավոր վարչությունից այլ եղբայրներ ինքնաթիռով մեկնում են տարբեր երկրներ՝ հավատակիցներին քաջալերելու և առաջնորդություն տալու համար։ Տրանսպորտի ոլորտում եղած առաջխաղացումները այդպիսով նպաստում են Եհովայի ժողովրդի միասնությանը (Սաղ. 133։1–3

 ԼԵԶՈՒ

10. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ անգլերենը միջազգային լեզու է։

10 Առաջին դարում համահունական լեզուն, կամ՝ կոյնեն, տարածված լեզու էր Հռոմեական կայսրությունում։ Այսօր կա՞ մի լեզու, որը տարածված է աշխարհում։ Շատերը կասեն՝ դա անգլերենն է։ Մի գրքում ասվում է. «Աշխարհի բնակչության մոտ մեկ քառորդը արդեն խոսում կամ հասկանում է անգլերեն» (English as a Global Language)։ Անգլերենը ամենատարածված օտար լեզուն է, որ մարդիկ սովորում են, քանի որ միջազգային հաղորդակցություններում կոմերցիայի, քաղաքականության, գիտության և տեխնոլոգիայի բնագավառներում հենց այդ լեզուն է գործածվում։

11. Ինչպե՞ս է անգլերենը նպաստել մաքուր երկրպագության առաջխաղացմանը։

11 Անգլերենի լայն գործածությունը նպաստել է մաքուր երկրպագության առաջխաղացմանը։ Տարիներ շարունակ «Դիտարան» ամսագիրը և աստվածաշնչյան այլ հրատարակություններ սկզբում տպագրվել են անգլերենով։ Այն Եհովայի վկաների գլխավոր վարչության պաշտոնական լեզուն է։ Եվ սովորաբար այս լեզվով են ուսուցանվում Պատերսոնում գտնվող «Դիտարանի» կրթական կենտրոնի (Նյու Յորք, ԱՄՆ) ուսանողները։

12. Ի՞նչ մասշտաբներով են Եհովայի ծառաները թարգմանել աստվածաշնչյան գրականությունը, և ինչպե՞ս են դրան նպաստել համակարգչային ծրագրերը։

12 Մենք առանձնաշնորհում ունենք Թագավորության բարի լուրը քարոզելու բոլոր ազգերին, ուստի մեր գրականությունը թարգմանել ենք մոտ 700 լեզուներով։ Համակարգչային ծրագրերի, այդ թվում MEPS-ի շնորհիվ (բազմալեզու էլեկտրոնային հրատարակչական ծրագիր), մենք կարողացել ենք կատարել այս հսկայածավալ գործը։ Այս ամենն օգնել է մեզ տարածելու Թագավորության լուրը և նպաստել է մեր համաշխարհային եղբայրության միասնությանը։ Բայց մենք միասնական ենք հատկապես այն պատճառով, որ խոսում ենք ամենակարևոր՝ սուրբգրային ճշմարտության «մաքուր լեզվով» (կարդա՛  Սոփոնիա 3։9

ՕՐԵՆՔՆԵՐ

13, 14. Ինչպե՞ս են մեր օրերում օրենքներն ու դատական վճիռները օգնել քրիստոնյաներին։

13 Ինչպես տեսանք նախորդ հոդվածից, առաջին դարի քրիստոնյաները օգտվեցին հռոմեական օրենքից, որը գործում էր ողջ կայսրությունում։ Այսօր նույնպես կան շատ երկրներ, որոնց օրենքներից օգտվելով՝ մենք առաջ ենք տանում քարոզչական գործը։ Օրինակ՝ Միացյալ Նահանգների (այստեղ է գտնվում է մեր գլխավոր վարչությունը) սահմանադրությունը կրոնի, խոսքի ազատության և ազատորեն հանդիպումներ անցկացնելու իրավունք է տալիս։ Սրա շնորհիվ Միացյալ Նահանգների մեր հավատակիցները կարողանում են հավաքվել և ազատորեն քննարկել Աստվածաշունչը, ինչպես նաև իրենց սովորածը պատմել ուրիշներին։ Այնուամենայնիվ, եղել են դեպքեր, երբ  կարիք է առաջացել, որ նրանք դիմեն դատարան, որպեսզի պաշտպանեն բարի լուրը քարոզելու իրենց իրավունքը (Փիլիպ. 1։7)։ Եվ երբ Միացյալ Նահանգներում դատարանը Եհովայի ժողովրդի դեմ է վճիռ կայացրել, նրանք դիմել են ավելի բարձր ատյաններ, որպեսզի պաշտպանեն Թագավորության քարոզիչներ լինելու իրենց իրավունքը։

14 Այլ երկրների դատարաններ նույնպես պաշտպանել են մեր կրոնի ազատությունը և հանրորեն քարոզելու իրավունքը։ Որոշ երկըրներում, երբ դատական գործերը տանուլ ենք տվել, դիմել ենք միջազգային դատարաններ։ Օրինակ՝ 2014թ. հունիսի տվյալներով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում մենք 57 դատական գործ ենք շահել, որոնք ազդել են Եվրախորհրդի կազմի մեջ մտնող բոլոր պետությունների վրա։ Ու թեև մենք «բոլոր ազգերի կողմից ատված» ենք, բազմաթիվ երկրներում դատարանները սահմանել են, որ մեր Աստծուն ազատորեն երկրպագելու իրավունք ունենք (Մատթ. 24։9

ԱՅԼ ԳՈՐԾՈՆՆԵՐ

Աստվածաշնչյան գրականությունը հասանելի ենք դարձնում բոլոր մարդկանց

15. Ի՞նչ առաջընթաց է եղել տպագրության մեջ, և ինչպե՞ս է դա օգնել մեզ։

15 Տպագրական արդյունաբերության մեջ տեղի ունեցած առաջընթացը նույնպես նպաստել է համաշխարհային քարոզչական գործին։ Դարեր շարունակ մարդիկ օգտագործում էին 1450թ.-ին Յոհան Գուտենբերգի հայտնագործած հարթ տպագրության տպագրահաստոցը։ Բայց անցած երկու դարերի ընթացքում տպագրական արդյունաբերության մեջ նշանակալից փոփոխություններ եղան։ Տպագրահաստոցները դարձան ավելի մեծ, ավելի արագ աշխատող և ժամանակակից։ Թղթի արտադրությունն ու կազմարարական աշխատանքները ավելի էժան են։ Բարձր տպագրության հաստոցները փոխարինվել են օֆսեթ տպագրության հաստոցներով, ինչը արագացրել է արտադրության պրոցեսը և բարձրացրել նկարազարդումների որակը։ Ինչպե՞ս է այս ամենը անդրադարձել քարոզչական գործի վրա։ Առաջին «Դիտարան» ամսագիրը, որը լույս տեսավ 1879թ. հուլիսին, տպագրվեց 6000 օրինակով՝ առանց նկարազարդումների և միայն անգլերենով։ Այսօր՝ 136 տարի անց, այս ամսագրի յուրաքանչյուր համար տպագրվում և տարածվում է ավելի քան 50000000 օրինակով։ Այն ունի գեղեցիկ գունագեղ նկարներ և հասանելի է ավելի քան 200 լեզվով։

16. Ո՞ր հայտնագործություններն են նպաստել համաշխարհային քարոզչական գործին (տե՛ս 24-րդ էջի նկարը)։

16 Անցած 200 տարիների ընթացքում եղած որոշ հայտնագործություններ նույնպես օգնել են Աստծու ժողովրդին քարոզելու բարի լուրը։ Մենք նշեցինք գնացքների, ավտոմեքենաների և ինքնաթիռների մասին, բայց այլ հայտնագործություններ էլ են եղել, օրինակ՝ հեծանիվը, գրամեքենան, Բրայլի համակարգը, հեռագրությունը, հեռախոսը, լուսանկարչական ապարատը, աուդիո-վիդեո ձայնագրությունները, ռադիոն, հեռուստատեսությունը, շարժական պատկերները, համակարգիչը և ինտերնետը։ Այս ամենը տարբեր կերպերով նպաստել է աշակերտ պատրաստելու գործին։ Ի կատարումն Աստվածաշնչի այն մարգարեության, որ Եհովայի ժողովուրդը «ծծելու է ազգերի կաթը», մենք իմաստնորեն օգտագործել ենք ազգերի ռեսուրսները, ինչպես օրինակ, ժամանակակից տեխնոլոգիաները, որպեսզի բազմաթիվ լեզուներով հրատարակենք Աստվածաշունչ և դրա վրա հիմնված գրականություն (կարդա՛  Եսայիա 60։16

17. ա) Ի՞նչն է հստակ մեզ համար։ բ) Ինչո՞ւ է Եհովան թույլ տալիս, որ լինենք իր «համագործակիցները»։

17 Հստակ է, որ Աստված օրհնում է մեզ։ Ինչ խոսք, Եհովան մեր օգնության կարիքը չունի իր նպատակներն իրագործելու համար։ Բայց մեր սիրառատ երկնային Հայրը թույլ է տալիս, որ լինենք իր «համագործակիցները»։ Այդպիսով նա մեզ հնարավորություն է տալիս ցույց տալու մեր սերը իր և մեր մերձավորի հանդեպ (1 Կորնթ. 3։9; Մարկ. 12։28–31)։ Եկեք օգտվենք այդ հնարավորությունից և հռչակենք Թագավորության լուրը՝ կատարելով աշխարհի ամենակարևոր գործը։ Մենք անչափ երախտապարտ ենք Եհովային այն բանի համար, որ առաջնորդում և օրհնում է համաշխարհային կրթական գործը։

^ պարբ. 1 Աստվածաշունչ ուսումնասիրողները 1931թ.-ին ընդունեցին «Եհովայի վկաներ» անունը (Ես. 43։10